Նոր տարին… դա այն է, երբ Երկիր մոլորակը մի պահ «մտովի» կանգ է առնում (իրական կանգառ՝ Աստված մի արասցե, որովհետև այդ դեպքում դուրս կգա իր ուղեծրից) ու խորհում իր անցած մի պտույտի վրա, մտածում հաջորդի մասին… Առասպելական պլանի վրա նա Գեան է, մենք էլ՝ իր որդիները, որ նույն բանն ենք անում՝ մտածում ենք անցնող տարվա արդյունքների վրա և երազում եկող տարվանի մասին։ Դժվար տարի էր անցնողը, համաշխարհային անորոշությունների ու վտանգների տարի, պատերազմների տարի, որ ժամանակ առ ժամանակ բռնկվում են այս ու այնտեղ, որոնցից ռուս-ուկրաինականի վերջը չի երևում… Հրդեհները մարում են հրշեջները, իսկ պատերազմներն՝ Աստված… Իր արցունքներով… Հայաստանին էլ է խաղաղություն պետք, որ մեջքներս ուղղենք, բարեկեցիկ, խաղաղ, ստեղծարար երկիր դառնանք, բայց այդ խաղաղությունն արժանապատիվ խաղաղություն պիտի լինի՝ ինքնիշխանության պահպանվածության հստակ երաշխիքներով։
Այս անցնող տարվա իմ «նվաճումը» բանաստեղծությունների մի ժողովածու է եղել։ Եկող տարվա համար տպագրելու պատրաստ ունեմ երկու գիրք՝ մեկը՝ խոհագրությունների, հոդվածների ժողովածու, ու մեկն էլ՝ բանաստեղծությունների։ Հա, վերջերս շատ եմ աշխատում, տարիքն ինձ ոչ միայն, «ըստ Շեքսպիրի», շնորհք է ավելացնում, այլ նաև ստեղծագործելու եռանդ: Աստված թող պահապան լինի իմ և բոլորիս ստեղծագործական ծրագրերին, աշխարհի ու մեր պետության խաղաղ, բարգավաճ կյանքին։
Զավեն ԲԵԿՅԱՆ
