ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի, մանկագիր
Օլգա Դարյանին
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Արդեն լուսացել է։ Փակ կոպերիս տակից մի օրորվող լույս զգացի սենյակում։ Արևն է… Պատուհանից ներս է թափանցել ու շողարձակելով դիմացի պատի սպիտակին՝ մեղմ քամուց ճոճվող ճյուղ է պատկերում։ Լույսի ու ստվերի կատարելություն՝ պատուհանի շրջանակի մեջ…Դեպի այդ ճյուղը հոսեցին իմ արթնացած մտքերը, տեղավորվեցին ու ճոճվելով հաշվեցին հուլիսի մնացած օրերը…
17․07․2019
Արտաքնապես անշուք, նրբացողուն այս ծաղիկը, Տիեզերքի բարեհաճությանը և սիրուն արժանանալով, ստացավ Կոսմոս, Կոսմեա տիեզերաշունչ անունը… Այդ օվանից երջանիկ է, այդ օրվանից ձգտում է վեր՝ դեպ տիեզերական անհասություն, դեպի նրա կանչող, ապրեցնող լույսը…
– Բարի լո՜ւյս․․․
20․07․2019
Պատուհանի տակի թթենին երկարել է ճյուղը ու մեր տուն մտել… Ինչքան փորձում եմ «դուրս անել», մի քանի րոպե անց նորից հայտնվում է ներսում։ Երևի մարդկային ջերմության կարիք ունի կամ զրուցակցի… Արդեն գիշեր է, նա դեռ ինձ հետ է, չեմ ուզում այլևս դուրս հրել նրան․շատ համառն է ու քնքուշ… Եվ արդեն իմն է, ու ես՝ իրենը։
Վաղուց չէր երևում։ Մտածում էի՝ նեղացել է ինձանից։ Երբեմն էլ անհանգստանում էի այն մտքից, որ դուրս հրելու ժամանակ կարող է վնասած լինեմ։ Մի քանի անգամ հայացքով փորձել եմ գտնել նրան թթենու թավ սաղարթում, բայց չի հաջողվել։ Քիչ առաջ նկատեցի, որ իմ ճյուղը նորից հյուր է եկել ինձ՝ այս անգամ ոչ թե պատուհանի լայն բացած փեղկից է մտել ներս, այլ` օդանցքից։ Ուրախացա… Երևի նկատել է տխրությունս, սիրտ տալու է եկել… Այս պահին հրճվանքով և երախտագիտությամբ նայում եմ նրան, բայց այն մտքից, որ աշունն ու ձմեռը բաժանելու են մեզ, սիրտս ճմլվեց… Քանի դեռ կանաչ է, քանի դեռ ունի իմ կարիքը, որքան էլ ցրտի, օդանցքը չեմ փակելու։ Ուշ աշնանն էլ թող տերև առ տերև ներս լցնի իր վառ գույները։ Իսկ ձմռանը սառած մատներով երևի ծեծի պատուհանը, որ ցույց տա վրան նստած փաթիլները ու ձնաթաթախ տատրակին։ Դե, իսկ գարնանը՝ թարմացած, կյանքով լցված, ավելի փռված, իր նորոգվող հանդերձանքի թավշյա կոճակներով՝ բողբոջներով, կքսվի պատուհանիս ու կշշնջա․ «Ես վերադարձա»…
2021 թ․ ամառ
Երկաթուղու անշարժ ռելսերը, պատկերացնելով, որ մարդկանց նման իրար ձեռք են բռնել, երկու զուգահեռների մեկ լսողությամբ որսում էին սլացող գնացքի անիվների համաչափ չխկչխկոցն ու հազիվ լսելի ձայնով կամաց երգում․
– Մենք գտա՛նք իրար…
Մենք գտա՛նք իրար…
Մենք գտա՛նք իրար…
Նրանք սիրում էին այդ երգը, որ ժամանակ առ ժամանակ երգում էին միասին՝ հիշելով գնացքի անիվների համաչափ երաժշտությունը, որը վաղուց արդեն իրենց սրտերում էր…
Թավշած մտքերում և պողպատ քունքերին…
15․03․2022
Լոգասենյակի փոքրիկ պատուհանից մի թռչուն տեսավ մերկությունս… Լավ է, որ ագռավ չէր․ հանկարծ ճղճղալով, այսկողմ-այնկողմ թռչելով` կպատմեր տեսածն ու կզվարճանար… Բարեբախտաբար, նրբատոտիկ, նրբանկատ երգող թռչուն էր, որը՝ բարև, պոե՛տ, բարև, պոե՛տ, ասելով, մերկությունս թևերին առած` ծլվլալով հեռացավ։ Հետն էլ ինձ հանգստացնելով՝ վատ մի զգա, քույրիկս, դու վաղուց ցույց ես տվել քո մերկությունը։ Բանաստեղծի, երգչի հոգին մի՜շտ է մերկ։ Իհարկե՝ անկեղծինը…
30.04.2022
Անձրևի նուրբ մատները հպվեցին տերևներին, և ծառերի կանաչ ստեղներից դողդղալով կաթե՜ց, հոսե՜ց մի քնքուշ մեղեդի… Իսկ կտուրները՝ թմբկահարելու մեծ ցանկությամբ, սպասում են անձրևի ուժգնանալուն…
Իմ դատարկ սիրտը երանի տվեց տերևների ու կտուրների այդ կարողությանը…
15․06․2022
Հետաքրքիր են մարդիկ․ վիճում են ու հաշտվում, գժտվում են ու ներում, սիրում են ու լռում, լռում են ու սիրում… Այդպես էլ չկայացած համբույրներն ու գրկախառնությունները զարմացած նայում են միայնակ, տարիների միջով թափառող մարդկանց հետքերին…
25․02․2022
Այդ օրը Սևանը հալվել էր ծով սիրուց և նրան հասած իրար գտած, գրկախառնված կարոտներից… Ես ատեցի իմ հեռուն տեսնող աչքերը, մեծ հեռավորությունից այդ ջերմը զգացող իմ զգայարանը, բոլո՜ր զգայարաններս ատեցի… Իսկ Սևանը հալչում էր գարունից ու սիրուց և մտապահում երկմարմին միաձույլ այն սիլուետը…
4․03․2024
Ի՜նչ բազմազանությամբ կշլացներ հյուսիսափայլը, եթե տեսնեի… Ինչքան տարբեր է նա՝ գույնի, լույսի շռայլությամբ օժտված, հարո՜ւստ՝ իր ձևի ու շարժման մեջ և՝ անգամ ոգեղեն, ոգեղեն ու բարի, որ գիշերվա երկնքում նախաձեռնած իր դիվային խրախճանքի, անսպասելիորեն հայտնված մոգական իրարանցման մեջ, իր բոցավառ սրտում՝ մեր աչքերի և հոգիների համար հրեշտակներ է նկարում… Ինչ ցնծություն կհամակեր ինձ, եթե հյուսիսափայլ տեսնեի, բայց բևեռներից հեռու իմ տաք երկրում միայն ծիածաններ են լինում…
15․05․2024
Իմ Կեսարն էիր և ցայտաղբյուրը… Հիմա՝ քո սիրելիի Ռոդենը…
Ես քո ցայտանքում հանկարծակի հայտնված Գրեյի ծաղկի նման որսում էի քո արտասանած ու չարտասանած բառերը, որ շնչեմ, թափանցիկանամ, և արտաշունչն իմ լինի ամեն գեղեցիկը, ինչ կա աշխարհում։ Ցողաշաղիցդ, ուզեիր թե չուզեիր, հատուկենտներն ինձ էին հասնում, որ որսամ իմ շնչով, և հուսա՜մ, հուսամ, թեև իմ մատներն այդպես էլ չդիպան քո մազերին… Իսկ Կեսարի հայացքն հետզհետե սառեց և օտարացավ…
Այժմ մեկի Ռոդենն ես, և նա՝ քո Կամիլլան… Դա ամենաիսկական սերն է, համբույրը ճերմակ մարմարի մեջ հավերժացնող սերը։ Սեր, որ ծագում է, բխում է, հասունանում ու զարգանում, ամբողջությամբ տիրանալով քեզ՝ փոշիացնում և կրկին քանդակում։ Դա՛ է իսկականը, ամենաբաղձալին և անհերքելին։ Լիարժեք երջանկացնո՛ղը…
24․01․2025
Չգիտեմ՝ որ ակնթարթին է արված այս լուսանկարը, բայց գիտեմ, որ այդ ակնթարթը… քեզ պարուրած մշուշոտության մեջ առավ ինձ, բարուրեց և քնքշաբար ձգեց դեպի իրեն… Ես՝ անօգնական մի մանուկ ասես, կիսաբաց շուրթերով ըմպեցի քո կիսամութն ու կիսալույսը, որ ամբողջանամ… Բարուրս ողջ ճանապարհին ներում էր խնդրում քեզնից, քո զույգ, մտախոհ գագաթներից…
2025 թ․աշուն
Թթենու ծաղկաբույլերն արդեն փսփսացին վաղվա բերքի մասին։ Անձրևն առատորեն սնում ու լողացնում էր նրանց, իսկ նրանք ջանում էին քիչ ավելի երկար վայելել անձրևի կախված կաթիլների՝ շողշողուն գնդիկների, կիսագնդիկների ծիածանափայլը… Տեղ-տեղ փշիկավոր, տեղ-տեղ՝ քամու տակ պարող ու մանրաողկույզ` նրանք փոխվում են վայրկյան առ վայրկյան, ասես փոքր երեխաների պես ուզում են շուտ հասունանալ։ Էլի անձրև է։ Երիտասարդ գարունը, մեծ տատի նման, լողացնում է գալիքը…
21․04․2023 թ․
ՀՈՐՍ
Քո վերջին օրվա ժպիտները ծաղկեցին իմ բարուրին… Կարոտիս պահերին ծաղիկները թառամում էին ու իմ լացից նորից կենդանանում։ Որ սիրտ տան ինձ… Հետո պսակվեն շեկլիկ աղջնակի մազերին, հետո՝ անհաստատ խարխափուն քայլերով՝ նորահարսի հարսնաքողին… Հետո, տարիներ անց, անթառամ պահածս պսակում սկսեմ փնտրել ու գտնել քո հեռուները, քո հավատն ու եկեղեցին, քո անցած ճանապարհների ու չգնահատված հերոսությանդ դափնիները…
08․05․2023 թ․
Ուշ-ուշ եմ գալիս։ Ոտքերիս տակ հայտնված խնձորները հավաքելով՝ տուն մտա։ Նրանց բույրն անմիջապես տարածվեց տնով մեկ՝ դուրս մղելով տան ծանրացած օդը, որտեղ երկար ժամանակ դուռ ու լուսամուտ չէր բացվել։ Բացեցի պատուհանները և շտապեցի այգի։ Խնձորները թափվել, շաղ էին եկել ու սնկերի նման թաքնվել էին չորացած խոտերի մեջ։ «Շնորհակալ եմ, ծա՜ռ… Ոչ ջրել եմ, ոչ բուկ բացել… Չես մոռանում՝ ուրախացնում ես ինձ… Ճյուղերիդ մի քանի խնձոր է մնացել, որոնք լավ կարմրել ու շողշողում են արևի տակ։ Մեկը ճաքել է՝ իմ սրտի նման… երևի հեռվից հեռու զգացել ես ապրումներս, իմացել մեր գլխին եկածը… Քեզ նման քանի՜ քանիսը, ի՜նչ ծոցվոր այգիներ ոտատակ եղան, անտեր մնացին»։
Մոտեցա, գրկեցի իմ ծառը՝ նվիրվածության և մեծահոգության համար…
«Փառքդ շա՛տ, Աստվա՛ծ»…
Խնձորները հավաքեցի, լցրեցի լայնեզր գլխարկիս մեջ և տուն տարա։ Ի՜նչ լավ են բուրում, համ էլ մենակ չեմ լինի…
10․10․2023 թ․
Գույներդ խենթացնում են, աշո՜ւն, ու ոգեղեն ուժդ է զարմացնում, որ դեպի մահ տանող ճամփան, վրձնով թե անվրձին, գունավորում ես քո հունարներով…Ամեն անգամ սիրտս ես գերում կաթիլների մանրիկ նվագով, ջրափոսերի դողդոջուն շնչով, դեղին ու կարմիր արևներով, և այս ու այն կողմ թռչող տերև-թաշկինակներով համառորեն սրբում-տանում մահվան հոտ առած տագնապներս… Գույնի հնարամիտ խաղ ես, աշո՛ւն, մահվան ճամփեքի զարդանկարիչ… Եվ ամենակարևորն ու անհերքելին՝ մեր հոգիներում դաջված տարվա այն եղանակն ես, որ ամեն օրվան նոր կարոտ է ավելացնում՝ հիշեցնելով հազարավոր ընդհատված ու չեղարկված կյանքերի և անպարտ հերոսների անհավատալի պարտության մասին։ …Խռնվե՜լ էին նրանց կյանքերը պատերազմի օրերի պայթյուններին, հրին ու ծխին, քո մոլեգին քամիներին, սպասողների հույսերին ու աղոթքներին… Նույնիսկ կարողանում ես քո և մեր ոչ հեռավոր անցյալով մխրճվել, տեղավորվել այս օրվա մեջ՝ նրան բերելով գերիշխող մռայլություն, կուրծք ճնշող ցավ։ Եվ որքան էլ դյութես, զվարթացնես քո պերճախոս գույներով, թափառող հայացքս ընկնում է քո քամոտած տերևների ետևից և հասնում այնտեղ, ուր հավերժ երիտասարդ ժպիտների օվկիանոս է գոյացել…
Խենթացնում են գույներդ, աշու՛ն,
Խենթացնում է անցյալդ վերջին…
09․11․2025 թ․
Շերեփ ու գրիչ
Փոխս են ընկնում
Երբ խենթ պոետը
Խառնվում է ինձ
Այսպէս պոլիտեխնիկական ինստիտուտը աւարտած մասնագիտութեամբ ինժեներ-մեքենաշինարար(ուհին) կը դառնար բանաստեղծ:
Անհերքելի իրականութիւն է, որ մանուկներու համար գրուած իւրաքանչիւր տող՝ հոգատարութեան, մեծահոգութեան, քնքշանքի արտայայտութիւն է և բանաստեղծի վաստակին կ’աւելցնէ մանկագիր տիտղոսը: Օլգա Դարյանը այդպիսին է: Ծաղիկը, ձիւնը, զեփիւռը, նապաստակը, եղնիկը կը յուշեն պատկերներ ու տողեր հեքիաթային երեւակայութեամբ, որոնք մանուկներուն կը մատուցեն հոգեկան սնունդ, իսկ մեծահասակին մանկանալու հնարաւորութիւն ու պահ մը մանուկի աչքերով դիտելու շրջապատը:
Սակայն սիրազեղ ու հեզիկ Դարյանի քնքշութիւնը կը չքանայ ի տես անընդունելի երեւոյթներու: Ան նման է պարզ երկնքին, ուր երբ փոթորկաբեր ամպեր կուտակուին, տագնապելով ինքն է որ կ’ահազանգէ: Դարյան բանաստեղծ մարդու համար հայրենիքի սրբութիւնները անձեռնմխելի են, խոցն ու ցաւը մե՛րթ լռին, մե՛րթ բարձրագոչ:
Մեր ուսերին Եռաբլրի//Բազմաբլուր ցավն է իջել//և մայրերի ճերմակամազ//Ու սևասիրտ բայցն է իջել..
Օլգա Դարյանը սիրոյ, բաժանումի, ցաւի զգացումներով լի աշխարհ ունի, ուր իմաստութիւնն ու աշխարհահայեացքը սեղմուած տողերու մէջ են:
Սարերը գահի կռիվ չեն անում//Քանզի ի ծնե բազմած են գահի..
Խելագար թաւալող այս աշխարհի խեղճ ու կրակ ժողովուրդը հրթիռներով, անօդաչու սարքերով, մարտական, արդիական օդանաւերով կը ռմբակոծուի: Գահի կռի՞ւ է, մենատիրութեա՞ն, փառքի՞ թէ բոլորը միասին:
Սիրելի գրչընկերուհի Օլգա Դարյան, գրիչդ մնայ հոսուն, բեղուն, արգասաբեր. Մեր նոր սերունդին պարգեւէ յոյս ու լոյս:
Ջերմ շնորհաւորանքս ծննդեանդ հոբելեանի առիթով:
Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ
ՕԼԳԱ ԴԱՐՅԱՆԻ ՄՏԱՀՈԳ, ԲԱՅՑ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ԳԻՐԸ
Այս տագնապոտ ժամանակներում, երբ օր օրի ավելի է խաթարվում մարդկության ընթացքը, երբ «Աստծո պատկերով ու նմանությամբ» արարված մարդը դարձյալ ու դարձյալ՝ աչքը կտրած Երկնքից, չարի գործակից է դարձել, երբ մոլորակն իր՝ այլևս անտանելի մարդ-բեռից ազատվելու համար՝ գլխապատառ վազքի անցած, արագացրած իր «գլխապտույտը», ժամանակի տևողությունն է անգամ խախտել. թարմ, կենդանարար օդի պես է՝ մարդուն դեպի իր կորցրած հունը վերադարձի ամենափոքր փորձն անգամ:
Եվ Օլգա Դարյան գրողի ստեղծագործություններն այդ առաքելությունն ունեն՝ մեծահասակին են ուղղված թե մանուկին, դրանք մարդկային ճիշտ արժեքների, լույսի, բարության, Հայրենին սիրելու, նրան թև ու թիկունք լինելու դաս են:
Միշտ հաճույքով եմ թերթում Օլգայի գրքերը, կարդում մամուլում կամ համացանցում ներկայացված գործերը: Այդ գործերը երբեմն ներքին մենախոսություններ են, բայց այլոց հոգիներում անպայման արձագանք գտնելու ճանապարհ ելած: Բոլորիս հուզումներն այս օրերին գրեթե նույնն են, իսկ բանաստեղծի գրչով, բանաստեղծական թրթիռներով դրանք ավելի հատու են դառնում, ավելի պարտադրող, ավելի կարող՝ շեղ ու խաթարի դեմ, ավելի փխրուն են դառնում նաև՝ տաքուկ մի գիրկ, սեփական Հողը որպես զավակ ու մայր պաշտպանելու պատրաստ:
Օլգա Դարյանի հեքիաթի հերոսներն անգամ երդվյալ Հայրենապաշտներ են: «Խաղողի երկիրը» հեքիաթում խխունջի, խլուրդի և խատուտիկի կերպարներով հեղինակը երկիրը լքող և ապահով հեռվից հզոր Հայրենիք երազողներին սթափվելու և գործո՛վ Երկիրը սիրելու պատգամ է տալիս. հեքիաթի հերոսները ճանապարհվում են դեպի խաղողի երկիր Հայաստան, միայն որտեղ է աճում աշխարհի ամենաքաղցր խաղողը. //Հեռվում հասկացա՝ ի՞նչ է կարոտը//, Խաղողի երկի՜ր….//, Եկել եմ ահա, քո գիրկն եմ հասել.,//Ինձ ամուր գրկի՛ր//…
Շնորհավորանքս, սիրելի Օլգա:
ՆԱՆԵ
Շնորհավորում եմ հոբելյանական տարեդարձդ։ Ստեղծագործողի համար տարիքը սոսկ թվերի հաջորդականություն չէ, այլ՝ ապրած զգացումունքների, հույզերի և արարման անքուն գիշերների հարստություն։
Մաղթում եմ, որ քո ներշնչանքի աղբյուրը երբեք չցամաքի, իսկ գրիչդ միշտ լինի թեթև, ճշմարիտ, լուսավոր ու դիպուկ։ Թող քո կյանքի այս նոր հանգրվանը բերի նոր գույներ, անսպասելի գտնված պատկերներ և այնպիսի տողեր, որոնք կջերմացնեն ընթերցողի, հատկապես՝ մանուկների հոգիները։
Եղի՛ր երջանիկ, սիրված և միշտ շրջապատված քո արվեստը գնահատողներով։ Շարունակիր արարել և կյանք ու շունչ տալ բսռերին, դարձրու սովորականը հրաշք, իսկ լռությունը` խոսուն:
Կրկին շնորհավոր տարեդարձդ։
Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ
