Հայոց ֆիդայական պայքարի պատմությունը դեռ բացահայտելու բազում էջեր ունի, և այդ բացահայտումների շարքից է վերջերս լույս տեսած «Շուշանցի Նշանը. հուշագրությունների ալբոմ» գիրքը։ Այն հիմքում ունի դեռևս 2015-ին լույս տեսած գրքույկը, որում Ֆիդայու թոռը՝ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր Հենրիկ Բաղդասարանը, համառոտակի ներկայացրել է իր վասպուրականցի պապի կյանքն ու գործը՝ հիմնվելով հարազատներից լսած պատումների և հերոսի ժամանակակիցների սուղ հուշագրությունների վրա։ Գիրքը կարիք ուներ լրամշակման, և դա արվեց իր մյուս թոռան՝ ներկայումս ամերիկաբնակ, Hi-Em բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Նշան Աճեմյանի նախաձեռնությամբ և ծագումով վանեցի Սերինե Մկրտչյանի հետազոտական աշխատանքների շնորհիվ։ Վերջինս հայտնաբերել է նոր փաստեր և տեղեկություններ Շուշանցի Նշանի կյանքի և հերոսական ուղու վերաբերյալ՝ նյութեր քաղելով արխիվներից, 20-րդ դարի սկզբներից մինչ մեր օրերը զանազան հրապարակումներից, վանեցիների և ֆիդայու զինակիցների, համագյուղացիների հուշագրություններից և այլն։ Նշան Աճեմյանի համոզմամբ, «Շուշանցի Նշանի պատմությունը հայ ժողովրդի հերոսական էջերից մեկն է։ Հերոսների պատմություն, որն այսօր էլ կխրախուսի երիտասարդներին և բարձր կպահի նրանց հայրենասիրական ոգին»։
«Շուքրին՝ էլավ գէօ վեր պատին,
Նշան՝ ի զար գէօ մէջ ճակտին,
Վայ լէ լէ լէ լէ Հայաստան…»։
Սա մեզ հասած երգի մի պատառն է, մնացյալ տողերը կորսվել են, մոռացվել է նաև մեղեդին։ Վասպուրականցիներն են հյուսել այս երգը, որով գովերգել են Վանի բնակչությանը ահաբեկող, դաժան Շուքրի Բեկին սպանող Շուշանցի Նշանի քաջագործությունը։ «Շուշանցի Նշանը. հուշագրությունների ալբոմ» գրքի շնորհանդեսին, որ կայացավ օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Սերինե Մկրտչյանը հույս հայտնեց, որ բանահյուսական նյութերի մեջ կհայտնաբերվեն նաև երգի մյուս տողերն ու երաժշտությունը, ոնց մեկ դարի հեռավորությունից պատահաբար գտնվեց հերոսի լուսանկարը, որ թվում էր՝ անդառնալի կորսվել էր։ Ժամանակին, խուսափելով ստալինյան ժամանակների բռնաճնշումներից և հերթական խուզարկումներից՝ ընտանիքն այրել էր Շուշանցի Նշան Աճեմյանի լուսանկարների ալբոմը, այդ թվում նաև ֆիդայական զորախմբով ու Անդրանիկ Օզանյանի հետ և այլ թանկ լուսանկարներ։ Եվ ահա, արխիվային նյութերում Սերինեն հայտնաբերում է Վանում արված մի լուսանկար, որում երկշարք կանգնած և նստած են հայ զինյալները՝ Արմուշը (Ասորի), Դավիթը, Ազատը, Մոսոն (Խլաթցի), Ղուկասը (Վանեցի), Նշան Աճեմյանը (Շուշանցի), Ռուբենը (Կարնեցի), Գարեգին Միրզոյանը (Վանեցի), Խաչիկը (Վանեցի), Փանոս Ժամհարյանը, Հարություն Միրաքյանը (Մշեցի), Արամ Մանուկյանը (Շուշեցի), Մալխասը (Տրապիզոնցի), Ավետիսը (Իսֆահանցի), Ն․ Ջոջ Աղան (Վանեցի), Գրիգոր Շարամբեկյանը (Վանեցի)։ Նրանցից Արամ Մանուկյանի անունը (իսկական անունը՝ Սերգեյ Հովհաննիսյան, 1915-ին կազմակերպել է Վանի հերոսամարտը, 70 օր ղեկավարել Վանի նահանգապետությունը, հետագայում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության Ներքին ներքին գործերի նախարար) Շուշանցի Նշանի անվան հետ առաջին անգամ հիշատակվում է 1907 թ․ հունիսի դեպքերի առնչությամբ։ Արամը Վիեննայից Դաշնակցության ընդհանուր ժողովից վերադարձին Վարագա լեռան վրա էր՝ Վերին Վարագա վանքի ավերակներում, որտեղ Նշանը՝ հայտնի նշանառուն և հմուտ զորականը, զինական գործին էր վարժեցնում անփորձ պատանիներին։ Թվով իրենցից մեծաթիվ թուրքական զորքով անսպասելիորեն շրջափակվելով (ֆիդայիների տեղը թուրքին հայտնի էր դարձել դավաճանությամբ)՝ Շուշանցի Նշանը, հայտնվելով թուրք բեկի դեմ դիմաց, իր մաուզերը պարպում է ուղիղ նրա ճակատին։ Եվ մինչ ասկյարները կհասնեին բեկի դիակին, Նշանն ու իր ընկերները ելնում են Ձիանթռնուկի բարձունքները…
Նշանը զենք էր վերցրել տասնչորս տարեկանից։ Վարագա լեռնալանջին՝ Վանից հարավ-արևմուտք, իր դիրքով իշխելով Վանի կենտրոնական՝ Այգեստան թաղամասի վրա՝ Շուշանց գյուղը բարեբեր հողեր ուներ, մի ապարանջի լայնքով բխող Ապարանջան անուշահամ, բուժարար աղբյուր, որի ջրերով, ըստ ավանդույթի, ծանր հիվանդությունից բուժվել էր Արծրունյաց Սենեքերիմ արքայի դուստր Շուշանիկը։ Շուշանց գյուղում որսորդ Մկրտչի և գեղեցկուհի Ալմաստի գերդաստանում էր 1881 թ.-ին ծնվել Նշանը, որին անվանակոչել էին ի պատիվ Սուրբ Նշանի (Սուրբ Նշան եկեղեցում էր պահվում Քրիստոսի խաչափայտի մասունքը)։ Թուրք բեկերից մեկը, հրապուրված Ալմաստի գեղեցկությամբ, դավադրաբար սպանում է Նշանի հորը և իր հարեմի համար առևանգում մորը։ Իրենից կրտսեր երեք եղբայրների և քրոջ ապրուստի հոգսն ընկնում է պատանի Նշանի ուսերին։ Հոր արտերից մեկի վաճառքից գոյացած գումարով հրացան է գնում, Խրիմյան Հայրիկի օրհնությամբ դառնում Վարագա վանքի սպասավոր՝ եղբայրներին և քրոջն ի պահ տալով վանքի որբանոցում։ Նշանի հնարամտության և սուր մտքի մասին լեգենդներ էին պտտվում։ Անթերի սովորում է թուրքերեն, քրդերեն, տիրապետում նրանց սովորույթներին, բարբառներին, նամազներին, դառնում հմուտ դիպուկահար։ Մեկ տարի անց նա դարանակալում է իր մորն առևանգող, մարդասպան բեկին, դուրս գալիս դեմ հանդիման և ասում. «Պաշտպանվի՛ր, եկել եմ քեզ սպանեմ», և մինչ թուրքը ձեռքը կտաներ դեպի մաուզերը, 14-ամյա վրիժառուն ի կատար է ածում իր դատավճիռը։ Նա անորսալի էր, քանի որ վրիժառուն ամենուր հայտնվում էր՝ իբրև թուրք զինվոր կամ սպա, անգամ՝ մոլլա։ Անդամակցում է մշեցի հայդուկ Հարություն Միրաքյանի խմբին, վարժում երիտասարդներին, իսկ Շուքրի բեկին սպանելոց հետո բարձր գլխագնով փնտրվում թուրքական կառավարության կողմից։ 1908-ին հայազգի Դավոյի դավաճանությամբ թուրք կառավարությունը տասը հազարանոց զորքով հեղեղում է Վանը. փնտրում էին հայ ազգային գործիչներին, վրիժառու ֆիդայիներին։ Տաճատ Թերլեմեզյանի հուշերում պատմվում է, թե ինչպես էին քսանհիգ ընկերներով Արամի հետ ապաստանել Խամուր Քասան աղբյուրի ջրհորներից մեկում։ Բնակչությանն ահաբեկելու և զննումների միջոցով թուրք զինվորներին հաջողվում է գտնել թաքստոցները, ֆիդայիները գերեվարվում են և բանտվում, ենթարկվում կտտանքների, հատկապես՝ Շուշանցի Նշանը։ Գրքում կա մի լուսանկար ևս, որում 1908 թ. մայիսի 6-ին հորից դուրս բերված գերյալներն են, նրանց մեջ՝ Նշանը։ Նրան ծեծում են, դաղում շիկացած շամփուրներով և պայտերով, եղունգների տակ սուր գործիքներ խրում, թամբը կապում մեջքին, երկու թուրքով հեծնում, երրորդն էլ, թոկը վզից կապած, քարշ է տալիս։ Պահանջում էին, որ մատնի ընկերներին և խոստավանի իր ով լինելը։ Փախուստի հերթական անհաջող փորձից հետո մի քանի ընկերով որոշում են ինքնասպան լինել. բանտախուցը հրդեհում են, բայց կրակը պահակները հանգցնում են, Նշանին տեղափոխում այլ բերդ։ Չլիներ 1908-ի երիտթուրքերի հեղափոխությունը, բոլորի վերաբերմամբ մահվան վճիռ պետք է կայացվեր։ Ականատեսները պատմում են, թե ոնց դահիճներն ու Վանի՝ կտտանքների ենթարկված հայությունն ահարկու պարում էին հեղափոխության և թվացյան եղբայրության մոլուցքով։ Նշանը կնության է առնում Վարինգային՝ ֆիդայիներին հաց հասցնող հայուհուն։ Նրանց ամուսնության առթիվ զորավար Անդրանիկը քաջորդուն նվիրում է քանդակազարդ, պլատինե կոթով ճերմակ ծխամորճ՝ «Քաջ Նշանին՝ Անդրանիկից» մակագրությամբ։ Ընտանիքին պատկանող արժեքավոր իրերից էր նաև արծաթե կոթով մաուզերը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ընծան, որին գրված էր՝ «Հայ եկեղեցու կողմից Նշանին՝ երեխաներին փրկելու համար»։
Գրքում վկայություններ կան Վանի հերոսամարտի մանրամասների, դրանց Շուշանաց Նշանի մասնակցության մասին։ Վանի ինքնապաշտպանությունից առաջ՝ Շուշանցի կռիվներում Նշանը վիրավորվել էր՝ կորցնելով աջ ձեռքի երեք մատները, սակայն վիրավոր վիճակում էլ խառակոնիսցի Շիրինի հետ հաջողությամբ դիմակայել էր թշնամուն Վարագի և Շուշանցի դիրքերում։ Ռուսական զորքերի՝ Վանից անսպասելի հեռանալուց հետո, Վանից գաղթող փախստականների պաշպանական կռիվներ է մղում իր խմբով՝ նաև վրեժ լուծելով այն քրդական խմբերից, որոնք հոշոտում էին տառապյալ հայերի զանգվածները։ Գաղթի ճանապարհին Վարինկան իր ողջ ունեցվածքը սայլից թափում է՝ պահելով միայն չորս Սուրբ գիրք։ Գաղթի ճանապարհին Անդրանիկին զեկուցում են, որ Շուշանց Նշանը փակ սայլերով ուղևորվում է Հայաստանի արևելյան մաս։ «Իմ հարստությունն է, փաշա՛»,- ասում է Նշանը և ծածկոցը ետ տանելով ՝ ցույց տալիս պարունակությունը՝ լեփ-լեցուն որբերով։ Այդ ժամանակ Նշանն առաջին անգամ Անդրանիկ Փաշայի աչքերում արցունք է տեսնում…
Բազում հուզիչ էջեր կան այս գրքում, թեև պատմական վավերագրության տեսակին է դասվում և, թվում է, չոր փաստագրության պես պետք է ընթերցվեր։ Մի հետաքրքիր դեպքի մասին հիշատակումով ավարտեմ այս վկայագրքի մասին հոդվածս․ Նշանին պետանվտանգության աշխատակիցները ևս մի անգամ այցելում են 1944-ին։ Չեկայում իրեն հարցնում են, թե ինչպե՞ս է հիշում Վան, Էրզրում, Կարս, Սարիղամիշ, Իգդիր տանող ճանապարհները և արդյոք կարո՞ղ է իրենց առաջնորդել, եթե խորհրդային զորքերը մտնեն Թուրքիա։ «Ոտաբոբիկ կառաջնորդեմ, եթե նման բան տեղի ունենա, այն էլ՝ այնպիսի ճանապարհներով, որ միայն հայ ֆիդայուն է հայտնի»,- պատասխանում է Վասպուրականի համեստ կտրիճը։
Հ․ Գ․ Պատմությունը պահել է նաև մատնիչ-դավաճանների անունները՝ իբրև խարան իրենց սերունդների։ Դավոն, որ թուրքերին հայտնել էր հայերի թաքցրած զենքերի թիվը և հայդուկների անունները, սպանվել է մի այլ հայ վրիժառուի ձեռքով։
