ՀԳՄ կլոր սրահում, տեղի ունեցավ Կարո Հակոբյանի «Բեմերի փիլիսոփայություն» բանաստեղծությունների և արդի շվեդական պոեզիայի գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ «Կարո Հակոբյանը Շվեդիայում ապրող իրանահայ պոեզիայի ներկայացուցիչ է, ներկայացրել է ժամանակակից կյանքը, և գիրքը հետաքրքիր է իր թեմատիկ բազմազանությամբ, որի մեջ կարևոր տեղ է գրավում ժամանակը»:
Արծվի Բախչինյանը խոսեց Կարո Հակոբյանի, նրա գրական ու հանրային գործունեության, խմբագրած «Նոր հորիզոն» ամսագրի մասին և գրականագիտական հետաքրքիր վերլուծություններով անդրադարձավ գրքին՝ բացահայտելով յուրաքանչյուր բաժնի մեջ ամփոփված բանաստեղծությունների իմաստը: «Կարո Հակոբյանը միշտ հավատարիմ է մնացել բանաստեղծության մուսային՝ ապրեր Իրանում, թե Շվեդիայում: Հեղինակը միավորում է կյանքի տարբեր իրավիճակներ՝ որպես բանաստեղծական թատերականություն, որտեղ ընթերցողը հանդիսատես է և միաժամանակ՝ դերասան»,- նշեց նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Ավանեսյանը նշեց, որ Կարո Հակոբյանը սփյուռքի այն գործիչներից է, որ մեծ գործունեություն է ծավալում այնտեղ, մեծ ներդրում ունի Հայաստանի հետ կապի մեջ և լավագույնս է ներկայացնում շվեդական համայնքը:
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը խոսեց Կարո Հակոբյանի գործունեության մասին Իրանում, իսկ հետագայում՝ Շվեդիայում և շեշտեց. «Կարո Հակոբյանի գիրքը լեցուն է լույսով, հույսով, հույզերով, և նա այդ լույսն իր բանաստեղծությունների միջոցով հասցնում է մարդկանց: Նա իր մտորումներով ապրում է հայրենիքի հետ: Եթե հայը հայրենիքի հետ չի ապրում, կկորչի անհայտության մեջ»:
Կարո Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Գրողների միությանը՝ շնորհանդեսի կազմակերպման, ելույթ ունեցողներին՝ գնահատանքի և ընտանիքին՝ աջակցության համար. «Բանաստեղծն իր մտախոհությունները ներկայացնում է իր տեսանկյունից, բայց ընթերցողը կարող է տեսնել յուրաքանչյուր ստեղծագործություն իր հայացքով. երևի դա է գրականության իմաստը»: Նա խոսեց նաև շվեդական ժամանակակից պոեզիայի մասին և բանաստեղծություններ ընթերցեց գրքից: Շնորհանդեսի ընթացքում Կարո Հակոբյանի բանաստեղծություններից ընթերցեց ասմունքող Գնել Սարգսյանը:
Սեփ. լրտ.
