ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱԼՍԸ
Ամբողջ գիշեր հորդառատ անձրև էր գալիս։ Անձրևը շարունակվում էր նաև առավոտյան՝ ընդհուպ մինչև կեսօր, երբ վերջապես որոշեցի արթնանալ ու սուրճ դնել։ Ի վերջո, պետք էր վեր կենալ անկողնուց ու ուշքի գալ խումար գիշերից հետո։ Մանավանդ որ արևն արդեն շողշողում էր, ու ամպերն էլ այդքան սև չէին։ Երբ հագնվեցի ու իջա բակ, Մարատ պապիին տեսա. ինչպես միշտ, նա նստած էր շքամուտքի դիմացի նստարանին՝ ձեռքը մոտեցրած ականջին։
– Ի՞նչ ես անում, Մարա՛տ պապի,- հարցրի նրան։
– Քաղաքն եմ լսում, տղա՛ս,- պատասխանեց նա։
Ես նույնպես ականջ դրեցի, բայց փողոցից եկող մեքենաների միատոն աղմուկից զատ ոչինչ չլսեցի։
– Ախր, էդտեղ ի՞նչ կա լսելու։
– Խուլ ես, տղա՛ս,- հոգնած պատասխանեց Մարատ պապը։- Թեև ծեր եմ, քեզանից լավ եմ լսում։
– Եվ ի՞նչ ես լսում։
– Ծիծեռնակներն են եկել։ Գարուն է։ Մի՞թե չես լսում, տղա՛ս։
Ուսերս թոթվեցի, ձեռքս թափ տվեցի, բակից դուրս եկա ու փողոցն անցնելով՝ գնացի դիմացի կրպակը՝ ծխախոտ գնելու։ «Տղա՛ս»,- ասաց ինձ Մարատ պապը։ Նա թեև լսում էր ծիծեռնակներին, բայց չէր տեսնում, որ այդ «տղայի», այսինքն՝ իմ, հիսունը վաղուց արդեն լրացել է։ Տղաս, բա չէ՛։
Գնեցի երկու տուփ ծխախոտ (թոքերի քաղցկեղ վաստակելու համառ ցանկությունից այդպես էլ չազատվեցի այսքան տարվա ընթացքում) ու վերադարձա բակ։ Մարատ պապը դեռ նույն տեղում էր՝ նստարանին՝ ձեռքը ականջին մոտեցրած։
– Նոր բան լսեցի՞ր, Մարա՛տ պապի,- փորձեցի կատակել ես։
Մարատ պապը նույնիսկ միտք էլ չուներ ժպտալու։
– Լսեցի՛,- լուրջ պատասխանեց նա։- Քայլերդ։ Դրանք դանդաղ են այսօր։ Սովորաբար շտապում ես, իսկ հիմա՝ ոչ, թեև հանգստյան օր չէ։ Չէ՞ որ հանգստյան օր չէ։
– Ո՛չ, Մարատ պապի, այսօր երեքշաբթի է։
– Տեսնո՞ւմ ես, տղա՛ս։ Ես լսել գիտեմ։
Չիմանալով ինչ պատասխանել նրան՝ բարձրացա տուն։ Գիտակցումը, որ այլևս աշխատանք չունեմ, տարօրինակ և անբնական էր, բայց միևնույն ժամանակ ազատության թեթևություն էր տալիս․ արա՛, ինչ ուզում ես, գնա՛, ուր ուզում ես։ Ճիշտ է՝ այդպես էլ չհասկացա, թե ինչ եմ ուզում անել։ Ճիշտ է՝ այդպես էլ չհասկացա, թե ուր եմ ուզում գնալ։ Տանը նոթբուքս բացեցի, համացանցում այս ու այն կողմ ընկա, նորից ուսերս թոթվեցի ու փակեցի՝ այդպես էլ ոչ մի հետաքրքիր բան չգտնելով. երկրի մեկ մի ծայրում էր պատերազմ սկսվում, մեկ՝ մյուս։ Հեռախոսս նույնպես լռում էր, կարծես մեռած լիներ։ Համակեց գլոբալ անպետքության զգացումը։ Գիտեի՞ արդյոք դրա պատճառը։ Իհա՛րկե, գիտեի. երեկ իմ Նիկան մեկնեց։ Իհա՛րկե, գիտեի. երեկ ինձ գործից հանեցին։ Այս երկու իրադարձությունները ինչ-որ կերպ համընկան։ Ախր, հեչ ժամանակը չէր։ Ու ինչո՞ւ հենց հիմա։ Ինչո՞ւ հենց գարնանը։ Չէի հասկանում։ Չէ՞ որ այդքան դժվար էր ձմեռը հաղթահարելը։ Բայց ձմեռը ինչ-որ կերպ ապրեցինք-անցկացրինք, ցրտերին դիմացանք, ու այժմ, թվում էր, կարելի էր հանգիստ ապրել, վայելել գարունը… Բայց ահա՝ գործից հանեցին, բայց ահա՝ իմ Նիկան մեկնեց։
Նորից բակ իջա։
– Հըն, Մարա՛տ պապի, դեռ քաղաքն ես լսու՞մ։
– Լսում եմ, տղա՛ս։
– Ու ի՞նչ է ասում քեզ քաղաքը։
– Էնքա՛ն բան է ասում։ Նախագահի շարասյունն անցավ, հեռվում՝ խաչմերուկում, ավտովթար եղավ, դիմացի շենքում երեխա է լաց լինում, ու դայակը ոչ մի կերպ չի կարողանում հանգստացնել նրան, մեր շենքի հինգերորդ հարկում Սվետիկն ու Գարիկը էլի կռվում էին, տղաները դասերից են փախել ու ավտոտնակների ետևում ծխում են, շատ հեռվում որոտաց գարնանային առաջին ամպրոպը, քաղաքում ինչ-որ տեղ էլի ծառեր են հատում…
– Ծիծեռնակներն են եկել…- նրա խուլ ու դանդաղ խոսելաձևը նմանակելով՝ շարունակեցի ես։
– Քո Նիկան մեկնեց… Անսի՞։- հանկարծակի հարցրեց Մարատ պապը։
– Դա էլ «լսեցի՞ր»,- չգիտես ինչու բարկացա ես։
– Լսեցի, տղա՛ս, լսեցի,- անվրդով պատասխանեց պապը։
Չհարցրի, թե այդ ինչպես կարող էր Մարատը «լսել», որ իմ Նիկան գնացել է. ինձ համար արդեն միևնույնն էր։
Արևն այդ ընթացքում նորից թաքնվեց սևացած ամպերի հետևում, քամի բարձրացավ, ու հասկացա, որ գարնան առաջին ամպրոպը, որն հրաշք կերպով լսել էր Մարատ պապը, մոտենում է մեր քաղաքին։
– Մարա՛տ պապի, ուզո՞ւմ ես՝ օգնեմ բարձրանաս տուն։ Կարծես էլի անձրև է գալու։
Մարատ պապը հրաժարվեց.
– Մի քիչ էլ նստեմ, տղա՛ս, քաղաքը լսեմ։ Այ դու չգիտես քաղաք լսել, ճի՞շտ է։
– Դե տես, Մարա՛տ պապ,- ասացի։- Չթրջվե՛ս։ Հերթական թոքաբորբը չես տանի։ Կմեռնես, ու էլ ոչ ոք չի լինի, որ լսի մեր քաղաքը։
Գնացի տուն՝ քնելու (էլ ի՞նչ էր մնում) ու չլսեցի, թե ինչպես սկսվեց անձրևը, ինչպես կայծակները ճեղքեցին ամպերը, ինչպես որոտաց ամպրոպը…
Հաջորդ օրն իմացանք, որ Մարատ պապը մահացել է։ Ամբողջ բակով էինք թաղում ու թաղման ժամանակ փոքրիկ նվագախմբի շոպենյան հեծկլտացող նոտաների դադարներում լսում էի ծիծեռնակների ծլվլոցը բարձր երկնքում։ Մտածեցի, որ էլ ոչ ոք չկա, որ կլսի, թե ինչ է պատմում մեր քաղաքը։ Ու թվում էր՝ այն պապանձվել է… Չէ՞ որ պապանձվում ես, երբ այլևս մարդ չկա, որ քեզ լսի…
Իսկ իմ Նիկան այլևս չվերադարձավ։
Երբե՛ք։
21.04.2026
ԳՐԱՆ – ՊՐԻ
Երբ ժյուրիի նախագահը՝ սև բեղերով ալեհեր ծերունին, հայտարարեց Երևանի վավերագրական ֆիլմերի փառատոնի գրան-պրիի հաղթողին, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մի քանի վայրկյան անց ուշացումով պայթեց նաև նրա սիրտը. ուշացումով, որովհետև չհասկացավ, որ Ռեզա Օմիդը՝ Իրանից ժամանած ալեհեր ու սևաբեղ այդ ծերունին, տվեց հենց իր անունը։ Հասկացավ միայն այն ժամանակ, երբ կողքին նստած ինչ-որ օտարերկրացի ռեժիսոր սկսեց ծափահարել հենց ականջի տակ ու գրկեց նրան։ Հետո ամեն ինչ վերածվեց մշուշոտ երազի, անորոշ, կարծես դանդաղեցված կինոնկարահանման մեջ։ Իսկ էկրանին արդեն հսկայական տառերով փայլատակում էին անգլերեն տիտրերը․
Գրան-պրի
«Իմ Արշալույս տատիկը»
ռեժ․ Դանա Առաքելյան (ԱՄՆ)
Այդ տողերը կարդաց արդեն բեմ բարձրանալիս։ Դանա Առաքելյանն ինքն էր։ Ու սա առաջին հստակ, բյուրեղացած միտքն էր, որ ծնվեց գլխում․ «Ո՞վ կմտածեր, որ Դանա Առաքելյանը ես եմ»։
Հետո նրան փոխանցեցին ծաղիկներն ու հնաոճ կինոխցիկի տեսքով արձանիկը, հնչեց նրա կցկտուր, նախապես չպատրաստված շնորհակալական խոսքը, հետո փառատոնի փակումն էր, ֆուրշետը «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի սրահում, հետո, հետո…
Երբ հանում ես միջոցառման մասնակցի բեյջը, իսկույն դառնում ես սովորական մարդ, նորից վերագտնում ես քեզ ու արդեն որպես հասարակ մահկանացու՝ դուրս ես գալիս քաղաքում զբոսնելու. չէ՞ որ մինչև երեկոյան թռիչքը դեռ ժամանակ ունես և լիովին ազատ ես: Բացի այդ, չէ՞ որ պետք է Արշալույս տատիկին պատմել, ինչպիսինն է քո տեսած Երևանը և լուսանկարել փողոցները…
Երևանը ցայտում էր շատրվանների ադամանդե ցողերով, խլացնում սրտիդ զարկերը տաք տուֆի փափկությամբ ու բարձրաձայն, աշխույժ վիճում թանկարժեք մեքենաների ազդանշաններով։ Դանա Առաքելյանը քայլում էր Աբովյան փողոցով դեպի վերև․ նա լսում էր քաղաքի զարկերակը, իսկ քաղաքը՝ նրա սրտի բաբախյունը։ Երևանը միշտ այդպես է. դու փորձում ես լսել նրան, նա աննկատ լսում է քեզ, ու երկուսդ էլ լռելյայն նկատում եք ձեր սրտերի առիթմիայի ամենաչնչին, անգամ աննշան սայթաքումները։ Ու հենց այդ պահին ես հասկանում, որ Երևանը բազում սրտեր ունի, և ամեն մի սիրտ նույնքան հսկա է ու հեռավոր, որքան երևանյան երկինքը։
«Ահա թե ինչպիսին ես դու, Երևան,- մտածեց Դանան,- արևահեղ։ Մի՞թե հնարավոր է ֆիլմ նկարել մի քաղաքում, որտեղ լույսն այնքան առատ է։
Հետաքրքիր է, ի՞նչ հայկական անուն կտային իրեն ծնողները, եթե չլիներ մայրիկի հատուկ սերը հեռավոր, արդեն մշուշոտ 90-ականներին հայտնի սերիալի հանդեպ, անցավ Դանայի մտքով։ Երևի Արշալույս՝ տատիկի պատվին։ Ա՜խ… Վաղը տատիկի իննսունամյակն է, ու ինքը՝ Դանան, դեռ կհասցնի նրա տոնակատարությանը՝ Քուինս։ Տարիներ առաջ, բնակվելով Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ ափամերձ շրջանի ամենամեծ հայկական համայնքն է, Արշալույսը տատիկը՝ Արևմտյան Հայաստանից գաղթածների դուստրն ու Երևանի համալսարանի բանասիրականի նախկին ուսանողուհին, այլևս ոչ մի տեղ երբեք չէր մեկնել։ «Պետք է զանգել տատիկին ու պատմել գրան-պրիի մասին»,- մտածեց Դանան։ Լուսացույցի տակ անցնելով փողոցը՝ կանգ առավ եկեղեցու դիմաց, ծառերի զով ստվերում ու սկսեց կախարդել տեսակապով:
– Տատի՛կ, ես հաղթեցի, հաղթեցի՜, հաղթեցի՜։ Գրան-պրին մերն է, ու ես արդեն գիտեմ՝ ինչ եմ նվիրելու քեզ վաղը։ Իմ արձանիկը։ Այն քոնն է,- հեռախոսափողի մեջ հայերենով բացականչեց Դանան։
– Վա՜յ, աղջիկս: Ապրե՛ս, ապրե՛ս: Աչքս լո՛ւյս: Երևանո՞ւմ ես, փողոցո՞ւմ:
– Այո՛: Հենց կենտրոնում: Մինչև ինքնաթիռը դեռ ժամանակ ունեմ, դրա համար էլ զբոսնում եմ: Մամային ասա՝ ես շատ լավ եմ: Էստեղ սարսափելի շոգ է, ու փողոցում կարելի է ջուր խմել փոքրիկ պուլպուլակներից: Վաղն արդեն Նյու Յորքում կլինեմ:
– Թոռնիկս, իսկ մոտակայքում եկեղեցի կա՞: Փոքրիկ մի եկեղեցի՝ շենքի ետևում թաքնված: Կարծեմ՝ Լեզվի ինստիտուտի շենքն է։
– Այո՛, տատիկ ջան: Ինստիտուտը չկա, բայց փոքրիկ եկեղեցին կա, կա նաև մեծը՝ նորը: Մտնե՞մ: Ճանաչեցի՞ր փողոցը:
– Այո՛, իհարկե, ճանաչեցի, չի էլ փոխվել,- պատասխանեց տատիկը Երկրագնդի հակառակ կողմից: Նա նստած էր մեծ բազկաթոռին՝ ծնկներին հին ծածկոց գցած:
– Մեծ եկեղեցու մասին չգիտեմ, փոքրի մասին գիտեմ: Մտնո՞ւմ ես:
Դանան մտավ Աբովյան փողոցում գտնվող Կաթողիկե փոքրիկ եկեղեցին ու զարմացավ զովությունից: «Հետաքրքիր է,- մտածեց,- բոլոր հայկական եկեղեցիներում ամռանը զո՞վ է լինում: Երևի պատճառը էլի տուֆն է»։
Երբ մոտեցավ խորանին, Արշալույս տատիկը խնդրեց շրջել տեսախցիկը (կամ ինչպես է այն Դանան անում) ու լռել։
– Աղոթե՛մ, թոռնի՛կս։ Երկար չի տևի։
– Ես չեմ շտապում, տատի՛կ ջան,- ժպտալով ասաց Դանան ու երբ նորից լսեց Արշալույս տատիկի ձայնը, մարմինը փշաքաղվեց։
Եկեսցեն գթութիւնք կամողիդ,
Եւ պարգեւողիդ կենաց ամենից,
Ծագեսցի լոյսդ, արագեսցէ փրկութիւնդ,
Հասցէ աւգնութիւնդ, ժամանեսցէ այցելութիւնդ,
Կանխեսցէ ցաւղդ ողորմութեան,
Յառաջեսցէ, արբուսցէ զանդաստանս պասքեալ`
Անկեալ ոսկերացս թշուառութեամբ ի վիհն մահու:
Ծաղկեցուսցէ, պտղաբերեսցէ
Բաժակդ երկնաւոր արեան կենարարիդ
Զերկիրս խնամեալ աւուրն լուսոյ,
Որ անծախապէս միշտ պատարագի`
Յիշատակ կենաց փրկութեան հոգւոցն ննջեցելոց,
Զի ամենայնիւ մահացեալ հոգիս մարմնովս մեղաց`
Շնորհաւք քո, գթած, ի քեզ զաւրացեալ` քեւ նորոգեցայց,
Զատեալ ի մեղաց անմահ կենդանութեամբ`
Ի յարութեանն արդարոց, Հաւր քում աւրհնեցեալ:
Ընդ որում քեզ փա՜ռք,
Եւ Հոգւոյդ Սրբոյ բարեբանութի՜ւն`
Վայելչական գոհութեամբ
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:[1]
Երբ Արշալույս տատիկը ավարտեց աղոթքը, Դանան մի երկու վայրկյան կարծես թմբիրի մեջ լռեց, հետո հարցրեց.
– Ի՞նչ աղոթք էր, տատիկ: Ես ամեն ինչ չէ, որ հասկացա:
– Երբ վերադառնաս, քեզ մի գիրք կնվիրեմ, թոռնիկս։ Այդտեղից է այս աղոթքը: Այն ինձ նվիրել էր իմ մայրը, իսկ նրան՝ իր մայրը: Իսկ հիմա անջատիր հեռախոսն ու զբոսնիր քաղաքում: Երևանը զբոսնելու քաղաք է: Պինդ-պինդ համբուրում եմ քեզ ու շնորհավորում: Եվ շատ եմ քեզ սպասում:
Դանա Առաքելյանը դուրս եկավ եկեղեցուց և շարունակեց իր զբոսանքը Երևանով, իջավ Մաշտոցի պողոտայով, հասավ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի հյուրանոցը։ Արևի մարող ճառագայթների ներքո Արարատը վարդագույն էր թվում՝ կարծես ամաչած, իսկ Կարմիր կամուրջը՝ մթնած։ Ներքևում սև երիզի պես գալարվում էր գետը՝ ծնունդ առած Սևանի լազուր ջրերում։ Սակայն Դանան երջանիկ էր. չէ՞ որ գրան-պրի էր հաղթել: Երջանիկ էր, երբ գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, երբ նստում էր ինքնաթիռ։ Երջանկության զգացումը դեռ նրա սրտում էր, երբ հսկայական բոինգով կտրում-անցնում էր Եվրոպան, ապա Ատլանտյան օվկիանոսը:
Մարդը երջանիկ է, քանի դեռ չգիտի, որովհետև, երբ հանկարծ իմանում է, երջանկությունը հոդս է ցնդում՝ կարծես երբևէ չլիներ էլ։
Դանա Առաքելյանը դեռ չգիտեր, որ 2026 թվականի հուլիսի 28-ի գիշերը Նյու Յորքի Քուինս թաղամասի 210-րդ փողոցի բնակարանում, իր մեծ բազկաթոռին ծվարած ու ծածկոցով փաթաթված, մահացել է Արշալույս տատիկը։
28.07.2026 թ.
Թարգմանությունը՝
Մարթա Սեմյոնովայի
[1]Ս. Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության (95-րդ գլուխ)
