«Ծղոտից  կախված   ամրոցը»/ Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մանկությանս սիրված հեքիաթներից մեկի անմոռաց  վերնագիրն է: Մերը  չէ, հայ ժողովրդական չէ: Իմ  հայրական տան հարուստ գրադարանում պատվավոր տեղ ուներ աշխարհի   ժողովուրդների  բանահյուսական  այդ գոհարների  սերնդեսերունդ անցած ու արդեն  քրքրված մի ժողովածու:

Հրաշալի  հայերեն  թարգմանությունը կշփոթեցներ անգամ հասուն  ընթերցողին, էլ  ուր  մնաց մանկական  հափշտակությամբ  հեքիաթների  հրաշք  աշխարհն  ընկած դպրոցականիս: Միայն  տարիներ անց ես զարմանքով  նկատեցի, որ այդպես  համ ու  հոտով հայերեն «խոսող» հեքիաթները թարգմանություններ են: Իսկ այնժամ հեքիաթների  հերոսների  հետ ճամփա  անցնող պատանի  ընթերցողիս, չգիտեմ ինչու, ամենաշատը հուզում  էր  ծղոտից  կախված  ամրոցի   բնակիչների կյանքը: Մտովի  ահով պատկերացնում  էի, որ  ես  էլ ահա  ապրում  եմ այդ  ամրոցում, որի միակ ամրությունը երկնքից  կախված  ծղոտն է…

Բայց իմ վախն  ու  անհանգստությունը  փարատում էի այդ  ամրոցի բնակիչների անվախ  ու հնարամիտ ապրելակերպով: Իրենց ամրոցը շատ  սիրելով՝ նրանք  տիրոջ հոգատարությամբ ու  անձնուրացությամբ էին պաշտպանում   այն  երևույթ  և  աներևույթ թշնամիներից: Եվ նրանց  քաջությունից  էլ ամրանում  էր  երկնքից  կախված ծղոտը՝ ամրոցը  դարձնելով   անխորտակ ու  անառիկ: Մի կարևոր հանգամանք ևս. բերդակալ  տերերը դուրս  էին հանում իրենց  գաղտնիքը դավաճանաբար ուրիշներին հայտնողներին, թուլամորթներին, թշնամուն արժանի  հակահարված  տալու մեջ հավատի  պակաս  ունեցողներին, որոնց ներկայությունը  խարխլում էր ամրությունը: Եվ արդյունքում՝ ամրոցն իր  անվեհեր ապրողներով շարունակում էր  զարմացնել  ու  հիացնել  բոլորին:

…Արցախյան  ազգային  ազատագրական  շարժումից  ի վեր, մինչ 2020-ի՝ ինքներս  մեզ պարտադրած պարտության ու  դրանից ելնող հայրենակորստի հրեշավոր  այս ծրագրի  իրագործումը, մենք էլ, որպես հայկական անառիկ  կղզյակ, հիացնում  ու  զարմացնում  էինք  բոլորին:

Իսկը վերոնշյալ   ամրոցի  պես:

Եվ  դա  նաև  ի  փառս Մայր հայրենիքի  ու   որպես մի սպեղանի  մեր  տանուլ տված  բոլոր  պատերազմների,  Հայոց  աշխարհի  մեր  դեմ  փակված  բոլոր դարպասների: Նույնիսկ  Արցախի  համար  ամենադժնի  ժամանակներում, իսկ  դրանց շղթան շատ  երկար  է, չէինք  դադարում  մեր հայրենիքում  ապրելու   հավատն անսասան պահել, երբևէ աչքի առաջ չունենալով մեր  բաժին  դրախտը  թշնամուն  թողնելու խելագար միտքը: Մեր  հայացքն, անշուշտ, ուղղված  էր Մայր  Հայաստանին: Ու ոչ  թե մեզ՝ թշնամուն  հանձնելու, այլ  օգնության հույսով: Այդ  օգնության  հերոսապատումը մեր  նորօրյա  պատմության փառավոր  էջն է՝  գրված  հազարավոր հայորդիների սխրանքներով:

Սակայն  եկան  այլ  ժամանակներ, և  Մայր հայրենիքի  իշխանությունները բացահայտ ու սիրահոժար հրաժարվեցին Հայոց  աշխարհի  թերևս վերջին հրաշք   ամրոցից՝ այն  տալով  թշնամուն: Չհետևեցինք  հեքիաթի իմաստուն  հերոսներին և  ժամանակին  դեն  չնետեցինք  օր օրի սեղմվող Հայաստանի ինքնապաշտպանության  ու  ինքնության  պահպանման  գաղտնիքը այստեղ  եկած   միջազգային  մեծ  ու  փոքր լեշակերներին մատնողներին:

Իսկ  ո՞ւր էին Հայաստանին իբր թե օգնության փութացողները, այդ  զորեղ  այրերը, երբ շրջափակված Արցախում  մարդիկ  հայտնվել էին սովի   ու ցրտի  ճիրաններում: Նրանց այդ խրոխտ  ձայնը ինչո՞ւ  չէր պահանջում միջազգային ատյաններում այսօր  նրանց «փայփայանքի» առանցք դարձած Հայաստանի իշխանությունը: Աստվածաշունչը  մեզ  միշտ  հիշեցնում է    գառան   մորթով հայտնվողներից չխաբվելու և մի  նոր անդունդ  չընկնելու   վտանգի մասին:

Իր մարդասիրական մեծածավալ  օգնություններով (անգամ թշնամուն), միջազգային ասպարեզում  էժանագին անվան ծարավ ներկայիս  իշխանությունները, իբր թե, չկարողացան սովից նվաղած արցախցուն պարեն  հասցնել: Ասել է թե՝  չուզեցին:

Միայն մի  դիտարկում Արցախի  հանդեպ ունեցած այս իշխանավորների  ատելության դրսևորումից: Անցյալ  դարասկզբում  Հայաստանում իշխանության  եկած  բոլշևիկները, բանտ  նետելով  ազգային, կուսակցական  անվանի շատ ու  շատ  գործիչների, շտապել  են  ազատվել  նրանցից՝ ահ ու  սարսափ  տարածելով  ժողովրդի  մեջ: Եվ  իրենց ազգադավ մոլուցքին  հագուրդ  տալու  համար նրանց, տվյալ  պարագայում, թող ինձ  ների Աստված, առավել մարդասիրական ձևով  չեն զրկել  կյանքից, այլ  հանձնել  են… թուրք  մսագործին:

Իսկ կացնահարված դիակների թիվը հարյուրներով  էին  հաշվում…

Ինչ է, մենք չէինք  կարո՞ղ դատել Հայաստանի  իշխանությունների  թողտվությամբ այսօր թուրք  մսագործին  հանձնված Արցախի պաշտոնատար անձանց, դրվատել նրանց  ավանդը ազատության  սրբազան  պայքարում կամ պատժել աններելի  բացթողումների  համար: Մի բան  ակնհայտ  է անգամ քաղաքականությունից լուսնի  հեռավորությամբ  գտնվողներին: Բաքվի բանտերում հայտնված հայորդիներից յուրաքանչյուրը,  անկախ ամեն ինչից, մի  մեծ «հանցանքի» տեր է. ապրելով իր հայրենիքում՝ պայքարել է  նրա  ազատության ու  անկախության համար՝ թուրք  մսագործին ռազմի  դաշտում ծնկի  բերելով՝ իր իսկ  յաթաղանով: