Սեպտեմբերմեկյան տոնը Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը դիմավորեց աննախադեպ աշխույժով: Օրը կիրակի էր, բայց «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում այն լեփ-լեցուն էր բազմաթիվ այցելուներով և դպրոց մտնելուց մեկ օր առաջ շատ առաջին դասարանցիների համար դարձավ յուրօրինակ սեմ, մեծ ճանապարհի անմոռաց մի սկիզբ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանի մտահղացմամբ` «Ժառանգության ժառանգորդը» խորագիրը հատուկ խորհուրդ ստացավ ներկաների համար: Շատերը հենց այդ օրն իմացան, թե ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանից ինչպիսի հետաքրքիր մի թել է ձգվում դեպի նույն այդ տիտղոսին արժանացած, ժողովրդի կողմից ամենայն հայոց բանաստեղծուհի կնքված Սիլվա Կապուտիկյանը: Պարզվեց, որ 1933թ., 14 տարեկանում պատանեկան ավյունով շաղախված իր առաջին բանաստեղծությունը Կապուտիկյանը գրել է «ի հակակշիռ» Թումանյանի «Հին օրհնության» և, ոչ ավել-ոչ պակաս, այն անվանել… «Պատասխան Թումանյանին»:
Հավաքույթը այդպես էլ շարունակվեց երկու մեծ բանաստեղծների երկերի խաչմերուկում, և Երևանի տարբեր դպրոցներից կազմված ասմունքի խումբը, մեկը մյուսին զուգորդելով, հրաշալիորեն ներկայացրեց Թումանյանի և Կապուտիկյանի մանկական բանաստեղծությունների մի մեծ փունջ: Խմբակի ղեկավար, Երևանի Հյուսիսային համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մարգարյանը իր «էքսպերիմենտի» հավելյալ հաջողություններից մեզ տեղեկացրեց, որ բանաստեղծական խաչմերուկը ոգևորիչ ազդեցություն է ունեցել սաների վրա, և նրանք միահամուռ ուժերով սկսել են ստեղծել իրենց բանաստեղծությունը, որը մոտ ժամանակներում դարձյալ ուզում են ներկայացնել թանգարանում` բանաստեղծուհու նկարի ներքո:
Մանկական ինքնաբուխ ելույթների շարանը առավել հուզիչ երանգներ ստացավ Վ. Տերյանի դպրոցի սաների` Ալեն և Էլեն Աբրահամյանների, Լյուդմիլա Ասատրյանի և Ալիսա Բերբերյանի ասմունքով: Սիրելի ուսուցչուհու` Մառլենա Սիմոնյանի հետ միասին նրանք օրերս էին վերադարձել Շուշիում կայացած ասմունքի մրցույթից, որտեղ պայքարել էին ավելի մեծ տարիքային խմբում և հասել հաջողության: Նրանք ներկաներին խոր հուզմունք պատճառեցին թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ պոեզիայի գոհարներով և դարձյալ ապացուցեցին, որ իսկապես արժանի են բարձր գնահատականների:
Օրվա ամենամեծ խորհուրդն այն էր, որ հանդիպումը վերածվեց կենդանի բաց դասի: Բանաստեղծ-թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը և ասմունքող Հերմինե Պետրոսյանը իրենց գեղեցիկ ելույթներով ծրագիրն ամփոփելով՝ վերջում անմոռանալի խորհուրդներ տվեցին երեխաներին և միմյանցից բաժանվեցին նոր հունձքով կրկին հանդիպելու պատրաստակամությամբ:
Կապուտիկյանի հարկն, այսպիսով, հերթական անգամ դարձավ այն խաչմերուկը, որտեղ նորելուկ ու մատղաշ հոգիները հանդիպեցին կայացած արվեստագետներին և տուն գնացին` սրտներում մի մեծ թրթիռ տանելով: Մի՞թե այս թրթիռներից չի ամեն անգամ լուսավորվում մեր վաղվա օրը…
Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ