Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ մասնագիտական գրականության պակաս, թվում է, չկա։ Այդուհանդերձ, մաշտոցյան գրերը պարունակում են առեղծվածներ, որոնց վերծանման գայթակղությունը ժամանակ առ ժամանակ արթնանում է, իրարամերժ կարծիքների բախման առիթ տալիս և անհավանական, անգամ, հակագիտական վարկածների համար հող հանդիսանում։ Մեր ապրած ժամանակներում այս երևույթը սուր, երբեմն անհեթեթ, ժխտողական դրսևորումներ է ունենում, և ապազգային մտածելակերպին ու գնահատումներին հակադարձելու հրամայականի արտահայտությունն է արձակագիր Էդուարդ Խաչիկյանի նոր՝ «Մեսրոպ Մաշտոց․ հայոց գրերի գյուտը» վեպը։ Էդ․ Խաչիկյանն այն հեղինակել է 2025-ին՝ բավական կարճ ընթացքում՝ հիմք ունենալով մինչ այս առկա հարուստ աղբյուրները՝ վաղ և ուշ միջնադարյան պատմիչների երկեր, արդի հայագիտական և երաժշտագիտական գրականություն և այլն, սակայն սեփական գեղարվեստական հորինվածքի կաղապարումով։ Վիպագիրը երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, Դերենիկ Դեմիրճյանի անվան գրական մրցանակակիր, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ։ Ի տարբերություն իր նախորդ պատմավեպերի, որոնց թվում են «Սմբատ Գունդստաբլ», «Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպերը, «Մեսրոպ Մաշտոց․ հայոց գրերի գյուտը» չունի սովորական սյուժետային զարգացում՝ հստակ հանգույցով, գագաթնակետով և հանգուցալուծմամբ։ Վեպի երկու մասերը սյուժետային գծով թույլ են կապված և կարող են դիտվել՝ իբրև առանձին վիպակներ։
Գլխավորը, ինչը կապում է վեպի երկու մասերը, մաշտոցյան գրերի ստեղծման պատմական անհրաժեշտության փաստի մանրամասն քննությունն է՝ գրերի գյուտին նախորդած ուսումնասիրությունների խորազննութամբ, նախամաշտոցյան նշանագրերի համակարգերի մասին ծանուցումներով, վարդապետին տեսլացած գրերի գիտական-գեղագիտական ներկայացումը, դրանցում առկա բազում թաքնագրությունների բացահայտումները։ Դա արվում է հետևողականորեն, համարյա ամեն զրույց, երկխոսություն, պատմական իրադարձություն առիթ անելով՝ նորից ու նորից քննության առնելու Հայոց պատմության ամենանշանակալից և հիմնարար իրադարձություններից մեկը՝ այն է՝ մաշտոցյան գրերի արարումը։ Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու վարքը նկարագրելը չէ՛ հեղինակի նպատակը․ դա հրաշալի արվել է մեր պատմիչների մատյաններում։ Բայց նրա կերպարը գեղարվեստական արտահայտություն է ստանում գրքի առաջին մասում։ Այն սկսվում է Հայոց Վռամշապուհ արքայի հրամանով՝ Մաշտոցի ուղևորության և ուսումնասիրությունների պատմությամբ։ Պատումը շարունակվում է ժամանակին առկա գրային համակարգերի ներկայացմամբ, թե ինչո՛վ բացատրել Մաշտոցի տեսիլքը, և թե ինչպե՛ս, որտե՛ղ և ե՛րբ, ի՛նչ հենքի վրա են ծագել հայոց տառերի հեղինակային գաղափարները, ի՛նչ մտքեր և գաղտնագրություններ են դրանք իրենցում կրում։ Հեղինակը վեպի գեղարվեստական պատումը հաճախ ընդհատում է գիտական-փաստագրական ծավալուն ուսումնասիրությունների ներկայացմամբ, որոնցում բացահայտվում են հայոց տառերի մաթեմատիկական, աստղաբանական, թվագրման, քիմիական տարրերի կարգաթվերի նախանշման, տարածական երկրաչափության, աստղագիտության, ինչպես նաև՝ աստվածաբանական թաքնագրումները։ Բայց առավել՝ գրքի հերոսների բերանով խոսում է մաշտոցյան հանճարի զորության, նրա արարման ազգապահպան-պատմական նշանակության մասին՝ ազգի գոյության և հարատևման փաստն անմիջականորեն կապելով հայոց լեզվի և սեփական գրերի գոյության հետ։ «Այսուհետև պարտավոր ենք լուսեղեն ազգ լինել և արևածաղկի նման դեպի արփին ձգվել, որպեսզի մեր գիրն էլ արեգակի պես ճաճանչվի»,- պատգամում է Սահակ Պարթևը Մաշտոցին։
Թեև ոչ գլխավոր, բայց վեպի հիշարժան կերպարներ են Մաշտոցի աշակերտները, որոնց գործերին ըստ արժանվույն գնահատականների ենք հանդիպում գրքի երկրորդ մասում։ Բայց նրանց կերպավորումները վեպում գլխավորապես ծառայում են Մաշտոցի անձն ու գործի նշանակությունը քանիցս և բազմակողմանիորեն ներկայացնելուն։ «Մեսրոպյան 36 հրաշատես տառերն ազգի պահապան աշխարհազորն են ու աշխարհում նմանը չունեն, քանզի ոչ միայն սովորական գիր են, այլև մեծ փիլիսոփայությամբ ու մոգությամբ են օժտված,- սեպուհ Սիփան Պալունու հետ զրույցներից մեկում ասում է Մովսես Խորենացին։-․․․Չի կարելի Ուսուցչի գործը կասկածի տակ առնել՝ նսեմացնելով նրա մեծ ավանդը»։ «Արժանիքները բազում են, բայց ըստ իս՝ ամենակարևորը լեզվի կառուցվածքի գիտակցական տրամաբանությունն է և, իհարկե, նաև օրգանական թաքնագրումները»,- Ղազար Փարպեցու գնահատականն է։ «Մաշտոցի տառաստեղծումը հանճարեղ գյուտ է և գիտական սխրանք»,- մեջբերում է Կորյունի խոսքից։ Իսկ Եզնիկ Կողբացին գրերը համարում է մշակութային մի նոր հզոր զենք․ «Գրերի գյուտն ակամա արթնացրերց ժողովրդի ինքնագիտակցությունը և ազատատենչ ձգտումները»։ Հայ բոլոր սերունդներին է ուղղված Կողբացու պատգամը․ «Ճոխ է հայոց լեզուն, և իրապես կվարձատրվի նա, ով խորապես կուսանի մեր աստվածատուր մայրենին, քանզի մեր լեզվի զորությունը գերբնական է։ Եվ լեզվի մեջ է այն դյութական ուժը, որի առջև ոսոխներն անզորանում են…»։
Մի այլ առիթով պահնորդական գնդի պետ և Արտաշես արքայի հանձնակատար սեպուհ Պալունին, զինվորականին հատուկ պատկերային մտածողությամբ, մեսրոպյան գրերին իր բնութագիրն է տալիս․ «…Մարդաշար կազմած լեգեոն է՝ թշնամու դեմ կռվի պատրաստ։ Եվ ամեն տառն իր տիեզերական բառիմաստն ունի»։
Այսպես, վիպասանը մաշտոցյան գյուտի վերաբերյալ իր կարծիքն ու բնորոշումները շարունակաբար բաշխում է վեպի հերոսների՝ պատմիչների և Սիփան Պալունու տասնյակ զրույցներում՝ այս կամ հերոսին վերագրելով վերոհիշյալ ձևակերպումները։
Գրքի առաջին վիպակում Մաշտոցը ներկայանում է ոչ միայն որպես գիտնական և ուսումնասիրող, այլ նաև՝ որպես զինվորական, ազգի հոգևոր հովիվ։ Սեպուհ Պալունին, որի կերպարը գծագրվում է առաջին վիպակում և երկրորդում դառնում գլխավորը, վկայում է Մաշտոցի՝ ուսումնական այրի, քաջ հրամանատարի, խստակեց հոգևորականի, երաժշտի, «անգերազանցելի տիտանի» դերակատարությունն իր ապրած ժամանակներում։ Նա, իր իսկ խոսքերով, «համառությամբ իր ներքին տաճարն էր կառուցել»։
Պատմավեպի կարևոր բնութագրիչներից է հերոսների պատմական նախատիպերի առկայությունը։ Նմանները շատ են Էդ․ Խաչիկյանի գրքում, սակայն երկրորդ բաժնի կենտրոնական գործող անձը հնարածին է՝ նրա մեջ ամփոփելով հայ զորականի, մտածող և սեփական երկվություններն ունեցող, դրանք հաղթահարող անձի հատկանիշները։ Զուր չէ, որ ստրկության տարված, մանկուրտի վերածված և ապա գերությունից փրկված ազնվազարմ պատանու կերպարը հեղինակը քիչ առ քիչ դարձնում է կենտրոնական։ Մանկուրտ, ասել է թե՝ հիշողությունից ստիպմամբ զրկված մարդը կողմնակիորեն հիշեցնում է ներկայիս այն սերունդը, որը հասակ է առել խորը գիտելիքից, իր արմատների զգացողությունից, ոգեղենությունից զրկված, կեղծ ու կործանարար արժեհամակարգերով առաջնորդվելով։ Գողթան գավառի իշխան Շաբիթի փրկած մանկուրտը, պարզվում է, Պալունիների սեպուհական տոհմից էր, և նրա նոր հիշողությունն ու աշխարհընկալումը ձևավորվում է հայոց սահմանները պաշտպանելու, Մաշտոցին օտար երկրներում ուղեկից և թիկնապահ լինելու, ապա և արքայի վստահելի ու հավատարիմ զորականների շարքը դասվելու ընթացքում։ Նրա հարցասիրությունն ու անհանգիստ միտքը դրդում են շարունակաբար անդրադանալու գրերի գյուտի նշանակությանն ու արժեքին։ Նա, մի տեսակ, գործիք է՝ պրպտելու և բացահայտելու հայոց գրերի թաքնագրությունները։
Հնարածին է նաև սեպուհ Սիփանի կնոջ՝ արցախցի Հայարփիի կերպարը, որը սերտելով հայոց գրերը՝ դառնում է ուսուցանող և արքայի թույլտվությամբ բացված առաջին օրիորդաց դպրոցի կին ուսուցիչը։ Սա հեղինակի մտահղացումների շարքից է, կարելի է ասել՝ ենթադրությունը, քանի որ ուսյալ, կրթյալ իշխանուհիների և ազնվազարմ կանանց շատ անուններ են հայտնի հայոց պատմությունից։ Հենց Հայարփիի խոսքում է կարոտով հիշատակվում Ղազանչեցոց եկեղեցին, ինչը հեղինակի կողմից պատմական իրողության զանցառում է․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է նկարագրված իրադարձություններից շուրջ 14 դար անց։ Բայց պատմավիպագրության մեջ երբեմն նման դիտավորյալ «վրիպումները» թույլատրելի են, երբ հատկապես անհրաժեշտություն է ծագում ժամանակների միջև կապը և խնդիրների արդիականությունը շեշտելու։
Գրքում ամբողջական էջեր կան, որոնք նվիրված են դավանաբանական խնդիրների արծարծմանը։ Եվ սա դարձյալ, ենթադրելի է, թելադրված է մեր օրերում նման հարցերի շուրջ հանրային քաոսային քննարկումների ակտիվացմամբ, և, ասես, այդ իրողությանն ի պատասխան, Էդ․ Խաչիկյանը նման բանավեճերին արձագանքում է պատմիչների և աստվածաբանների զրույցների միջոցով։ Ընդ որում, չծանրաբեռնելով վիպական գործողությունների ծավալումը, հնարավորինս՝ մատչելիորեն լայն ընթերցողի համար և ոչ դոգմատիկ։
Պատումն աշխուժացնում են բյուզանդական և պարսից զորագնդերի, ավազակախմբերի հետ բախումների, նաև պատմական ճակատամարտերի մասին պատմող էջերը։ Պատերազմական գործողությունների նկարագրությունները, ինչպես Էդ․ Խաչիկյանի մյուս պատմավեպերում, խիստ հավաստի են՝ մարտական գործողությունների կենդանի պատկերներով, զենքուզրահի նկարագրերով, առասպելականի և իրականի ներդաշն միախառնումով և շատ համոզիչ։ Երկրորդ մասում սրան գումարվում են երեք-չորս դետեկտիվային կարճ պատմություններ, որոնց հանգուցալուծումը տալիս է սեպուհ Պալունին։
Վեպը հարուստ է բնության պատկերագրումներով, համեմատություններով, հեղինակային բառաստեղծումներով։ Բերենք բնության մի քանի պատկերներ, որոնք իրենց տեղերում ծառայում են կոնկրետ իրադրությունների առավել զգացական ընկալմանը․
«Պաղ գիշերաժամին քամին՝ մրրիկն իրեն վզնոց արած, փաթաթվել էր դաստակերտի ծխնիներին, մղկտոցի պես ճռռացնում էր դռները, ասես դարանամուտ վիշապ էր, որ պատրաստ է կուլ տալ անծանոթ կամ ուշացած մեկին»։
«Լույսը, զրկվելով իր սովորական, ցերեկվա լեն ու բոլ տարածությունից, սեղմվել-փոքրացել, մթնաքողով էր շուլալվել»։
«Սարսափից համրացել էր մթությանը լուծված լռությունը»։
«Խոնավ լռությունը հանկարծ ողջակիզվեց քարանձավ թափանցած արևի առաջին ճառագայթներից»։
«Սևազգեստ ամպերը միանձնուհիների սգո թափորի պես թևածում էին Գողթան գավառի վերևում»։
«…Մենության շնչից պայթեց ձայնի միջուկը»։
«Առավոտյան երկինքը գորշ էր ու անձրևահոտ, նույնքան հուսաբեր, որքան երաշտից հետո սև ամպիկի ծվենը»։
Առանձնացրել ենք նաև մի քանի իմաստնախոսություններ, որ թևավոր խոսքեր կարող են դառնալ․
«Հուսալքումը նախերգանքն է կորստի»։
«Տառապանքն է իմաստնացնում մարդուն»։
«Կարիք չկա կեղեքվելով մոտեցնել սեփական վախճանը․ աշնան դեղնած տերևի ողբը սկսվում է խաշամին խառնվելիս…»։
«Ամբոխը նմանվել է շաքարով խաբված պարսի, որ կորցրել է համ ու հոտի զգացողությունը»։
«Եթե վիրավորանքն արմատակալում է մարդկային սրտում, գոցվում են հոգու աչքերը»։ Եվ այլ, և այլն։
«Մեսրոպ Մաշտոց․ հայոց գրերի գյուտը» վեպը, որոշ առումով, գիտա-հանրամատչելի գրականությանը համազոր երկ է, զրույցների և դիպուկ բնորոշումներ պարունակող մտքերի ժողովածու, հայրենասիրության և հայրենանվիրության դասեր պարունակող ուսումնական ձեռնարկ, որը կարող է և պետք է ծառայի դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար՝ որպես հավելյալ նյութ՝ մեր գրերի դերն ու նշանակությունը խորքայնորեն ներկայացնելու համար։
Գիրքն ընթերցելիս՝ տեղ-տեղ այն տպավորությունն ես ունենում, թե գործողությունները զարգանում են մեր օրերում, հատկապես երբ խոսվում է քաղաքական սրացումների, խառնակ ժամանակների, հայոց սպառնացող սահմանային նոր բաժանումների, բնակավայրեր զավթելու՝ ոսոխի անիրավ նկրտումների, անկախության վերականգնման հրամայականի մասին։ Հեղինակն իր համոզմունքն է շարադրում ծագմամբ արցախցի հերոսներից մեկի բերանով․ «Ամեն ինչ էս աշխարհում արյունով է սկսվում, ու ամեն ինչ արյունով է վերջանում։
…Հողը արյունից է լիանում։ Մեր Արցախ երկիրն էլ իր արյունով է պարարտացնում մեր հող հայրենին, որն օտարի ոտքերի տակ կրակաբոց է դառնում»։
«Ազգն իր ոգեղեն անկման մեջ է, հիասթափությունն է հոշոտում նրա հիվանդ մարմինը»,- կարդում ենք և ակամա համեմատություն անում տասնվեցդարյա հեռավորությունից։ «Հայոց պարարտ հողում գալիք հաղթանակների սերմերը, ցավո՛ք, հողի տակ են պայթում՝ առանց ավելորդ գովազդի։ Պիտի հավատանք մեր ուժերին, որ հաղթանակը մերը լինի…»։
