Այն երկուսը/Արմանուշ ԿՈԶՄՈՅԱՆ

Այն երկուսը հանդիպում էին միայն գիշերները: Ցերեկը նրանք երկու տարբեր հոգիներ էին, երկու մարմիններ՝ նույն ժամանակի և տարածության մեջ համերաշխ: Նրանք միասին էին իրենց մոռացված անցյալով, անխորհուրդ ներկայով և անհայտ ապագայով…

Անհասկանալի մի սպասումով էին դիմավորում մութը, որպեսզի որոնեն իրար ձեռքեր, ամուր կառչեն միմյանցից՝ իրենց գոյությունն այս աշխարհում նյութականացնելու և զգալու համար:

Մեկը եկել էր հեռու և խուլ մի տեղից, որը վաղուց տարրալուծվել էր բնության մեջ, որպես հուշ թողնելով երկու մոռացված տապանաքար:

Նա ետևում թողել էր լիքը ու դատարկ մի կյանք: Սպասելով վաղվան՝ նրանք չեն հասկացել, որ վաղը՝ դա ժամանակն է, իսկ ժամանակը իրենց մեծագույն թշնամին է: Ամուր սեղմված իրար, մեկը շշնջում էր. ՛՛Ես եկել եմ ոչ մի տեղից՛՛, իսկ մյուսը՝ հազիվ լսելի, ասում էր. ՛՛Ես շուտով կգնամ ոչ մի տեղ՛՛:

Նրանք գիտեին, որ երկու ոչ մի տեղերի միջև իրենք էին՝ մենակ, այստեղ և հիմա: