Պոեզիայի և ժամանակի մասին / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Էդվարդ-Միլիտոնյան

Երբ տագնապները զուգահեռվում են հոգու թռիչքների հետ, սկսվում է տառապանքը: Հենց դա էլ պոեզիա կոչվող փայտն է, որ տիեզերքից իջնող ուղղահայաց գծի հետ խաչափայտ է կազմում:
Որպես երկու փայտ խաչափայտի`// Ուղղահայաց` տիեզերք,// Հորիզոնական` պոեզիա:
Ահա թե ինչպիսին է Էդվարդ Միլիտոնյան բանաստեղծի ուսած խաչափայտը: Ծանր է պոետի խաչը, առավել ծանր, քան ծանր են մարդկային առօրյա հոգսերը, ցավերն ու խնդիրները: Ծանր է պոետի խաչը, բայց սրբազան: Այդ մասին գիտի հենց ինքը` բանաստեղծը, բայց ընկրկելու ոչ մի տեղ չունի, և փակ են նահանջի ճանապարհները: Ուստի նրան մի ելք է մնում. հավաքել սեփական ուժերը, ուժին ուժ գումարել և առաջանալ ինքն իրեն սատարելու խոսքեր շշնջալով.
Քաշի, քաշի, ուսիդ մատաղ,// Եզո ջան, ախպեր ջան:
Ի՞նչ է պոեզիան, և ո՞վ է պոետը: Ինչպե՞ս են բացվում այս հարցերի պատասխանները Էդ. Միլիտոնյանի ջինջ ու պատկերավոր մտածողության տողատակում: Վեհ կոչում` բանաստեղծ: Իր կոչումին տեր է Էդվարդ Միլիտոնյանը, ուստի փնտրել ու գտել է ամեն ինչից վեր գտնվող ճշմարտությունը: Եվ դա այն մասին է, որ սոխակը սոխակ է, և վարդը` վարդ, անկախ այն բանից, նրանց նայողը քրիստոնյա՞ է, թե՞ մահմեդական: Ամեն ինչից վեր եղող ճշմարտության մեջ խորանալու ճանապարհին, ահա, բանաստեղծը հանդիպել է Շիրազի վարդերին: Վարդը բանաստեղծի համար գլոբալ մտածողության կրող է: Առավել ևս` արևելքի վարդը, որ թերթ առ թերթ բացվող գաղտնիքների միջով է առաջնորդում նրանց, ովքեր ուսել են պոեզիայի խաչափայտը: Նույն այդ գաղտնիքների ճանապարհին է, որ բացվում է ապրումի ու հարաբերումի, կյանքի ու մահվան «հիմքը ներդաշնակության»: Այո, մոլորակի վրա ցանված գաղտնիքներից մեկն է միայն Շիրազի վարդ կոչվող գաղտնիքը, և յուրաքանչյուր գաղտնիք իր անունն ունի.
Չեմ ուզում կոչել լոկ անունով մի,// Հազար է, բյուր է ու բազմաձայն:
Էդ. Միլիտոնյանի պոեզիան բանաստեղծի կոչման մասին է: Նրա առաքելության, նրա անհանգիստ հոգու մասին.
Որքան էլ հողը վառվում է ներսից,// Եվ դրսից ողբն է պատում երկրներ,// Խարդավանքի ու մութ հաշիվների// Սարդոստայնից մեզ նայում է մի նեռ,// Դու էլի պարզուկ սկյուռի նման// Իջնում ես ծառից քաոս-քաղաքի…
Բանաստեղծը չի կարող կուչ գալ քաոսի մեջ, փակվել այնտեղ և ատամների տակ վայելել հայթայթած սնունդը: Նա իջնելու է ծառից սկյուռի նման, և ինչպես շատ պարզ մանկական մի խաղ, սկյուռի փափուկ պոչի նման շարժելու է իր գրիչը «մռայլ Տերերի» դեմքերի առաջ: Սկյուռի պոչի թափահարումից շրջապատին պատած փռշտոցի միջից էլ հառնելու է ամենայն գաղտնիք` բացելով «հիմքը ներդաշնակության»: Ահա թե ով է բանաստեղծը.
Քո պոչն ես շարժում փափուկ ու մաքուր,// Քսում դեմքերի բարակ պուդրային,// Եվ փռշտում են, օ միահամուռ// Մռայլ Տերերը մեր ապագայի:// Եվ ով էլ լինի` կժպտա թեթև// Այս պատկերի դեմ լուրջ ու մանկական:// Ոչինչ չի մնա քեզանից գաղտնի// Եվ դա է հիմքը ներդաշնակության:
(,Սկյուռի պոչը»)
Ի՞նչ է պոեզիան, ո՞վ է պոետը և ինչո՞ւ է գրում: Ահա հարցեր, որոնց ետևից կամ նրանց մեջ եղող ճշմարտության հատիկի ետևից է գնում բանաստեղծը:
Բանաստեղծական առանձնահատուկ դիրք, ձևական պահվածք, ամպագոռգոռ խոսքեր, այս ամենը հեռու, շատ հեռու է ճշմարիտ պոետի, պոետական տառապանքի համը տեսած բանաստեղծի գոյության ձևից: Ճշմարիտ բանաստեղծի գոյության կերպը զարմանալի է անգամ իր` բանաստեղծի համար: Նրան տրված չէ ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում.
Թե չէր ուզում մեռնել// Ուրեմն մահացած է,// Թե չէր ուզում ապրել:// Ուրեմն ապրում էր:// Այսքան տխուր բաները,// Թե չէր ուզում գրել`// Ինչո՞ւ գրվեց:
(«Թե չէր ուզում»)
Մարդ և պոետ: Երկակի կյանք, գոյության ձև, պահվածք, ապրում… Երկակի կյանք, որի մի կողմը անպայման մյուսից պահված գաղտնիքներ ունի ,և դա է հիմքը ներդաշնակության»:
Տողերի արգելքը հաղթահարող բանաստեղծի աշխատանքը նման է տիրոջ հրամանով դեպի հաղթանակ սլացող մարզական ձիու ինքնազոհումին: Տողերի արգելքը հաղթահարել, նշանակում է գնալ դեպի ներդաշնակության հիմքը` ընկալելով պարանոցին կապված շղթայի ծանրությունը, և մորթվել «երկնային անմահության լազուր շեղբով» («Դատապարտվածը»):
Ի՞նչ է պոեզիան, ո՞վ է պոետը և ինչո՞ւ է գրում: Նույն այս հարցերն են լողում բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի ստեղծագործական աշխարհում, որոնց պատասխանը նույն այդ աշխարհում է: Այդ աշխարհում պոեզիան տիեզերական ժամանակն է, իսկ բանաստեղծը խաղում է ժամանակի պոչի հետ` երեխայի պես: Եվ դա մի ընթացք է, երբ գնում ես, բայց մնում ես, երբ մնում ես ու գնում: Եվ դա նաև մի ընթացք է, երբ խոսում ես քարացած լինելով կամ քարանում` խոսելով:
Այնքան բան ես տեսել// Եվ խոսող, և քարացած,// Անգամ` խոսող ու քարացած միաժամանակ:// Սա արդեն քո մասին է:// Այսինքն` իմ,// Գնում եմ ու մնում,// Մնում եմ ու գնում:// Երեխայի պես// Խաղալով ժամանակի պոչի հետ:
(«Գետը»)
Այսպիսին է միլիտոնյանական աշխարհը. գնում է ու մնում, մնում է ու գնում…
Տիեզերքն ու բանաստեղծությունը, հատվելով մի կետում, խաչափայտ են կազմում: Այդ խաչափայտին գամված ճշմարտությունն է, որ հաստատում է, թե`
Ինչը Աստված է կնքել իր աջով`// Անփոփոխ է հար:
(«Նույնանուն»)
Աստծո աջով կնքված բանաստեղծների համար անմեկնելի է մարդկային հոգին և «անբռնելի տարր»: Հենց դա էլ բանաստեղծի գրիչը շարժող ուժն է: Շարժում է ճերմակ թղթին իր գրիչը բանաստեղծը և ստացվում է աշխարհի պատկերը` իրենք իրենցից լուր չունեցող մարդկանցով լի:
Ո՞վ է մարդը: Ովքե՞ր են անծայրածիր Տիեզերքի մեջ իր պտույտը պահող Երկիր մոլորակի բնակիչները: Հարցն ինքն է բարձրացրել` Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Պատասխանն ինքնին միլիտոնյանական է.
Եվ բույն հյուսեցին ատելության ցիները// (Նրանց հոգում), ցախից, փշից:// Եվ բույն հյուսեցին նրանց հոգում սիրո// (ցեխից, ծղոտից) ծտերը:// Եվ բույն հյուսեցին տարանուն թռչունները// Վախի, ստի, նողկանքի, քնքշության:// Նրանք մի օր թռչուն էին դարձել,// Լուր չունեին:
(«Մարդիկ»)
Պոեզիան տիեզերքի հետ խաչափայտ կազմող կողմերից մեկն է: Քաջ գիտակցելով նրա ծանրությունը` այնուամենայնիվ այն իրենն է դարձրել Էդվարդ Միլիտոնյանը: Ծանր, շատ ծանր է խաչափայտը, որն էլ երբեմն ստիպում է բանաստեղծին ծանրությանը զարմանք դարձնելով` դառնալ ինքն իրեն.
Գնա և մոռացիր ով ես:// Հաշիվը փակված է// Կոպեկներով:// Ականջի մեջ խցկված`// Բամբակ մեղեդու:// Տղա, աղջիկ:// Մեքենաները սրընթաց:// Ապա լուռ սպասում կարմիր լույսի տակ:// Գոմեշը խրվել է ճահճում,// Միայն քթանցքն է կապված// Ապրելու աստծո հետ:// Մարդու աչք, դու վեր ես ռունգերից:// Այսքանը տեսնել և մնալ չո՞ր:
(«Գնա»)
Ծանր, շատ ծանր է բանաստեղծական խաչափայտը: Սակայն ծանրության այդ ֆոնին իջած մխիթարանքն զգալու համար այլ ճանապարհ չկա, քան նույն ծանրության պատճառած ցավի միջով անցնելը:
Երկինքը մեծ կնիք մխիթարանքի// Անվերջ մեջքիդ խփվող:// Մերթ ընդ մերթ կայծակով խզբզված:
(«Մոսկվայում»)
Քայլում է պոեզիայի ծանրությունն իր մեջքին առած բանաստեղծը, քայլում` որպես հարցականներ փնտրող մի սակրավոր: Փնտրում է` զգուշացնելու համար: Փնտրում է վնասազերծելու համար: Ի՞նչ անի սակրավորը, երբ հարցականները դժվարամատչելի լեռների վրա են: Օգնության համար նա ետ է նայում և ետ նայելով տեսնում է նրան, ով առջևում է.
Ամեն ինչ տեսած Դանթեն մեջքով է// Շրջվել թատրոնի բեմ ու սրահին:// Ուսերն են ցնցվում և ով կիմանա// Լա՞ց է, թե՞ ծիծաղ: Հարցական է հին:
(«Օգոստոս»)
Հարցականների մեջ խճճվելու փոխարեն բանաստեղծը փորձում է գտնել դրանց պատճառը: Ինչո՞ւ մարդն իր ետևից թողեց այդքան շատ հարցականներ:
Որովհետև`
Համաշխարհային// Ջրհեղեղից հետո// Նրա կառուցած// Ամեն ինչը// Ավազի վրա էր:
(«Հետո»)
Ցավի զգացողությունը իր հոգևոր իմաստով ընկալող մարդկային տեսակ է բանաստեղծը: Այս մասին է Էդ. Միլիտոնյանի «Է» բանաստեղծությունների ժողովածուն: Նրա տողերի մեջ կարդում ենք. «Ո՞վ է բանաստեղծը» հարցի խոսուն պատասխանները: Ընթերցում ես ժողովածուն և սիրով գնում տողերի միջից քեզ սպասող հարց ու պատասխանի ետևից:
Կա հարցը. «Ո՞վ է բանաստեղծը», և կա պատասխանը` «Փայտեր հղկող հյուսնի ցավն իմացողը»:
Կա հարցը. «Ո՞վ է բանաստեղծը», և կա պատասխանը` «Աստվածորդու հյուսն հոր սրտակիցը»:
Կա հարցը` «Ո՞վ է բանաստեղծը», և կա պատասխանը` «Ով հղկում է ինքն իր խաչափայտը»
Կա հարցը. «Ո՞վ է բանաստեղծը», և կա պատասխանը` «Ում չի վախեցնում եղունգի տակ մտած փշի ցավը»:
Կա հարցը. «Ո՞վ է բանաստեղծը», և կա պատասխանը`«Ով պատկերացնում է չհղկված փայտի հետևանքը»:
Պատասխանելով ո՞վ է բանաստեղծը հարցին` Էդ. Միլիտոնյանի «Է» ժողովածուն խոսում է «չհղկված» մարդկային տեսակի ու նրա պատճառած ցավի մասին: Այդ ցավն առավել է նրանց համար, ովքեր շալակել են խաչափայտը:
Ում եղունգի տակ չի խրվել// Մառը// Խաչափայտի,// Նա չի զգա չհղկված փայտի// Վտանգը// Նրա սարսափելի// Հետևանքը:// Օ, սա լավ գիտեր// Քո հայրը հյուսն:
(«Մառը»)
Ո՞վ է բանաստեղծը հարցին տրվող պատասխանները բազմաթիվ են Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունների յոթերորդ ժողովածուում: Մի դեպքում նա մեզ համոզում է, որ բանաստեղծը նա է, ով իրեն մի քիչ նավ է զգում, երբ կանգնած է կառամատույցում: Բայց և խոստովանում է, որ դրա համար չէր, որ ծով էր գնացել:
Ես գնացի ծով` նավեր տեսնելու,// Հսկա, իրար կողքի…
(«Կառամատույց»)
Նույն կառամատույցում նա նաև տեսնում է՝ աղջիկ ու տղա «ձեռքերն ագուցած կոշկաթելերի պես», որոնց երազանքն է անցնել երկրից երկիր` ինչպես երազանքից երազանք: Նույն կառամատույցում նա նկատում է, թե ինչպես է ձկան պես թպրտում ափից նայող տղեկի սիրտը, լսում ճայերի ու շչակների ձայները և զգում կյանքի ռիթմի հետ նորոգվող օդի թարմությունը: Եվ այստեղ ահա փոխվում են դերերը: Ճիշտը ոչ թե նավ տեսնելու համար ծովափ գնալն է, այլ` նավ լինելը: Ինչո՞ւ: Որովհետև այդ նրա առջև է ափին շառաչում երջանկությունը:
Ուստի, իսկապես, նա է բանաստեղծը, ով կարող է ասել`
Ես գնացի կառամատույց// Մի քիչ նավ զգալու ինձ:
Երբեմն, այսպես, շունչ առնելու պես փոխվում է բանաստեղծի տրամադրությունը:
Էդ. Միլիտոնյանի բանաստեղծական աշխարհում «մարդենի» տեսակն է, որ քարեր է նետում և քարեր հավաքում:
Բայց կան ծաղիկներ, որոնք ճշտորեն// Զատում են անմեղ և մեղավորի«// Նրանք կրում են արմատի օրենք,// Որից շեղվել է բունը մարդենի:
(«Ցասման վարդերը»)
Ի՞նչ անել, ո՞ւր գնալ, երբ բունը շեղված է մարդենի ծառի:
Ո՞ւմ վրա և ինչո՞ւ է զայրացած մարդը: Բանաստեղծը չի կարող մենակ թողնել նրան և հետևում է ցավով, ափսոսանքով.
Զարմացած մարդը ծխելուց հետո// Գլուխը խոթեց օձիքի մեջ,// Գնաց գետի ափով: Բառեր էր թքում:// Մինչև լռեց: Մուժ էր, մշուշ ու թոն:
(«Զայրացած մարդը»)
Տագնապների, ցավի, ափսոսանքի, տառապանքով թրծված այս բանաստեղծության ավարտը հանդարտ ելևէջումների մեջ է: Ռեքվիեմի սպասում կա: Այն շարունակվում է, սակայն` ընթերցողի հոգում:
Նա տուն վերադարձավ, երբ լուսին կար կիսատ,// Հողաթափերն հագավ, կարծես ժպտաց,// Ինքը դատարկ դույլ էր, և ոչ թե զանգ:// Պառկեց, մի գիրք առավ ու հայտնվեց Աստված:
Երբ հոգու գռմռոցը դրսում թողնելով` մարդը տուն մտավ, հասկացավ, որ միայն այժմ է եկել իր ճշմարիտ արարումի պահը:
Արարումը հոգու թռիչք է: Երբ տագնապները զուգահեռվում են հոգու թռիչքների հետ, սկսվում է տառապանքը, և պոետի մեջքին ծանրանում է պոեզիա կոչվող խաչափայտը:

One thought on “Պոեզիայի և ժամանակի մասին / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։