ԻՄ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՄ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ / Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

…Այն երանելի ու ծաղկաշատ ժամանակներում, երբ ես երկու մայրաքաղաք ունեի, պինդ ու գոց սահմաններ, շատ-շա՜տ տանկեր, անհաշիվ հրանոթներ, ԵՐԿՐԻ ամեն մի քառակուսի մետրի արժեքն իմացող զինվոր, հեռավոր շեներում ապրող, ԵՐԿԻՐՆ ուսերին, մտքում ու սրտում պահող քաղաքացիներ, և միջազգային հանրություն կոչվածն էլ դեռ մեծագույն հարգանքով էր ընդունում մեզ, ես տարին մեկ կամ երկու անգամ ժամանում էի Երևան, այն էլ՝ ո՛չ անձնական հարցերով: Երկու-երեք օրով: Հանդիպումներ գործընկերներիս հետ, նկարահանումներ, կազմակերպչական խնդիրներ: Ընդամենը: Չէի հասցնում անգամ հանդիպել երևանաբնակ հարազատներիս ու մտերիմներիս: Եվ այդ երկու-երեք օրը ակնթարթ էր՝ լիքը գեղեցիկ պատկերներով, մայրաքաղաքային զվարթությամբ ու առույգ ընթացքով: Տեսածս, իհարկե, միշտ չէ, որ ուրախացնում էր ինձ, լսածս՝ ոգևորում, բայց հպարտության ինչ-որ պատառիկներ ինձ հետ պարտադիր տանում էի Արցախ՝ չկասկածելով, որ Երևան մայրաքաղաքս գեղեցկանում է օր օրի, արագորեն փոխում խորհրդային հանդերձը, «մնաս բարով» ասում հին, այսպես ասած՝ իրենց դարն ապրած «տնակներին», որ Երևանում քաղաքաշինական ցանկացած նորարարություն հետաքրքիր շարունակությունն է հայ ճարտարապետական մտքի ու դարերով ձևավորված ավանդույթների: Բայց, խոստովանեմ, ինձ ցավ էր պատճառում խորհրդային Երևանի զավթումը ո՛չ խորհրդային Երևանի կողմից: Ես տագնապում էի, երբ «նախկին» Երևանի կամարները, կլորիկ պատուհանները, սյուներն ու քիվերը մնում էին «ժամանակակից» անճոռնիների թանձր ու անանց ստվերներում, երբ վաղուց, հատուկ նախագծով ձևավորված, գողտրիկ փողոցներում սկսում էին տիրություն անել պարսպապատ ամրոց-առանձնատները, երբ անհայտության փոշով էին ծածկվում քաղաքի հարյուրամյա նրբանցքները… երբ քաղաքի վրա թանձր տարածվում էր ռեստորանային մտածողությունը, իսկ փողոցներում անարգել ու անպատիժ շրջում էր օտարահոտ խոսքի անհասկանալի ուրվականը… երբ շնչելը դժվարանում էր… երբ, կարծես, անընդհատ փոքրանում էր վարդագույն քաղաքը…
Չգիտեմ, կա՞ աշխարհում մի ուրիշ քաղաք, որտեղ կարգին կրթություն ստացածը ինչ-որ անհասկանալի խանութի վաճառողուհի է, մշակույթի նախարարը՝ մշակույթի նույնիսկ ամենահայտնի գործիչներին չճանաչող մեկը… բանաստեղծը՝ կահույքագործ, նկարիչը՝ «սալիկ կպցնող», կյանքում երբեք դպրոց չմտածը՝ հազար տարվա մանկավարժի աշխատանքը գնահատողը…
Եվ դա բոլոր իշխանությունների ժամանակ: Պարզ երևում է, որ մեկը հաջողությամբ, հաճույքով ու «պատասխանատվության» բարձր ու ընդգծված զգացումով շարունակել է մյուսին: Խցկվել են շենքերի արանքը, մտել բակերը, մայթերը դարձրել անանցանելի, զրկել, նվաճել, սեփականացրել բնակավայրի տեսանելի ու անտեսանելի տարածքները… ով ինչքան և ինչպես կարողացել է, մեկը մյուսին գերազանցելով… ոտնահարելով, քննադատելով, վերջապես՝ ասֆալտին փռելով…
Չասե՞մ` վախենում եմ… նաև վաղը եկողներից… Չասեք՝ էլ քանդելու բան չկա, որ ամեն ինչ վաղուց գրավված է… Ծիծաղելի բան կստացվի: Որովհետև, երևի, մի հազար անգամ լսել եք` փնտրողը միշտ էլ գտնում է: Քաղաքն էլ մե՜ծ, հանձնվելու սովոր, ենթարկվելու պատրաստ… կարևորը ցանկությունն է և «տղամարդավարի» գրոհելու ունակությունը, որի պակասը երբեք չենք ունեցել:
Ի՞նչ ասեմ: Մի տարի է` ինչ ես էլ եմ դարձել երևանցի, ուզում եմ ասել՝ ունեմ մեկ մայրաքաղաք՝ երկուսի փոխարեն։ Ընդամենը այս եզակին: Ընդամենը մեկ տարի առաջ ո՞վ կարող էր կամ ո՞վ կհամարձակվեր պատկերացնել:
Բան չունեմ ասելու, մեկը, ինչքան էլ դժվար լինի, ընդունում է իմ երևանցի լինելը, մյուսը՝ չէ… Եվ ճիշտ էլ անում են: Երկուսն էլ: Որովհետև ես շուշեցի եմ, ստեփանակերտցի, գորիսեցի, գյումրեցի… որովհետև, կարող եք չհավատալ, դա ձեր անձնական ընկալումն է, ես սասունցի եմ, մշեցի, Մակու քաղաքից, Դսեղից, Վանից…Եվ ամեն օր հնարավորություն եմ փնտրում Երևանն ավելի լավ ճանաչելու, նրան հասկանալու ու ընկալելու, ականջին ինչ-որ բան փսփսալու: Եվ, խոստովանեմ, երբեմն գրանցում եմ որոշակի, ինչու չէ, շոշափելի առաջընթաց: Ամենակարևորը՝ ինձ հաջողվում է զգացմունքային բազմերանգ դաշտից տեղափոխվել իրական տարածք, որտեղ ամեն ինչ տեսանելի է, առեղծվածից ու հորինվածից հեռու: Եվ այնտեղ մութ, կիսաքանդ, կեղտոտ փողոցներ են, տարբեր ձևի, չափի ու գույնի ավտոտնակներով «զարդարված» բակեր, անօրեն շինություններ, իրար չսիրող, իրենց բնակարաններում «թաքնված», անձնականի խոնավ ու մութ նկուղներում ապրող մարդիկ, անտարբեր, մերձավորի չարչարանքից դուրս… «հովհարային» անջատումներ, ջրամատակարարման դադարեցում, ավտովթարներ… շոգից ուժասպառ փողոցների տրամադրությունը օրը մի քանի անգամ կասկածելի փոփոխության ենթարկող կիսամերկ օտարուհիներ… նաև այդ ամենից զարմացած, հոգսից ու ցավից ծռված մտավորական, Երկրի վաղվա տեսիլքներում համարձակ թափառող երիտասարդ, ամեն մի փորձություն շնորհ համարող, հերթական պատերազմին պատրաստ զինվոր-զինվորական… նոր սերնդի ճակատագրով մտահոգ ուսուցիչ-մանկավարժ, իր քրտինքը վաստակի միակ միջոցը դարձրած արհեստավոր… ընտանիքը անառիկ պահող այրեր ու կանայք…
Չէ, իսկապես, լավն է Երևանը: Բայց, կարծում եմ, չեք ժխտի, եթե ասեմ, որ նա կարող է ավելի լավը լինել, ավելի մաքուր, իր անցյալի հետ հաշտ, ժամանակների մեջ չմոլորվող, բոլորինը՝ հավասար… թե՛ բարդ ու դժվարին, թե՛ ուրախ ու անհոգ պահերին… ոչ մեկից չլքված, ոչ մեկից չհիասթափված… միշտ ներող ու կանչող, իր զավակներին հեռուներից տուն բերող… իր իմաստունների մտքի պտուղը երկրով մեկ տարածող…
Եվ հետգրության նման մի բան: Ես, պարզվում է, ամենևին էլ երևանցի չեմ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Արցախի Հանրապետության իմ անձնագիրը, իմ անվան դիմաց՝ Հայաստանի Հանրապետություն գրառմամբ, պարզվում է, սովորական հորինվածք է, ուժը կորցրած մի դոկումենտ: Ի՞նչ անել: Իհարկե, ստանալ նոր անձնագիր: Բայց ինչպե՞ս և ինչո՞ւ: Նոր թղթեր, փաստաթղթեր, վկայականներ, բացվող-փակվող դռներ, էլի թղթեր, թղթեր, թղթե՜ր… Այլ ճանապարհ ու ձևաչափ ուղղակի գոյություն չունի… և չարչարող մի հարց՝ ես պե՞տք եմ Երևանին, Երևանն ունի՞ իմ կարիքը…
SOS… դիմանալն ու հաղթահարելն արդեն հայրենասիրություն չէ…
Հարազատս, եղբայրս, բարեկամս, այսքան բանը համարձակվում եմ ասել, որովհետև սա նաև իմ Երկիրն է, իմ մայրաքաղաքը, իմ թուլությունն ու արժանապատվությունը, և ես իրավունք չունեմ նրան վիրավորելու, նրան չհասկանալու, նրան մենակ թողնելու, իմ կորցրածի մասին չպատմելու…
Եվ ամենավերջում փոքրիկ մի խնդրանք տղամարդկանց՝ չեմ մտածում, որ ամեն օր հանդիպելիս համբուրվելը պարտադիր է: Թաքցնելու բան չկա, դա այնքան էլ գեղեցիկ չէ: Չեմ կարծում, որ հին երևանցիները հենց այդպես էին ողջագուրվում: Հայրս, օրինակ, ինձ ընդամենը մի անգամ է համբուրել, ճակատս, երբ ինձ ճանապարհում էր խորհրդային բանակ՝ հզոր սովետմիության անառիկ սահմանները էլ ավելի անառիկ դարձնելու…Այնպես որ, մի պինդ, տղամարդավարի ձեռքսեղմումը լի ու լի բավարար է, անգամ պահանջված: Մնացածը՝ իսկական, ուզում եմ ասել՝ անձնագրով, երևանցի դառնալուց հետո: Հա, չմոռանաք պինդ ձեռքսեղմումի մասին և, եթե համբուրել, ապա՝ միայն ու միայն կանանց…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։