Հրդեհից հետո
անձրևներ եղան.
Եվ փշուր-փշուր
վառված տանիքի
գանգակերպ ծածկից,
գերանների սև
կմախքից եփված
խյուսը՝
պատերի աղյուսից լիզված
հիշողության հետ
հոսում էր դանդաղ…
– Ծովամերձ փոքրիկ գյուղակի
ավեր-ավերակի պես,
փոթորկից հետո՝ շվար-շվարած,
կանգնել եմ մեջտեղ…
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
Երբ աչուկներդ ես բացում,
երբ՝ նորից
սարերդ են լցվում
արևով գարնան,
երբ քո լանջերն են
թռչունների թև,-
թվում է՝ կյանքըդ
էլ չի՜ դառնանա…
Բայց քեզ նայում են
աչքով ուրիշի՛,-
ա՜խ՝ եթե միա՛յն
օտարի՜ աչքով,-
աչքով-ա՛չք չունեն,-
օ՜- անհայրենի՛ք՝
սրանք նայում են
ի՛նձ էլ, ինչպես՝ Քե՛զ,-
որսին հալածող
գազանի՛ աչքով…
ՄԱՏԱՂԱԿԵՐ ԵՐԿԻՐՍ
Իմ մաշկի մեջ հիմա ու ձեր մաշկի՝
Արցունքը կոկորդումըս կուլ կտամ.
Չնչին հավակնություն նոր հրաշքի՝
Կրճտոցով ահեղ՝ ա-տա՛մ, ա-տա՛մ…
Ձեր աչքի մեջ հիմա ու իմ աչքի
Փուշ չէ, այլ բրտորեն խցվող գերան՝
Փլված հավատի հուշ ու երաշխիք՝
Խեղդող երախակալ լայնաբերան…
Երկրի թաղման թափոր, երախ տնափոսի.
Հույսին ողջագուրված ինչե՜ր մեռան…
Անտուն, հավատահերձ ու մեկուսի,
Ողջ ժողովո՞ւրդ՝ հատ-հատ, կերա՜ն, կերա՛ն…
Եվ սա երկիրն է իմ ու հողը իմ,
Որի համար՝ էլ ի՜նչ երազ,- կյա՛նքըս կտամ£
Թե նոր մի զոհ փնտրեն ու ողջը կրկնվի՝
Ես կամ ու կա՛մ,- գիտցե՛ք,-
ես կա՛մ ու կամ…
***
Մի բան ծամծմեց ուղեկիցը իմ,
Երկուսը՝ արդեն թիկունքիս ծամեց,
Ինձնից խուսափուկ՝
Ինձնի՛ց ինչ-որ բան աճուրդի հանեց,
Թեև աննկատ չմնաց ինձնից…
Մի շահ ճանաչեց կամ ուներ հաշիվ,-
Բանաձև ուներ – ինքնաբուխ՝ ոչինչ.
Ո՛չ մի վկայող բերանի առաջ
վկայում չանել…
Միայն՝ առանձին լույսըս դավանել,
Եվ հոգուս անխուփ պարունակներում
վերուվարելով՝
Ի՛նձ ամբաստանել…
***
Քո բնազդներով ելքը գտնեիր.
էս ո՜նց մոլորվեց մի ամբողջ երամ.
Մտքի պատրանքով նկարված երկինք,
բայց թևե՜ր,- հզոր թևեր իրական…
Քո մկաններով միտքը ճեղքեիր,
երկինք լինեիր – հանեիր երամ,
Քո բնազդներով ելքը գտնեիր –
մասը մնալով. – ամբողջը՝ վրադ…
***
Ծռմռված անոթ ունենալ ձեռքում
և հավատալ, որ
ջրի սյունն ուղիղ պատկեր կունենա՝
նշանակում է
խորքով ճանաչել ոգին բնության.
նշանակում է՝
ներքին հատկությամբ իմանալ ջրի
բաղադրիչների
ամեն մի չնչին մասնիկի մասին…
իսկ ավելի ճիշտ՝
նշանակում է տե՛ղ տալ հրաշքին…
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼ
Թե զորք լինի,
պաշտպանական մարտի գնանք՝
առաջինը ե՛ս կլինեմ.-
թե Աստըծո ճամփով արդեն՝
Աստծո առաջ,-
վերջից՝ թողեք, որ ե՛ս քայլեմ,
ընկերներիս թողնեմ առաջ,-
որ թե մի պահ մեկը հոգնի,
մյուսը ճամփից շրջվել ուզի
կամ թե՝ ընկնի մեկը հանկարծ,-
օգնեմ քայլել.
Ի՛նքըս քայլել չմոռանա՛մ£
***
Կա՛մ ու սիրում եմ, կա՛մ ու գրում եմ,
Ո՜վ է արգելքը, ո՜վ է հակառակ,-
Հույզ է, պատկեր է – ինչ որ կրո՛ւմ եմ՝
Աշխարհի կավն է, լույսն է բովանդակ…
Կամ ու կրո՛ւմ եմ, կամ ու լրում եմ
Մարմնիս օրերում՝ ապրելու – չանցած,
Ինչը լուսանցքում էսպես ցրում եմ՝
Աստծո ձեռքով է ճակատիս գրված…
– Մենք մեր օրերի
ուխտավորներն ենք,
Ճամփորդ ենք՝ ահա –
ո՛չ թափառական.
Եթե գրում ենք այն՝ ինչ գրո՛ւմ ենք,
Ուրեմն մերն է չապրա՛ծը անգամ…
***
– Կարկուտի պահին քաղած
մի՞րգ լինել,
Թե՞ ծառի վրա նոր բացված ծաղի՛կ.
…………………………………………
– Հասած մի՜րգ լինել ծառերի վրա
Ու թող պատահի՝ ի՛նչ կպատահի…
***
Փառքից կուրացող
մարդկանց տենչերին
նայելուց առաջ՝
Ես Քո լուսավոր հայացքն եմ փնտրում,
Տե՜ր, չարյա՛ց խափան…
Նայիր սաստումով, բայց նախ՝ զարմանքի
զննումով նայիր՝
Անխոհեմաբար եթե վրիպեմ
հո՛սքը բարության…
Քիչ առ քիչ փակվող՝ անդարձ կործանվող
հոգիների դեմ՝
Ահա՛, ընդերքի կերպարանափոխ
գնդեր են շարված.
Հոգու տեղ՝ «Անո՜ւն»,- ես այս գործերի
կեղծիքը գիտեմ
Այն օրից՝ ինչ Դու ընծայեցիր ինձ
տեսանող հայացք…
Հիմա ավելի վտանգավոր է,
Տե՜ր, կողքի՛ս մնա.
Իրենց առանցքի առք ու վաճառքին
սրանք անտեղյակ՝
Կուզեն մինչև վերջ գնալ,- խոտորել
անիվը բախտի,
Տրորել արդեն ամե՛ն սրբություն,
բարու ամե՛ն ջանք…
Իբրև պաշարված և իբրև պաշտպան՝
ո՜ւժ տուր կանչողիս,
Փրկության հնար ընձեռիր նաև
սրա՛նց, Ողորմա՜ծ,
Փա՛ռը կուրության՝
փառք ասած փառը
հանի՛ր աչքերից,
Գնդերն ընդերքի խորտակիր հիմա,
արդեն՝ վերջնակա՛ն…
***
Երկու անգամ է՝
Սև աղավնի է ինձ այցի գալիս,-
Ճեմում է ճերմակ բազրիքի վրա
Եվ անակնկալ նույն արագությամբ
Դուրս է թռչում իմ
բաց պատուհանից,-
Երկու անգամ էլ մնում եմ շվար…
Չգիտեմ՝ արդյոք խնդա՞մ,
տագնապե՞մ,
Թե՞ ընտելացնեմ նոր այցելուիս՝
Լուսամուտիս տակ ցորեն շաղ տալով…
Ես նրա երրորդ այցին եմ սպասում.
Սևը երազում կարծես շուտափույթ
Ինչ-որ գալիքի նշան էր՝ գիտեմ,
Աղավնին արդեն՝ արդարության ու
Խաղաղ աշխարհի նշանն է կյանքում…
– Ուրեմն՝ այսօր,
Երբ որ երազն ու կյանքը զուգադրեմ՝
Կգա՞ս, իմ թռչո՛ւն…