(12.10 – 30.10)
…Սրտառուչ համերաշխությունը
ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություների՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես միասնական թեկնածու առաջադրված նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Շուշան Սարգսյանը ընտրվել են հանձնաժողովի անդամներ:
…Դիմումը
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է, իսկ Գլխավոր դատախազությունն էլ ընթացք է տվել դիմումին, որով նա պահանջում է քննության առարկա դարձնել «Հարավկովկասյան երկաթուղու» ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքներն ու հնարավոր խախտումները և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։
…Ավելին, քան հայտարարությունը
Ն. Փաշինյան. «Հանրային ճնշում կգեներացնենք, եթե ընդդիմությունը հնարավոր չդարձնի Սահմանադրության հանրաքվեն»:
Ա. Միրզոյան. «Գնանք հանրաքվեի, եթե նոր Սահմանադրությունը չանցնի, հրաժարական կտանք»:
…Հեռակա հարց ու պատասխանը
«Կո՞ղմ են քվեարկելու նոր սահմանադրությանը» հարցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Չի կարող ալիևյան սահմանադրությունը ՀՀ-ում անցնի, հարևան երկրի ղեկավարը որոշի մեր սահմանադրությունը։ Խաղաղության անվան տակ ընտրություններին ձայներ ստացավ, բայց ինքը դեռ չգիտեր՝ դիմացի կողմն ինչ ա ուզելու։ Իրենք մոլորեցնում են ժողովրդին»։
«Տրամաբանական է, որ ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան սահմանադրությանը, ուղղակի մի փոքրիկ նյուանս կա. Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ նոր սահմանադրությանը դեմ քվեարկելու հայտարարություններին։ Նաև նշել է, որ տրամաբանական կլինի, եթե սահմանադրությունը դրվի քվեարկության, և եթե ժողովուրդը մերժի այն, ապա քաղաքական նոր իրավիճակ կլինի։
…Առաջարկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ հարցուպատասխանն իր համար ակնհայտ է դարձրել, որ հավանականությունը մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. «Չգիտեմ՝ դիտավորյալ արեցին, թե պատահական՝ չիմացության բերումով, բայց հարցուպատասխանի արդյունքով հնարավորություն տվեցին, որ պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որ նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր սահմանադրության հանրաքվեն»։
…Թեժ ծեծկռտուքը
ԱԺ նիստում ընդմիջում է հայտարարվել այն բանից հետո, երբ ՔՊ և Ուժեղ Հայաստան խմբակցությունների պատգամավորների միջև վեճը վերածվեց թեժ ծեծկռտուքի։ Անվտանգության աշխատակիցները պատգամավորներին դուրս են բերել դահլիճից, սակայն ծեծկռտուքը շարունակվել է նաև ԱԺ միջանցքում։
…Վավերացումը
ԱԺ-ն վավերացրել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը կողմ՝ 63, դեմ՝ 32 և 0 ձեռնպահ քվերակությամբ:
…Վերադարձը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին է վերադարձվել շենքի մի հատվածը, որում 1990-ականներից երկար տարիներ գործել է «Օպերա (գիշերային) ակումբ»-ը։ Այսուհետ տարածքը կլինի փոքր համերգասրահ՝ նախատեսված մանկական օպերային և բալետային ներկայացումների, կամերային համերգների և մշակութային միջոցառումների համար։
