ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՐՁԱԿԸ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

Կա՛ այդպիսի արձակ, որը չի պարտադրում սիրել, գովաբանել, վատաբանել կամ հավատալ իր հերոսին, չի պարտադրում կամ մղում քննարկելու նրա վարքը, միջավայրը, հարցից մի ուրիշ հարցի գնալ, բացել նրա կյանքի շուրջը խճճված թելերը։ Ամեն ինչ քո աչքի առջև խոսում է ինքն իր մասին, մնում է, որ կայանա հանդիպումն ընթերցողի հետ, որից հետո վերջինս խոստովանելու է, որ հանդիպումն ազնիվ էր, որովհետև իրավիճակն ու միջավայրը հենց այն է, որի մասին մարդիկ սովոր են ասել՝ «Դե, կյանք է, ամեն ինչ կարող է պատահել», կամ՝ «Այսպիսին է կյանքը, ի՞նչ կարող ես անել» և այլն։ Ասում են ու սիրում այդ կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ։
Սամվել Բեգլարյանի արձակը շատ կյանքային, շատ մարդկային է։ Ամեն ինչ պատճառաբանված է այս նույն չափանիշներով։ Մարդկային է այն, որ կյանքը կարող է հատակ ունենալ, իսկ եթե հատակ, ուրեմն նաև՝ նրանից ավելի վեր ու վեհ մի բան։ Մի բան էլ կա, որը չի կարելի անտեսել. դա յուրաքանչյուր մարդու ներսում փակված թռչունն է, որին պետք է բաց թողնել, որովհետև թռչունի միջավայրը երկնքոտ ու ազատ պետք է լինի։
Ահա այս՝ կյանքի ծանր կողմի կամ հատակի ու նրանից վեր եղող երկնքոտ, այսինքն՝ ազատատենչ մաքրության գաղափարների շուրջն է պտտվում Սամվել Բեգլարյանի արձակը՝ ամփոփված «Ցուրտ երկիր, տաք կայարան» ժողովածուի մեջ։
Երկնքի գաղափարը. ի՞նչ կարող է նշանակել երկինքը մարդու համար, և ո՞վ կարող է զգալ նրա մեջ անծայրածիր ձգվող ազատությունը։ Կան ի պաշտոնե կամ ի առաքելություն այդ անելու համար նշանակված մարդիկ՝ եկեղեցու սպասավորները։ Սակայն երկնքի տեղը ճշմարտապես իմացողներն ասում են՝ «…իսկ դու մի՛ նայիր նրանց վարքին կամ գործերին, այլ լսիր նրանց խոսքը և քոնը դարձրու այն, ինչի մասին նրանք խոսում են»։
Կարեն-Կայան («Երկինքը գմբեթի վերևում») դեռ այն տարիքում չէր, երբ իր երկնակարոտ թռչունի հետ շատ խիստ կերպով դուրս հրավիրվեց եկեղեցուց, բայց նա հստակ հասկացավ, որ եթե թռչուն ունես, պետք չէ նրան պահել այնտեղ, որտեղ նրան չեն ճանաչում։ Չի կարելի ավելի պինդ փակել վանդակի դռնակը, երբ հանդիպում ես քո թռչնակին վիրավորողին կամ չճանաչողին։ Այս տղան մեկն է հարյուրավոր իր նմանների մեջ, ում, սակայն, ճանաչում են գլխին պահած վարդագույն թռչնավանդակով։ Իսկ վանդակի մեջ նրա Ծիլամբոն է։ «Թող մոտիկ լինի երկնքին, թող տեսնի ու սովորի, թե ոնց են թռչում մերոնք»,- այդպես մտածելով է Կայան իր գլխից վեր տանում թռչնավանդակը, թռչունի ցեղակիցներին «մերոնք» համարելով։ Մի օր էլ, երբ Կայան իր Ծիլամբոյին տարավ եկեղեցի, ուր բոլորը հաճախ են հայացքները վեր հառում, լսեց սպասավորի ձայնը.
– Զավա՛կս, այստեղ հավանոց չէ։
– Բայց Ծիլամբոն հավ չէ…
– Ծիլամբո՞ն ով է,- խոսեց շշուկով։
– Դե, ինքն էլի, թռչունը։
– Առավել ևս. թռչնանոց չէ… Դուրս գնա։
– Բայց մենք ուզում ենք վերը նայել ու տեսնել, թե…
Փոքրամարմին սևազգեստը ծիծաղեց.
– Պա՜հ, մե՜նք… այդ ո՞վ եք դուք, ա՛յ ծրտոտներ, դուրս գնացեք, քանի դեռ չեք կեղտոտել չորսբոլորը,- ավելի մոտեցավ ու կլոր, պինդ փորով նույնիսկ հրեց Կայային։
Իրենց հետ թռչուն ունեցողներին այդպես էլ ընդունել են ամենուր՝ տանը, դպրոցում, շրջապատում… Նման իրավիճակներից դասեր քաղելով՝ Կարեն-Կայան հասկացավ, որ ճիշտը վանդակի դուռը բացելն ու թռչունին ազատություն տալն է։ Եվ երբ վանդակի դռնակը բաց էր, «մեղմորեն ծլնգում էին եկեղեցու զանգերը։ Գմբեթի ճիշտ վերևում երկինքը կապույտ-կապույտ էր. այնտեղ թռչուններ էին ճախրում և զանգի ղողանջների հետ բարձրանում էին վեր, շատ վեր, ուր բոլորը, բոլորը թռչում են միասին…»։
Ճիշտ այդպես, երկնակարոտ իր թռչունին ազատություն տալով, այսինքն՝ իր ազատատենչ ու մաքրասիրտ բնականությամբ է հեղինակը ընթերցողին ուղեկցում մի աշխարհ, ուր կյանքի ծանր կրունկը երբեմն այն աստիճան է տրորում մարդուն, որ թվում է, թե հատակում մնալն անխուսափելի է, բայց, չէ՛, որտեղից որտեղ թռչունն իրեն զգալ է տալիս ու վեր բարձրացնում։
Եթե թռչուն ունես, ամեն ինչ կորած չէ։ Այս է Սամվել Բեգլարյանի «Ցուրտ երկիր, տաք կայարան» ժողովածուի պատմությունները կենսունակ պահող գաղափարական միջուկը։ Բաց թողնել թռչուններին՝ չի նշանակում ընդմիշտ հրաժեշտ տալ նրանց։ Պետք է տեղ թողնել նրանց վերադարձի, գնալու ու գալու համար, որովհետև «հավքերն անպայման պետք է տուն վերադառնան»։
Կյանքը շարունակվում է, որտեղ յուրաքանչյուր փոքր միավոր անգամ իր օրենքներն ունի։ Ճիշտ այդպես իրենց օրենքներն ունեին հեղինակի գրչի տակ կենդանություն առած սահմանամերձ բնակավայրերն ու նրանց բնակիչները։ Մարդիկ այնտեղ հողի գնի հետ գիտեին սեփական տան, ընտանիքի ու նրա անդամի պատվի գինը։ Ըստ դրա էլ՝ իր «ավարա» որդուն ընտանիքի տեր դարձնելու համար Համբարձումը ոչինչ չէր կարող խնայել («Անունը չմոռանաս, անունը հիշիր»)։ Հարսանիք հրավիրվողների ցուցակը նրա բռնած գործի կողքին անպատվաբեր էր, ուստի՝ առանց երկմտելու է կնոջն ասում՝ «…ես ամբողջ գյուղին ու դեռ մի բան էլ ավելի՝ հրավիրում եմ… էդ ցուցակդ էլ կտանես արտաքնոց»։ Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ կյանք է, ամեն բան էլ կպատահի, ու հակառակ բոլորի ցանկության, Համբարձումի տանը նորածնի ճիչ չի լսվում։ Ավարա Քոչարի ձեռքն էլ հայրը չի կարողանում բռնել, ինքն է բռնում Ռուսաստանի ճամփան։
Սահմանն իր օրենքներն ունի, սահմանակից գյուղն՝ իր, բայց օրենքները երբեմն խախտվում են։ Ահա այդ խախտված խառնաշփոթի մեջ հեղինակը մատնացույց է անում բաց թողնված թռչունին, որ պետք է վերադառնար ու տեր կանգներ իր անվանը։ Այս պատմության հոգեբանական հուզումներով լի ավարտը, իսկապես, ստիպում է կտրվել այն օրենքից, ըստ որի, որևէ մեկը չի կարող իր թռչունի վանդակը գլխից վեր բռնած քայլել։ Ավարայի անուն վաստակած Քոչարը գլխից վեր կարողանում է բռնել ուրիշի՝ դաժանաբար թուրքի զոհը դարձած ուրիշ մեկի «թռչնավանդակը», որի հետ այլ պայմաններում այլ կերպ կվարվեր…
Ինչպես են դատարկ, ճմռթված փալաս պարկն առնում գետնից… այդպես թուլացած, այդպես անգո բարձրացավ տեղից ու պատին հենվելով քայլեց դեպի դուռը։ Շեմքամեջ ետ շրջվեց… չէ՛, չէ՛, Մանուշի կողմը չնայեց, ինքն իրեն ասաց, պատերին ասաց, չղջիկին, պատուհանից ներս ընկած լուսնաշողին, առաստաղին ասաց.
– Չեմ սատկացնի, ապրի՛ր… Չորանոցի տնակի դուռն էլ կողպված է… Էնտեղ ապրում էր, էստեղ ծոցդ մտնում, հա՞… Ոչ ոք չունի, չէ՞… Հա՛, երեխան… Կլինի, մեծ աշխարհ է, էսպես էլ կպատահի։ Քեզ պիտի սատկացնեի, բայց… մեծ աշխարհ է, էսպես էլ կպատահի ու պատահեց։ Հա՜, թուրքերը… ես թուրքի մայրիկը… Ի՞նչ էր էդ տղայի անունը, ինչո՞ւ եմ մոռացել, ինչո՞ւ չեմ հիշում, հը՞… Դու, դու, անունը չմոռանաս, հիշիր անունը, հիշիր…
Խենթացած էր, ուրվական էր, կար ու չկար…
Սամվել Բեգլարյանի հերոսները համոզված են, որ ինչպիսին էլ լինեն օրենքները, մի բան հաստատ է՝ բաց թողնված թռչունը պետք է հիշի իր տան տեղն ու վերադառնա։ Եվ կողքիններն օգնելու են, որ նա վերադառնա։ Ծառս լինելով բոլոր օրենքների ու իր զգացումների դեմ՝ Քոչարը օգնեց, որ Վարդանի թռչունը հանգիստ ճախրի վերևներում։
Սամվել Բեգլարյանի արձակը՝ իր կոշտ ու կոպիտ, երբեմն սահմաններ խախտած խոսք ու արտահայտություններով, որ ասես հենց այդ պահին են կաթել պատմության հերոսի բերանից, միևնույն ժամանակ, չափազանց առողջ է։ Առողջ, այսինքն՝ ներքին ասելիքն էլ հստակ գծագրումներով արտաքին ասելիքի հետ միավորվում, աշխատում է կենսալից, տեսանելի տրոփյունով։ Մանրադիտակի տակ դնելու, հետազոտելու, բացահայտելու խնդիր չկա, որովհետև կյանքի շնչառությունը հստակորեն զրնգում է՝ ազատ թողնելով գործող անձանց ելումուտը։
Կերպարները ճիշտ այնտեղ են, որտեղ ծնվել ու ապրել են, ճիշտ իրենց անթաքույց միջավայրում, որը հոսում է հատակից մինչև երես՝ ցուցադրելով նույն հատակն ընկած մի բարի ու լուսավոր բան.
…Թեքվեց ու տեսավ փայտե աստիճանների գլխին թառած Զվարթին։ Նա էլ կանգնած էր կողքին։ Ճերմակել էր ահագին, հայացքն էլ՝ մի տեսակ՝ շշկլված-շփոթված։ Մի ձեռքով փաթաթվել էր Զվարթի մեջքին, մյուսն էլ վեր պարզեց ուրախ ու զվարթ.
– Պրիվետ, ապո՜, բարով… եկել եմ… լավ ես, չէ՞…
Ինքն ինչու չպիտի լավ լիներ, մանավանդ, որ նրա սրտանց բարևին նույնպես սրտանց ու ջերմ չպատասխանելու ոչ մի պատճառ չուներ… Իսկ նա, որ վերջապես եկել, տուն էր հասել Ռուսաստանի հեռուներից, անչափ երջանիկ էր։ «Պրիվետի» համար վեր պարզած ձեռքն իջեցրեց օդից և ամուր-ամուր փաթաթվեց Զվարթին.
– Կնի՛կ, ապրես, թե որ փող չուղարկեիր, չոլերում էի մնալու։
Զվարթի աչքերը ճակատը թռան.
– Ի՞նչ փող, գժվեցի՞ր…
– Է՛ն, էլի, որ ուղարկել էիր ճանապարհի համար… դեռ մի բան էլ ավելի։
…Ինքը միայն լսեց դռան փակվելու ձայնը, հիշեց, որ շատ էր մաշված, խարխլված, միշտ դժվար էր փակվում, և հանգիստ ու զվարթ շարունակեց իր ճամփան։ Ինքը շատ էր սիրում ձմեռը, որովհետև ձմեռվանից հետո գարուն է գալիս… Ինքն իսկապես ուրախ էր և ուզում էր կանգնել ճամփամեջ և գոռալ ի լուր բոլորի, որ շա՜տ ու շատ ուրախ է, շատ է սիրում, երբ գալիս է գարունը, երբ չված բոլոր հավքերը իրենց բույնն են վերադառնում։
Ճիշտը դեպի լույսը կրկին վերադառնալն է։ Հենց այդ պահերն է պարզ խոշորացույցի տակ ընթերցողի համար ցուցադրել հեղինակը։ Ոճն առանձնանում է կերպարի բերանով անմիջական արտահայտություններին ազատություն տալով։ Լավ-վատ, հարմար թե անհարմար, նրանք դա են պահանջում։ Այլապես նրանք ուրիշ կլինեն. հիվանդ, վտիտ, լպրծուն, կեղծավոր կամ անգույն… Բայց սրանք՝ բոլոր հերոսները, առողջ են, շատ առողջ, չեն խուսափում իրենք իրենցից կամ ընթերցողի հետ հանդիպումից, թաքնվելու տեղ չեն փնտրում…
Շատ տեսանելի արձակ ունի Սամվել Բեգլարյանը։ Այնքան տեսանելի, որ անգամ եթե չես հանդիպել, չես տեսել կամ լսել նկարագրված բնակավայրերն ու նրա մարդկանց, գիտես, որ նրանք կան, որ եղել են։
Տուն ու հայրենիք, սահմանին ու սահմանամերձ, զինվոր, պաշտոնյա, կամք ու օրինականություն… այս ամենով թաթախված մտավորական է գեղարվեստական ուրույն արձակի հեղինակ Սամվել Բեգլարյանը։ Նրան, որպես անհանգիստ մտավորականի, պետք է հանդիպել կարդալով առանձին հրատարակությամբ լույս տեսած նրա «Էսսեներ»-ը։ Մտավորական գրողի խոհերն այստեղ զատվելով գեղարվեստականությունից, դառնում են ինքնախոստովանություն, ինքնաճանաչում, ինքնաքննադատություն, ինքնագոհություն, ինքնա… ինքնա… Եվ այդ բոլորը ոչ թե առանձնապես հենց իրեն, այլ այն ամբողջականությանն է վերաբերում, որին նա Հայրենիք է կոչում։ Նա Սահման կոչվող ֆիզիկական գիծը գաղափար դարձրած այն գրողն է, ով ապրում է նույն գաղափարի շաղախով պատած իր հոգու տան, իր խոհերի մեջ։ Եթե ուզում ենք տեսնել, հանդիպել նրան իր այդ տան մեջ, պետք է բացենք նրա դուռը և լսենք առաջին իսկ հորդոր խոհը՝ «Հայրենասիրության սահմանումը սահմանին է սահմանվում, հավատա»։
Ըստ Սամվել Բեգլարյանի՝ Հայրենիքը զոհասեղան ընկալած քաջերը երկինք բաց թողնված թռչուններ են, որ վեր են գնում տեղ բացելու ազատության մեջ՝ մյուս թռչունների համար։ Մնացածները ցածում, նրանց տեսադաշտում հայրենի հողը մշակողներն ու ծաղկեցնողներն են։ Երկու դեպքում էլ հրաշալի է, և Հայրենիքը պատվով պահելու համար այլընտրանք չկա։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.