ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍՆԻԿԸ
Ասում են` բանաստեղծները չեն հեռանում կյանքից, նրանք մոտենում են երկնքին: Երկիրն ու երկինքը` որպես հոգեվիճակ, ինչքա՛ն է երգել բանաստեղծ Լևոն Մուրադյանը` խոնարհ դպիրն ու ազնիվ մտավորականը, բանաստեղծ, որը, իր խոսքերով ասած, կարող է լինել պահի տիրակալ ու զգալ իրեն տիեզերքի մի մասնիկ: Այս տարվա ապրիլի 28-ին նա կբոլորեր իր կյանքի ընդամենը 70-րդ գարունը:
Լևոնը ավարտել էր Վորոնեժի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ էր, ՀԳՄ անդամ` 2012 թվականից:
Հասցրեց հրատարակել «Անքուն երակներ» (1992), «Տատանվող նժարներ» (1997), «Իրականության այցելուն» (2000), «Անձրևող հայելի» (2002), «Թվացյալ հեռուներ» (2010) բանաստեղծական ժողովածուները: Թարգմանվել է ռուսերեն և վրացերեն:
Ոչ ոք չգիտի,
Թե ո՛ր կանգառում
Ժամանակը կպատռի
Իր սև քողը
Ու կասի.
Վերցրո՛ւ քաղցրությունս,
Վայելի՛ր, քանի կաս…
Թե ի՛նչ անակնկալ
Կյանքը կմատուցի,
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի…
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ԳՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ