35 տարի առաջ, 1987 թ. օգոստոսի 14-ի համարում «Գրական թերթը» հրապարակեց ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ա. Ն. Սախարովից իմ ստացած պաշտոնական պատասխանը՝ Ֆարիդա Մամեդովայի «Политическая история Кавказской Албании» գրքում հակահայկական թշնամական տրամադրությունների և հակապատմական ստահոդ տեղեկությունների վերաբերյալ: Գիրքը լույս էր տեսել Բաքվում 1986 թվականին և խորապես ալեկոծել էր Հայաստանի գիտական շրջանները: Մի շարք հայ ակադեմիկոսներ նախորդ ամիսներին բողոք էին ներկայացրել ՍՄԿԿ առաջին քարտուղար Գորբաչովին՝ վերոհիշյալ գրքում և Մամեդովայի դոկտորական դիսերտացիայում տեղ գտած զանազան կամայական մեկնաբանումների, ինչպես և Սյունիքի ու Զանգեզուրի առանձին գյուղերի տեղագրության վերաբերյալ:
Այդ բողոքներից անկախ, 1987 թ. մայիսին ՍՍՀՄ պրեզիդենտ Մ. Ս. Գորբաչովին նամակով ներկայացրի մի շատ կարևոր փաստարկ, որին տեղյակ չէին մեր մասնագետները, բայց որը չափազանց վրդովեցրեց մոսկովյան ղեկավարությանը: Մամեդովայի գրքում զետեղված էին Կովկասյան Ալբանիայի կամ Աղվանքի վերաբերյալ 6 քարտեզ, որոնք ոչ մի կապ չունեին հեղինակի՝ իբր կատարած «հետազոտության» հետ և չէին ներկայացնում այդ երկրամասի պատմաաշխարհագրական տեղագրությունը: Բացի այդ, քարտեզների տպագրությունը ամբողջ Խորհրդային Միության մեջ թույլատրվում էր միմիայն ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի թույլտվությամբ և կնիքով: Ես բացահայտեցի, որ այդ քարտեզները, որոնք տպագրվել էին ՍՍՀՄ պատմության ինստիտուտի ղեկավարության թույլտվությամբ, իրականում ոչ թե գիտական հետազոտության արդյունք են, այլ արտատպված են 1944 թվականին Ստամբուլում լույս տեսած «Իսլամ» հանրագիտարանի 2-րդ հատորից: Այդ ժամանակ Թուրքիան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, և պատերազմի միջոցին պատմության թուրք կեղծարարները հանրագիտարանում զետեղել էին Խորհրդային Ադրբեջանի և Իրանական Ադրբեջանի մի միացյալ քարտեզ, որն ընդգրկում էր Խորհրդային Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալան, Խորհրդային Հայաստանի կեսից ավելին՝ Սևանա լճի մեծ մասով հանդերձ, իսկ հարավում հասնում էր մինչև Իրանի մայրաքաղաք Թեհրանի դարպասները: Ահա այդ քարտեզն է, որ գրագող Ֆարիդա Մամեդովան բազմացրել ու զետեղել էր իր գրքում:
Իմ այս մերկացումից հետո ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ս. Ս. Խրոմովը ազատվեց պաշտոնից, ընտրվեց Ա. Պ. Նովոսելցևը՝ Կովկասի, Անդրկովկասի և Իրանի միջնադարյան պատմության մասնագետ: Չեղյալ համարվեց Ֆարիդա Մամեդովայի դոկտորական ատենախոսությունը: Միաժամանակ Մամեդովայի գրքում իմ բացահայտած Մեծ Ադրբեջանի ստամբուլյան քարտեզը մեծ աղմուկ առաջ բերեց նաև Իրանում, և վերջինիս կառավարությունը բողոքի նոտա ներկայացրեց Խորհրդային կառավարությանը՝ տարածքային ապօրինի պահանջների վերաբերյալ:
Շուտով ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, պատմ. գիտ. դոկտոր Անդրեյ Նիկոլաևիչ Սախարովից ստացա ինստիտուտի կնիքով հաստատված պաշտոնական պատասխան՝ այնքան ցնցող և ադրբեջանական պատմագիտությունը ոչնչացնող, որ ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը խնդրեց թույլ տալ այն հրապարակել «Գրական թերթում»՝ «Գարունի» խմբագիր Անժիկ Հակոբյանի կատարած հայերեն թարգմանությամբ:
2013 թվականի «ԻՐԱՏԵՍ.am»-ի հոկտեմբերի 29-ի համարում Մարի Բարսեղյան-Խանջյանը իր «Ֆարիդա Մամեդովայի «գիտական բացահայտումները»» հոդվածում անարդար քննադատում է հայ գիտնականներին՝ Ադրբեջանի այսպես կոչված գիտնականների խայտառակ ոտնձգությունները աչքաթող անելու և չդատապարտելու համար, թեև ես հակված չեմ նույնը ասելու Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածում ցույց տրված Ֆարիդա Մամեդովայի նոր ստահոդ բացահայտումների մասին: Հոդվածում հեղինակը միանգամայն ճիշտ հարցադրում է անում, թե «իրենք (ադրբեջանցիները) որտեղ էին և ինչով էին զբաղվում, երբ հայերը կառուցում և շենացնում էին Բաքուն և այդ աշխարհագրական տարածքի քաղաքներն ու գյուղերը, երբ հայերը Բաքվի նավթն էին արդյունահանում, որի քաղաքական պտուղներն այսօր վայելում են իրենք՝ նավթարդյունաբերության հետ ոչ մի կապ չունեցող թուրքերը։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, և նույնիսկ ուշացել ենք, որ Բաքվում և այդ հանրապետության տարածքում մասնավոր սեփականություն ունեցած հայերի ժառանգները (Մանթաշյան, Ծատուրյան, Առաքելյան, Ղուկասյան և ուրիշ խոշոր նավթարդյունաբերողներ – Ա.Մ.) սեփականության իրավունքի հարց բարձրացնեն Եվրամիության դատարաններում: /…/ Ոմն Ֆարիդա Մամեդովա, որն իրեն գրաբարի և ընդհանրապես, հայոց լեզվի ու պատմության գիտակ է հորջորջում, Արևելյան Հայաստանի այս մի հատվածը Ադրբեջանին պատկանելը «ապացուցված» համարելով, հիմա էլ անցել է Կիլիկյան հայկական թագավորությանը. ըստ նրա «պատմագիտական հայտնագործությունների»՝ կիլիկյան թագավորները եղել են Աղվանքից, այսինքն՝ Ադրբեջանից գնացած իշխաններ, որոնց մենք՝ հայերս, մեզ ենք վերագրում, և ընդհանրապես այդ շեղաչք «գիտնականի» բնորոշմամբ՝ հայերենը պարսկերենի «վիժվածքն է»: …Օրինակ՝ Մուխտար Գոշը (հազար ներողություն Մխիթար Գոշի հոգու և հիշատակի առաջ) եղել է աղվան, այսինքն՝ ադրբեջանցի իրավագետ։ Այդ վայ-ակադեմիկոսը Մխիթարը Մուխտար է դարձրել, իսկ գոնե գիտի՞, թե ինչ է նշանակում Գոշ։ Հավատացած եմ՝ չգիտի։ Կամ Կիրակոս Գյանջելին՝ հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ևս եղել է աղվան-ադրբեջանցի պատմիչ»։
Այս առթիվ խորհուրդ եմ տալիս կարդալ իմ ուսումնասիրությունները՝ «Երբ փորձում են սեփականել մի ամբողջ մշակույթ» («Հայրենիքի ձայն», 1988, 21 սեպտեմբերի, 28 սեպտեմբերի և 5 հոկտեմբերի), ««Албанофилы» и правда истории» (газета «Коммунист», 1988, 26 октября) և «Псевдоалбанская литература и ее апологеты» («Вестник общественных наук» АН Арм. ССР, 1989, № 8):
Վերջերս Ադրբեջանի Ճարտարապետների միության նախագահ Էլբայ Քասիմզադեն, որը մոռացության է տալիս գավառական Բաքու քաղաքում օպերային թատրոնի հոյակապ շենքը և այլ մշակույթի տներ կառուցած հայ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանին, իր քոչվոր ցեղը մոռացած, հայերին անվանում է վանդալներ. «…վանդալիզմը հայերի էությունն է…», «հայերը ազգ չեն, այլ խղճուկ թափթփուկներ», «…հայերը երբեք չեն ունեցել մշտական բնակավայր, մշակույթ ու արվեստ: Նրանք քոչել են տեղից տեղ՝ շարունակ սեփականելով ուրիշի մշակույթը, գողացել մեր երաժշտությունը, խոհարարությունը, արհեստը, ճարտարապետությունը…», «…հայերը մեր հողերում բնակվել են XIX դարի կեսերից, և ափսոս, որ չգնահատեցին ադրբեջանցի ժողովրդի կողքին ապրելու երջանկությունը…»:
Սակայն այս մոլագար զառանցանքին ավելի արժանի հակահարված է հասցնում Ռուսաստանի Ճարտարապետների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության Պետշին-ի պատվավոր ճարտարապետ Նիկիտա Շանգինը՝ իր ծավալուն պատմական պատկերազարդ ակնարկում «Правда – это ложь, ложь – это правда» վերնագրով՝ հրապարակված «REGNUM» կայքում 2021 թ. ապրիլի 16-ին. տե՛ս https://regnum.ru/news/polit/3245442.html:
Նշելով, որ «…Հայաստանը հիշատակվում է դեռ Բեհիստունյան արձանագրության մեջ, որը փորագրված է իրանյան Էկբատանի մոտ գտնվող ժայռին՝ մ.թ.ա. 523−521 թթ. կատարված իրադարձությունների առիթով, Հերոդոտի և Քսենոփոնի երկերում: Նրա մասին գրել են նաև Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Տակիտոսը և շատ այլ անտիկ հեղինակներ, – գրում է Նիկիտա Շանգինը: – …Կուր գետի միջին հոսանքից մինչև Միջերկրական ծովի արևելյան ափը այսօրս էլ սփռված են հայկական հինավուրց ճարտարապետության հարյուրավոր մեծարժեք հուշարձաններ: 301 թվին հայ ժողովուրդը գոյություն ունեցող պետություններից առաջինը ընդունեց քրիստոնեություն, իսկ IV դարից գոյություն ունի հայոց գիրը, որը անցած 1700 տարիների ընթացքում գործնականում չի փոխվել: Միջին դարերում աշխարհի ոչ մի տարածաշրջան չի կարող համեմատվել Հայաստանի հետ մատենագրական կենտրոնների քանակով: Այդպիսին են, ահա, պարոն Քասիմզադեի խոսքերով «քոչվոր խղճուկ թափթփուկները»»:
«Մինչդեռ, ժամանակակից Ադրբեջան պետությունը արհեստականորեն ստեղծվել է 1918 թվին և պաշտոնապես կոչվել է կա՛մ Շիրվան, կա՛մ ինչպես «Բրոկհաուս և Էֆրոն» բառարանում՝ Ռուսական Հայաստան, իսկ ներկա ադրբեջանցիներին այն ժամանակ անվանում էին կովկասյան թաթարներ»:
«Ամբողջ խորհրդային ժամանակաշրջանում,- շարունակում է Ն. Շանգինը, – Ադր. ԽՍՀ-ի հայաբնակ շրջաններում տեղի էր ունենում հայ բնակչության և հայ մշակույթի թաքուն, սողացող ցեղասպանություն, որը հատկապես սաստկացավ 60-ական թվերի կեսերից, երբ Բաքվում իշխանության եկավ Հեյդար Ալիևը. «Ես աշխատեցի, որ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիք լինեն, իսկ հայերի թիվը կրճատվեր: Ովքեր այն ժամանակ աշխատում էին Լեռնային Ղարաբաղում, տեղյակ են դրան» (լրագիր «Зеркало», Բաքու, 23 հուլիսի 2002 թ.)»:
Նիկիտա Շանգինը քաջատեղյակ է նաև մեզ հետաքրքրող Կովկասյան Ալբանիային (Աղվանք). «Կովկասյան Ալբանիան բազմաէթնիկ պետություն էր՝ Ստորին Կուրի ձախափնյա տարածքում և մասամբ՝ ներկայիս Դաղստանում մ.թ. առաջին դարերում: Քրիստոնեությունը մուտք գործեց Կովկասյան Ալբանիա Հայաստանից մ.թ. 315 թվին: Կովկասյան Ալբանիայի մկրտողն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որն ավելի վաղ՝ 301 թվին մկրտել էր Հայաստանը: Արդեն մ.թ. 428 թվին Կովկասյան Ալբանիան անհետանում է քաղաքական քարտեզից որպես սուվերեն պետություն: Եվ, ի տարբերություն հայկական քաղաքակրթության, որը կարողացավ սուվերեն պետության բացակայությամբ պահպանել ինքնուրույնությունը, Կովկասյան Ալբանիայի ազգությունները մի քանի դարերի ընթացքում ուծացվեցին իրենց ավելի զորեղ հարևանների մեջ: Բացառությամբ VII-IX դարերի, երբ Ալբանական եկեղեցին ինքնուրույն էր, նա մշտապես, ՄՇՏԱՊԵՍ (ընդգծումը հեղինակինն է) եղել է Հայ Առաքելական եկեղեցու կազմում: …XII-XIII դարերում, երբ հայկական ճարտարապետությունը իր ծաղկման գագաթնակետին էր, և հենց այդ ժամանակ արդեն ստեղծված էին Լեռնային Ղարաբաղի գլխավոր ճարտարապետական հուշարձաններ Դադիվանքը և Գանձասարը, արդեն դարեր ի վեր գոյություն չուներ Կովկասյան Ալբանիայի ոչ մի ճարտարապետություն: Այնպես որ, այդ գլուխգործոցները ոչ մի կապ չունեն ալբանական ճարտարապետության, առավել ևս Ադրբեջանի հետ:
…Մոտ XVI դարում Կովկասյան Ալբանիայում բնակվող ազգությունների մեծ մասը իսլամացվեց: Ներկայումս հին ալբանացիների հետնորդները Դաղստանում ապրող մի շարք ազգություններն են (ամենից առաջ լեզգիները) և Ադրբեջանում բնակվող մոտ 3 հազար քրիստոնյա ուդիները, որոնք այժմ Ռուս Ուղղափառ եկեղեցու խնամքի տակ են: Էթնիկ ուդիները ադրբեջանցիներին առնչվում են այնպես, ինչպես ռուսները մեքսիկացիներին: Ահա թե ինչու այսօրվա ադրբեջանցիների և հին ալբանացիների էթնիկ և մշակութային ժառանգական կապի մասին պարզապես որևէ խոսք չի կարող լինել»:
Հայ ժողովրդի ստեղծած արվեստի մնայուն գանձերի և ադրբեջանական զեղծարարությունների մասին իր մեծարժեք ծավալուն պատմական ակնարկի համար, որը, ցավոք, ներկայացրինք մեծ կրճատումներով, Նիկիտա Շանգինը պատկերավոր վերնագիր է ընտրել անգլիացի նշանավոր գրող Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիական վեպում նկարագրված Ճշմարտության նախարարության նշանաբանը՝ «Ճշմարտությունը կեղծիք է, իսկ կեղծիքը՝ ճշմարտություն»:
Քանի որ վերջերս սուտ-ակադեմիկոս Ֆարիդա Մամեդովան ամեն տեղ, մինչև իսկ ԱՄՆ-ում, տարածում է գոյություն չունեցած Կովկասյան Ալբանիայի առասպելը, կարծում եմ, որ քարտեզների խարդախության վերաբերյալ այդ ամբողջ պատմությունը, որի մասին գրագող Մամեդովան ափիբերան լռում է, իսկ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտում է ուժով գրավել Սյունիքը և Զանգեզուրը, ապա խիստ այժմեական է դառնում «Գրական թերթի» 1987 թվի օգոստոսի 14-ի համարում հրապարակված ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նիկոլաևիչ Սախարովի պաշտոնական պատասխանի վերատպությունը:
ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
14 օգոստոսի 1987 թ., 4-րդ էջ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ
Ադրբեջանի ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ 1986 թվականին «ԷԼՄ» հրատարակչությունը Բաքվում լույս ընծայեց Ֆարիդա Մամեդովայի «Политическая история и историческая география Кавказской Албании (III в. до н.э. VIII в. н.э.)» մենագրությունը (246 էջ), որն ընթացիկ տարվա ապրիլի 15-ին (1987 թ.) պաշտպանվել է իբրև դոկտորական դիսերտացիա: Գրքում, որի խմբագիրն է Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս Զիյա Բունիաթովը, առկա է արծարծված նյութի կատարյալ շփոթ, ինչը, բնականաբար, չէր կարող լռության մատնվել և չհարուցել գիտական շրջանակների արդարացի բողոքները:
ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը, օրինակ, կուսակցական վերադաս մարմինների և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել է Ֆ. Մամեդովայի կողմից հայ ժողովրդի պատմության բազմաթիվ փաստերի հակագիտական վերլուծության ու միտումնավոր խեղաթյուրումների վրա. «Սույն գիրքը,- նշում է Ա. Մուշեղյանը,- սկզբից մինչև վերջ ներծծված է հարևան ժողովուրդների և առաջին հերթին հայ ժողովրդի բնաշխարհի հանդեպ անհիմն հավակնություններով և միջնադարյան հայ գրականության, ճարտարապետության ու մշակույթի հուշարձանները սեփականելու բացահայտ նկրտումներով»:
Անդրադառնալով մենագրությունում զետեղված վեց քարտեզներին, որոնց մեջ այսպես կոչված Կովկասյան Աղվանքի սահմանները հասցվում են Դերբենդից մինչև Արաքսի հովիտը, մինչև ընդհուպ Սևանա լճի կեսը, Ա. Մուշեղյանը մատնանշում է, որ վերոհիշյալ բոլոր քարտեզները, որոնք իբր թե արտացոլում են մ.թ.ա. III դարից մինչև մ.թ. VII դարի ժամանակաշրջանը, իրականում պատմական որևէ հիմք չունեն և սոսկ պատճենված են պատմության պանթյուրքիստական կեղծարարների կողմից Ստամբուլում ավելի քան չորս տասնամյակ առաջ հրատարակված «Իսլամ անսիկլոպեդիս»-ի երկրորդ հատորում (112 և 113 էջերի միջև) զետեղված «Միացյալ Ադրբեջան» քարտեզից, որն ընդգրկում է սովետական և իրանական Ադրբեջանը և Սովետական Հայաստանի տարածքը՝ ընդհուպ մինչև Սևանա լճի ջրային հայելու կեսը: Ուշագրավ է, որ այդ քարտեզը կազմվել է 1944 թվականին, երբ Թուրքիան հանդես էր գալիս իբրև հիտլերյան ֆաշիզմի դաշնակից և նպատակ էր հետապնդում իրար դեմ հրահրել Անդկովկասի եղբայր ժողովուրդներին:
Ստորև տպագրում ենք ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Նիկոլաևիչ Սախարովի՝ Ա. Մուշեղյանին հղված պաշտոնական պատասխանը, որը հրապարակայնության պատշաճ դրսևորում է:
Մեծարգո ընկ. Ա. Մուշեղյան.
ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատմության ինստիտուտին հանձնարարված է կարծիք հայտնել Ֆ. Ջ. Մամեդովայի «Կովկասյան Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը» գրքի (Բաքու, 1986) առթիվ Ձեր նամակի կապակցությամբ, գիրք, որը նա իբրև դոկտորական դիսերտացիա պաշտպանել է սույն թվի ապրիլին, Բաքվում:
Ֆ. Մամեդովան վերոհիշյալ գրքում իր առջև խնդիր է դրել ուսումնասիրել Կովկասյան Աղվանքի միջնադարյան պատմության բոլոր ասպեկտները, սակայն դրան հասնելու նպատակն ու միջոցները հանգել են որոշակի հակասության, քանի որ հեղինակը ձեռք է զարկում այնպիսի նյութերի, որոնց մասին խիստ մակերեսային գիտելիքներ ունի: Դա վերաբերում է և՛ պատմական աշխարհագրությանը, և՛ այն քարտեզներին, որոնց վրա ուշադրություն եք հրավիրում Ձեր նամակում:
Բացի այդ, նա անտեսել է բավականաչափ լավ ուսումնասիրված փաստերը, որոնք սովետական արևելագետների ճնշող մեծամասնությանը (Կ. Վ. Տրևեր, Ս. Տ. Երեմյան, Ա. Պ. Նովոսելցև և ուրիշներ) հնարավորություն են տվել հաստատելու, որ աղվանական միասնական ազգություն գոյություն չի ունեցել: Բնակչության աջափնյա մասը հայացված է եղել առնվազն V դարում, մյուս մասը, ինչպես ցույց է տրված Ա. Պ. Նովոսելցևի, Վ. Տ. Պաշուտոյի, Լ. Վ. Չերեպնինի «Ֆեոդալիզմի զարգացման ուղիները» (Մ. 1972) գրքում, խոսել է տարբեր լեզուներով: «Աղվաններ» անվանումը հավաքական է եղել այդ ազգաբնակչության համար: Աղվանական ձախափնյա որոշ ցեղերի հետնորդները՝ ուդիներ, հինալուկներ և ուրիշներ, մինչև այսօր էլ ապրում են Ադրբեջանում և Վրաստանում:
Սովետական երեք ականավոր պատմաբանների գրքում նշվում է, որ թուրքական էթնիկական տարրի ներթափանցումն Անդրկովկաս մինչև XI դարը եղել է աննշան:
Աղվանական մարզպանության կազմավորման ժամանակներից՝ V դարում «աղվաններ» տերմինը դառնում է ոչ թե էթնիկական, այլ քաղաքական անվանում՝ նշանակելով տվյալ մարզպանության բնակիչ, որը ենթարկվում է աղվանական եկեղեցու իրավասությանը:
Մասնագետներին քաջ հայտնի այդ փաստերի անտեսումը Ֆ. Մամեդովային ստիպում է Կուր գետի ձախ ափի համար արված իր եզրահանգումները տարածել աջ ափի վրա, ինչն էլ նրան հասցրել է ցավալի սխալների: Այբուբենը, որ Մեսրոպ Մաշտոցը հնարել է (մինչև 428 թ.) աղվանների համար, ակնհայտ է, նախատեսված է եղել աղվանական ինչ-որ մի ցեղի համար: Այդուհանդերձ մեզ աղվաներեն և ոչ մի գրավոր հուշարձան չի հասել (չնայած աղբյուրներից հայտնի է, որ այդպիսիք եղել են): Իսկ Կուր գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, և այդ միջավայրի ստեղծագործություններն էլ գրված են հայերենով: Ինքը՝ «Աղվանք» հասկացությունը պատմաաշխարհագրական է:
Իրական այս փաստերի փոխարեն, սակայն, Ֆ. Մամեդովայի գրքում ի հայտ է գալիս մի առասպելական Կովկասյան Աղվանք (XI-XIII դդ.) իր մշակույթով: Իրականում՝ այդ մշակույթը ոչ թե աղվանական է, այլ՝ հայկական, և նրա կրողները Կուր գետի աջափնյա հայերն էին:
Դրա համար էլ այդքան անհեթեթ է թվում հայկական մշակույթի խոշորագույն գործիչ, գրող, աստվածաբան և իրավագետ Մխիթար Գոշին՝ «Դատաստանագրքի» հեղինակին, հավասարապես նաև նրա աշակերտներին «աղվանական» մշակույթին վերագրելը: Ֆ. Մամեդովայի կողմից բացարձակապես անհիմն կերպով «աղվաններ» են հորջորջվում հայ ականավոր պատմիչ, «Հայոց պատմության» հեղինակ Կիրակոս Գանձակեցին, ինչպես նաև XI-XIII դարերի հայկական մշակույթի ուրիշ ներկայացուցիչներ:
Ֆ. Մամեդովայի գրքում քիչ չեն նաև այլ կարգի սխալները: Նա Նախճավանը և Գողթնը պոկում է Վասպուրականից և այդ գավառները տալիս է Սյունիքին, իսկ Սյունիքը պոկում է Հայաստանից ու տալիս է Աղվանքին:
Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը կամայականորեն մեկնաբանելու՝ Ֆ. Մամեդովայի ձգտումը և գոյություն չունեցող աղվանական XI-XIII դդ. մշակույթի հորինումը հարկադրում են հույժ քննադատաբար վերաբերվել նրա գրքին, որը չի նպաստում անդրկովկասյան երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմաբանների և հասարակայնությունների փոխըմբռնմանը:
Ա. Ն. ՍԱԽԱՐՈՎ
ՍՍՀՄ ԳԱ ՍՍՀՄ պատմության ինստիտուտի
դիրեկտորի տեղակալ