Կան ստեղծագործություններ, որոնք թարգմանվում են այնպես, ինչպես հատում են սահմանը, և կան այնպիսիք, որոնց կարելի է հասնել միայն ներքին մի լանդշաֆտ անցնելուց հետո։ Էդվարդ Միլիտոնյանի պոեզիան անկասկած պատկանում է երկրորդ տեսակին։ Ուր չեն մտնում գիրքը բացելով, այլ թափանցում են այնտեղ ինչպես հիշողության մեջ են նավարկում, ինչպես մի լեզվի մեջ, որը մշտապես երկխոսում է քաղաքակրթության դարերի հետ, վիրավոր հողի, մշտապես ներկա մեռյալների, կենդանի մարդկանց, որոնք իրենց մեջ կրում են պատմությունը շարունակելու պատասխանատվությունը։ Ֆրանսախոս ընթերցողը, անկասկած, կբացահայտի հայ բանաստեղծին։ Իրականում կբացահայտի նաև շատ ավելին։ Որովհետև այս պոեզիան ծնվում է հստակ աշխարհագրությունից՝ Հայաստանից, նրա լեռներից, քարերից, գերեզմանատներից, եկեղեցիներից, պատերազմներից, պատուհասներից ու վերածնունդներից և անմիջապես է անցնում դեպի մի խորհրդածություն, որը գերազանցում է ազգային սահմանները և միանում մարդկության մեծ հարցադրումներին։ Է. Միլիտոնյանի ժողովածուն խորապես հայկական է՝ երբեք գավառական չլինելով. այն համամարդկային է՝ երբեք չհրաժարվելով իր ծագման առանձնահատկությունից։
Տասնամյակներ շարունակ Է. Միլիտոնյանը կարևոր տեղ է զբաղեցնում իր երկրի մտավոր կյանքում։ Լինելով բանաստեղծ, էսսեիստ, գրաքննադատ, ՀԳՄ նախագահ և մշակութային գործիչ՝ նա պատկանում է այն հեղինակների սերնդին, որոնք ապրել են խորհրդային վերջին տասնամյակները, վերագտած անկախությունը, պատերազմը, սոցիալական ցնցումները և ժամանակակից աշխարհի ճեղքվածքները։ Սակայն նրա ստեղծագործությունները պատմական վկայության սահմաններում դիտելը լուրջ թյուրիմացություն կլինի։ Քանի որ նրա մոտ պատմությունը երբեք պարզապես միջավայր չէ, այլ դառնում է մետաֆիզիկական նյութ։ Այս պոեզիայի առաջին անակնկալներից մեկը հենց մշտապես գանգատից հրաժարվելն է։ Ընթերցողը կարող էր ակնկալել, որ Ցեղասպանությամբ, Արցախյան հակամարտություններով, հաջորդական գաղթերով կամ հայկական պատմության վերքերով նշանավորված գրականության մեջ կհանդիպի վիրավոր խոսքի։ Սակայն այդպես չէ։ Էդուարդ Միլիտոնյանը ցավը վերածում է գիտակցության, հիշողությունը՝ պատասխանատվության, իսկ հեգնանքը՝ խորագույն պայծառատեսության ձևի։ Այդ պատճառով նրա որոշ ստեղծագործություններ անմիջապես հիշեցնում են Ժակ Պրևերին և Պոլ Էլյուարին՝ ոչ թե ընդօրինակությամբ, այլ ամենապարզ բառերից համամարդկային իմաստներ ծնեցնելու նույն ունակությամբ։ Ինչպես Պրևերը, նա կարողանում է խոսեցնել առօրյա առարկաներին, փողոցներին, անանուն դեմքերին և խոցված հիշողություններին, իսկ ինչպես Էլյուարը՝ իր խոսքին հաղորդում է այնպիսի բարոյական խորություն, որը գերազանցում է անհատական փորձառության սահմանները և հասնում հավաքական ճակատագրին։ Նրա մոտ Պատմությունը քարացած հուշարձան չէ, այլ ներկայի վրա բացվող պատուհան է միայն։ Եվ նրա ձայնը մնում է ինքնատիպ և անկրկնելի։ Այնտեղ, որտեղ Պրևերը ստեղծում է հարազատ ու առօրյա պատկերների համաստեղություններ, իսկ Էլյուարը տառապանքի և հույսի միջև հյուսում է անտեսանելի կամուրջներ, Միլիտոնյանը շարժվում է արտահայտչամիջոցների բացառիկ խնայողությամբ։ Նրա տողերը մոխրի տակ թաքնված խանձարուրներ են՝ արտաքուստ լուռ, բայց ներքուստ լի խոր ջերմությամբ։ Յուրաքանչյուր բանաստեղծություն հիշողության մի քար է, դրված ընթերցողի ճանապարհին, իսկ յուրաքանչյուր պատկեր՝ մեղմ մի լույս, որը շարունակում է փայլել ընթերցումից հետո, ինչպես քամու մեջ վառված մի ճրագ։ Սակայն նրա ձայնն ավելի զուսպ է, ավելի մերկացված։ Այնտեղ, որտեղ Պրևերն ու Էլյուարը կառուցում են բառային տաճարներ, Միլիտոնյանը փորագրում է քարը հայկական զարդանախշերով։ Իսկ յուրաքանչյուրն ավելի շատ հիշեցնում է ճախրանք, անթև մի քամի, քան հայկական լեռներից հանված բազալտի մի բեկոր։ Այս սեղմ արտահայտչականությունը հիշեցնում է նաև Ռենե Շարի ստեղծագործական ոգին։ Վոքլյուզի բանաստեղծի նման, պատկերն այստեղ հայտնվում է գրեթե հանքաքարային ակնհայտությամբ։ Այն երբեք չի որոնում ազդեցություն գործելը, այլ պարտադրում է իր անհրաժեշտությունը։ Երբ նա գրում է, որ «Պատի տակ նստել է պոեզիան//Թափառական շան կարգավիճակով», մի ամբողջ ժամանակաշրջան հանկարծակի ամփոփվում է այս մի նախադասության մեջ։ Ընդամենը մի քանի բառով պոեզիան դադարում է լինել վերացականություն. այն դառնում է կենդանի էակ՝ նվաստացված, հաստատություններից դուրս մղված, բայց պարադոքսալ կերպով ավելի ազատ, քան նրանք, ովքեր հավակնում են կառավարել այն։ Գաղափարներին մարմին տալու այս ընդունակությունը նրա գրի կարևորագույն առանձնահատկություններից է։ Հասկացությունները մարմնավորվում են։ Փոխաբերությունները դառնում են կերպարներ։ Քարերը շնչում են վերջապես։ Քաղաքները տառապում են, գերեզմանատները՝ խոսում, լեռները հետևում են մարդկանց, արձանները լքում են իրենց պատվանդանները։ Իսկ բառերը դառնում են պատմության դերակատարներ։ Այսպես՝ «Պոեզիա» բանաստեղծությունը պոեզիայի մասին չէ․ այն նրան կանգնեցնում է մեր խղճի դատաստանի առջև։ «Երևանը» քաղաք չի նկարագրում. այն ցույց է տալիս վիրահատական սեղանին պառկած մի քաղաք, որ հանձնված է քաղաքաշինարարների նշտարներին։ «Քաղաքային գերեզմանատունը» մահվան մասին չէ, քանզի միևնույն բնապատկերում միավորում է հոգեբուժարանը, բանտը, աղբավայրը, գերեզմանատունը և Ուրարտուի մնացորդները՝ ստեղծելով քաղաքակրթության գլխապտույտ առաջացնող աշխարհագրություն։ Իսկ «Տեղեկատվական պատերազմը» զարմանալի կանխատեսողականությամբ բացահայտում է XXI դարի մեդիական խառնաշփոթը, որտեղ լուրերը իրենք են դառնում զենք։ Գաղափարները կոնկրետ պատկերների մեջ մարմնավորելու այս ձևը Միլիտոնյանին մոտեցնում է նաև Իվ Բոնֆուային։ Երկուսն էլ անվստահ են վերացականությունների նկատմամբ։ Երկուսն էլ գիտեն, որ պոեզիան ծնվում է ոչ թե գաղափարներից, այլ իրերից։ Սակայն այնտեղ, որտեղ Բոնֆուան որոնում է լուռ ներկայություն, Միլիտոնյանի մոտ միշտ պահպանվում է դրամատիկ լարումը։ Նրա համար քարը երբեք պարզապես քար չէ․ այն հիշողություն է, շիրիմ, ամրոց, լեռ, այբուբեն, հարատևություն։
Այս ժողովածուի մյուս ուշագրավ առանձնահատկությունը տարբեր ժամանակաշրջաններ միավորելու նրա արտասովոր ունակությունն է: Արիստոտելը զրուցում է Իլոն Մասկի հետ: Եվ այս հսկայական տիեզերական երգում Երկիրը հանդես է գալիս որպես նահատակված էակ՝ իր ուսերին կրելով մարդկության չափազանցությունները, նվաճման երազանքներն ու կործանարար բնազդները, մինչև որ դառնում է զոհաբերության գառ համընդհանուր ողբերգության մեջ: Արիստոտելին, Զևսին, Շեքսպիրին, Ռեմբրանդտին և Քրիստոսին կանչելով՝ բանաստեղծը հյուսում է շունչ կտրող որմնանկար, որտեղ պատմությունը, առասպելը և մշակույթը միաձուլվում են՝ դատապարտելու սեփական ուժով հմայված մարդկության հոգևոր մոլորությունը: Կծու իրոնիայի և զարմանալիորեն համարձակ պատկերների տակ արձագանքում է մի մոլորակի ողբը, որը հրաժարվում է կենտրոնական լինելու բոլոր պատրվակներից, և որի վեհությունն այժմ թաքնվում է իր զոհաբերության ցավոտ խոնարհության մեջ: Դանթեն հանդիպում է ժամանակակից մետրոյին։ Կեսարը հարևանում է կետադրական նշանների ու իրեն դավաճանած անձանց։ Ցիցերոնը ներկայացնում է բարոյական խիղճը և պատմական ճշմարտությունը, որը ոչինչ չի կարող վերջնականապես լռեցնել։ Բանաստեղծություններում երբեմն գովաբանվում են մարդկային կենսափորձի և ժամանակի մշտնջենականությունը. Արքիմեդեսը բացահայտում է, որ իրական հայտնագործությունը մարդու ներքին նորացումն է, մինչդեռ Կլեոպատրան մարմնավորում է այն վեհությունը, որը գոյատևում է նվաճողների և դարերի ընթացքում։ Միքելանջելոն զրուցում է Մալևիչի հետ, և խոսում Արվեստի անմահության անունից։ «Մալևիչի գծագրած դագաղը» բանաստեղծությունն ավարտվում է խաղաղության և անսահմանության տեսիլքով, որտեղ արվեստը հաղթահարում է մահը և միանում այն բացարձակ տարածությանը, որին ձգտում էր սուպրեմատիզմի վարպետը։ Մի քանի տողերի մեջ Միլիտոնյանը հարգանքի տուրք է մատուցում Մալևիչին՝ ցույց տալով, որ նրա գեղարվեստական կտակը շարունակվում է նաև մահից հետո. դագաղը վերածվում է արվեստագետի վերջին կտավի, որը ցանկացել էր իր կյանքն ու մահը դարձնել մեկ ամբողջական ստեղծագործություն։ Իսկ ինչ վերաբերում է Միքելանջելոյին, ապա «Սիքստինյան կապելլան» բանաստեղծությունը փառաբանում է արվեստի ստեղծագործական և գրեթե աստվածային ուժը՝ Միքելանջելոյի կերպարի միջոցով, որի «պատկերները» ներկայացվում են որպես հրաշալի և հավերժական տեսիլք, ունակ կախարդելու բանաստեղծի հոգին։ Երազի, լույսի և խորհրդավորության բառապաշարը ստեղծում է թեթև, օդային և հոգևոր մթնոլորտ՝ հուշելով, որ գեղարվեստական գեղեցկությունը վեր է երկրային աշխարհից և մնում է հավերժ։ Սոկրատեսը հայտնվում է գրեթե կենցաղային մի տեսարանում։ Դիոգենեսը անցնում է մեր արդիականության նեոնների միջով։ Հնությունը, Աստվածաշունչը, Վերածնունդը, միջնադարյան Հայաստանը, խորհրդային դարաշրջանը և թվային աշխարհը համատեղ գոյակցում են նույն բանաստեղծական տարածքում։ Երբեմն մտաբերում ես Սեն-Ժոն Պերսին՝ պատմական այս լայն շնչի պատճառով։ Սակայն այստեղ ևս ի հայտ է գալիս էական տարբերություն։ Պերսը երգում է քաղաքակրթությունները մեծ տարածությունների հողմաշունչ հեռանկարից։ Միլիտոնյանը, ընդհակառակը, պատմությանը նայում է նստարանին, փողոցին, գերեզմանատանը, մի բնակարանին, կամ դրա խոհանոցին, որտեղ մայրը պատրաստվում է Տրնդեզի տոնին։ Համամարդկայինը միշտ ծնվում է մանրուքներից։ Իրականությանն այս հավատարմությունն է բացատրում նաև այն սկզբունքները, որոնք առաջնորդել են սույն թարգմանությունը։
Գայթակղությունը մեծ էր՝ «ֆրանսիականացնել» տեքստը, հարթեցնել որոշ կրկնություններ, միավորել տողեր, երկարացնել նախադասություններ, այս պոեզիան մոտեցնել ֆրանսախոս լեզվի ռիթմական սովորություններին։ Նման նախաձեռնությունը, հավանաբար, կծներ նրբագեղ բանաստեղծություններ։ Սակայն, այն առավելապես կդավաճաներ դրանց խորքային շնչառությունը։
Ժամանակակից հայկական պոեզիան, ինչպես այն կյանքի է կոչում Էդվարդ Միլիտոնյանը, ունի իրեն հատուկ ճարտարապետություն։ Տողն այստեղ միայն ռիթմական միավոր չէ․ այն մտածողության միավոր է։ Ամեն մի տողադարձ ստեղծում է լռություն։ Ամեն մի դադար մասնակցում է իմաստի ձևավորմանը։ Տողի կտրումն ու հաջորդ տողի շուրթը համբուրելը հաճախ նշանակում է փոխել պատկերի հանդեպ արդեն ձևավորած մեղմիկ հայացքը։ Ահա թե ինչու այս թարգմանության մեջ վերապահություն տրվեց կառուցվածքային հավատարմությանը։ Պահպանվեցին բնագրային տները։ Պահպանվեցին նաև տողաբաժանումները։ Կրկնությունները չեն վերացվել, նույնիսկ եթե ֆրանսերենում դրանք կարող էին անսովոր թվալ։ Շարահյուսական որոշ կառուցվածքներ գիտակցաբար պահպանել են թեթև օտարություն։ Ոչ թե տեքստը էկզոտիկացնելու համար, այլ որովհետև այդ օտարությունը պատկանում է հենց բանաստեղծի ձայնին։
Թարգմանել չի նշանակում բնականացնել։ Գրական թարգմանությունը չպետք է ստեղծի այն պատրանքը, թե տեքստը ծնվել է անմիջապես թիրախավորված լեզվում։ Այն պետք է ընթերցողին հնարավորություն տա լսել ֆրանսերենի ետևում ծպտված այն լեզվի մեղմ շունչը, որը նրան կյանք է պարգևել։ Սա հատկապես ճշմարիտ է այս ժողովածուի առումով։
Միլիտոնյանի պոեզիան առաջ է շարժվում այնպես, ինչպես Հայաստանի հրաբխային բարձրավանդակներով քայլող մի ճամփորդ՝ առանց շտապելու, առանց ճոռոմության, այնպիսի մի ծանրակշիռ լրջությամբ, որը երբեք չի բացառում հեգնանքը։ Այն գիտի, որ քաղաքակրթություններն անցնում են, կայսրությունները՝ կործանվում, արձանները փշրվում են, և, այնուամենայնիվ, շարունակում է բառին ընծայել գրեթե սրբազան մի վստահություն։ Խոսքերով հագեցած աշխարհում լեզվին այս հավատարմությունը, հավանաբար, դիմադրության ամենախստապահանջ ձևերից մեկն է։ Եվ հենց այդ լուռ դիմադրությունն է, որին այսօր հրավիրվում է ծանոթանալ ֆրանսիացի ընթերցողը։
