ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

Նա իսպանահունչ հռչակված բանաստեղծուհին է, որ գրաված լինելով իսպանախոս ժողովուրդների սիրտը և արժանացած լինելով բազմաթիվ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդեն հեղինակաբար հնչեց հայաղողանջ։ Նրա բանաստեղծությունները իսպաներեն, ապա անգլերեն, նաև ստեղծվեցին հայերենով։ Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի ու հայ ընթերցողի փոխհարաբերության մեջ, ըստ որում դա սկսեց տեղի ունենալ թարգմանչի չմիջնորդվածությամբ, այլ ուղղակի, հեղինակային հայերենով, որպես ստեղծագործություն։ Թե տվյալ ստեղծագործությունը իր նախնական մտապատկերային  և բառամտածողության վիճակում ի՞նչ լեզվով է իր սաղմնային գոյառույթը ստացել, հետաքրքրական չէ․ դրա բացահայտումը այլևս կլինի փսփսուքային մանրուք։ Բուն խնդիրը՝ ստեղծագործությունն է։ Ալիսիա Կիրակոսյանը հեղինակային անհատականությամբ պատկանում է արգենտինյան, ամերիկյան և հայկական եռամշակույթներին։

Քսաներորդ դարի յոթանասունական թվականներից իսպանական աշխարհատարած ծավալում արդեն հանրահայտ ճանաչում նվաճած՝ նա ներխուժեց հայոց բանաստեղծության գեղաշխարհը, Հայաստանից՝ սփյուռք, հայաստանցի չլինելով հանդերձ․ հիմնականում հայրենի բանաստեղծ Վահագն Դավթյանի վարպետ թարգմանությամբ։ Մի շարք ակնառու տվյալներով Ալիսիա Կիրակոսյանը ընթացիկ հայ գրականության մեջ վաստակել է իր արժանավոր ու անզիջելի բարձը։ Նրա իսպաներեն բանաստեղծությունների մի գրքի շապիկը նկարազարդել է աշխարհահռչակ գեղանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն։

Ա․ Կիրակոսյանը բանաստեղծական խոհաշխարհով ըմբռնում է կյանքը տիեզերական զանգվածեղությամբ, ուր խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառույթների պարույկով, հարցախուզությամբ, բողոքներով, խոստովանություններով, աղոթքների ու աղերսանքների մրմունջներով, վախերի ու ցավերի կտտանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, հարատեվ ամրացող հավատքով․ միաժամանակ, քննարկումների ու վերլուծությունների մարգարտաշարով։ Բանաստեղծական մենախոսության մի խոհամարտ, կյանքի ընդմիջից մինչեվ աստվածային ամենաբովանդակությունը․․․ նվաճելու ստեղծագործողի հասունություն, շահելու ընթերցողին, որպես հեղինակային հուսկնպատակ։ Նա իր բանաստեղծական մտածողությամբ ավելի արագ է սուրում, քան ժամանակը, որ քարշ է գալիս հետքից, ոտքերին կառչած։ Նրա բանաստեղծական մտորումը թեվեր ունի, թռչում է։ Իմաստային ու առնչական իմաստով նա գերտարածական բանաստեղծության է հասել բազմագոյ էությունների ներսեփականումով։ Նախ զգում, մտապատկերում է․ ապա բառակերտում է, որպես ստեղծագործություն, որպես երկ ու բանաստեղծություն, որպես կյանքի ալիսիական արտացոլում մանրահամատիեզերական երկարությամբ, լայնությամբ ու խորությամբ, բովանդակությամբ․․․ Նա բազմաէակ անհատականություն ունի․ ներհայեցողությամբ արդեն դառնում է երկու էակ․ մեկը՝ որ նայում, զննում է իր ներաշխարհը, որպես մի գոյ էակ․ մյուսը, որ ներաշխարհն է, որպես մի առանձին գոյ էակ։ Այդ երկու էակների մասին մտորելը, զգալը, նա կատարում է տակավին մի երրորդ, անկախ էակի միջոցով, որի հետ հարցազրույցի, կամ քննախուզության է մտնում եվս մի այլ գոյ էության միջոցով։ Այդպիսով է նա մեկ կյանքին պարգեվում բազմակի գոյություն։ Իհարկե, կարծեցյալ։ Այդ բազմակի գոյությունների փոխհարաբերություններով նա հասնում է գերտարածականության։ Այդպիսով է ծնվում նրա գերտարածական բանաստեղծությունը, ինքնալրումի փուլեր բոլորելով։ Նրա ստեղծագործությունների գեղարվեստական, մտապատկերային համակարգը յուրահատուկ է։ Գերտարածական համեմատություններով ու բնորոշումներով կարելի է նրան հոգեհարազատ համարել Նարեկացու հետ, ընթացիկ արդիականությամբ։ Որպես ստեղծագործող նախ ընկալում է իր տեսածը աշխարհը, կուտակում է իր մեջ, ապա ներհայեցողությամբ արտացոլում է բանաստեղծությամբ, որ հավատացած է՝ կյանքի նկարկենն է, կենդանագիրը։ Այլեվ խորքով ու իմաստային գերտարածությամբ է ընկալում բառը, դրա կարեվորությունը հաղորդակցվելու ընդկյանքի, կյանքի ու գերկյանքի հետ։ Տարածությունների ենթակայական բաշխումներ։ Հավատում է հոգու անմահությանը, վերմարդեղությանը՝ Շամիրամից մինչեվ Կլեոպատրա․․․ մինչեվ Ալիսիա Կիրակոսյան։

Նա հմայված է մայրության աշխարհով․ նրա մայրերգությունը պարզ ձոն չէ մայրության, այլ նաեվ մոր կողմից՝ վասն զավակի սիրո ու նվիրվածության, զավակի մայրստեղծության հրաշքի փառերգություն է, յուրովի մտապատկերած, երեվույթի ընկալման գյուտված նորությամբ։

Յուրովսանն սփյուռահայի անհատականությամբ է վերաբերվում մեր ազգային ու հայրենական սրբություններին, որոնց հետ հարազատ է ու մերձ դարերի վաղեմիությամբ․ օրհներգում է արդի ու ընթացիկ վերահանդիպումը, նախկին, վաղնջական հարազատի ջերմությամբ, գերտարածական վերմարդեղությամբ։

Յուրաքանչյուր խորագրի տակ նրա բանաստեղծությունները հաճախ չեն հասնում մի գերագույն ավարտի, այլ մի տեսակ մերվում են անվերջանալիության, անսահմանության հետ, աստղունքով ընդմիջված, որ երգված նյութի գերտարածումն են բնորոշում։ Նրա բանաստեղծությունը հագեցած է մի խորհրդավոր ներշնչումով, և դիպչում է ընթերցողի այնպիսի զգացումներին, որ համարվում են սրտի գաղտնարանում պահված ներանձնական ծավալ։