ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս առաջնախաղ էր. բեմադրվել էր ռուս գրականության «արծաթե դարի» փայլուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի վեց պիեսներից մեկը՝ «Բալագանչիկ»-ը։
Բլոկի քնարական դրամաները ֆանտաստիկ ծայրահեղությունից մինչև ողբերգական դատապարտվածության զգացումով են հագեցած։ Այդ դրամաներից երկուսը 2022-ին թարգմանել և առանձին գրքով հրատարակել է բանաստեղծ Գագիկ Դավթյանը։ Կարճ ժամանակ անց՝ նույն տարվա աշնանը, գրքում տեղ գտած «Արքան հրապարակում» դրաման բեմադրվեց երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այն մտակեղեքման աստիճանի ճշմարտություն էր պարունակում կործանիչ հեղափոխություններից ամբոխների սպասումների, արդյունքում՝ հիասթափությունների մասին, և այս ամենը՝ խորհրդանիշների լեզվով, որոնց երաժշտական իրացում էր տվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Երաժշտադրամատիկական այս ֆանտազիան Երևանից հետո հաջողությամբ ներկայացվել է Միլանի «Մերկ թատրոն» միջազգային փառատոնում։
Եվ ահա, շուրջ մեկ տարի անց, թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը դարձյալ անդրադարձել է Բլոկի դրամատուրգիային։ Ներկայացումը գործող անձանցից մեկի անունով կրում է «Կոլոմբինա» վերնագիրը։ Երաժշտությունը դարձյալ հեղինակել է Վ. Շարաֆյանը, զգեստները՝ Աննա Գևորգյանը, պարերը բեմադրել է Արտյոմ Գևորգյանը։
«Ալ. Բլոկի բանաստեղծական ժառանգության կողքին բացառիկ տեղ ունի դրամատուրգիան,- ասում է Գ. Դավթյանը։- 1906-1920 թթ. նրա ստեղծած վեց պիեսները թեմաների բազմազանությամբ, խոսքի լակոնիզմի հետ մեկտեղ, իմաստային զարմանալի տարողությամբ, սյուժետային զարգացման անակնկալներով հաստատում են, որ Բլոկը` ոչ միայն որպես քնարերգու, այլև դրամատուրգ, իր մեծ և դժվարին ճանապարհին միշտ որոնել է նորը և այսօր էլ նոր է ու արդիական։ Ահա թե ինչու Հ. Ղազանչյանի ընտրությունը կանգ է առել Բլոկի պիեսների վրա»։
Պոեզիայի, երաժշտության, դասական վոկալի սինթեզը Հ. Ղազանչյանի բեմադրությունում դժվար է ամբողջապես նույնականացնել Բլոկի ստեղծագործության հետ։ Մերօրյա մեկնաբանությունը «բալագանի» գաղափարը հանգեցնում է խելագարությանը, բեմադրության մեջ քանիցս հնչող հարցերը մերօրյա հնչողություն ունեն, և հռետորական հարցումների պես պատասխանները մնում են օդից կախ, անպատասխան՝ «դու լսո՞ւմ ես», «դու սպասո՞ւմ ես»։
Լռության և անհայտության ունկնդրումն ընդմիջվում է խենթանոցում զսպաշապիկներով կաշկանդված կերպարների երևակայական դեգերումներով, որոնցում սիրո անհավանական փնտրումը կա։ Իսկ այդ սիրո առարկան, բեմադրիչի ներկայացմամբ, հենց արնակարմիր ձեռնոցներով կինն է՝ խենթերի համար անգույն, սառն ակներով բժիշկը, իսկ Պյերոյի համար՝ գոյության երևակայական աղբյուրը, և այդ երևակայությունը սահմանակցում է խենթությանը։ Զսպաշապիկներով կերպարները, պիտի ենթադրել վերնագրից, բալագանային տեսիլների մասնակից խեղկատակներ են, միաժամանակ կյանքից ու մարդկանցից մերժվածներ։
Եվ ես՝ իրականության դարձերեսը հիշեցնող այս ողբերգական խեղկատակության հանդիսականս, հարց եմ տալիս՝ արդյոք ծանր ու կեղեքիչ չէ՞ այն թանձր մութ գույնը, որ մատուցվում է մեզ նոր ներկայացմամբ, թե՞ ներկայումս ապրած մեր օրերի չբարձրաձայնված հարցման արձագանքն է՝«դու լսո՞ւմ ես», «դու սպասո՞ւմ ես»։ Եվ ինչի՞ն ենք սպասում մենք՝ խմբվելով իրար գլխի, ոնց ներկայացման մեջ՝ միստիկները…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.