Վերջին Ջուլոն / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Մանեին՝ խորին հարգանքով և

երախտագիտությամբ

 

– Մամ, իսկ հիմա Ջուլիետներ կա՞ն,- հարցրեց որդին` թերթելով Շեքսպիրի անմահ ստեղծագործության վերջին էջը։

– Չէ, տղաս, վերջին Ջուլոն մերդ էր, որ հանուն սիրո…

Մոր խոսքերը կիսատ մնացին, իսկ որդին ուզեց հասկանալ` ո՞րն է մոր ջուլիետական արարքը։

– Է, տղես, շատ մի մտածի,- մի կերպ ֆիքսելով մտորող որդու`  անորոշությունից դեսուդեն պտտվող   հայացքը` կարճ դադարից հետո ասաց մայրը։

Մերդ վերջին Ջուլոն էր, որ անհոգ կյանքը, զվարճությունները թողեց ու ոտնիգլուխ նետվեց հորդ հոգսերի հորձանուտը։

Սա հետո էր լինելու։ Իրականում վերջին Ջուլոյին խեղդողն էլ սերն էր, ինչպես Շեքսպիրի անմահ հերոսուհուն։

Մեզ դժվար է ստույգ ասել` Ռոմեոն առաջի՞նը նկատեց իր Ջուլիետին, թե՞ Ջուլիետն իր Ռոմեոյին, բայց  վերջին Ջուլոն լսող ականջի համար  եղելությունն այսպես է վերաշարադրում.

– Մի հարսնահանդեսի ժամանակ ինքնամոռաց պարում էի, զվարճանում, ինչ նազանքով, երազանքով, ինչքան հեզաճկուն,  Ջուլոյի պարը ո՞վ չգիտի։ Դու մի ասի` սրահի մի գողտրիկ անկյունում տեղավորված Ռոմեոս նկատել է, ուտել-խմելը թողել, քեֆ-ուրախությունից հայացքը կտրել ու աչքի պոչով հետևում է։ Հետախույզի հմտությամբ քողարկվել էր, բայց հայացքով ամբողջությամբ ընդգրկում էր պարահրապարակը։ Մանրամասն զննում ամեն շարժուձևը, օրիորդական պահվածքում  ամեն աննշան դետալն անգամ։

Ռոմեոն էլ այս պատմության իր տարբերակն ունի, բայց իբրև իր կշիռն իմացող հայ տղամարդ՝ չի պատմում։ Լոկ երբեմն իր Ջուլոյին հիշեցնում է, որ նա հենց իր համար էր այդպես պատրաստվել, երկար տատանվելուց հետո էր որոշել չմերժել հարսնահանդեսի հրավերը, երբ արդեն համոզված գիտեր, որ փեսայի կողմի հյուրերի մեջ  էլ իր Ռոմեոն է լինելու։ Էլ ավելի երկար տատանվելուց հետո վերջապես պարահրապարակ ելավ, որ շուք ու շնորհքը ցույց տա, ու իրենք էլ մի գեղեցիկ ընտանիք կազմեն։ Ու հավերժական սիրո անխախտ բանաձևը զարդարի նաև սիրո իրենց ժամանակը։ Հիմք դնելով մի գեղեցիկ միության ու նորոգ պահելով գերդաստանի հավիտենականության ոսկե կանոն ժամացույցը։

– Դու մորդ պատմածին հավատա, տղա ջան,- ասում է հայր Ռոմեոն,- երբ մեծանաս, տղամարդավարի կխոսենք, կիմանաս, որ երջանկությունը մեր օջախ մայրդ բերեց` իմ սրտում սիրո հրդեհը վառելով և ինքն էլ այդ կրակներում թե՛ հրդեհվելով, թե՛ բոցավառվելով իբրև հավերժական  սիրո մի Փյունիկ թռչուն։

Վերջին Ջուլոյին թևանցուկ, որդիները շուրջբոլորը՝ հաղթական քայլում է Ռոմեոն 21-րդ դարի երկրապտույտ փողոցներով` խոստանալով եղելության իր տարբերակն ամբողջությամբ ավանդել թոռներին։