«Դրվատանքի մագաղաթ» մրցանակաբաշխություն

Հայաստանի գրողների միությունն ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը   սահմանել են  ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը: Մրցանակը տրվում է սփյուռքահայ ճանաչված գրողներին, թարգմանիչներին և արվեստագետներին: 2025 թվականի մրցանակին արժանացած գրողներն են.

Ավիկ Դերենց (ԱՄՆ) – բանաստեղծ

Սոնա Վան (ԱՄՆ) – բանաստեղծ

Կարեն Խուրշուդյան (Ֆրանսիա) – բանաստեղծ, թարգմանիչ,

Նաթելլա Լալաբեկյան (ԱՄՆ) – բանաստեղծ, արձակագիր

Գարուն Սարգսյան (Իրան) – թարգմանիչ

Անդրանիկ Խեչումյան (Իրան)  – թարգմանիչ

Վարանդ (Իրան) – բանաստեղծ, արձակագիր

Սեպտեմբերի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մրցանակների հանձնումը այն սփյուռքահայ գրողներին, որոնք Հայաստանում էին՝ Սոնա Վանին, Վարանդին, Անդրանիկ Խեչումյանին և Գարուն Սարգսյանին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մրցանակի, նրա կարևորության մասին` ասելով, որ  «Դրվատանքի մագաղաթ»-ը արժևորում է ոչ միայն գրողների ստեղծագործական,  այլև գրական գործունեությունը, և ներկայացնելով մրցանակակիրներին՝ նրանց հանձնեց մրցանակները:

Սոնա Վանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ արժևորումը ոգևորում է գրողին: «Գրականությունն այսօր շատ կարևոր է ամբողջ աշխարհում, հատկապես պոեզիայի միջոցով պիտի կարողանանք մարդուն մարդ պահել»,- ասաց նա: Անդրանիկ Խեչումյանը նշեց, որ մրցանակը քաջալերում է ու պարտավորեցնում:  Վարանդը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար` ասելով, որ այն «կօգնի ավելի լավ ստեղծագործել, նոր գրքեր հրատարակել և նոր ոգևորությամբ շարունակել գրական գործունեությունը»: Գարուն Սարգսյանն արժևորեց  Գրողների միության գնահատանքը՝ ասելով, որ «կարևոր է ապագայում ևս պահպանել կենսունակությունը և նոր ստեղծագործություններ հրատարակել»:

Մյուս մրցանակները կտրվեն արվեստագետներին իրենց երկրներում կամ երբ լինեն Հայաստանում:

Սեփ. լրտ.