Գոհար Աճեմյան․ Ապրեց անբասիր կյանքով, անմնացորդ նվիրումով / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Եվս մի քանի տարի, և լրագրող, արձակագիր, թարգմանչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող, Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի երկարամյա վարիչ Գոհար Աճեմյանը կբոլորեր իր կյանքի մեկ դարը: Բայց պատկառելի այդ տարիքում անգամ նա լի էր ստեղծագործական եռանդով, հետևում էր գրական կյանքի անցուդարձերին, գրում էր, տպագրում, առանձին ժողովածուներում ամփոփում և ի մի բերում նախորդ տարիներին ու տասնամյակներին ստեղծած ակնարկները, հուշերը, նաև հարցազրույցները հայրենի և սփյուռքահայ գրողների, արվեստագետների ու մտավորականների հետ:

Բավական է նշել, որ այդ բույլի մեջ էին Կոմիտասն ու Մարիետա Շահինյանը, Շառլ Ազնավուրն ու ճանաչված հայագետ Արմեն-Կլոդ Մութաֆյանը, արձակագիր Վահագն Գրիգորյանն ու գրող-գրականագետ Գրիգոր Պըլտյանը, ուրիշ երախտավորներ… Նրա գրքերը, իր դիպուկ բնորոշմամբ, յուրօրինակ ճամփորդություններ էին «Հիշատակի խարույկի արահետներով»… Կարելի է ասել, որ սկսած հենց առաջին՝ «Մարիետա Շահինյանի հետ» (1981 թ.) գրքից, Գոհար Աճեմյանը հավատարիմ մնաց թե՛ ակնարկային-հուշագրական-հարցազրույցի ժանրին և թե՛ նախասիրած հեղինակներին՝ ամեն անգամ ավելի խորացնելով նրանց կերպարների լուսաբանությունն ու հարցադրումների այժմեականությունը: Նրա ժողովածուներում ընդգրկված նյութերն աչքի են ընկնում արծարծված գրական-մշակութային հիմնախնդիրների բազմազանությամբ՝ գրողի խառնվածք ու գրվածքի ոգի, խոսք և գործ, գրականության ազգային էություն, պատմություն և ժամանակ, ժանր ու մեթոդ, լեզու և արվեստ, գնահատության չափանիշ և հրատարակչական որակ…

Եվ այդ ամենը ոչ միայն իր՝ հեղինակի, այլև ավելի շատ, գրքի «հերոսների» մեկնաբանմամբ: Դրանցում ընթերցողը գտնում է այս կամ այն գրողի կյանքի ու գործի հետ կապված ուշագրավ մանրամասներ, որոնք օգնում են ոչ միայն հիշյալ հեղինակների կերպարի, այլև նրանց ապրած ժամանակի առավել ճշգրիտ ու ամբողջական ընկալմանը:

Գոհար Աճեմյանի՝ անբասիր կյանքով ապրած մարդու, գրական գործչի, Հայաստանի գրողների միության երախտավորներից մեկի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների և ընթերցողների սրտերում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։