Արա ԳԵՎՈՐԳՅԱՆ 75

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է

թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

ծննդյան 75-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

 

ՄԱՅՐԻԿԻՍ

Հավերժալույս գերեզմանիդ,

հավերժալույս…

Հողաթմբին կնմանի

սերս անհույս։

Աղոթքներով չի վերկենա

մայրամուտին

մայրս՝ դարձած հող ու կանաչ,

չի բարկանա էլ ինձ վրա,

չի բարկանա…

  • «Վի՛նչըխ անեմ, վի՛նչըխ, որդի,» –

Կասեր Խանդութն իր Մհերին, –

Բոլ է ման գաս վեր աշխըրքին,

Բոլ է ման գաս։

Իսկ դո՛ւ, մայրի՛կ, լուռ ես կրկին,

Ինչպես լուռ է լճակն հանդարտ։

Հավերժալույս գերեզմանիդ,

Հավերժալույս…

 

Տարիներին հավատա՝

Գարնան բույրը կմնա,

Սուրբ չի դառնա սատանան,

Տարիներին հավատա։

Կանցնեն և՛ սեր, և՛ կրակ,

Տարիներին հավատա,

Կմեծանաս, կդառնաս

Դու քեֆերին թամադա։

Էլ չես վազի դու անմեղ

Ձնծաղիկի ետևից,

Կաթիլի մեջ ջրհեղեղ

Էլ չես տեսնի դու երբեք։

Տարիներին հավատա,

Երբ թոռդ քեզ փայփայի,

Երբ չես ասի՝ Ես գտա,

Տարիներին հավատա։

 

 

Աստվածային տերևաթափ՝

Աշունն է եկել,

Մոլեգնում է սիրտս անհաշտ,

Հոգիս է լռել։

Սերը դարձել իրիկնահաց,

Մերվել է իմ մեջ,

Շողշողում են աստղերը տաք՝

Աշունն է եկել։

Կարծես ծառ եմ ես

պարտեզում,

Դեղնել եմ սիրուց,

Պարտիզպանը տերևներից

Խարույկ է դիզում,

Բոցկլտում է կրակն անհագ

Իմ հեգ պարտեզում,

Տերևաթափն աստվածային

Խարույկն է լիզում։

 

 

Իմ ու քո միջև աստվածն է անցել,

Ցավի պատկերով, հավատով ցավի,

Եվ իր ժպիտով խոր քարանձավի

Իմ և քո միջև աստված է

անցել…

Բայց չկամեցանք մոտենալ նրան

Եվ բողոքը մեր մնաց անավարտ,

Եվ բողոքը մեր մնաց Ավարայր՝

Կիսահաղթանակ, կիսապարտություն…

Բայց չկամեցանք տալ հնչողություն՝

Բխող աղբյուրին տալ ընթացք մաքուր․

Իմ և քո միջև աստվածն էր թաքուն,

Վերհուշի նման…

մի հիշողություն…

 

 

Նախնիներից մաքուր

Բանաստեղծի ոգին

ես վերցրի թաքուն

և տողեր եմ մոգում…

Հրդեհներից ծնվեց

պարսը իմ տողերի,

և հողմերից ծագեց

ներշնչանքը բերրի։

Օ՜, իմ Մշո երգեր՝

պապերիս տաղարան,

տատասկների փշեր,

հուշերի քավարան…

Գաղթի ճամփին երկար

Անտեր և անդարման

«Քելե՛, լաոն» երգեց

պապս անօթևան…

Նախնիներից մաքուր

Իմ տողերն են սերվել,

ես տողեր եմ մոգում,

որ Մուշից են բերվել…

 

ԶՎԱՐԹՆՈՑ

Այս փլատակների տակ է

թաքնվել

մի ամբողջ հրաշք,

որ հնում կոչվել է

Մեծն Հայաստան,

Այս փլատակների տակ են

թաքնվել

Հայկը և Արան,

որպեսզի դառնան…

Մատենադարան…

 

 

Գիշերն արդեն եկավ,

Պարզություն է թորում

Գույներով իր սառած։

Եվ աստղերը թելկապ

Երկինքն են օրորում

Շուրջպարի մեջ առած…

Տիեզերքը անդեմ

Սավառնում է վստահ

Եվ ըստանում անուն։

Մութ խավարն էլ արդեն

Տանիքներին նստած

Հեքիաթներ է մանում։

 

 

Անորոշ վիճակ, երբ դու չգիտես՝

սիրե՞լ, թե՞ ատել,

Չեն սովորեցրել քեզ շաղակրատել,

Ուրիշի վրա քո մեղքը բարդել…

Միայն կարող ես երերուն մտքով

Զոհ գնալ ազնիվ

անմեղ գառան պես,

Եվ չհավատալ, որ կա մի ուրիշ

ելումուտ ու ելք…

 

ԼԵԶՈՒ

Պապանձվիր, լեզու, եթե չար ես դու

Եվ օձի նման կարող ես խայթել,

Երբ արկի նման կարող ես պայթել՝

Բերելով սարսափ ու ամայություն։

Պապանձվիր, լեզու, եթե քաղցրահամ

Թույն ես, և ոչ ոք քեզ չի հասկանում,

Միայն դու գիտես, թե ուր ես տանում՝

Քո մեղրից մարդիկ ընկնում են դարան։

Ավելի լավ է լինես բարձրագոչ

Եվ թմբկահարես միշտ ճշմարտություն,

Ահազանգ լինես, լինես շեշտ ու կոչ,

Քնքշանք անմեղ, թեկուզ՝ գթություն։

Լինես դու հպարտ ձեռքբերման նման,

Խաղաղված ու խոր, ինչպես կյանքի փորձ,

Թե շանթահարվես՝ դառնաս արդար բոց,

Թե ձաղկող լինես, չարի դեմ միայն…

 

Պայթի՛ր որպես մի վերք,

Բողբոջ որպես պայթի՛ր,

Որպես մի արահետ,

Որպես անձրև՝ մայթին…

Վերջից չվախենաս,

Սիրուց չվախենաս,

Որպես մի ջերմ զգացմունք,

Որպես արբունք պայթի՛ր…

Քանզի նորից երբեք

Էլ չես վերադառնա,

Չես դառնա արարում,

Առու էլ չես դառնա։

Պայթի՛ր անսպասելի,

Պոռթկում դարձիր հոգու,

Էլ չես վերադառնա,

Էլ չես վերադառնա…

 

ԼԵԳԵՆԴ

Դու իմ վերջին ցավն ես,

Իմ հավատը վերջին,

Իմ անհանգիստ կյանքի

հույսը անմեղ…

Չքանում ես անտես,

Գոլորշու պես հալչում

Եվ կպչում ես սրտիս,

Զարկերակիս կառչում։

Լեգենդներն են այդպես

Ապրում հուշով երկար՝

Հնանալով ծաղկում,

Դառնում հեռու ներկա։

Եվ ես հիշում եմ քեզ,

Հիշում որպես պատկեր,

Հիշում այնքան երկար,

Որ դառնում ես… ստվեր…

 

 

Խաչմերուկներ՝ հանդիպմա՞ն, թե՞

լուռ հրաժեշտի,

Խաչմերուկներ՝ սիրո նմա՞ն, թե՞

լոկ վշտի…

Նրանք, կարծես, ճակատագրի

մոյրերի պես

Կտրատում են թելը անտես…

Այդպես էլ դու խաչմերուկում

լուռ մնացիր,

Կտրատվեցիր, մկրատվեցիր

ու… մնացիր…

 

 

Աստղալույսը մերկ՝ լույսն է աչքերիդ,

և ճամփորդը՝ ես…

Գիշերապահը թախիծ է բերում,

սերմանողը՝ ես…

Եվ դու հեռավոր ղողանջն ես զանգի,

արձագանքը՝ ես…

Արևը քնած՝ վաղվա մեղեդին,

արշալույսը՝ ես…

 

«ՀԱՐՅՈՒՐ ԱՐՑՈՒՆՔԱԹԵԼ ԱՆՈՒՇԻԿԻՍ»

Ձյուն է գալիս մաքուր, ծորուն,

Ինչպես կաթը ըստինքներից Աստվածամոր…

Ու նստում է եղյամի պես

գորշ մայթերին

Նոր կառուցվող թաղամասի,

Որ կոչվում է մեր անցյալի

արքայանիստ քաղաքներից

Մեկի հպարտ անվամբ՝ Անի…

Ձյուն է գալիս դեկտեմբերի

յոթից առաջ…

Եվ չորս տարի արդեն

փլված եկեղեցին

Չի ղողանջում լույսը բարի,

Այլ կործանված, իր թևերը փռած գետնին

Լացում է իր ժողովրդի

սուգը նորից…

Ձյուն է գալիս, ինչպես թմբիր

Պարուրելով ուղեղները

Անմեկնելի, աներկրային հառաչանքով…

Հիշե՛նք նորից

զոհվածներին մեր անհաշիվ,

Հիշե՛նք նորից

ժպիտները անմեղների,

Եվ արցունքները թող իջնեն

մաքրության պես

Հիշատակվող

նահատակված մանուկների…

Ձյուն է գալիս,

իսկ սահնակը Անուշիկիս

Փակված է խուլ ներքնահարկում,

Ինչպես մի հուշ անմեկնելի…