Ոզնին եկավ գլխիկոր,
Մեջքին՝ կարմիր, մեծ խնձոր:
Քայլեց ճամփով շարունակ,
Մինչև հասնի բույնը տաք:
Տոտիկ-տոտիկ մոտ եկավ,
Գնդակի պես շուռ եկավ,
Գլոր-մլոր իջավ ցած,
Թաթով շոյեց դեմքը թաց:
Հոգնած ճամփից ու բեռից,
Էն քարքարոտ կածանից՝
Բարև տվեց տերևին,
Ուզեց նստել երևի:
Ծառի անուշ հովի տակ,
Թփերի մեջ չոր ու տաք,
Հենվեց փոքրիկ մի քարի,
Նայեց պայծառ արևին:
Վնասել էր տոտիկը,
Շատ էր ցավում ոտիկը:
– Ոչինչ, խնձորն այս համեղ
Համ սնունդ է, համ էլ դեղ:
Հենց տուն հասնեմ, կճաշեմ,
Այս խնձորը ես կուտեմ,
Կլավանա տոտիկս,
Ինձ կբուժեմ ես ինքս:
Այսպես ոզնին գլխիկոր,
Մեջքին՝ կարմիր, մեծ խնձոր,
Շարունակեց իր ճամփան
Խնձորի հետ քաղցրահամ:
