Բազմիցս այցելելով Միացյալ Նահանգներ` տեսել եմ նշանավոր քաղաքների` Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Օռլանդոյի, Մայամիի, Յեյլի ընտիր թանգարանները, որոշ թանգարաններ դիտել մի քանի անգամ: 2011 թվականի ամռանը նորից մեկնեցի Բոստոն ու խնդրեցի դստերս ինձ տանել Կալիֆոռնիա` տեսնելու այն նահանգը, որն ամենահայաշատն է, և նաև հասկանալ, թե ինչն է հայերին ձգում դեպի այդ հեռավոր բնակավայրը: Սակայն ինձ ամենից ավելի հետաքրքրում էր, թե ինչ մշակութային վայրեր կան այնտեղ:
Իհարկե երկու շաբաթում ամեն ինչ տեսնել չէի կարող, սակայն շատ-շատ հետաքրքիր դիտարկումներ եղան: Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ գտնվող «Դոլար» կոչվող ընկերությունը վարձու մարդատար մեքենաներ է տրամադրում: Ընտրում ենք մուգ կապույտ գույնի բոլորովին նոր «Նիսան» մակնիշի մեքենան և գնում ենք դեպի Փասադենա, որտեղ մեր հյուրանոցն է: Երբ մեքենան դուրս է գալիս «հայ վեյ»` մեծ մայրուղի, ու տեսնում եմ, թե հսկայական լայնությամբ խճուղու երկու կողմերից ինչպես են սլանում վեց շարք մեքենաները, վախից մեխվում եմ տեղումս: Հետո, երբ ողջ Կալիֆոռնիան մեքենայով անցնում ենք, ես արդեն վարժվում եմ մեքենաների այդ հոսքին: Շատ կանաչ է Կալիֆոռնիան, լեռնոտ, ինչպես Հայաստանը: Նահանգի մեծ մասը կանաչի մեջ է թաղված: Շատ-շատ են փոքրիկ, կոկիկ քաղաքները: Լոս Անջելեսում է գտնվում Գետի արվեստի կենտրոնը. ճարտարապետական մի հրաշալիք, որը անտառապատ բլուրների վրա է: Գետի կենտրոնի ճարտարապետը եղել է Ռիչարդ Մեյերը: Գեղեցիկ շինությունների մի ամբողջ համալիր է կենտրոնը` հարուստ թեմատիկ թանգարաններով և հեքիաթային այգիներով: Կենտրոնական այգին, որը նկարիչ Ռոբերտ Արվինի մտահղացումն է, իսկական ճարտարապետություն է այգու տեսքով: Գետի կենտրոնի որոշ թանգարաններ մշտական են, և նրանցում կան աշխարհահռչակ նկարիչների գործեր` Վերածննդից մինչև լավագույն իմպրեսիոնիստները: Առանձին դահլիճում ցուցադրվում են միջնադարի արվեստի նմուշներ, դրանց թվում` հիանալի մանրանկարներով երկու հայկական ձեռագիր ¥17-րդ դ.¤: Կան փոխվող ցուցահանդեսներ: Իմ այցելության ժամանակ ֆոտո ցուցահանդես էր` նվիրված Կուբային` 20-րդ դարի 30-ական թվականներից մինչև մեր օրերը: Կուբային նվիրված ցուցահանդեսը ցույց էր տալիս 20-րդ դարի 30-ականների Կուբայի աղքատությունը և համեմատում էր 21-րդ դարի առաջին տասնամյակի ավերված շենքերի, կարկատված մեքենաների, դատարկված խանութների, երբեմն շքեղաշուք, բայց հիմա լքված շենքերի ու գերեզմանոցների հետ:
Տխուր տեսարաններ էին… 1977-ին մեկ ամիս եղել եմ Կուբայում, և այն ժամանակ վիճակն այդքան անմխիթար չէր, որովհետև Խորհրդային Միությունն օգնում էր այդ գեղեցիկ երկրին: Գետի կենտրոնն ունի նաև մեծ գիտահետազոտական ինստիտուտ, ուր արվեստի վերաբերյալ գիտական աշխատանքներ են տարվում:
Լոս Անջելեսի տեսարժան վայրերից է նաև «Ուորներ բռադեր» ստուդիոն, որտեղ եղա հուլիսի 29-ին: Դա մի հիանալի ուղևորություն էր ողջ կինոստուդիայի տարածքով` 3 ժամ տևողությամբ: Հաճելի է տեսնել այն կինոստուդիան, որտեղ նկարահանվել է ինձ համար սիրելի «Տրոյա» ֆիլմը Բրեդ Պիտի` Աքիլլեսի շատ կատարյալ մարմնավորումով: Այստեղ է նկարահանվել նաև «Ֆռենդս» բազմասերիանոց շոուն, որն ամերիկյան երիտասարդության առօրյայի մասին է: Այն նկարահանվել է 10 տարի, ու մեզ տանում են այն տաղավարը, որը ներկայացնում էր սերիալի բոլոր մասերում եղած սրճարանը. տասը տարի դերասաններն այնքան էին նստել ու վեր կացել բազմոցներին ու աթոռներին, որ դրանք բավականին մաշված էին: Տաղավարները, որոնցում նկարվում են ֆիլմերը, հսկա շենքեր են, առանց պատուհանների: «Ուորներ բռադեր» ստուդիոյում կան ամերիկյան շատ քաղաքների շենքերի ու փողոցների կրկնօրինակները, անգամ Նյու Յորքի կենտրոնական այգու մի հատվածի կրկնօրինակը, և այդ ամենն այնքան բնական, որ երբ ֆիլմում նկարում են, թվում է, թե դեպքերը տեղի են ունենում Չիկագոյում, Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում: Պատուհաններից մեկի վրա մեծ տառերով հայերենով գրված էր ՀԱՅԿԱԿԱՆ ՆՊԱՐԱՏՈՒՆ: Նույն շինությունը երբեմն մի կողմից ուրիշ շենք է, մյուս կողմից բոլորովին այլ: Կային դպրոցական դասարաններ, թատրոնների բեմահարթակներ, և այդ ամենը շատ բնական: Երբ սկսվեց էքսկուրսիան, բաց ավտոբուսի վարորդը դիմեց 10 հոգուն, ովքեր մասնակցում էին ստուդիոյի պտույտին, խնդրելով ասել, թե ով որ երկրից է և որ քաղաքից. ասվեց Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Հայաստան, Բոստոն և Բըրբենկ, վարորդը զարմացավ, որ Լոս Անջելեսի Բըրբենկից մարդ է եկել շրջապտույտի: Կալիֆոռնիայի քաղաքներն ու բնակավայրերը տարօրինակ ձևով ունեն Սանտա կամ Սան մասնիկն իրենց անվանման մեջ` Սանտա Բարբարա, Սան Ֆրանցիսկո, Սանտա Մոնիկա, Սան Ֆերնանդո, Սան Դիեգո և այլն, և այլն: Պատճառն այն է, որ այս տարածքները գրավելիս եվրոպացիներն իրենց հետ բերում էին քրիստոնյա միսիոներների, որոնք էլ հոգևոր անուններ էին տալիս նոր գրավված տարածքներին ու հիմնում եկեղեցիներ: Ստուդիոյի առանձին սրահներում ցուցադրված էին նշանավոր ֆիլմերի դերասանների հագուստները, մեքենաներն ու ինքնաթիռները: Մեքենաների սրահում կանգնում են ու նկարում են քեզ: Էքսկուրսիայից հետո ելքի սրահում այդ լուսանկարը նվիրում են որպես հիշատակ: Կալիֆոռնիայում շատ են արմավենիները, որոնք տնկված են փողոցների ու խճուղիների երկայնքով, սակայն դրանք բերված են դրսից և տնկվել են գեղագիտական նպատակներով, ու նրանցից յուրաքանչյուրն արժի 15.000 ամերիկյան դոլար: Հոլիվուդում` փողոցի երկու մայթերին երկար ձգվող ամերիկյան կինոյի աստղերի շարանի վրա մետաղյա սյանն անգլերենով ամրացված է «Լիտլ Արմենիա»` «Փոքր Հայաստան» ցուցանակը: Փոքր Հայաստանը ես տեսա մթերային խանութում, ուր վաճառվում էին ամեն տեսակի հայկական ուտելիքներ և շատ համեղ լավաշ հաց, ինչպիսին Երևանում էլ չես գնի: Գնորդները` երևանյան հայերենով խոսող հայեր: Ընդհանրապես թե՛ Լոս Անջելեսում և թե՛ Լաս Վեգասում լսում էի արևելահայերենը: Կալիֆոռնիայի տեսարժան վայրերից է այն ճանապարհը, որը լեռների միջով ձգվում է Լոս Անջելեսից օվկիանոսի երկայնքով դեպի Սան Ֆրանցիսկո: Իսկական դրախտային բնություն, ծաղկունքի բուրմունք. եվրոպացիները հատուկ գալիս են Կալիֆոռնիա, մեքենա վարձում, որ անցնեն այդ ճանապարհը և վայելեն բնության պարգևած գեղեցկությունը: Մենք այդ ճանապարհը անցնում ենք մասամբ մթության մեջ, սակայն մեքենայի բաց պատուհանից վայելում ենք ծաղկունքի պարգևած բուրմունքը, որը մեզ բերում է լեռնային զեփյուռը:
Գեղեցիկ քաղաք է Սան Ֆրանցիսկոն` բլուրների վրա կառուցված, որոշ փողոցներ գրեթե թեք պատեր են, բայց մեքենաները բարձրանում են այդ պատ թվացող փողոցները, որոնցով սլանում են զրնգուն տրամվայներ, դռներից կախված ուղևորներով: Սա շատ արտասովոր է. պետք է տեսնել: Նաև մեքենայով անցնում ենք աշխարհի ամենաթեք ու ծուռումուռ փողոցով, որը և՛ հաճելի է, և՛ նույնքան ահազդու: Սան Ֆրանցիսկոյի ամենամեծ զարդը «Գոլդն գեյթն» է, 6 կիլոմետրանոց կախովի կամուրջը օվկիանոսի վրայով ձգված, այդ կամրջով մեքենաներով քաղաք մտնելու համար վճարում են 8 դոլար:
Իմ կարծիքով Կալիֆոռնիայի ամենամեծ զարդը «Հըռստ քեսլն» է: Այդ ամրոցը գտնվում է Կալիֆոռնիայի լեռների բարձրության վրա, պատվիրատուն եղել է մեծահարուստ Վիլյամ Ռենդոլֆ Հըռստը, որը ծնողների հետ 10 տարեկանից սկսած այցելել է Եվրոպա, տեսել Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Գերմանիան և այլ երկրներ ու ներշնչվել եվրոպական ամրոցների, դղյակների, եկեղեցիների ճարտարապետությամբ ու դեռ մանուկ հասակից երազել իր իղձերի ամրոցը կառուցել Կալիֆոռնիայում: Ամրոցի կառուցումը տևել է 27 տարի, ճարտարապետը կին է եղել` Ջուլյա Մորգանը: Այս կախարդական հսկա դղյակը շրջապատված է 127 ակր հողատարածքով, որը հիմա ԱՄՆ-ի պետական սեփականությունն է ու արգելոց: Ամրոցը ողջ հողային տարածքով ԱՄՆ-ի պետությանն են նվիրել Վիլյամ Հըռստի 5 զավակները: Հըռստը եղել է տպագրական մագնատ, նրա հայրը մեծահարուստ էր, սակայն միակ որդուն զրկել է ժառանգությունից հետևյալ միջադեպի համար: Վիլյամ Հըռստը սովորում էր Հարվարդի համալսարանում, նրա և դեկանի հարաբերությունները լարված էին. մի օր Հըռստը ավանակ է տանում դեկանի կաբինետ, դուռը փակում է, ներսում ավանակին թողնելով` սեղանին դնելով հետևյալ գրությունը. «Հիմա դուք այստեղ երկուսով եք»: Հաջորդ օրը նրան հեռացնում են համալսարանից` երբեք չվերականգնելու որոշմամբ, իսկ զայրացած մեծահարուստ հայրն էլ զրկում է նրան ժառանգությունից: Նա այդ ժառանգությունը ստանում է միայն հոր մահվանից հետո, երբ մայրը նոր կտակ է կազմում: Հըռստը Եվրոպայից բերել է արձաններ, եկեղեցիների առաստաղներ, առանձին զարդաքանդակներ: Այդ ամրոցում տեսնում ենք և՛ անտիկ աշխարհի, և՛ միջնադարի, և՛ Վերածննդի ողջ շքեղությունը բացառիկ ճաշակով միախառնված: Հըռստի ամրոցը նուրբ ճաշակի ու կատարյալ ճարտարապետության գլուխգործոց է: Շինարարությունն ավարտվել է 1948-ին: Ամրոցում հյուրընկալվել են կինոաստղեր, ժամանակի շատ նշանավոր դեմքեր, դրանց թվում նաև Չարլի Չապլինը: Որոշ ննջասենյակներում` մահճակալների վրա, կան այն ժամանակվա հոլիվուդյան գեղեցկուհիների զգեստները: Շատ խնամված են ամրոցի պարտեզները, ճեմուղիները, ջրավազաններն ու արահետները: Հըռստի ապրած օրերին հյուրերն ամրոց են եկել ինքնաթիռներով, իսկ հիմա զբոսաշրջիկներին բարձրացնում են ոլոր-մոլոր ճանապարհով, որն, ի դեպ, երբեմն շատ նեղ է. ամրոց են տանում հատուկ ավտոբուսներ: Այդ ամրոցը վեր է մարդկային երևակայությունից ու իսկական նվեր է մարդկությանը:
Կալիֆոռնիայից հետո 7 ժամ անցնելով ամայի անապատներով` հասնում ենք Լաս Վեգաս, որը ոչ միայն կազինոների քաղաք է, այլ նաև արվեստների: 4 օր ապրում ենք նորակառույց «Տռամպ» հյուրանոցում, որը կազինո չունի և նախատեսված է միայն հանգստի համար: Լաս Վեգաս տանող ճանապարհը անցնում է Կալիֆոռնիայի հարավով, որը անապատային է, երկու կողմերից որոշակի հեռավորության վրա «Մահվան հովիտն» է, ուր մարդը եթե ընկնի, շոգից իսկույն կմեռնի: Այդ մասում շատ քիչ են մեքենաները, սակայն խճուղին խիստ բարեկարգ է. ամեն կես կիլոմետրի վրա հեռախոսներ կան, և ճանապարհը հսկում են ռադարները, շարունակ փոխվում են ճանապարհի գրությունները` լույսերը վառելու և արագության վերաբերյալ: Մինչ անապատ մտնելը, լցակայանում բենզին ենք լցնում, ու ես տեսնում եմ էկրանից ինձ շատ ծանոթ մի ամերիկացու, որը պարզվում է Ջեսի Վենտուրան է` Մինեսոտայի նախկին նահանգապետը, կինոդերասան, հայտնի սպորտսմեն, ով երիտասարդ կնոջ հետ է, մոտոցիկլետներով են և ռոկերի զգեստներով:
Լաս Վեգասը գիշերային քաղաք է, ցերեկը անապատային շոգ է, իսկ երեկոները տապը մեղմանում է, ու բոլոր փողոցները լցվում են մարդկանցով, ինչպես Մաշտոցի պողոտան խորհրդային տարիներին մայիսմեկյան շքերթի ժամանակ: Լաս Վեգասում այցելում ենք պատկերասրահ և դիտում ենք երեք շոու, որոնցից մեկը` «Երազանքը», հրաշալի երաժշտությամբ, գեղեցիկ սյուժետային ընթացքով բալետ է ջրի վրա. ներկայացումը ֆրանսիական է և նվիրված է սիրուն, սրահը կրկեսի նման է: Դերասանները նաև պարում են օդում` թեթև, սահուն, հրեշտակային կերպարանքներով: Շոուներից մեկը 25-ամյա հույն հայտնի աճպարար է, որը մրցակցում է Դեվիդ Կոպերֆիլդի հետ: Երրորդ շոուն, կոչվում է «Խենթ ձի»: Մերկ 12 աղջիկներ են` շատ գեղեցիկ մարմիններով ¥մեկն, ի դեպ, հայուհի¤, պարում են ու լուսարձակներից նրանց վրա ընկնող գույներից թվում է` հագնված են: Կազինոներից մեկի առաջ կան երգող շատրվաններ, որոնք ցայտում էին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հնչյունների տակ, և այդ երաժշտությունը լսում էին երեք շարք կանգնած մարդիկ: Երբ երաժշտությունն ավարտվեց, բոլորը բուռն ծափահարեցին, իսկ ես այնքան հպարտ էի, որ Արամ Խաչատրյանն իմ հայրենակիցն է, գուցե ծափահարողները չգիտեին էլ, թե ով է կոմպոզիտորը, սակայն կախարդված երաժշտության հմայքից, երկար ծափահարում էին:
Փասադենայում եղա նաև Օքսիդենթալ բարձրագույն քոլեջում, ուր իր բակալավրի աստիճանն է ստացել ներկայիս ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման:
Օքսիդենթալ քոլեջը մասնավոր թանկ ուսումնական հաստատություն է, և այն ընդունվելը հեշտ չէ: Քոլեջի ողջ տարածքը, որը շատ մեծ է, կորած է ծաղիկների ու խնամված ծառերի մեջ. կան մոդեռն շատրվաններ, հարմարավետ շինություններ: Գլխավոր շենքի նախասրահում պատերին փակցված են ԱՄՆ-ի նշանավոր նախագահների նկարները, որոնք յուրօրինակ հարգանք են ներշնչում դեպի իրենց գլխավորած պետությունը: Տեսնում ենք նոր ընդունված ուսանողներին, որոնց առանձին խմբով առաջնորդում են դեպի քոլեջի շենքերն ու կաբինետները` ցույց տալով, թե ինչ առավելություններ ունի այդ ուսումնական հաստատությունը, իսկ առավելություններն ակնհայտ էին:
Հ.Գ. Մեր հայրենակիցները հավանաբար ԱՄՆ-ում ընտրում են Կալիֆոռնիան, Լոս Անջելեսը, որովհետև եղանակը շատ նման է Հայաստանին, միայն այն տարբերությամբ, որ այնտեղ ձմեռ չկա:
Դուք նույն հմայիչ անձնավորությունն եք, ինչ տեսել եմ ուղիղ 40 տարի առաջ: Մեր կուրսում կարդում էիք հայ միջնադարյան քնարերգություն: Կուրսը, որ հեռակա ուսուցմամբ էր, ուներ մոտ 70 ուսանող, որից միայն 7 կամ 8-ն էին տղամարդիկ տարբեր տարիքի: Հիշում եմ, նրանք դասամիջոցին արագ շրջապատում էին ամբիոնը և տարբեր հարցերով <> էին Ձեզ, որ Դուք չկարողանաք լսարանից դուրս գալ: Անսահման էր Ձեր հմայքն ու բարությունը: Երբ գեղեցկագույն կինը քաղցրածոր ձայնով կարդում է. <>. դա, ինչպես հիմա են ասում, վերջն է…: Միշտ մնացեք այդպես գեղեցիկ, հմայիչ, բարի:
Զեմֆիրա: Ք. Ջերմուկ: 07.04.2013 թ.
Նախորդ մեկնաբանության մեջ չակերտներում գրվածը չի կարդացվում: Առաջին չակերտներով գրել եմ զբաղեցնում բառը, երկրորդ չակերտներում՝ Ես աչք ու դու լույս, հոգի, Առանց լույս աչքն խավարի, Ես ձուկ ու դու ջուր, հոգի, Առանց ջուր ձուկն մեռանի:
Զեմֆիրա: 07.04.2013 թ.
Հարգելի Zemfira
HTML ծրագրում <> կոդային նշաններ են: Չակերտները պետք է դնել «» այսպես, որ մեկնաբանություններում մնա: