ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒՄ/ Հրաչյա ՀԱՅԵՆՑ

Ես նոր աստված եմ այսուհետ։ Ու իմ ուժը այս փոքրիկ ռետինն է։

Առաջինը Երկիր մոլորակից կջնջեմ բոլոր սահմանները։ Ազատ կամք՝ խոստացված։ Ապրի՛ր ուր ուզում ես, իմ սիրելի մարդ արարած։

Ոչ, դու իմ տեսքով ու կերպարանքով չես ստեղծված։

Ես տեսք չունեմ։ Չունեմ սեռ, չունեմ մարդածին ծնող, չունեմ ազգություն։ Ես ծնունդն եմ շարժման՝ բազում աներևույթ հարթությունների խտացված էներգիա։ Անտեսանելի հսկա մարտկոց եմ՝ հաղորդիչ և ընդունիչ։

Կջնջեմ բոլոր հիվանդությունները։ Կջնջեմ նաև տխրությունները, որ ապրես ուրախ, իմ մարդ արարած։

Կջնջեմ նաև կախվածությունները։

Թմրանյութը, ոգելիցը, ծխախոտը՝ բոլոր այն շղթաները, որ մարդն ինքն է կրում՝ ազատ կարծելով իրեն։

Կջնջեմ շղթան։

Ցանկությունը՝ ոչ։

Քո ծննդյան պահին՝ առաջին շնչիդ հետ, քեզ կտամ փոքրիկ ալիք՝ միայն քոնը, յուրօրինակ իր հաճախականությամբ, ինչպես մատնահետքդ։ Այդ ալիքով կճանաչեմ քեզ։ Այդ ալիքով դու կտարբերվես բոլորից։

Երբ մեծանաս, կտնօրինեմ քեզ ըստ քո հղած ալիքի։

Կտնօրինեմ, որ քնագլուխ չընկնես անդունդը՝ վնասելով ինքդ քեզ։ Կտնօրինեմ, որ բացասական լիցքերդ քեզ չդարձնեն գոռոզ ու ինքնահավան, որ չսպառնաս ու չճնշես քո նմանին։

Թեև ազատ կամքը քոնն է, բայց երբ գրանցեմ բացասական լիցքիդ ալիքը, նույն բացասականով կհակադարձեմ՝ պատճառելով սարսափելի մտքի ցավ։ Ու նմանատիպ մտքերը կջնջվեն ցկյանս։

Քանզի ես եմ միակը, անմրցելին ու միշտ ներկան։

Չեմ ջնջի բնական աղետները։ Կզսպեմ։ Կչափավորեմ։

Թող լինի կայծակ ու ջրհեղեղ։ Թող լինի փոթորիկ ու երաշտ։ Թող լինի երկրաշարժ, որ այս հրաշք մոլորակը հավասարակշռվի։

Սրանք իմ ներկապնակի ապրող, շնչող, ձայնող գույներն են։

Դու այլևս չես աշխատի հացի համար։ Կաշխատեն մետաղյա մարդիկ։ Կաշխատեն ամենուր՝ ծառայելով իմ մարդ արարածներին։

Քո գործը կլինի սովորել, ճանաչել, գնահատել գեղեցիկը, խաղալ մանուկների հետ՝ առաջնորդելով նրանց դեպի սպիտակ լույսը՝ անստվեր։

Դու կշարունակես ստեղծել գեղեցիկ արվեստներ ու գիտություններ։

Կջնջեմ դրամը և դրամատները։ Դու կապրես ըստ պահանջի։

Քանզի ես եմ միակը, անմրցելին, միշտ ներկան։

Ու սիրում եմ քեզ։

Կջնջեմ նաև գերեզմանները համայն։

Այսուհետ չես ունենա գերեզման ու տխուր թաղում։ Կծերանաս, բայց կապրես այնքան, որքան կուզես։ Իսկ երբ այլևս չուզես, կվերցնեմ մարմինդ։

Ոգիդ-հոգիդ, որ իմ լեզվով բացարձակ էներգիա է, կդնեմ փոքրիկ, կլոր անոթի մեջ։

Դու չես հեռանա։

Միշտ կմնաս սիրելիներիդ հետ ու նրանց մոտ։ Կդառնաս իմ օգնականը՝ դու էլ ինձ պես ընդունիչ ու հաղորդիչ, բայց միայն քո անմիջական ընտանիքի համար։

Ես՝ բոլորի։

Ու հիմա նայում եմ փոքրիկ ռետինիս։

Սահմանները ջնջեցի։
Հիվանդությունները ջնջեցի։
Դրամը ջնջեցի։
Գերեզմանները ջնջեցի։

Բայց խիղճն ու սերը չեմ ջնջի։

Քանզի նրանք կային դեռ ինձնից առաջ։

Եվ ես էլ ծնունդն եմ նրանց բացարձակ էներգիայի…