Վեճը սկսվեց տաք մի առավոտ: Այդ գարնանը բալենին առաջին անգամ ծաղկել ու պճնվել էր հազարավոր ճերմակ թերթիկներով և հիանում էր իր անթերի գեղեցկությամբ: Արևի առաջին շողերն արդեն հասել էին այգուն և խուտուտ էին տալիս բալենուն, և նա շատ խնդրեց իր ծաղկաթերթերի մեջ խճճված ու ծաղկաբույրից խելքահան եղած մեղուներին` խայթել և հեռացնել իրեն շարունակ խանգարող արևի շողերին: Նա առաջին անգամ էր զուգվել ճերմակ ծաղիկներով և չգիտեր, որ արևի շողերը հենց նրա համար են, որ ծաղիկների խորքում առայժմ չերևացող պտուղներին օգնեն արթնանալ և քիչ-քիչ մեծանալ: Ու մինչ փորձում էր շարունակել զրույցը արևի շողերի հետ, լսեց, որ մեկը ծիծաղում է: Այգու իր հարևանն էր, իրենից մի քանի անգամ բարձր ծիրանենին, որ նույնպես շողում էր ձյունաճերմակ զգեստի մեջ: Բալենին մի քիչ նախանձեց նրան ու մի քիչ էլ բարկացավ, որ իրեն վերևից են նայում և որ իրենից բացի մեկ ուրիշը նույնպես ճերմակ հանդերձներ ունի:
– Դու ինձ փոքր չկարծես,- ինքնավստահ նետեց բալենին,- իմ արմատները հասնում են դարերի խորքը:
– Իսկ դու չգիտես, որ ես ջրհեղեղից փրկված միակ ծառն եմ,- ներողամիտ ժպտաց ծիրանենին,- իսկ իմ ծաղիկների ճերմակը Արարատ լեռան ձյուներից է փոխ առնվել:
– Իսկ իմ մասին շատ գեղեցիկ երգ կա,- չնահանջեց բալենին: Նա, իհարկե, չգիտեր, որ հենց ծիրանենու փայտից են հմուտ վարպետները պատրաստում ծիրանափողը, որից ծնվում ու այնպես հուզիչ տարածվում են զուլալ մեղեդիներ:
– Դու չգիտես, որ ես Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն եմ,- արժանապատվորեն ասաց ծիրանենին:
– Ես քեզ հետ չեմ խոսում,- շրջվեց բալենին, բայց նա չգիտեր, որ այգում ծառերն ինչպես էլ շրջվեն, միևնույն է, իրար դեմ հանդիման են:
Օրվա ընթացքում նրանք պարբերաբար առիթներ գտնում էին միմյանց ցավեցնելու փոքրիկ կսմիթներով. ծիրանենին, օրինակ, հորդորում էր, որ բալը գոնե մի քիչ մեծանա և քաղցրանա, կորիզներն էլ մի բանի պետք գան, բալենին էլ հակադարձում էր, որ ծիրանենին ոչ մեկին չի հավանում, անգամ նուրբ ծաղկաթերթերով դեղձենուն կամ մկրտության համար նախատեսված նարոտ հիշեցնող ճերմակ և վարդագույն ծաղկաթերթերով նշենիներին: Այդպես շարունակվում էր մի քանի ամիս, քանի դեռ նրանց պտուղներն աստիճանաբար հասունանում էին, կարմրում ու դեղնում: Իսկ մի օր հայրիկին օգնելու համար այգի եկան մի մայր ու աղջիկ: Ամբողջ օրը հայրիկի օգնությամբ նրանք հավաքում, արկղերն ու դույլերը լցնում էին հասունացած պտուղներով, և նուրբ ու նեղացկոտ բալերը հասցրեցին ուրախանալ, որ ծիրանից տարբեր արկղերում են հանգրվանել: Բայց դա, պարզվեց, ժամանակավոր է: Երեկոյան նրանք սառը լոգանք ընդունեցին խոհանոցի ծորակի տակ և մայրիկի նախաձեռնությամբ հայտնվեցին նույն ապակե տարաներում: Եվ քանի որ տեղը նեղ էր, վեճը ավելի սաստկացավ: Շարունակելով կռվել՝ նրանք ձգտում էին ավել հարմար տեղավորվել ապակե տարաներում, և նրանց հանդարտեցնելու համար մայրիկը որոշեց եռման ջրով վախեցնել ու սաստել նրանց: Հետո մտածեց, որ նրանք առավոտից` իրենց ճյուղերին հրաժեշտ տալուց հետո , ախր, քաղցած են, մի քանի գդալ շաքարավազ խառնեց ջրին: Եվ որպեսզի կռվելու ընթացքում դուրս չթռչեն տարաներից, մետաղյա կափարիչներով ամուր փակեց տարաները: Մի որոշ ժամանակ ծիրաններն ու բալերը վեր ու վար էին անում տարայի մեջ. շոգ էր, փորձում էին դուրս գալ, թե շարունակում էին կռվել, հիմա այլևս ոչ ոք չի կարող ասել, բայց փաստ է, որ ապակե տարայի միջի շաքարաջուրը, լսելով նրանց չդադարող վեճը, ամոթից շառագունել էր: …Իսկ առավոտյան նրանք խաղաղվել ու դարձել էին անուշահամ կոմպոտ՝ հաշտ ու համերաշխ, ամեն մեկը քաշվել մի անկյուն: Համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, օրվա վերջին հայրիկը նրանց տեղափոխեց մառան, մայրիկն էլ, այնուամենայնիվ, մի քիչ խղճալով անկարգ կռվարարներին, ծածկեց տատիկի ծաղկավոր շալով, որ չմրսեն:
