Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Երբեք ո՛չ լսել եմ և ո՛չ կարդացել, որ Վազգեն Սարգսյանն իր մասին խոսի մեծափառ ինքնապարծությամբ։ Նա չէր տառապում կեղծ համեստությամբ և ոչ էլ՝ անկեղծ անհամեստությամբ։ Նա բարձր էր դասում կռված տղերքին, հրամանատարներին և ժամանակ չուներ թվարկելու իր արածը, որը գնահատվում էր բարձր ղեկավարության կողմից, ընկերների շուրթերից, բայց թույլ չէր տալիս՝ զեղումների մեջ ընկնեն։
1994 թվականին Հայաստանի պետական հեռուստատեսությունում «Վերնատուն» անվամբ հաղորդաշար էի հիմնել. հիմնականում մշակույթի և գրականության կարևոր դեմքեր էին հյուրերը։ Հրավիրեցի ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանին։ Նա ընդունեց հրավերն ու պայմանավորված օրը եկավ հեռուստատեսություն։ Հաղորդումը նայել են բազմահազար դիտողներ։ Նա ստույգ գնահատեց իր մասնակցությունը պատերազմին, ասաց այն, ինչ բոլորին էր հայտնի, առանց որևէ գունազարդման։ Ընկերների կորուստ, նահանջի օրեր, հաղթանակներ։ Խոսեց նաև գրելու ժամանակ չունենալու, սակայն մեծ փորձը հետո գրի առնելու մասին։ Այդ ծանր ու հաղթահարած օրերը նրան թրծել էին, խոսքը ճշգրիտ ու չոր էր, զգացմունքային շերտեր հայտնվում էին, երբ հիշում էր զոհված ընկերներին։ Հիմնական գաղափարն էր՝ արցախյան պատերազմին տվեցի ամեն ինչ, վաստակեցի միայն հպարտություն։
Շատ քչերն են գիտակցել, որ այդ ջահել գրող տղան ինչ հնարքներով ու բնավորության բարեշնորհությամբ է զոդել միմյանց կոշտ ու ինքնազոհ կամավորականներին ու ռազմական ինստիտուտներ ավարտած, մասնագիտացած փորձառու զինվորականներին։ Ոմանց կթվա, թե նախարար է, կհրամայի ու վերջ։ Թող այդպես մտածողները փորձեն մի քանի օր հարաբերվել վերևում նշածս մահվան դեմ գնացող հրե հոգիներով, մերթընդմերթ պոռթկացող տղերքի ու սպաների հետ։ Այդ հաղորդումը ով նայել է, խորապես ճանաչել է Վազգեն գրողի և Վազգեն հրամանատարի բնավորության ոչ միագիծ, երբեմն խիստ ու կոպիտ, երբեմն ներողամիտ ու բարի և շատ հաճախ գրողական զգայնության թաքուն դրսևորումները։ Ե՛վ արցունքներ, և՛ ջղաձգում ու երկաթե կամք։ Շատ ընթերցողներ չեն կարդացել նրա «Հացի փորձություն» և «Խաղ» պատմվածքների ժողովածուները։
Այդ գրքում՝ «Խաղը»-ում (հետմահու հրատարակած), կզգան որոշակի տաղանդավոր ներհայեցողի ենթագիտակցական պայծառատեսություն, ոչ պաթետիկ ցուցամոլական հայրենասիրություն. դա նրա ներքին բնույթի խորքերում էր և չէր պահանջում երևալ ավելի հայ ու հայրենասեր, քան մյուսներն են։ Նրա կողքին չէին համարձակվում երազել դղյակներ, սուպերմարկետներ ու սեփական սարեր ունենալու մասին։ Նրանից հեռու կփախչեին նրանք, ովքեր կմտածեին՝ Վազգենը իրենց կհովանավորի, իրենց շուկաներ ու գործարաններ կնվիրի։ Այո, կփախչեին, քանզի նա այնպես շամփրող կնայեր ու կպոռթկար, որ եկած ճամփեքը կմոռանային։ Իսկ ովքեր հետո են հասել այդպիսի «երազանքների», երևի իրենց մտքում զղջացել են ու ներում հայցել Վազգեն Սպարապետի հիշատակից։
Մարդկային թուլությունը լինում է, որ հաղթում է նույն այդ մարդու թվացյալ ուժեղությանը։ Մի անգամ առանց որևէ ինքնագոհության հիշեց, թե ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակում համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողքով անցել է Թուրքիայի պատվիրակությունը, ապա Թուրքիայի ՊՆ նախարարը ետ է եկել ու ժպտալով հարցրել՝ Հայաստանի պաշտպանության նախարա՞րն եք։
– Այո,- պատասխանեցի, ժպտալով էլ հեռացավ։
Իհարկե, Վազգեն Սարգսյանի պես մտածող, գրող նախարարը կմտածեր, թե ինչ գաղափարներ ու ծրագրեր կլինեն թուրք նախարարի գզրոցներում։
Չգիտես ինչու, հետագայում մեր բարձր ղեկավարները, ի մասնավորի՝ ՊՆ նախարարները, խորապես չեն նախատեսել Թուրքիայի բանակի՝ Ադրբեջանին աջակցելու գաղտնի և բացահայտ գործողությունների մասին։
Այո՛, լիովին վստահելով Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերին, ՀԱՊԿ-ի պատասխանատվությանը հավատ ընծայելով՝ մեր պատասխանատուները չեն ենթադրել, թե Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հնարավոր է՝ ինչ-որ իրավիճակում դառնան գործընկերներ. և Ուկրաինայի դեմ կռիվ սկսելուց մի օր առաջ Ռուսաստանը ռազմական համագործակցության պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ։ Բարդ աշխարհ է, միամիտները լավ չեն ընկալում արագ փոփոխվող իրավիճակները և…
Ամեն դեպքում, կասեն, թե Վազգեն Սարգսյանն էլ է հավատացել ռուսական ուժին և նրանց ՊՆ նախարարների հետ մտերիմ եղել, զենքի առևտուր կազմակերպել, որոշ դեպքերում նաև զինական օժանդակություն ստացել։
Այո՛, սակայն Վազգեն Սարգսյանը կփորձեր ճանաչել տարածաշրջանային մեր դեմ խաղարկվող խարդավանքները։ Կներգրավեր տարբեր երկրների լրջմիտ հայ և օտար ռազմագետների ու քաղաքագետների։
Քավ լիցի, ես չեմ ցանկանում դաս տալ հետահայաց, Վազգենի անունն օգտագործել՝ փնովելու պաշտպանական համակարգերի ղեկավարներին, սակայն դա, ցավալի է ասել, հենց նախկին բարձր որոշ զինվորականներն են արել և անում։ Վազգենի օրոք դա բացառված կլիներ։ Սա՝ հաստատ։ Վազգեն Սարգսյանը հաղթանակից արբած, ինքնապարծ չէր, նա գիտեր՝ պետք է անընդհատ զարգացնել բանակը նոր զենքերով ու զինատեսակներով, գիտեր նաև, որ մենք պարտությունից դառը դաս ենք առել և հաղթելով պիտի պահպանել արժանապատիվ ինքնապաշտպանությունը։ Պիտի ամեն անակնկալի պատրաստ լինել բանակով, դիվանագիտությամբ, գործընկերներ փնտրելով և երբեք չթշնամանալ քեզնից հզորների դեմ, երբ նրանց քեզ բարեկամ ես համարել։
Ահա այսպիսի տողեր գրելով՝ ես փորձում եմ Սպարապետի կերպարին մոտ լինել։ Ախր էն 90-ականներին էլ հեշտ չի եղել, բայց պարտություններից հաղթանակ կերտեցին։
*(հատված «Դարի ասպետը» գրքից, 2024 թ.)
