ԱՆՈՒՆԸ OԲՅԵԿՏԻ ԲՆՈՒՅԹԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ Է/ Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ

Մեծն Արարչագործը Հայկական լեռնաշխարհն արարչագործելիս ունեցել է շատ բարձր տրամադրվածություն, մի ուրիշ հոգածությամբ է կերտել յուրաքանչյուր օբյեկտը՝ լեռը, լանջը, կիրճը… Եվ բոլորի մեջ այնքան սեր ու ոգի է դրել, այնպիսի գույներով ու երանգներով է զուգորդումներն արել, որ դարերն ու հազարամյակներն ի զորու չեն եղել խամրացնել. արարման շրջանի պայծառությամբ ու շքեղությամբ էլ հասել են մեր օրերը։

Վերինների այս յուրօրինակ արարումների արժեքը հենց էն գլխից են հասկացել ու բարձր գնահատել մեր երջանկահիշատակ նախնիները, և ի սկզբանե՝ Նախապապ Հայկի նման, լցվել ջերմությամբ և նույն վարպետությամբ ու վարժվածությամբ սկսել բնաշխարհը զարդարել նյութական ու ոչ նյութական զարդերով՝ վանքերով, ամրոցներով, կամուրջներով…, առասպելներով, ասքերով, լեգենդներով…

Երկրագնդի այս կտորի վրա բնական ու բանական արարումները շատ համահունչ ձուլվել են ու ստեղծել հետաքրքիր համաձուլվածքներ… Եվ հիմա Հայք աշխարհի որ մասում էլ կանգնես՝ լեռան կատարին, ծնկածալին թե ձորապռնկին… Օրվա որ մասն էլ լինի՝ արևագալը, կեսօրը թե արևագնալը, որ եղանակն էլ լինի՝ գարունը, աշունը, ամառը թե ձմեռը… Մեկ է, ականատես պիտի լինես յուրօրինակ անվրձնակերտ պատկերների։

Հայկական լեռնաշխարհի բարդ արարումով է պայմանավորված նրա բարդ ռելիեֆը. ամենուր սարեր ու ձորեր, լանջեր ու կիրճեր, գետեր ու գետակներ, լճեր և այլ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր անունն ունի, հաճախ՝ անունները։ Աշխարհի այս ոչ մեծ «լեռնային կղզում» հայ աշխարհագետների ամենամոտավոր հաշվարկով՝ աշխարհագրական տեղանունների թիվն անցնում է հարյուր հիսուն հազարից։

Բոլորին է հայտնի, որ մեր նախնիները հմուտ վարպետներ են եղել քարի, փայտի, մետաղի… Եվ, իհարկե, ո՛չ նյութական՝ ասքի, լեգենդի, առասպելի… Ոչ նյութական ժառանգության հրաշալի գանձեր են նաև աշխարհագրական տեղանունները, որոնցից շատերը մշակութային-պատմական անգնահատելի գոհարներ են։ Պարզվում է, որ մեր պապերն այստեղ էլ հմուտ վարպետներ են եղել։ Հայկական լեռնաշխարհի տեղանունների ուսումնասիրությունները, ստուգաբանությունները ցույց են տալիս, որ նրանք հաճախ կարևոր ու արժեքավոր տեղեկություններ են հաղորդում անցյալից, միաժամանակ հանդիսանում են աշխարհագրական օբյեկտի բնույթի՝ էության առանձնահատուկ գծերի հակիրճ նկարագիրը՝ բանաստեղծական ձևակերպումը։

Հայկական լեռնաշխարհի ֆիզիկա-աշխարհագրական անունների և երկրանունների մեծ մասը գալիս են արարչագործության ակունքներից։ Նրանք հաճախ այնպիսի հնչերանգներ ու գուներանգներ ունեն, որ ո՛չ դարերն ու հազարամյակներն են կարողացել փոշեպատել, խամրեցնել, ոչ էլ օտարներին է հաջողվել աղավաղել, աղճատել, ձևախեղել… Այդպիսի դեպքերում օտարները փոխել են կամ թարգմանել, որոնք այդպես էլ չեն կպել։ Այդպիսի հրաշալի ստեղծագործություններ են Արարատ (արարչագործության կենտրոն), Մասիս (մայր սար), Արագած (Արայի գահ), Սիփան, Նեմրութ, Սևան, Վան, Կապուտան, Թոնդրակ, Արտոս, Սիս, Աղթամար և այլն, ինչպես նաև Հայք, Գուգարք, Գեղարքունիք, Սիսիան, Արցախ, Տայք և այլն։ Հետագայում էլ մեր նախնիները հատուկ հոգածություն են ցուցաբերել արդեն ձեռակերտ օբյեկտների՝ վանքերի, ամրոցների, քաղաքների, գյուղերի անվանակոչությունների հարցերում։

Միջնադարյան Հայաստանում սովորություն է եղել. նորակառույց վանքի, ամրոցի և այլ շինությունների ավարտից հետո հրավիրում էին տարածաշրջանի հարգված, մեծ հեղինակություն ունեցող մարդկանցից մեկին, որն էլ կատարում էր անվանակոչությունը։

Ասում են՝ Լոռիում այդ արարողակարգը կատարելիս է եղել մի աշուղ, հետագայում, երբ աշուղը ծերանում է ու կուրանում, շարունակում են նրան վստահել։ Այդ կույր աշուղին տանում են նորակառույց վանքերից մեկի մոտ։ Նա վանքի պատերը շոշափելով` պտտվում է, մուտքի առաջ կանգնում.

– Հախ պատ է,- ասում է հանդիսավոր։

Վանքն անվանում են Հախպատ (Հաղպատ)։ «Հախ» տեղական բարբառով նշանակում է լավ, ամուր։ Այսինքն՝ ամուր, լավ պատ։ Հետո աշուղին տանում են Հաղպատից ոչ հեռու՝ մի ուրիշ նորակառույց վանքի մոտ։ Սովորության համաձայն` պատերը շոշափելով` պտտվում է, կանգնում մուտքի մոտ.

  • Սա նրանից հին է,- ասում է իրեն հատուկ հանդիսությամբ։

Այդ վանքն էլ անվանակոչում են Սանահին։

Հետո տանում են մոտակա բերդի մոտ. շոշափում է պատերը, դրան էլ անվանում Ղալինջաքար («ղալին» տեղական բարբառով նշանակում է խիտ, շատ. այսինքն՝ շատ, խիտ քարով շարվածք)։

Քննարկելով, ստուգաբանելով՝ տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում էլ մեր պատմամշակութային արժեքները զարդարվել են գեղեցիկ, հայահունչ, բանաստեղծական անուններով, այդպիսիք շատ-շատ են՝ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Ամարաս, Դադիվանք, Հաղարծին, Գոշավանք, Ամբերդ և այլն։

Գիտենք՝ ի սկզբանե շատերին դուր չի եկել այն, որ Մեծն Արարիչը Եդեմն է մեզ բաժին հանել, և լցվել են նախանձով, որն էլ շատ արագ վեր է ածվել թշնամանքի, և բռնակալ Բելի օրինակով մեր աշխարհի վրա եկել են ու եկել։ Եկել են մեծ-մեծ բանակներով, հրով ու սրով։ Շատ ժամանակ ջարդվել են, հետ շպրտվել, բայց եղել են և դաժան ժամանակներ, որ եկել են, ջարդել, ավերել, նստել. «Էս սարն ի՛մն է, էս ծառն ի՛մն է…»,- ասել։ Հիմա դժվար է անգամ հաշվելը, թե քանի-քանի ցեղեր, ազգեր, ազգություններ են եկել։ Միայն վերջին երկու հազար տարում մեր երկրի վրա եկել են ու դարերով նստել գրեթե բոլոր աշխարհակալ ժողովուրդները՝ հոռոմեացիները, հույները, պարսիկները, արաբները, մոնղոլ-թաթարները, թուրքերը, ռուսները։

Այս նվաճողներից յուրաքանչյուրը, գրավելով երկիրը, սկսել է իրենը դարձնելու գործընթացը։ Առաջին քայլերից մեկը եղել է տեղանունները աղավաղելը, աղճատելը, ձևախեղելը… հայկական գույները մաքրելը։ Պետք է ասել՝ հաճախ հաջողվել է, և անգամ ՀՀ տարածքում դրանց հետքերը դեռ կան։

Անցած դարի սկզբներին, երկար ընդմիջումից հետո, Հայկական լեռնաշխարհի մի փոքրիկ կտորի վրա վերջապես հաջողվեց վերականգնել հայոց պետականությունը, բայց, ցավոք, կարճ տևեց, և հնարավոր չեղավ տեղանունների վերականգնման աշխատանքներով հիմնավորապես զբաղվել։ Այնուհետև հաստատվեցին խորհրդային կարգեր, և երկիրը հեղեղվեց հիմա էլ խորհրդային անուններով՝ Լենինական, Կիրովական, Կալինինո, Կամո, Հոկտեմբերյան, Նոյեմբերյան… Եվ վերջապես եկավ անկախությունը։ Սկսվեցին պատմական անունների վերականգնման և ընդհանրապես հայացման աշխատանքները։ Անցել է արդեն երեսունհինգ տարի, բավականին աշխատանքներ կատարվել են։ Ցավոք, դեռ վերանվանմանը սպասողներ ունենք։ Հուսանք, որ կվերանվանվեն։ Հիմա ես կուզեմ խոսել վերանվանվածների մասին։ Արդեն բավականին ժամանակ է անցել, ինչ Լենինականը վերանվանվել է Գյումրի, Կիրովականը՝ Վանաձոր, Հոկտեմբերյանը՝ Արմավիր, Ղարաբաղը՝ Արցախ, Կալինինոն՝ Տաշիր, Ղալթախչին՝ Հարթագյուղ, Ղալաչան՝ Բերդավան… Բայց զարմանում ու զայրանում եմ, երբ գյումրեցու բերանից լսում եմ՝ «ես լենինականցի եմ», վանաձորցին, թե՝ «իմ Կիրովականը», արցախցին՝ «վայ, իմ Ղարաբաղը», Հայաստանի տարբեր տեղերից ասում են՝ «գնում ենք Ղալթախչու Սուրբ Հովհաննես եկեղեցի»… Այստեղ էլ հո օտա՞րը չէ մեղավորը… Ես այդ հայրենակիցներիս փոխարեն ամաչում եմ… Իսկ օտարը մատնացույց է անում՝ տեսե՛ք։

Վիճակը շատ ավելի վատ է հայի անվանման բանաձևում՝ ազգանուն, անուն, հայրանուն։ Աշխարհի շուրջ տասը միլիոն հայերի շրջանում դժվար է զուտ հայկական անվանման բանաձև ունեցող մարդ գտնելը։ Մեկի անունն է օտարահունչ, մյուսի՝ հայրանունը, մի ուրիշի՝ ազգանունը, հաճախ էլ բոլորը, և անվանման բանաձևը նրա հայ լինելու մասին ոչինչ չի ասում։

Պիտի ասել, որ այստեղ էլ մեր նախնիները հրաշալի անուններ են ստեղծագործել՝ Հայկ, Արմեն, Արման, Արա, Նարե, Նարեկ, Գեղամ, Գեղեցիկ, Սիրուն, Սիրարփի, Ոսկան, Կտրիճ, Գոռ… Դեռ հնագույն ժամանակներից, հատկապես իշխանական տներում, տարածված են եղել հետաքրքիր ազգանուններ՝ Խորխոռունի, Ամատունի, Գնթունի, Շիրակացի, Խորենացի, Սյունեցի…

Եվ ի՞նչ է կատարվել. ամեն տիրող այստեղ էլ է իրենը բերել… Պարսկական տիրապետության շրջանում մեզ են անցել Միհրան, Շահնուր, Շահանե… Արաբական շրջանում՝ Հասան, Աբաս, Ղարիբ… Բյուզանդական շրջանում՝ Բարսեղ, Վասիլ, Կոստանդին… Ռուսական շրջանում՝ Նիկոլ, Ալեքսանդր, Պավել… Տարբեր ժամանակներում մեզ են անցել եվրոպական՝ Համլետ, Ջոն, Ռաֆ… Քրիստոնեության հետ եկել են Պողոս, Պետրոս, Թորոս… Եթե հին պարսկերենը, հին հունարենը հնդեվրոպական հենքեր ունեն, ու կարելի է թողնել, քրիստոնեության հետ եկածներն էլ պարզ է՝ մեր կրոնի հետ են կապված, ապա մյուսները՝ արաբական, թուրքական, նոր պարսկական անուններից և նրանցով կազմված ազգանուններից՝ Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի տղա), Հանիսօղլյան (Հովհաննեսի տղա), Կարաբեկյան, Կարախանյան, Կարագյոզյան, Խանքենդյան, Մուրադխանյան, Ամիրխանյան… Պիտի աստիճանաբար ազատվել։ Արտասահմանում հաճախ են խոսում տաղանդավոր հայորդիների՝ երգիչ-երգչուհիների, նկարիչների, գիտնականների, զորականների, մարզիկների և այլ ոլորտներում աչքի ընկածների մասին. ուրախանում ես, որ քո հայն է՝ հաղթել է, նվաճել է… Բայց և տխրում ես, որ անվանման բանաձևում հայկական գույն չես տեսնում… Այսպիսի դեպքերում բոլորն ընկալում են՝ ոչ հայ… Իսկ հետագայում այդ նույն ազգերը ներկայացնում են իրենցը… Օրինակ՝ ռուսները Այվազովսկուն ռուս են համարում, ուկրաինացիները՝ ուկրաինացի, Հասան Ջալալյանին ազերիները՝ ազերի, Նուբար Փաշային եգիպտացիները՝ եգիպտացի…

Սփյուռքը մի կողմ թողնենք. այնտեղ բազմաշերտ է, ու խնդիրները շատ են։ Իսկ Հայաստանում խանգարող հանգամանքներ չկան։ Այստեղ կամք է պետք ու պետական հոգածություն։

Հայաստանի առաջին հանրապետության առաջին նախագահն այդ կամքը և վճռականությունն ունեցել է։ Նա իր Իգիթխանյան ազգանունը փոխել է Քաջազնունի։ Նույնը պահանջել է նաև իր ենթականերից, սակայն, ցավոք, հանրապետությունը շատ կարճ կյանք է ունեցել։ Հետագայում թե՛ խորհրդային և թե՛ անկախ Հայաստանի ոչ մի ղեկավար այդ հարցին չի անդրադարձել։

Ավելին՝ հիմա անուշադրության, ամենաթողության պայմաններում սնկի պես աճող ռեստորանների, հյուրանոցների, հյուրատների և մյուս օբյեկտների անունների մեծ մասը հայահունչ չեն…

Այս ամենը բնավ էլ երկրորդական չէ. Հայաստանում ամենուր հայկական գույն, համ ու հոտեր պիտի լինեն… Անկասկած՝ հայկական անվանման բանաձև ունեցող մարդը, շրջապատված աշխարհագրական օբյեկտների հայահունչ անուններով, ավելի հայրենասեր հայ կլինի…