Պատերազմը հոգու երկրաշարժ է, բուրգից մինչև ստորոտ: Նրա փլատակները մնում են որպես ավերակների վավերագրություն և ոչ մի շաղախից չեն ամբողջանում: Դաջվում են պատմության մեջ, մնում են ձախով պտտվող աղետալի անիվի ճշմարտություն: Անգամ խաղաղության ոգեկոչումների ոլորաններում գլխատված կյանքերը աշտարակվում են, դառնում մահերի հուշարձաններ, որ աղաղակեն.
– Ապրողնե՛ր, հիշե՛ք մեզ:
Պատերազմը՝ որպես աղետաբեր, շրջանառու վիճակ, պիտի դուրս մնա աշխարհի բոլոր բառարաններից և լինի անթարգմանելի, սակայն դառնում է ժամանակների ամենաարդիական սպառնալիքն ու պարտադրանքը: Պատմությունները կրկնություններ ունեն, թեպետ փոխվում է նրանց ձևն ու բովանդակային կառուցվածքը: Այս անգամ էլ հայ զինվորը գնաց այդ մեծ աղետին ընդառաջ: Արցախի պաշտպանությունը տարավ նրան աներևակայելի սխրանքների: Պայքարը եղավ հերոսական, բայց հաղթանակ բառից մեզ մնաց միայն թանաքը և այն տեսլականը, որ ազգային ոգին անպարտելի է:
***
Նոր զինատեսակները հերքում են հնի ներկայությունը, և շարունակվում է կյանքաորսի անհերքելի ընթացքը, առավել դաժան ու իրական, առավել նոր ու հակամարդկային, առավել նզովյալ ու չարաբաստիկ: Երկաթե թռչունների հռնդյունը մահվան իր սև ծածկույթով ծածկեց ճակատագրային գույները, որից այն կողմ ամայություն է…
***
Պատերազմը ժամանակի ամենաավերիչ ու անբուժելի քաղցկեղն է: Այն հաճախ հայտնվում է երկրի մարմնի մեջ, որը կա՛մ հաղթահարվում է, կա՛մ՝ ոչ, իսկ վերակենդանացման հույսը արդեն ապագային է մնում: Այս անգամ էլ Արցախի գոյամարտի սև ուղտը քառասունչորս օր չոքեց մեր տան դռանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հայը պիտի տեր կանգնի իր երկրի ամեն մի թուփ ու քարին, ականջալուր լինի արմատների կանչին, որոնց ճյուղատարածության մեջ է վաղվա կանաչությունը և ազգի ծաղիկը, իսկ արմատներում ննջում են նախնիների թանկացող հիշատակները: Կրակը և հրթիռակոծության տեղատարափները, ֆոսֆորային անձրևները, երկաթե թռչունների երամները հաստատեցին, որ կերտվում է հերոսության մի նոր ճամփա, ոչ նման նախորդներին, ուր ամեն մի կյանք պիտի աստղանար և բարձունքից դեպի երկիր նայեր որպես հսկող, անթարթ աչք:
***
Հեռացողները պատմության մեջ դառնում են հերոսացումների էջեր՝ ի պահ եկող սերունդների:
Այս պատերազմը գլխատեց ջահելական մի ողջ բանակ, նրանց կանաչությունը և հասունների վաստակած ինքնությունները և մտավոր ներուժը: Հաղթանակը անգամ ցավոտ կլիներ, կորուստների գնով, պարտությունը՝ անշրջանցելի դատավճիռ էր: Պարտություն արձանագրվեց, և լուսանցքներում մնացին մեր պայծառատեսության միֆերը:
***
Ինձ համար առավել ևս պարզացոլ է հիմա պատերազմի արյունոտ դեմքը: Զոհերի գերակշիռ մասը ունեին հեռանկարային խոստումներ գիտության հանդեպ, ուսանողներ էին, ֆիզիկոսներ, տնտեսագետներ, ստեղծագործող ներուժով ջահելություն, արվեստով աշխարհին նայող անհատներ:
Հայի առողջ սերմացուն կորավ արյան լճակներում, ծլարձակում չի լինի… Այս գոյամարտում չպարտվեց զինվորը: Նրա հերոսական ոգին ասքի փոխվեց։ Պայքարեցին մինչև ամենաբարձր սանդղակը: Աներևակայելի քայլերի գնացին: Կարողացան շատերը իրենց մոտ պահել զրոյական ական՝ չգերեվարվելու համար, չհանձնված մահը համարելով պատիվ: Ռազմապարն ու երգը ուղեկցեցին նրան: Ծոցագրպանում զինվորը պահեց իր համար թանկ լուսանկարներն ու սրբապատկեր, պայծառությամբ ու երազով նայեց վաղվա աչքերի մեջ:
Ավերակների տակ մնացին ճակատագրերի աստղահանդեսները:
Մանկության մոլորակը լքեցին երեխաները: Նրանք խաղալիքների հանգույն հարազատների ցավի բեռներն ուսեցին:
Ավերումի մուրճը սև թղթի հանգույն արյունոտ ու անջնջելի էջեր թողեց պատմության անդաստանում, որ կրակը ծխի փոխվի:
***
Որդեկորույս մայրերի զուսպ, լուռ, աներևակայելի մեծ ու անճիչ ողբերգությունը, սիրելիների որբացումը, հարազատների ցավի աղը պատերազմի մատուցած ծանր սկուտեղն էր, երբ արցունքների լճերի մեջ կորչում էր հարազատին նորից հանդիպելու հույսը, և հեռացողը զինվորագրվում էր անհայտ, տիեզերական մի նոր աշխարհի համար, գնում է անվերադարձ, դառնում երկնային բնակիչ, որ աստղերը շատանան, և մենք միշտ վեր նայենք:
Նրանց հետագծից մնում է կարոտը, չապաքինվող այդ հիվանդությունը, որը գնալով թունդանում է հնօրյա գինու պես՝ հոսելով երակներից դեպի սիրտը:
***
2020 թվի սեպտեմբերի 27-ը անջնջելի մնաց մեր իրողության մեջ, դարձավ մաքառումի անմխիթար էջ, երբ թշնամին իր անողոք ձեռագրով նորից ու կրկին դրեց պատերազմի սկիզբը, ու մենք չխուսանավեցինք: Եղավ թվաբանական սխալ հաշվարկ ու յուրայինների դավաճանություն նաև: Արդյունքում հայ զինվորը որդեգրեց իր պայքարի ուղին, մտովի հաղթանակի դրոշը անսասան պատկերացրեց, հավատաց Տիրոջ զորությանը և արդար հաղթանակի ջատագովը մնաց, հավատաց նոր նվաճումների գաղափարախոսությանը: Որդեգրեց իր հաղթանակի ճամփան, որ երկրի դարպասները ամուր պահվեն, սահմանային քարտեզը արձանագրի նվաճելի համայնապատկերներ, բայց պարտության ալիքը ջնջեց այդ երևակայելի խանդավառությունը ու էլի ետ գնաց՝ նույն ափին մոտենալու մղումով:
***
Պատերազմը կործանարար փոթորիկ է: Գրողը, լինելով իր ժամանակի զինվորը, էլ չի կարող հեռակայել այդ դաժան իրականությունից, չդառնալ պայքարի մի մասնիկը, արդարությամբ չընդվզել մատուցվածի առաջ, չգնալ դեպի թիրախը՝ առանց գունավոր ակնոցի, իրատեսորեն: «Հերոսապատում կամ քառասունչորս օր» գիրքը իմ նվերն է նահատակ հերոսներին, պարտքի մուրհակ է, որ պիտի մարվի: Կամովին զինվորագրվեցի այս պատերազմին՝ հոգով կրելով հերոսացողների ցավոտ վերջնագրերի ռեալությունը, արկերի պայթյունները զգացի հոգով, վառոդի ծծմբային հոտը մնաց պոետիկ թևերիս՝ ծանրացնելով հետագա թռիչքներիս երազապատումը:
Չէի կարող չգրել:
Դեպի երկինք ճախրող հերոսական այս չուն պարտադրեց քայլել նրանց երկրային ոտնահետքերով, երբ հավատը ամենազորեղ զենքն էր, իսկ այն դաժանորեն կրակում էր անմեղության վրա:
Նրանք՝ հավատավորները, ամեն մի բջիջով սպասեցին հաղթանակին և չտեսան: Թողեցին մեզ խնկարկումը իրենց գործի ու պարտավորեցնող հիշատակի ցավը՝ որպես չջնջվող հուշադարան կամ քարե հուշարձանների ներկայություն:
***
Ափսոս, որ շատ պատվելի անունները մնացին անհայտության մեջ, չստացան գնահատականի ու մեծարումի խոսքեր, բայց վստահ եմ, որ նոր երևույթներ ու հերոսացումներ դեռ կլինեն, դուրս կգան ստվերներից՝ կենդանի լեգենդներ դարձած, և ռազմապատմության մեջ կարձանագրվեն նրանց սխրանքները նույնպես:
Երբ ցավը կեղևակալում է, սպին է խոսում եղածի մասին, առանց կեղծ պաթետիզմի, ու չես կարող ոչինչով ծածկել այդ գոյությունը: Անմեղության արյունը չի կորչում, խառնվում է եկվորների երակներին, որ ասքը շարունակելի լինի:
***
Հերոսների այս բաց թանգարանում ոսկետառ գրվող քաջազունների ներկայությունը կա: Մահվան աշտարակը հեռվից ավելի վերձիգ է երևում: Այն սերունդների համար լուսակիր է և օրինակ: Թիավարելով արցունքի միջով՝ ես, որպես ժամանակի վկայագիր, կփորձեմ ափ հասցնել այս ոգեղենիկ, բայց ծանր բեռը՝ ի հիշատակ նահատակների և ապրողաց: Այն հերոսացման ամփոփագիր չէ, վերջնագիր չէ, պարզապես ներառում է ինձ հասու անուններ, հարազատների վկայությամբ: Իմ ընթացքը թող չլինի կանգառ, այլ մնա չընդհատվող ներկայություն՝ իր մեջ ներառելով եղած բացթողումները, դիմապատկերների նոր վերծանումներ կգան լրացնելու իմ չասվածը: Պատերազմի մասին պիտի շատ գրվի: Այն անհատակ ծով է, գաղտնիքները՝ խորքում, որոնք ժամանակի ընթացքում մակերես դուրս գալու մղումներ կունենան: Դեռ նոր անուններ կհայտնվեն՝ ասելու. «Մենք այնտեղ եղել ենք, մեզ էլ կհիշեք»:
***
Գրքում չկա երևակայություն, հորինովի պատկերների նկարագիր, լիրիկական զեղումների գեղեցկախոսություն, իրականությունը նախշազարդող վիճակ: Այն իրատեսական է, ռեալ, չշրջանցող ու թափանցիկ, որտեղ խոսում են ցավը ուսած մարդիկ, հարազատները: Վկայագիրները յուրային հերոսի մասին բնականորեն ու տպավորիչ անցումներով են խոսում, ինչու չէ, գուցե և ինչ-որ տեղ լինում են վերագնահատումի պահեր, բայց եղելությունը ավելի իրատեսական է ու բնական:
Հերոսների անունները, միևնույն է, անջնջելի են:
***
Որդեգրումի իմ այս ճանապարհին՝ դանդաղ, առանց գունավորումների պտտվում է հիշողության ծանր անիվը՝ իր ներկայացնելի անունների այբբենական հաջորդականությամբ, և պարտադրում, որ մենք պարտապան մնացինք զինվորին, ում առաքելությունն էր կռվել միայն, պաշտպան լինել հայրենիքին, շանթարգելը մնալ կրակաորոտի, բայց չքաղաքականացվել: Գիրքը իր շնչելի թթվածինը ունի, չնայած տեղ-տեղ կոկորդդ սեղմվում է, կանգ ես առնում, որ հարց տաս.
– Ինչո՞ւ: Մի՞թե հնարավոր չէր կանգնեցնել այս մարդաորս պատերազմը, որը տաբու էր երազի ու մահվան միջև, ագռավային բոթով եկավ ու մնաց մեր երկնքում որպես մի նոր սպառնալիք:
Պատասխանը հնչում է իմ մեջ.
– Հնարավոր էր…
***
Հերոսացման ճանապարհը ծանր գողգոթա է, հուշապատումը փշածածկույթ է, ստիպում է ետ նայել: Դեռ կան հաշմանդամ վիրավորներ, որոնց կյանքում պատերազմը կմնա իրական, երևակայության մեջ անգամ չտեղավորվող ողբերգություն: Ապրող ու շքանշանակիր հերոսներ կան, ովքեր իրենց ընկերների մարտական անունները գրելու են հիշողության չխամրող պաստառների վրա: Կան ռազմագերիներ՝ թշնամու դաժան հայացքի տակ պատսպարված: Նրանցից շատերը չեն ուզում սպանել Աստծո ողորմածությամբ տրված իրենց բաժին հույսը, սպասում են հրաշքի ու փրկության: Անհայտ ճակատագրերի այս քարտեզը իր մեջ ընդգրկում է նաև հերոսական կերպարներ:
Նրանք դեռ կխոսեն…
***
Այսօր առկա է և հեռակա պատերազմի ուրվականը, որը մեկ օր կարող է հայտնվել իր սև հանդերձանքով՝ արյան շեղբեր ձեռք ու ոտին: Պատերազմը դեռ չի սպառել իրեն, այն իր սուրը երկար կճոճի մեր երկրի գլխավերևում: Եռաբլուրը կմնա մեր աղոթատեղին…
***
Կռիվը աննախադեպ էր իր ձևի ու բովանդակության մեջ: Արկը գտնում էր իր որսը հեռավոր տարածքներից: Կործանարար նրա կրակը երկնքից թափվում էր մահացու կարկտի պես, չկար օդը պաշտպանող կարևորագույն զրահը: Այն նման էր ծանոթ մարտաֆիլմերի, բայց զոհերի անունները իրական էին, և ո՞վ իմանա, թե քանի՜-քանի մահաշունչ հառաչանքներ երկինք բարձրացան՝ աղերսելով փրկությունն ու գութը Տիրոջ…
Վստահ եմ, որ հեռացողների շուրթերին աղոթքի հետ եղել է նաև «Մայր» բառը:
***
Նրանց հերոսացումները հուշարձաններ դարձան, որ քարերի երկիր Հայաստանում ոտնաձայների արձագանքները լսելի մնան, դառնան քայլերթ ապագայի համար:
Չեմ ուզում անուններ նշել, շատ են աստղերի չափ, վախ ունեմ, որ ինչ-որ մեկին կմոռանամ հանկարծ, բայց կան դեպքեր, որ հավերժորեն դաջվեցին հիշողությանս պատերին որպես կտավի գունանկար:
Օրինակ՝ զինվորը գրում է. «Մամ, այստեղ բոլորս առյուծներ ենք: Հաղթում ենք մահին: Ուղղակի նայում ես ու տեսնում, որ կողքիդ չեն ընկերներդ, կյանքի հեղուկում են նրանք շաղախված լինում, և հոգիդ լքում է մարմինդ»:
Կամ՝ «Տագնապի պահին Հայկը արթնացել է, վերցրել էր օծանելիքի շիշը և լցրել մյուս ընկերների վրա: Երբ հարցրել են՝ ի՞նչ ես անում, պատասխանել է.
– Վտանգավոր օր է, ինչ իմանաս, թե ինչ կլինի…
Այո՛, վերջը սկիզբ դառնալու շատ պահեր ունի: Հերոսացումը երկրորդ կյանքի գրավականն է:
Զինվոր Թաթուլը ասում է մորը. «Երբ մահանամ, ինձ երգ ու պարով կթաղեք»:
Մի ուրիշ քաջորդի էլ Աստծուց աղոթաձայն խնդրում է. «Տեր, թող ձեռքերս չվնասվեն, որ նորից դաշնամուր նվագել կարողանամ»:
Մի ուրիշ դեպք. Աստվածաշունչը փրկում է քաջորդուն, և կրծքին սեղմած գիրքը պաշտպանում է նրան գնդակից:
Երբ ծարավախեղդ զինվորը իր բաժին շշով ծաղիկն է ջրում, ասել է թե՝ հավատում է, որ արկերը չեն կարող սպանել ապրելու հույսը, գեղեցիկը պիտի մնա:
Կյանքերի կանաչ հունձք եղավ, կրակին զոհ գնացին հատկապես դեռ ծնողական գուրգուրանքի տակ մեծացող երիտասարդները, որոնք պիտի նարոտներ կապեին, սիրո պտուղի համը ճաշակեին:
Մի զինվոր գրում է քրոջը. «Բեղերս եկել են, կնկարվեմ և կուղարկեմ քեզ», իսկ լուսանկարը տեղ է հասնում ուրիշի ձեռամբ՝ որպես միակն ու վերջինը…
Հատկապես հուզական են սիրած աղջիկների նամակները: Նրանց խորքում պոեզիա կա: Կանանց միայնության ու ցավի կարոտը, մղձավանջային գիշերները դաժան կնիք ունեն, երբ քնքշուհին դառնում է իր ընտանիքի նավավարը, քարտեզագրելով իրեն տրված նոր անցումները, իրականության բարդույթներից մինչև փոթորիկ, տանում է իր հետ ծնյալների բարդ ճակատագրերը, որ ապահով ու մայրաբար հասցնի ապահովության եզերք: Անմխիթար են տեսիլքային, անպարագիծ սպասումները, այտերի թացությունը, քույրերի կարոտանքների բեռները, հարազատների, յուրայինների մշտանորոգ ցավը:
***
Գիտակցված վախճանը անմահություն է, ասվում է, բայց դժվար է անցնել այդ կեռմաններով, երբ կյանքերը զոհասեղանների մատաղացուներ են դառնում, և հավատալ այդ նետախոց ճշմարտությանը անիրատեսական է, երևակայական ժանրից է միայն:
Մահվան ուրվականը միշտ էլ վախասփյուռ է:
***
Եթե վերծանենք մահ բառի հապավումը ըստ Աստվածաշնչի, կստացվի այսպես՝ մահ առանց հոգու, որը վերջակետի պես դրվում է կյանքի լուսանցքում, և մնում է սահման ու ավարտ:
Պատերազմ, պատերազմ, դու լույսերի գերեզման ես, և ընթացքդ մահաբեր է: Չեն մոռացվի այն օրերը, երբ հավատը բռնել էր հույսի ձեռքից և երկուսով քայլում էին մեր չարչարանաց երկրով: Զինվորը կյանքի ամեն մի պահը արժևորող աղոթք ուներ իր ներսում, որից այն կողմ անմահությունն էր ու անկշիռ հոգու թռիչքը: Հաղթանակը նրա նպատակի բուրգն էր, գագաթին՝ զանգի ներս կանչող ղողանջը, ճակատագրային եռաթև խաչը:
Արցախյան գոյամարտը հաղթության խաղաթուղթ չունեցավ:
Եռաբլուրը էլ տեղ չունի նոր անունների համար, կմնա ուխտատեղի ու խոնարհումի ու խնկաբույրի սրբավայր և դատապարտում, որ պատերազմի սպառնալիքին ասենք.
– Ո՛չ, հազար անգամ ո՛չ:
***
Մեր ներսում դեռ երկար ռումբեր կպայթեն, հողի ճիչը կարձագանքի ժամանակի միջով, և 2020 թիվը կմնա ազգային աղետ՝ հուշելով, որ հեռացողների գերեզմանները երկնքում են, իրենց տիեզերական չափումների մեջ:
Հայրենիքը սկսվում է նրանց ճանապարհի ուխտով: Էպոսային իր ընթացքի ու ոգեկոչման մեջ է դյուցազնական Դավթի ոգին, վերարթնանում է ժամանակի միջով և մնում է արդիական:
Պատերազմը ընդդեմ սիրո է և հանուն հաղթանակի: Նրա առաջ ծալվում են թռիչքի թևերը, գահավիժում է վերից մինչև անդնդախոր ձորերի խորխորատը: Այնտեղ լույսերի սով է, ճակատագրերի մենամարտ, որտեղ փլատակների տակ է մնում երազը մահապարտի պես, և բաց աչքերը փակող չեն ունենում: Հավերժորեն բաց են, որ բիբերի տեսողության մեջ չմեռնեն սիրելիների դեմքերը: Մնան գունավոր ու նախնական:
Հազար ափսոս այն աղջիկներին, ովքեր սպասեցին իրենց կեսերին, և այդպես էլ նրանք չվերադարձան և ի ցավ չծնված հրեշտակ երեխաներին: Նրանց առաջին ճիչերը նոր կյանքի հրավերներ էին լինելու, բայց մնացին անհայտության մեջ՝ որպես ցավի օրորոցներ:
Արմատի վրա կրակ վառվեց, բայց վաղը այդ տաք մոխրակույտից կծնվեն փյունիկ թռչուններ, որ երկինքը իր մթամածության մեջ՝ այդ թևաբախումներն էլ ունենա։
***
Պայքարը պատկանելիություն չի ճանաչում: Պատերազմի բոթին զենք վերցրեցին եզդին ու քուրդը, ռուսն ու այլազգին, որ արդարության ու նվիրումի որդեգիրները մնան, անսասանության սյուները երկրի:
Հազար փառք, օրհնություն, խնկարկում ու աղոթք մեր աստղաճաճանչ հերոսներին և այն անուններին, որոնք հասու չեղան մեզ ու պիտի դեռ ծլարձակվեն՝ իրենց բաժին աշխարհը ծաղկուն պահելու համար: Անհայտության մեջ ապրող ամեն մի զինվորի կրած սաղավարտը տղամարդկային պատվախնդրություն է և ուժ, արդեն կարևոր չեն շքանշաններն ու կոչումները:
Հազար փառք հերոսներին մեր:
Թող բանաստեղծությունս գնա, հասնի նրանց, որպես հիշատակի և նվիրումի ներբող ու շնորհակալության բարեմաղթանքի բացիկ, և ասի՝ փառաբանելի ճամփա բոլորիդ, իմ հերոսներ:
***
Թոռնահա՛մ տղերք,
Պայծառաճակա՛տ,
Սրտիս արցունքը
Հոսում է նորից
Երակներիս մեջ՝
Կարմիր է, աղի:
Ավազաքարեր
Նորից խառնվեց
Ձեր ոսկեհատիկ
Երազանքներին
Եվ այն չի մաղվի:
Երկինքը դարձավ
Թաշկինակը իմ,
Մութը և լույսը
Խառնել եմ արդեն,
Անքնությունը
Շատ է անալի:
Թոռնահա՛մ տղերք,
Տաճար եք վերձիգ,
Այն փակ դուռ ունի,
Աղոթքս դարձավ
Մուտքի բանալին:
Ես կգամ շուտով՝
Կիսելու ձեզ հետ
Հողի կարոտը
Խնկի բուրմունքով,
Որ երկինք տարաք,
Ինձ հետ կբերեմ
Ծաղկասերմերը,
Թող կարոտների
Դաշտեր կանաչեն
Սիրաբորբ ու տաք:
Հուշերիս պահին
Ամեն ծաղկաթերթ
Վերից ցած նայող
Կիսատ երազի
Անձրև կլինի:
Թոռնահա՛մ տղերք,
Ձեր անունները
Ինձ հուռութք դարձան,
Որ միշտ ես խմեմ
Երբեք չսառչող
Արցունքիս գինին…