Այսօրվա պես հիշում եմ. ես տասներորդ դասարանում էի, և մեր բակում ամեն առավոտ հնչում էր իտալացի 12-ամյա Ռոբերտինո Լորետտիի «Ջամայկա» երգը: Այդ երգը շատ սիրված էր ողջ ԽՍՀՄ-ում: Երբեք չէի պատկերացնի, թե օրերից մի օր 11 օր կանցկացնեմ Ջամայկայում:
Ջամայկան փոքր կղզի է՝ Կարիբյան ծովի ավազանում: Ժամանակին եղել է Անգլիայի գաղութներից: Հիմա անկախ պետություն է, պետական լեզուն անգլերենն է, դրամը` Ջամայկայի դոլարը, սակայն ամերիկյան դոլարն առավել գործածական է: Կղզու բնակիչները սևամորթներ են:
Բոստոնից Ջամայկա ուղիղ թռիչք չկա. այնտեղ ենք թռնում Ատլանտայից, որն աշխարհի ամենամեծ միջազգային օդանավակայանն ունի (ըստ ուղևորների թվի): Ամեն րոպե իջնում ու բարձրանում են տարբեր տեղերից ժամանող ինքնաթիռներ: Օդանավակայանը շատ կազմակերպված է աշխատում: Մենք վայրէջք ենք կատարում Մոնտեգո Բեյ քաղաքի միջազգային օդանավակայանում: Անձնագրային ստուգումն անում են ավտոմատ մեքենաները. մոտեցնում ես անձնագրի առաջին էջը, նկարված ստանում ես թուղթը, ցույց ես տալիս ու անցնում: Հայկական անձնագիրը մեքենան չի նկարում, և թղթերն ստուգող աղջիկն ասում է, որ ես չեմ կարող երկիր մտնել: Աղջիկս բացատրում է՝ Հայաստանի քաղաքացիների համար Ջամայկա մուտքն ազատ է, թող ստուգի իր երկրի պետական կայքը: Աղջիկը ստուգելուց հետո զարմանում է, որ նման բան կա, և մեզ տանում է իր պետի մոտ: Պարզվում է` պետք է գանձեն մուտքի վճար՝ 100 դոլար…
Ջամայկան շատ գեղեցիկ կղզի է՝ ամբողջովին ծածկված արևադարձային ջունգլիներով: Ինքնաթիռի պատուհանից սարերով հարուստ այդ կղզին նման է կանաչ դրախտի:
Մտնում ենք երկիր, և երկրորդ խնդիրը ավտոմեքենա վարձելն է: Աղջկաս տալիս են շատ հին արտադրության ճապոնական Սուզուկի մակնիշի մեքենա, արդեն իսկ 73.447 կմ անցած, ղեկն էլ աջ կողմից է: Իսկ մեր հանգստյան տուն հասնելու համար պետք է 200 կիլոմետր հաղթահարենք…
Գիշերում ենք օդանավակայանին մոտիկ փոքրիկ հյուրանոցում, ուր մեզ սպասում էին, և ողջ հյուրանոցում միայն մենք էինք: Իսկ հաջորդ օրը մեծ ծրագիր ունենք. նախքան հանգստյան տուն մեկնելը պետք է ինչ-որ գետով, բամբուկե լաստով 5 կիլոմետր նավարկենք՝ լաստավարի ուղեկցությամբ: Սա իսկական հեքիաթ նավարկություն է: 14 իրար միացրած բամբուկներ՝ 3 մետր երկարությամբ, 2 հոգու համար նախատեսված նստարանով: Լաստավարը՝ փայտե ձողը ձեռքին, վարում է լաստը: 5 կիլոմետր գետի հոսանքով գնում ես մինչև վերջակետը՝ հիանալով գետի երկու ափերով տարածված արևադարձային անտառի ողջ գեղեցկությամբ: Գետում ձկներ, կրիաներ, շրջապատում՝ թռչունների թռիչք ու ձայներ: Մեր լաստավարը շատ երիտասարդ սևամորթ տղա է՝ Ռիչարդ անունով: Նա ասում է, որ ծնվել է Քինգստոնում՝ Ջամայկայի մայրաքաղաքում, սակայն եկել է այստեղ, որովհետև աշխատանք կա: Նա սրամիտ է և հրաշալի երգում է պրոֆեսիոնալ երգչի նման, շատ հաճելի է նրան լսելը: Ջամայկայում շատերն են երգում: Չմոռանանք, որ ամերիկյան Boney M հայտնի դիսկո խմբից Լիզ Միթչելն ու Մարսիա Բարեթը ծնունդով Ջամայկայից են: Գետը հոսում է ոլորաններով, ու երբեմն հանդիպում են ժայռաբեկորներ: Տղան կատակում է՝ սա էլ մեր Տիտանիկի այսբերգն է, բայց մենք չենք խորտակվի:
Գետի աջ ափին՝ 3-4 տեղերում, վաճառում են ազգային հագուստներ, կոկոս, բանան և այլ մրգեր: Տղան մեզ խորհուրդ է տալիս՝ որտեղից կոկոս գնենք, և մեր ճանապարհը շարունակում ենք՝ խմելով կոկոսի հիանալի հյութը:
Գետային զբոսանքից հետո գնում ենք Ջամայկայում հայտնի շքեղ տուն-թանգարան. տանտերերը սպիտակամորթներ են եղել, զբաղվել են շաքար ու ռոմ արտադրելով: Տունը առաջին կին տիրոջ անունով կոչվում է Ռոուզ հոլ: Շենքը գեղեցիկ է, կահավորումը՝ ճաշակով, սակայն այդ տան հետ կապված են սարսափազդու պատմություններ: Եթե տան առաջին տիրուհին ունեցել է չորս ամուսին, և բոլորն էլ մահացել են նրա կենդանության օրոք, ապա երկրորդ տիրուհին ինքն է սպանել երեք ամուսիններին՝ կախարդանքի միջոցով, որը մանուկ հասակում սովորել է իր սևամորթ դայակից…
Ի դեպ, սենյակներից մեկում կար այդ երկրորդ տիրուհու դիմանկարը: Նա շատ գեղեցիկ էր և շրջապատված էր սպիտակամորթ գեղեցիկ տղա և աղջիկ երեխաներով: Պարզվեց՝ երեխաները հետո են ավելացվել կտավի վրա, որովհետև կինը երեխա չի ունեցել…
Այդ խորհրդավոր տունը որոշ ժամանակ լքված է եղել, հետո վերանորոգել են, վերականգնել նախկին շքեղ տեսքը: Նույնիսկ մի մեծահարուստ գնել է տունը որպես ամառանոց: Սակայն նոր տանտերերի աչքին երևացել են ուրվականներ, կոտրվել են բաժակներ, և նրանք հրաժարվել են տնից…
Տունը ծովափին է, շրջապատված է հրաշալի այգով, հիմա թանգարան է, իսկ մենք միակ այցելուն էինք: Տան ետևում՝ այգու մեջ, մեծ շիրմաքար կար, որի մոտ պետք է փող թողնել, որպեսզի չարիքը մնա հենց այդտեղ: Մենք այդպես էլ անում ենք:
Վերջապես ավարտվում է մեր մեկօրյա հանգիստն, ու մենք ճանապարհ ենք ընկնում դեպի Legends կոչված հանգստյան տունը, որը Ներգիլ քաղաքի Seven Mile Beach-ում ունի գերազանց լողափ:
Պարզվում է` Ջամայկայի ճանապարհները սարսափելի անմխիթար վիճակում են. ասֆալտը քայքայված է, և կան շատ փոսեր: Իսկապես հաղթահարելով ճանապարհի դժվարությունները՝ հասնում ենք դրախտային Լեջենդս հանգստյան տուն: Օրն արդեն մթնել է, հասցնում ենք ընթրել, որ առավոտյան լողափ գնանք:
Լեգենդներ անունը լիովին համապատասխանում է թե՛ հանգստյան տանը և թե՛ լողափին: Ավազը դիմափոշու նման մանր, մաքուր, ջուրը՝ տաք ու մաքրամաքուր, առանց ալիքների: Լողափին ինչքան ասես հովանոցներ ու շեզլոնգներ, սպասարկող անձնակազմը՝ բարեկիրթ:
Հանգստացողները ջամայկացի սևամորթներ են՝ ԱՄՆ-ից կամ Կանադայից, նաև սպիտակամորթներ ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Ֆրանսիայից: Ոչ մեկը չգիտեր Հայաստանի մասին: Մենք ասում ենք՝ աշխարհի առաջին քրիստոնյա երկրից ենք:
Ռուսախոս մի զույգ եկել էր Կանադայից, երեք ամսական տղայի հետ: Շատ հուզիչ էր տեսնել, թե ինչ մանկական խնամքի ինչպիսի պարագաներով էին «զինված»՝ ցանկացած դեպքի ու անակնկալի համար… Նրանք համառորեն խոսում էին ռուսերեն՝ թեև ազգությամբ ուկրաինացիներ էին:
Ի դեպ, հընթացս պարզեցինք, որ նախորդ տարվա կործանարար փոթորկից հետո գները Ջամայկայում չափից շատ բարձրացել էին, դրա համար էլ շատ հանգստյան տներ դատարկ էին:
Աղջիկս, որ էքստրիմի սիրահար է, որոշում է նստել ռետինե բազկաթոռ ու սլանալ ծովի վրայով: Պնդում եմ, որ ես էլ եմ նստելու: Նա վերջապես համաձայնում է, և մենք խելահեղ թռչկոտում ենք ծովի ալիքների վրա` պինդ բռնած ամրակներից: Երբ նավը վերադառնում է ափ, աղջիկս հարցնում է. «Ո՞նց ես»: Ես պատասխանում եմ. «Եթե կենդանի մնացի, ուրեմն՝ լավ»: Մեր խենթության լուսանկարներին Երևանում բարեկամները չէին հավատում, մինչև որ չուղարկեցինք փոքր տեսանկարներ:
Վեց օր Լեջենդսում հանգստանալուց հետո պետք է մեկնեինք օդանավակայանին մոտիկ Hilton հյուրանոցների ցանցին պատկանող S անվանումն ունեցող հանգստյան տունը, որը լավագույնն է ողջ Ջամայկայում:
Քանի որ դժվար էր բաժանվել լողափից ու ջրից, որոշում ենք մինչև ժամը 12-ը լողալ ջրում, հետո լողազգեստներով, պարեոնով փաթաթված, նստել մեքենա: Նոր էինք ճանապարհ ընկել, երբ սկսվեց սարսափելի արևադարձային անձրև, որը թափվում էր առատորեն ուղևորության ողջ ընթացքում: Անձրևի պատճառով 200 կիլոմետրանոց ճանապարհի փոսերը լցվել էին ջրով՝ առավել դժվարացնելով մեքենայի ընթացքը:
Վերջապես հասնում ենք Hilton-ի S հանգստյան տունը, որն արդեն արտաքին տեսքից շատ շքեղ է: Դարպասը հսկողը նայում է մեր անշուք մեքենային, մեր թրջված մազերին, հոգնած տեսքին ու լողազգեստներին ու կասկածանքով հարցնում, թե ինչ ենք ուզում: Աղջիկս ասում է՝ եկել ենք հանգստանալու: Նա թերահավատորեն նայում է մեզ և դարպասը չի բացում: Աղջիկս ասում է՝ նայեք իմ ազգանունը, նաև նշում, որ ինքը սովորական այցելու չէ և ադամանդե ցուցակում է: Կատարվում է անսպասելին. մի կին անմիջապես բոլորին իրար է խառնում, ես անցնում եմ սպասասրահ: Հայտնվում է մի տղա անուշաբույր սրբիչը ձեռքին, ներողություն խնդրում համապատասխան ընդունելության չարժանացնելու համար: Քիչ հետո նույն տղան բերում է ընտիր հյութով լի բաժակ: Մեզ տալիս են լավագույն համարը, որտեղ նվագարկիչ կա Բոբ Մառլիի՝ աշխարհահռչակ ջամայկացի երգչի ձայնասկավառակով: Նա աշխարհում reggae երաժշտության ամենավառ ներկայացուցիչն է: Եվ երեք օր մենք գտնվում ենք դրախտում…
Լողափում արագ քեզ համար պատրաստում են շեզլոնգը՝ վրան փռելով փափուկ ներքնակ և սպիտակ փափուկ սավան: Հովանոցի վրա ամրացված է կարմիր դրոշակ, որ եթե բարձրացնես, հսկողներն անմիջապես հյութ կբերեն…
Այստեղ դարձյալ տարբեր երկրներից եկած հանգստացողներ են: Շատ են ընտանիքներով հանգստացողները: Քանի որ ես ու աղջիկս հայերեն ենք խոսում, հարցնում են, թե ինչ ազգից ենք և որտեղից: Աղջիկս միշտ ասում է՝ Հայաստանից: Միայն մի տղամարդ ասում է, որ ինքը հայերին լավ գիտի, Վաշինգտոնում իր տնօրենը հայ է եղել՝ Առաքելյան ազգանունով:
Պարզվեց, որ Hilton S-ն ունի նաև հրաշալի Spa…
Հյուրանոցից մեկնում ենք օդանավակայան, հանձնում մեքենան, և հաճելի անակնկալ: Նույն մեքենայով մեզ տանում է օդանավակայան: Սա շատ գեղեցիկ հրաժեշտի ձև է, որ չեմ տեսել ոչ մի երկրում:
