(Մտորումներ Նեկտար Սիմոնիի «ԻՄ ԱԴԵՆ» երկհատորյակն ընթերցելուց հետո, առաջին հատոր` Երևան, «Լուսակն», 260 էջ, 2024 թ., երկրորդ հատոր` Երևան, «Լուսակն», 228 էջ, 2025 թ.)
«Կյանքը չի սիրե դառդգություն: Դառդագ սրդի մեճը հիշողություն չկա…»:
Արազգեղցի–բագրևանդցի Եղիսաբեթ
Մաշված, հազար հոգս ու ցավ տեսած գոգնոցի գրպանում, թաշկինակի մեջ «ապրում են» սահմանից անդին մնացած մանկության չքնաղ Արազգեղի դաշտամիջյան հողե ճամփեզրին աճած դեղին անմոռուկի չորացած թերթիկները, որ փոքրիկ աղջնակը տեղահանության շփոթ աղմուկի մեջ մի ակնթարթ մոռանալով մոր խստագույն պատվիրանը` փեշս բռնե, ձգվել, հասցրել է պոկել ու վերցնել որպես հուշ ու թալիսման, որպես հայրական չմոռացվող տան բանալի, երբ հրաշալի մի օր վերադարձի ճամփան բացվի:
Գրեցի ու հիշեցի բոստոնաբնակ իմ բանաստեղծ ընկեր Սարգիս Գավլաքյանի տողերը.
Կաց, բարեկամս-
Դատարկիր բուռդ,
Սրվակը նույնպես,
(Դու հողն ու ջուրը հետդ վերցնելու իրավունք չունես)-
Միայն կակաչի թերթիկը վերցրու:
Սա է, որ նորից ետ պիտ բերի քեզ,
Արյան կանչն է սա
Նախապապերիդ:
Կանցնեն տասնամյակներ, նոր հայրենիքում հասակ առած երբեմնի բնավեր աղջնակը կհիշի և իր Սիմոն որդու Նեկտար աղջկան իր հետ որևէ տեղ տանելիս կհուշի` ձեռքս թող` փեշս բռնիր, այդպես ավելի ապահով է: Եվ կհորդորի` երբ մեծանա, իր կյանքի պատմությունն անպայման թղթին հանձնի` ապսպրելով գրել միայն ճշմարտությունը: Եվ հիմա այդ գրքերը հեղինակային ընծայագրով գրասեղանիս են` շարադրված ցավով, կարոտով, սիրով, Շիրակի հյութեղ բարբառով: Միաժամանակ հիշեցնում են Էրգրից բնավեր իր Արեգնազ տատի մասին պատմող Ռենետա Ինջովայի մասին, որը «Արմատներ և ծաղիկ» շատ հուզիչ գիրքը մի օր ընդհանուր ծանոթների միջոցով ուղարկել էր ինձ` Հայաստանում մայրենի լեզվով տպագրված տեսնելու հավատով: Բուլղարիայում հասակ առած Ռենետան հասել էր այդ երկրի վարչապետի պաշտոնի` երբեք չմոռանալով, սակայն, իր հայկական արմատները…
***
Ընթերցանությունն ավարտելուց հետո իմ առաջին միտքն այն էր, որ Նեկտար Սիմոնին հենց բարբառով պիտի մատուցեր «մի կյանքի պատմությունը»` այդ կերպ ընթերցողին առավել մոտեցնելով և մտերմացնելով հերոսուհուն:
Առավել քան հուզիչ պատումի կենտրոնական դեմքը բացարձակապես կրթություն չստացած և այդ իսկ պատճառով երբեմն լուսահոգի ծնողների «շքի հետ» կռվող Եղիսաբեթ-Եղսո տատն է. ցավոք, նրա եղբայրներին էին միայն հասցրել կրթության տալ: Ցավի վրա ցավով, հոգսի վրա հոգսով տուն դրած և ապրածից բան չհասկացած մեծ մայրիկի հիշողության կապույտ թերթիկներին մնում են մանկութ զուլալ օրերից մինչև տեղահանություն, Գիրքոր ամուսնու հետ ապրած կյանքի, կորցրած վեց զավակների` ժամանակի ընթացքում սպիացած կսկիծի արձագանքները և, այնուհանդերձ, ամենածանրը` Երկրորդ աշխարհամարտի հրդեհների մեջ սեր, ջահելություն ու կյանք կորցրած որդու կարոտը, որի կորստին չհավատալով` սպասեց ամբողջ կյանքում, թեկուզ գրպանում, որպես սրբազան մասունք, միշտ կրեց գյուղ հասած և որդու զոհվելը հայտնող անիծյալ «սև թուղթը», թեկուզ հայրենի Բագարան գյուղի գերեզմանատանը դրված հուշաքարին քանի-քանի անգամ շոյեց որդու անուն ազգանունը` մատները սահեցնելով իր համար անծանոթ հայերեն տառերի վրայով:
Եվ այնուհանդերձ, ինչ մարդուն տրված է գեներով, մի օր կարտահայտվի, և հեղինակի գրչի ներքո մաքրամաքուր հորդում և հյուսվում է ոչ միայն գեղջուկ կնոջ` դժվար ապրած կյանքի պատմությունը, այլև տարիների հետ ձևավորված ապշեցուցիչ խորը փիլիսոփայությունը կյանքի որևէ դիպվածի, երևույթի, իրողության հետ կապված այնպես արդիական ու հուզիչ անգամ ամեն կոշտ ու կոպտություն տեսած մեր ժամանակների համար: «Ամեն մէ օրվա քելքի մէճը էդ հողոդ ճամպեքի դարուփոսի անցվորաց ձենը կա, երգը կա, մրմուռը կա, միտքը կա»` մի պահի պոռթկում է տարիքն առած կինը, որ հանկարծ խորը վիրավորանք է ապրում, երբ պարզվում է, որ ամեն տարի գնվող և պարտաճանաչորեն պատին ամրացվող օրացույցի ոչ մի թերթիկի վրա իր մասին տող իսկ չկա գրված: Ո՞վ է զատել կարևորներին և անկարևորներին. «Օր Եղսոն կարևոր չէր, ընչի էգան իրա պայաձ, վենձցրած տան թակավորներին տարան պադերազմ»,- ընդվզում է նա` հերթով թվարկելով կապիտան Գուրգենին, դասատու Սանասարին, բժիշկ Սիմոնին (հեղինակի հայրը), ծանդռ շտանգա հանող Բաբկենին, շոֆեռ Առդուշին: Ինչպես թե կարևոր չէ, մի՞թե ինքը չէր, որ «մադներիս չափ էրեխա ունեցա: Չըկերա, չըխմա, չըհակա, կոպեկը կոպեկին դրեցի, օր իմ տղեկին ուսման տամ: Կսեին հայրենիքին ուսյալներ են պետք, օր ոդի կայնցնեն իրանց երգիրը»` ցավ ի սիրտ մորմոքում է 94 տարի ապրած ու այդպես էլ ոչ մի անգամ կարգին չուրախացած կինը:
***
Հեռավոր ութսունականների սկզբին մայրաքաղաքի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացման առաջնախաղի հաջորդ օրը այդ տարիների «Սովետական Հայաստան» թերթում լույս տեսավ խմբագիր Լորիս Կրոյանի ընդարձակ խոսքը պիեսի ու ներկայացման մասին: Աղունի կերպարի մեջ նա այնպես ստույգ տեսել էր նաև լեռնային հայրենի Սարուխան գյուղի իր մանկության տարիների ուղեկից մայրերի ու տատիկների` պատերազմով պայմանավորված, հազար ցավ ու տառապանքով ապրած կյանքը: Նույնն է նաև այստեղ. գեղջուկ մեկ կնոջ կերպարի մեջ նաև իր սերնդակիցների կյանքն է` ամենօրյա լարված վազքի մեջ: «Թոնրի սիրտը ճաքել է,- նորը գնելու համար դիմելով որդուն` ասում է մայրը, – իմ սիրտը թոնրի պատից ուժեղ դուրս եկավ ու դեռ դիմանում է»:
«Ընձի կըթվա, թե ջանիս մեճը մէ հին ղուտիգըմ կաբրի, օր վախ-վախտ կըբացվի, օր չխեղդիմ, հեդո նորից կըփագվի: Իսկական Եղսոն ըդիգ է` էդ բերզած ու օրը օրին ճաք տվող ղուտիգն է, էդ դառդագ ու լիքը ղուտիգն է. ըդոնք են իմ ճշտի աչկերը»` մի առիթով խոստովանության պես ասել է այս երկհատորյակի հերոսուհին:
Նեկտար Սիմոնին տարիներ շարունակ, որպես «ճամպի վրի մենավոր ծառի» պահապան, միաժամանակ այդ «ղուտիգի» պահապան հրեշտակն է եղել, և երբ «վախտ-վախտ» բացվել է, սրտի կանչով ու հուզմունքով գրի է առել յուրաքանչյուր բառն ու միտքը` իր առջև մեկ գլխավոր խնդիր ունենալով` մոռացությունից փրկել ոչ միայն գեղջուկ մի հայ կնոջ ցաված կյանքի պատմությունը, այլև սերունդներին փոխանցել հողի և արյան հիշողությունը:
