ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԳՈՐԻՍՈՒՄ

ՍուրենԳորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն արձակագիր Սուրեն Այվազյանին նվիրված գրական հանդիսություն, որը կազմակերպել էր տուն- թանգարանին կից գործող «Միրհավ» ստեղծագործական միավորումը՝ գրականագետ Թեհմինա Մարությանի գլխավորությամբ:
Հանդիսության գլխավոր ազդակը ՀԳՄ գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Արկադի Ծատուրյանի` վերջերս լույս տեսած «Մեր Այվազյանը» հուշագիրքն էր, որն էլ գրողի անվան ու գործի շուրջն էր համախմբել քաղաքի մտավորականներին, գրողներին, մշակութանվեր ու մշակութասեր մարդկանց:
«Օրերն առաջ են գնում, և օրերի հետ առաջ է գնում Սուրեն Այվազյանի փառքը: Ավելի հստակ է դառնում այն դերը, որ ունեցավ Այվազյանը հայ գեղարվեստական արձակի զարգացման գործում»,- բացման խոսքում նշեց Թ. Մարությանը՝ կարևորելով ստեղծագործական ամեն մի ձեռնարկ՝ միտված արժևորելու, մեծարելու, վերընթերցելու փոքր-ինչ մոռացված սյունեցի արձակագրին: Գրող, ով «վավերական տեղ ունի ապրած ժամանակի գեղարվեստական ընթացքի մեջ՝ իր նկարագրի ու գեղարվեստական աշխարհի զուտ այվազյանական տեսակով»:
Ներկաները փաստեցին, որ Այվազյանը շատերի համար եղել է ավագ ու գրչակից ընկեր, գրական բարեկամ, և գրողի հետ մարդկային ու ստեղծագործական շփումներից, գեղարվեստական գործի արժեքի բարձր գիտակցումից, գրական ու բնօրրանային ծագումնաբանության հարազատությունից էլ ծնվել է Ծատուրյանի «Մեր Այվազյանը» գիրքը: «Սա հուշապատում-հուշագիրք է, որին վաղուց սպասում էին մեր ընթերցողները,- նշեց գրքի հեղինակը ու հավելեց,- սա նաև սիրելի գրողի նկատմամբ ժողովրդի համընդհանուր սիրո արտահայտությունն է: Մարդիկ պայծառ հիշողություններ են պահպանել իրենց սիրելի գրողի ու մարդու մասին, արժեր այդ ամենը հանձնել թղթին»:
Հուշապատումների, գողտրիկ ճեպազրույցների, տպավորիչ ինքնաբնութագրումների, գրողին նվիրված սրտառուչ ձոներգերի ժողովածուն լրացնում է ոչ միայն Այվազյան գրողի մասին ընթերցողի ամբարած պաշարը, այլև բացում է Այվազյան մարդու գեղեցկորեն պարզ ու հարազատ հոգեաշխարհը: Ընթերցողի առջև իր ծննդավայրին, իր բնաշխարհին հավերժորեն սիրահարված հասարակ մարդն է, հողի արյան դարավոր կանչով կրկին հողին միախառնվելու զգացողությամբ իր կյանքի, իր հավատի ճանապարհն անցած գրչի մշակը, ով նույնանշանակ չափանիշներով էլ ստեղծեց հոգևոր կյանքի վավերականություն ունեցող իր գեղարվեստական գործերը:
Երեկոյի ընթացքում «Միրհավ»-ականները հանդես եկան Այվազյանին նվիրված գրական միջոցառումով: Գուսան Աշոտի երգացանկից հրաշալի կատարումներով հանդիսույթն ամբողջացրին երգչուհիներ Սուսաննա Ղումաշյանը և Մարուսյա Նուրիջանյանը: Ընթերցվեցին Քաջիկ Դորունցի, Հաբեթնակ Գրիգորյանի սրտառուչ բանաստեղծությունները՝ նվիրված մեծ գրողին ու գրական ընկերոջը:
Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը ողջունեց «Միրհավ» խմբակի վերածնունդը և անդրանիկ միջոցառումը հենց խորհրդանշական այդ վայրում՝ Բակունցի հարկի տակ, որը կդառնա կենտրոնատեղի գրական սպասված հանդիպումների, ստեղծագործական շփումների համար: 1980-ականներին քաղաքի մշակութային տարեգրության մեջ որոշակի հետագիծ թողած «Միրհավ» գրական ակումբը իրապես վերակոչելի արժեք էր: «Միրհավ»-ականները համոզված են, որ հոգևոր կյանքի կազմակերպման, աշխուժացման, գրական կապերի ամրապնդման անմիջական դերով նորա­ստեղծ միավորումը շատ արագ իր ձգողական դաշտը կունենա և կհամախմբի գրականասեր մարդկանց՝ մշակութային տարատեսակ ծրագրերի կենսագործման համար:

«Միրհավ»
ստեղծագործական միավորում

One thought on “ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ՏՈՆ ԳՈՐԻՍՈՒՄ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։