Միանգամից ասեմ, որ ես աշխարհի ամենահամառ գրողն եմ: Աշխարհն ամեն ինչ անում է, որ ես չգրեմ, բայց ես շարունակում եմ գրել: Երբվանի՞ց եմ սկսել գրել: Երևի ծնվածս օրից: Չէ, ասենք ավելի վաղ` այն ժամանակվանից, երբ մորս ընդերքում վայելում էի նոր գոյավորվելու հանգիստ խաղաղությունը: Դուք չեք հիշում ձեր արածը, իսկ ես գիտեմ, հիշում եմ ամեն ինչ: Ամենակարևոր բանը, թերևս, սպասելն էր: Շատ բաներ էի տեսել մինչ այդ, շատ բաների միջով էի անցել և սպասում էի, թե երբ եմ անցնելու ժամանակի այդ ոլորանը նաև: Այդ ժամանակ ինձ թվում էր` փշի պես խրվել-մնացել եմ ժամանակի մեջ, և ինձ մոռացել են: Բայց արի ու տես, որ ոչ: Ես մոռացված չէի: Ներսում ապրում էի նրա երգերի մեջ, իսկ դրսում նրա կարոտի, հիասթափության, սպասումի ուղեկիցն էի: Բոլորը կարծում էին, թե ես չեմ խոսում, չեմ արձագանքում, չեմ շփվում աշխարհի հետ, բայց այդպես չէր: Ես ապրում էի իմ աշխարհում և աշխարհում նրա, որ իմ մայրն էր և՛ այդ պահին, և՛ հավիտենության մեջ: Դրսիններին թվում էր, թե ես աշխարհի հետ շփվում եմ միայն այն ժամանակ, երբ սկսում եմ «խաղալ» մորս ընդերքում: Բայց այդպես չէր:
Եվ լռում էի, լռում, լռում, լռում, ու իմ լռության ձայնը միայն մայրս էր լսում: Լսում էր ներքին լսողությամբ, ներքին տագնապով և ուրախությամբ ներքին: Եվ քանի որ չխոսկան հարս էր, ինձ հետ խոսում էր լռությամբ, խոսում էր մտքի մեջ ինձ համար երգելով և իր կարոտի ու սպասման մասին միայն ինձ պատմելով: Ամուսինը բանակում էր, և իրենց կապող միակ թելը բանակից ուղարկած նամակն էր պապիս անունով, որի մեջ տանեցիներին ուղղված ընդհանուր բարևի մեջ մայրս նաև իր չգրված անունն էր կարդում:
Ի՞նչ եմ հիշում: Հիշում եմ, որ ես այդ ժամանակ էլ էի գրում: Գրել չգիտեի, պարզ է, բայց հորինել գիտեի: Ամենակարող Հորինողն ինձ էլ էր օժտել այդ շնորհով, ու հորինում էի կամ գրում: Գրում էի իմ, ասել է թե՝ բոլորի մասին: Փորձում էի մարդկանց պատմել, որ ադամորդին այս աշխարհում իր ապահովությունը միայն իր մոր արգանդում է գտնում: Իսկ հետո տառապանք է ճաշակում նաև դրա համար:
Ես դեռևս այն ժամանակից գիտեի, որ մարդն ամեն բանի համար վճարելու է: Վճարելու է իր խաղաղության համար, թվացյալ երջանկության համար է վճարելու, նույնիսկ անհոգ անցկացրած ինը ամսվա համար է վճարելու ծննդաբերության ժամանակ կրած տառապանքով, վախով, անհայտության անհայտ հեռանկարով ու դրա համար էլ ծնվելիս ճչում է սարսափած: Ես էլ էի ճչում և նույնիսկ իմ առաջին ճիչով գրում էի այդ մասին: Իմ առաջին ճիչի միջով անցնում ու մտնում էի մի ասպարեզ, որտեղ գտնվողներն իրար չեն սիրում, իրար հրմշտում են արմունկներով, ուզում են փառք խլել միմյանցից՝ չհասկանալով, որ փառք տվողն Ուրիշն է, և որ փառքը Նրանն է միայն:
Մարդիկ չէին հասկանում ասածս, բայց Աստված լսում և հասկանում էր ամեն բան: Ես չգիտեի ու հիմա էլ չգիտեմ, թե ում համար եմ գրում. մարդկա՞նց, թռչունների՞, ջրերի՞, քարերի՞, թե Աստծո՞… Գրածս կարծես թե պետք չէ մարդկանց: Թռչունները հազարավոր գեղեցիկ երգեր ունեն ու չտեսնված գեղգեղանքներ: Նրանց ինչի՞ն է պետք իմ ապաշնորհ երգը: Ջրերը միշտ վազում են նույն ճանապարհով: Լցվում են ծովերը, իսկ ծովերն էլի մնում են ծարավ, ելնում են երկինք… Քարե՞րը: Քարերը քարեղեն լռություն են պահպանում հիմնականում և չեն խոսում մարդուն հասկանալի լեզվով: Աստծո՞: Մեծ հանդգնության է այդպես մտածելն անգամ: Աստծո համար երգում են բոլոր հրեշտակները, Նրա համար է երգում Իր ստեղծած աշխարհն ամբողջությամբ, և իմ երգն անկատար ու ոչինչ է այդ երգի հետ համեմատած:
Ինչո՞ւ եմ գրում: Չգրել չեմ կարող: Գրում եմ, քանի որ ես աշխարհի ամենահամառ ու հաստերերես գրողն եմ, աշխարհի ամենաապաշնորհ գրողը, որը չգրել չի կարողանում սակայն: Ես հորինող եմ ու չեմ կարողանում ապրել առանց դրա: Ինձ չեն վաձատրում, ես գրում եմ, գրածս չեն կարդում, էլի գրում եմ, գրածիս վրա զայրանում են, բայց ես խելքի չեմ գալիս, զարմանում են, ես չեմ զարմանում, ես անհաղորդ եմ մնում, արհամարհում են` էլի գրում եմ: Գրում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ գրիչ չկա ձեռքիս, ու թուղթ չեմ ունենում: Մարդիկ չեն հասկանում, որ ես իրենց համար եմ գրում: Ամեն ինչ գիր է ինձ համար, ամեն դեպք` գրականություն դարձնելու առիթ:
Դպրոցական տարիներին ես բանաստեղծ էի, բանաստեղծ էի նաև ուսանող ժամանակ, բանաստեղծ էի ուսուցչությանս տարիներին նույնպես: Տեսնում էի բանաստեղծ լինելու ծաղիկները միայն, իսկ փշերը թաքնված էին հեռու և անտեսանելի ինչ-որ տեղում: Դաս էի տալիս, դասամիջոցներն անգամ իզուր օգտագործել չէի ցանկանում ու կարդում էի: Փիլիսոփայական գրքեր էի կարդում, գրականություն, և նույնիսկ` մարքիսզմի դասականների գործերը: Իսկ բանաստեղծությունն ապրում էր հոգուս մեջ, անբաժան էր ինձանից… Գրվում էր դասի ժամանակ, քեֆի կամ հարսանիքի ժամանակ` անձեռոցիկի ծայրին, գրվում էր գիշերը, երբ ձայները լռում էին, ու մութը բնավ էլ անջրպետ ու վարագույր չէր դառնում ցերեկվա վազքի ու գիշերվա հանգստի միջև: Գրում էի հնամաշ գրամեքենայի վրա տկտկացնելով, որ էժան գնով առել էի գիտական թեզս մեքենագրելու համար: Սակայն թեզից առաջ և նրանից ավելի բանաստեղծություններ էի գրում: Գրում էի դեղին, էժանագին թղթերի վրա, և ինձ թվում էր, թե բանաստեղծն ու գրողը սովորական մարդիկ չեն, այլ երկնքից իջած են ու տարբեր: Մեկ-մեկ գրածս տպագրվում էր թերթերում, նույնիսկ հոնորար էի ստանում: Պատահում էր նաև, որ կարդում էին ռադիոյով: Ուսանողական տարիներին մի երկու-երեք անգամ ռադիոյով հաղորդեցին, մի երկու անգամ` հեռուստատեսությամբ, և քանի որ ռադիոն, էլ չեմ ասում հեռուստատեսությունը, մեկն էր, ու բոլորն այդ նույն ալիքն էին լսում ու նայում, միանգամից հանրահայտ էի դառնում: Մի որոշ ժամանակ ճանաչում էին, մատով ցույց տալիս, իսկ հետո ամեն ինչ մոռացվում էր նորից: Ես այն ժամանակ դեռևս չգիտեի, որ մարդկանց հիշողությունը վայրկենական է, և աշխարհում ամեն մարդ առաջին հերթին զբաղված է ինքն իրենով: Ամեն ոք ուրիշների համար ժամանակ է ունենում, երբ դա իրե՛ն է պետք:
Մի քիչ հոնորար, մի երկու կաթիլ անցողիկ փառք, որ ոչինչ էր իմ մեծ ծարավը հագեցնելու, սրտիս մեջ բորբոքվող հրդեհը հանգցնելու համար: Չէին ճանաչում, չէին հիշում, բայց ես շարունակում էի գրել, դաս էի տալիս ու երազում էի գիրք տպագրելու մասին, ընտանիք էի պահում և երազում գիրք տպագրելու մասին, երազում էի այն օրվա մասին, երբ իմ գրքերն իրար ձեռքից կխլեն ու կկարդան ագահորեն:
Ես այն ժամանակ լուրջ էի ընդունել ինչ-որ խելացի մեկի ասածը, թե իսկական տղամարդը տուն պիտի կառուցի, զավակ ունենա, ծառ տնկի… Թեպետ խախտել էի այդ հերթականությունը: Տուն կառուցելու փոխարեն նախ զավակ էի ունեցել: Դա ինձ չէր խանգարել ասացվածքի մյուս երկու կետերին նույնպես հետամուտ լինել:
Նոր բնակարան էի ստացել՝ ավերակ ու կիսակառույց: Վերանորոգում էի ու մտքիս մեջ գրում, վարպետի հետ պաստառ էի կպցնում, շաղախ սարքում, ձյութ հալեցնում` հատակը կպցնելու համար, մատներս այրում էի հալած ձյութով, մրմռացող ու բշտած ձեռքերով դասի էի գնում, հետո դասից գալիս, վարձու տանը բերանս մի կտոր բան էի գցում ու նորից գնում էի նոր տուն` այս անգամ հատակը ներկելուց առաջ հղկաթղթով հարթեցնելու համար: Գուցե թե այդ ժամանակ աշխարհում կային նորագույն սարքեր, մարդու աշխատանքը հեշտացնող մեքենաներ, բայց ես դրանց ծանոթ չէի, ես դրանց մասին գաղափար անգամ չունեի ու հղկաթուղթը քսում էի հատակին, որպեսզի հարթվի, որպեսզի ներկելուց հետո փայլուն ու գեղեցիկ լինի: Հետո ի՞նչ, որ մատներս նույնպես մաշվում էին հատակին քսվելով: Օգնող… կար: Մի երկու անգամ հայրս, եղբայրս ու հորեղբայրս էին եկել, բայց հիմնական օգնողն աներս էր: Օգնում էր ու խոսում վրաս: Խոսում էր, որ լավ գործ անել չգիտեմ, դժգոհում, որ հատակը ներկելիս վրձինը ճիշտ չեմ բռնում, փնթփնթում, որ տախտակները դուրս տանելիս կպցրել եմ պատին ու մի քիչ քերծել, զարմանում, որ հատակը ներկելիս ծնկում եմ և ոչ թե կռանում: Իսկ ես լռում էի, նստել էի համբերության ձիուն ու լռում էի: Գիտեի, որ կանցնի, այս էլ կանցնի, մտածում էի՝ արագ անեմ, վարձով բնակարանից դուրս գամ, գլխիս տանիք ունենամ… Վստահ էի, որ եթե երեխաներս իրենց տանը լինեն, քիչ կհիվանդանան: Եվ ամեն ինչ տանում էի բեռնաձիու համառությամբ, քանի որ Պեգասի ժամանակը չէր: Իսկ Պեգասը հանգիստ չէր տալիս, գալիս էր գիշերով, գալիս էր անպատեհ մի ժամի ու խրխնջում էր հոգուս մեջ:
Իսկ այդ օրը աներոջս հետ էլի գործ էի անում, ու նա սովորականի նման էլի դժգոհ էր ինձանից: Ես լռում էի ու ծիծաղում մտքիս մեջ: Գիտեի, որ հանրապետական ռադիոյի գրական ալիքով ժամը տասներկուսին իմ բանաստեղծություններն են կարդալու: Ռադիոն ժողովրդական երգեր էր հաղորդում մինչ այդ, ու դրանք դուր էին գալիս աներոջս, թեպետ այդ մասին ոչինչ չէր ասում: Ես ծիծաղում էի մտքիս մեջ: Ուզում էի ցույց տալ, որ ես էլ ինչ-որ բան արժեմ և գիտեմ ինչ-որ բան անել… Տվեցին անունս, սկսեցին կարդալ: Աներս նախ նայեց կասկածանքով. ե՞ս եմ, թե՞ իմ անուն-ազգանունը կրող ուրիշ մեկը: Մի՞թե ինձ նման ապաշնորհ մեկից որևէ բան կարող է դուրս գալ: Նրա կարծիքով՝ իսկական տղամարդը պատ շարել պիտի իմանար, հատակ ներկել, ծորակ նորոգել և այդ անելիս ո՛չ ինքն իրեն պիտի վնասեր, ո՛չ գործին, ո՛չ դիմացինին:
– Դո՞ւ ես,- հարցրեց կասկածանքով՝ գլխով անկյունում դրած ռադիոն ցույց տալով:
– Ըհը՛,- ասացի՝ ժպիտս թաքցնելով:
– Հիմի որ կարդացին, դրա համար փող տալո՞ւ են,- էլի հարցրեց:
– Ըհը՛:
– Ինչքա՞ն,- հետաքրքրվեց:
– Մի հիսուն-վաթսուն ռուբլի,- մի քիչ չափազանցրեցի:
Լռեց, շարունակեց աշխատանքը, հետո ծխախոտ կպցրեց ու դարձավ ինձ.
– Բա ինչի՞ շատ չես գրում:
Չուզեցի ասել` գրելը գրում եմ, բայց հո ամեն օր չե՞ն հաղորդի: Չուզեցի ասել` գրելը գրում եմ, ուղարկելն ուղարկում եմ, բայց տասից, քսանից մեկն են տպագրում կամ հաղորդում: Ուսերս թոթվեցի՝ նրա հարցն անպատասխան թողնելով: Դրանից հետո այլևս վրաս չխոսեց: Երևի նրա աչքին մեծ կամ նշանավոր մեկը դարձա, մի մարդ, որի անունը տալիս են խորհրդային ռադիոյով, որի գրածները կարդում են ու նույնիսկ փող են տալիս…
Տունը սարքեցի, զավակներ ունեի, որոնց շատ էի սիրում, շատ էի սիրում նաև նրանց մորը, որի աչքերը քնքուշ ու սիրալիր բացվում էին աշխարհի վրա: Գրում էի, քանի որ չգրել չէի կարողանում: Էլի դաս էի տալիս, գիտական թեզ գրում, ձեռքի հետ մեկ-մեկ տպագրվում էի թերթերում: Այնքան, մինչև որ հրավիրեցին շրջանային թերթի խմբագրությունում աշխատելու:
Դժվար էր աշխատանքը: Այս անգամ արդեն գրում էի հարկադրված: Այդ օրերին հասկացա, որ լրագրությունն ու գրականությունը տարբեր բաներ են: Երևութապես իրար մոտիկ, բայց իրականում իրարից յոթ սար ու ձոր հեռու: Գրում էի, քանի որ իմ աշխատանքն արդեն գրելն էր: Խմբագիրը մատյան ուներ, որի մեջ ամեն օր նշում էր ամեն աշխատակցի ներկայացրած էջերի թիվը: Կարծես թե «խմբագրի մկրատ» չուներ, բայց անխնա ջնջում, աղճատում էր գրածս: Իր կարծիքով՝ հարմարեցնում էր կուսակցության գաղափարական ուղղությանը, համընթաց դարձնում օրերի տարատեսակ քամիներին: Իսկ իմ սիրտը պայթում էր: Ամեն անգամ մի գեղեցիկ տող կամ պատկեր գտնելուց հետո բացում էի տպագրված թերթն ու տեսնում հոդվածս` ասես փետրահան արված աքաղաղ:
Եվ որոշեցի գտածս պատկերները, կերպարները հանել հոդվածներից ու տեղավորել պատմվածքների մեջ: Բանաստեղծություններից բացի նաև պատմվածքներ էի գրում: Գրում էի, խնամքով թաքցնում թղթապանակի մեջ և սպասում հարմար ժամանակի: Ես գիտեի, որ գրող ու բանաստեղծ ծնվել եմ, ես գիտեի, որ առանց գրելու ապրել չեմ կարող, ես գիտեի, որ…, բայց ընտանիք պահել էր հարկավոր, օրվա հոգսը հոգալ էր պետք, մեծացող երեխաների կարիքները բավարարել էր անհրաժեշտ:
Եվ անում էի ամեն ինչ՝ երազելով այն օրվա մասին, երբ ուրիշ ոչ մի գործ չեմ ունենա գրելուց բացի: Կգրեմ և գրքիս համար ստացած հոնորարով կապրեմ մինչև մյուս գրքիս հրատարակվելը:
Ժամանակները փոխվում էին, ես տարիք էի առնում, իսկ գրածներս մնում էին թղթապանակների մեջ: Թախծում էին, փոշոտվում, մրմուռ պատճառում ինձ, բայց ես չէի համարձակվում դրանք արևերես հանել: Լրագրող էի, գրում էի հոդվածներ, որոնք արդեն ոչ միայն շրջանային թերթում էին տպագրվում, այլև հանրապետության բոլոր նշանավոր թերթերում: Լինում էր, որ հոնորար էլ էի ստանում: Ես գիտեի, որ գրող եմ, գիտեի, որ բանաստեղծ եմ, գիտեի, որ արդեն վաղուց սկսնակ չեմ, բայց… Աշխարհն ի՞նչ պիտի իմանար, թե իմ որ թղթապանակում ինչ պատմվածք եմ պահել: Լինում էր, որ մեկ-երկու պատմվածք տպագրում էի գրական այս կամ այն պարբերականում, բայց տպագրվելու համար ժամանակ ու ջանք էր հարկավոր: Գրելն ավելի հեշտ էր, քան տպագրվելը, գրածի ետևից գնալը, խմբագրությունների դռները թակելը, հրատարակիչների քթի ջուրը քաշելը:
Եվ ես որոշեցի հույսս ինձ վրա դնել ու «հանճար դարձա»: Դա 1996 թվականին էր, երբ իմ միջոցներով շրջանային թերթի տպարանում տպագրեցի առաջին գիրքս: Տպարանի աշխատողներն իմ գործընկերներն էին կարծես թե, բայց վարվում էին օտարի նման: Տառապանքս, ծախսած միջոցներս չէին տեսնում, մտովի իմ ստանալիք շահույթն էին հաշվում: Տպագրեցին իրենց իմացածի ու գիտեցածի չափով, խղճուկ տեսքով ու կատարմամբ, բայց շքեղ հրատարակչությունում տպագրվածի գին վերցրեցին: Մինչ ես գիրքը տպարանից կվերցնեի, մի խմբաքանակ տպագրեցին ու վաճառեցին ինձնից գաղտնի:
Ես հետո իմացա, բայց լռեցի: Մտածում էի` բավական է իմ հանճարեղ պատմվածքները տպագրվեն, ու ողջ աշխարհը կփառաբանի ինձ, միանգամից կդառնամ համաշխարհային մեծություն, քանի որ…
Գիրքը տպագրվեց, խմբագրության գործընկերներս շնորհավորելու փոխարեն հետս «քիթ ու պինչ» արեցին, ուրախանալու փոխարեն սկսեցին ետևիցս խոսել: Կամ գիրքն, իրոք, այդքան էլ լավը չէր, կամ նախանձում էին, որ ինձ նման մեկը համատարած գորշությունից անջատվել է ուզում և ցանկանում է ճեղքել անտարբերության տափակ ու խեղդող ասֆալտը: Իսկ ես լռում էի, քանի որ «հանճար էի», իսկ հանճարները նրա համար են, որպեսզի նրանց անխնա քննադատեն սովորական մահկանացուները:
Ժամանակ անցավ, ու ես համոզվեցի, որ հանճար չեմ: Ես արդեն ինձ հանճար չէի համարում, բայց համոզված էի, որ տաղանդ եմ հաստատ: Դա այն ժամանակ էր, երբ մի տարում երեք գիրք տպագրեցի, որոնցից մեկը պետությունը հովանավորեց, մյուսը՝ Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմը, իսկ երրորդը ես տպագրեցի իմ միջոցներով:
Սպասում էի, որ գրաքննադատներն ուր որ է իրար ձեռքից խլելու են գրքերս, կարդալու են, գրախոսելու և մինչև երկինք են հանելու ինձ նման տաղանդավոր գրողին, բայց… Չէի հասկանում, որ ամեն քննադատ իր ընտանիքն ունի, իր կառուցելիք բնակարանն ու իր տնկելիք ծառը: Աշխարհը որքան որ իմ գրին չի սպասում, նույնքան էլ՝ քննադատների:
Կամաց-կամաց համոզվում էի, որ գրքերը կարծես թե չեն տեղավորվում տղամարդ դառնալու հայտնի բանաձևի մեջ:
Ես հիմա արդեն բնակարան ունեի, երեխաներ և մտածում էի ծառ տնկելու մասին: Նոր տուն տեղափոխվելու հաջորդ տարում հարևանները որոշեցին շենքի կողքի ամայի տարածությունը բանջարանոց սարքել: Ես էլ միացա նրանց: Տարածքը բաժանեցինք չորս մասի և սկսեցինք քարերից մաքրել: Հող բերեցինք, ցանկապատեցինք, չլսելու տվեցինք մյուս հարևանների փնթփնթոցն ու կոտկտոցը: Հարևաններից մեկը ծառեր բերեց: Ամեն մեկս տնկեցինք մեր բաժնի մեջ: Մյուսների ծառերը չկպան կամ գրեթե չկպան, իսկ մեր ծառերն սկսեցին աճել: Հիմա կան: Երեկ անցա գրեթե լքված այգուս մոտով և տեսա, թե ինչպես մեծ խնձորենին բերքակալել, հասցրել է բերքն ու հետո թափել է հողին: Չեմ սրսկել, կարգին չեմ ջրել: Խնձորը մանր, թթու և որդնած է: Որդնած չլիներ` թաղի երեխաները վաղուց թռցրած կլինեին: Նայեցի խնձորենուն, մեղքս եկավ, բա ինքը բերքը հասցնի, մեկնի մարդկանց, ու մարդիկ չուզենա՞ն ուտել: Երևի իր մեջ խռովել ու խնձորը վերադարձնում է հողին: «Դու ինձ ապրելու սնունդ ու ջուր ես տալիս,- ասում է հողին,- դու ինձ ուժ ես տալիս, և ես պարտաճանաչ կերպով կատարում եմ իմ ծառ լինելու առաքելությունը: Մարդկանց խնձոր պետք չէ: Ուրեմն՝ առ բերքս, նորից հող դարձրու, սնունդ` իմ կամ ուրիշ մեկի համար»: Խնձորենին գիտի, որ եթե բերք չտա, Աստված կառնի նաև իր կյանքը: Ո՞ւմ է հարկավոր այն խնձորենին, որ բերք չի տալիս:
Եվ ես ինձ այդ խնձորենուն եմ նմանեցնում: Ո՞ւմ է հարկավոր այն գրողը, որ չի գրում: Ի՞նչ անենք, որ հիմա աշխարհն այնքան է զարգացել, որ համակարգչից օգտվել կարողացող ամեն ադամորդի ինքն իր համար գրող, բանաստեղծ, խմբագիր ու սրբագրիչ է: Լուսանկարիչ է ավելի շատ: Իր ուզածը, մտածածը, հասկացածը և ավելի շատ` չհասկացածը հրատարակում է, իր նման մի քանիսի հավանությունն ստանում, բախտավոր ու երջանիկ է համարում իրեն:
Հիմա ես ոչ հանճարեղ եմ, ոչ տաղանդավոր: Հիմա ես չճանաչված մեկն եմ, իմ թփի տակ նստած, աշխարհի համար անհայտ, բոլորի աչքից հեռու իմ գիրն եմ անում և սպասում եմ, թե երբ դուրս կգամ ժամանակի այս ոլորանից նաև: Ուսուցիչը թոշակառու կարող է լինել, որմնադիրը, վարորդը…, բայց գրողը չի կարող թոշակառու լինել: Գրողը կարող է լինել կամ չլինել: Ու ես շարունակում եմ գրել: Ինձ չեն տպագրում, ես շարունակում եմ գրել, գրածս չեն կարդում, շարունակում եմ գրել, արհամարհում են` էլի… ինձնից հոգնում են` դարձյալ: Ես նույնիսկ այն ժամանակ եմ գրում, երբ չեմ գրում: Գրիչ չկա ձեռքիս, բայց շարունակում եմ հորինել և սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու այնտեղ, որտեղից սկսվում և ուր ավարտվում է ամեն բան:
Եվ վախենում եմ գրելու շնորհ Տվողից: Ախր ասվել է. «Քո խոսքերով պիտի դատեմ քեզ»: Եթե այդպես է, ուրեմն, ես հավերժական բնակիչն եմ դժոխքի: Իմ գրի մեջ որքա՜ն ավելորդ ու չասելու բաներ եմ ասել: Հիմա վախենալով եմ գրում, հազար անգամ կշռում եմ ու չեմ գրում հաճախ: Գրեմ, որ ի՞նչ…
Ասվել է նաև, որ մարդն իր ասած բոլոր դատարկ խոսքերի համար պատասխան պիտի տա: Ուրեմն, ես դարձյալ պատասխան տալ չեմ կարողանալու և դատապարտված եմ մնալու: Բայց նաև մնասը շահարկելու առակն եմ հիշում: Չէ՞ որ Տվողն ամեն մեկին իր մնասն է տալիս, և եթե չես շահարկում, էլի պատասխան պիտի տաս:
Այս բոլորը գիտեմ, բայց էլի շարունակում եմ գրել, քանի որ ես աշխարհի ամենահամառ ու ամենապնդերես գրողն եմ: Վերջերս սկսել են ցավել ծնկներս: Բժիշկն ասում է` դեղից ավելի կարևոր է շարժումը… Ասում է, եթե չես օգտագործում, օրգանը ետ է վարժվում, ետ է զարգանում: Ես մտածում եմ իմ տնկած խնձորենու մասին, որի բերքը պետք չէ, մտածում եմ հոգնած ու անաշխատունակ հոդերիս մասին, և շարունակում եմ գրել, քանի որ եթե շնորհը չես օգտագործում, եթե քեզ տված մնասը չես շահարկում, այն քեզնից ետ է վերցվում անպայման:
4-ը սեպտեմբերի 2019 թ.
