Սամվել ԿՈՍՅԱՆ – Արդեն ճանաչված արձակագիր Ռոլանդ Շառոյանը վերջերս ավելի ներկայանում է բանաստեղծական շարքերով, երբ սովորաբար պոեզիայից են գալիս արձակ: Ի՞նչ է փոխվել:
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ – Դրանք գրաքանդակներ են – բառերի երամ են, որոնցով ես քանդակել եմ իմ մտածումները, ուրիշ ոչինչ, այդ ոճով ասելիքս տեղ հասցնելն ավելի ծանր է թվում, բայց ընթերցողին դուր է գալիս այդ անսանձ բառերի քանդակագործությունը: Այն կյանքն, ինչի մասին գրում եմ, այդ ոճով պարուրված` սիրելի է իմ ընթերցողին: Եթե դա էլ է պոեզիա, ուրեմն` բանաստեղծ էլ եմ:
Ս. Կ. – Ըստ Ձեր «Եսուդու» անտիպ բանաստեղծական ժողովածուի վերնագրի՝ գիրքը երկխոսություն է ենթադրում: Ո՞ւմ հետ և ինչի՞ մասին…
Ռ. Շ. – Աշխարհի մարդն այսօր, ամենատարբեր զգացումներով, ամեն օր բախվում է լույսին, գույնին, ջերմությանը, ձայնին, ջրին, ծառին, կանաչին, հողին, քարին, ընդերքին, երկնքին, արևին, անձրևին, ամպերին, կայծակին, շանթին, սիրուն, դավաճանությանը, պատերազմին, խաղաղությանը, կյանքին և մահվանը, բախվում է՝ որտեղ էլ որ լինի, այդ բախումը օրերի հևքի մեջ վերածվում է պայքարի՝ ժողովուրդների, ազգերի, պետությունների պայքարի – մարդկային ներքին աշխարհի և արտաքին աշխարհի միջև: Եվ թերևս սա է եղել պատճառը, հիմքը բազմաստվածության հայտնության՝ մինչև Հիսուս Նազովրեցին: Դրա պատճառով է արտաքին աշխարհի քաղաքականությունը դարձել արվեստի ձև` անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ, դրա պատճառով է մարդն իր ներքին աշխարհում հաճախ դառնում սրիկա, մատնիչ, դավաճան, անբարոյական, սեռամոլ, բորոտ, անգամ հայրենատեր, մշակ և հերոս: «Եսուդու»-ն այդ համաշխարհային ապրումները հաշտ ու խաղաղ մեր ոստանում ապրեցնելու, արարելու ուղիղ խոսք է, պարզ միտք է, Հայոց աշխարհում միայն պայքարելով խաղաղություն հաստատելու մեր կամքն է:
Ս. Կ – Ձեր հորդորն է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այլևս անկարելի է շողոմ կյանքով ապրելը: Հանուն Հայոց աշխարհի՝ փոխե՛ք ձեր կյանքը. այսօրիկ կյանք վարելով ապագա չի կերտվի»: Ունե՞ք նոր ապրելաձևի Ձեր բանաձևը:
Ռ. Շ. – Նախ՝ մեր անցյալը հնարավոր չէ ամբողջությամբ Հայոց պատմության դասագիրք դարձնել, որովհետև այն հարյուր տարի անց էլ շարունակելու է տրոփել մեր ներկայի մեջ: Բացի հրեաներից, աշխարհում ոչ մի ազգի դեռևս չի հաջողվել կերտել իր ամբողջական պատմաաշխարհագրական հայրենքը և սահմաններ վերաձևել: Քաղաքական աշխարհը գրեթե ամբողջությամբ փակեց անտես վարագույրներով իր թաց ու չոր, տխուր ու ժպտացող աչքերը, արդյունքում՝ ծիծաղաշարժ մի քաղտեխնոլոգիա փաթաթեց մեր վզին. մերժելով սուլթանական Թուրքիան, իբր, աշխարհին պարտադրեց, այսինքն՝ հայությանը, քեմալական մի Թուրքիա, այսինքն՝ մեր անցյալը ցեղասպանելով դարձրեց ներկա, և առ այսօր մեր ներկայի մեջ տրոփում է մեր կորուսյալ երկիրը: Այսքանից հետո պարտադրում են մեր դասագրքերը փոխել, հաջորդը կլինի Այբուբենը: Արդեն սկսել են սեռափոխել մեր գենետիկ սերն առ հայրենիք, արդեն պլաստիլինացնում են մեր ավանդական հազարամյա ավանդներն ու ավանդապատումները, պատմությունը վերաձևում են ժամանակի հոսող գետի, հայրենիքի գաղափարը պատվաստում են սև ու սպիտակ գույներով և մեր երեխաների ներաշխարհը խեղում են օրեցօր մի (gi) ավելացնելով: Բզկտված հայրենիքի սիրով մի շուն ու կատու չես կարող գործնական սիրով սիրել, ուր մնաց հայրենիքը: Գործնական սեր հայրենիքի հանդեպ – ահա մեր հույսերի իրականացման առաջին և հիմնական բանալին: Ահա թե ինչու եմ խոսում «այսօրիկ» կյանք վարելու ամոթալի բարքի մասին: Մարդիկ կան, որ մեկի բերանից լսում են «հայեցի դաստիարակություն» բառակապակցությունը, տոհմով, ցեղով, նախահորով հարձակվում են նման արտահայտություն անողի վրա: Այդպես վարվում էին թուրքերն Արևմտյան Հայաստանում և բոլշևիկ հայերը՝ Արևելյան Հայաստանում: Հարյուրավոր օրինակներ կան, ինչպես են հետապնդել Դանիել Վարուժանին, Շավարշ Քրիսեանին, Նժդեհին, Չարենցին, Բակունցին… Ես չեմ կարող ներկա ժամանակաշրջանի մասին խոսել, թաքցնելով իմ և հասարակության մի մասի (շատ թե քիչը կարևոր չէ) ներաշխարհում կատարվող մակընթացությունները, որոնց պատճառով մարդիկ գրեթե ամեն օր խեղվում են: Ես ինչպես թաքցնեմ մտածումս իմ ընթերցողներից, որ թագաժահրի ժամանակ ամեն օր մի քանի հարյուր մարդ է վարակակիր դառնում, և տասնյակներով մարդիկ են մահանում ոչ թե թագաժահրից, այլ՝ ուղեկցող հիվանդություններից. ինչո՞ւ: Ինչուների հազարաթև մի երամ է պտտվում աշխարհասփյուռ և հայաստանցի հայերի գլխավերևում: Սփյուռքի հանձնակատար կոչվածն ի՞նչ է հասկանում Սփյուռքից, որ ԱՄՆ-ում է ապրում կամ ապրել, անգամ եթե 100 միլիոնանոց քաղաքի քաղաքապետ եղած լինի: Նրան Հայաստան բերելը պարզապես, քաղաքական առումով, անթույլատրելի էր, մանավանդ, հատկապես Սփյուռքի գծով հանձնակատարը պետք է լինի մեկը, ով ոչ թե անգլերեն, այլ հայերեն լավ գիտի: Առաջիկայում այս թեմայով` «հողահավաք, հայահավաք». կխոսեմ շուրջ հիսուն տարի կատարած իմ ուսումնասիրությունների և եզրահանգումների մասին, որը Հայաստանի Հանրապետության հզորացման բանալին է:
88-ից առ այսօր, անցյալ դարձած ցանկացած քաղաքական ուժի (մոդեռնացված) պետք է միայն ազատ, կամորոշված ընտրության ճանապարհով բերել իշխանության, քանզի հեղափոխական ճանապարհով անընդհատ ձգտել իշխանափոխության` համարում եմ արկածախնդրություն: Երկրի ներսում միայն կանոն և օրենք. միակ անցնելիք ճանապարհը` առանց ամբոխավարության դույզն-ինչ դրսևորումների:
Ս. Կ. – Հնարավոր համարո՞ւմ եք կամ երբևիցե հաջողվե՞լ է երազը իրականության վերածել…
Ռ. Շ. – Ե՛վ երազը, և՛ երազանքը եթե նույնացնեք` դա Արցախի Հանրապետության կայացումն է: Մնաց 9 երազ և երազանք, որի համար 130 տարի է, ինչ պայքարում է ողջ հայությունը: Մեր ներսի և մեր դրսի ներդաշնակ և համերաշխ քաղաքական պայքար մղելու ջիղից է կախված. Հաղթական կամարին հասնելը: Գիտություն, կրթություն, մշակույթ, գիրուգրականություն… ահա ամենօրյա մեր սնունդը՝ ուժեղ երկիր ունենալու համար: Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ հավատ: Կարճ՝ մեր ապագան մեր Էպոսն է` «Սասնա Ծռերի» իրականությունը:
Ս. Կ – Նոր ծրագրեր, նոր գրքեր, նոր պիեսներ…
Ռ. Շ. – Գրել եմ «Եսուդու» չափածո մտածումների վիպագրությունը, «Գեղջկական կապրիզներ» գրաքանդակները: Գրել եմ մանկապատանեկան պատմվածքներ և հեքիաթներ, «Մեր բաժին ուրախությունը» և «Արևը ծիծաղում է Արցախում» կինոսցենարները:
Հավանաբար նոր ստեղծագործություններ էլ կծնվեն: Կյանքը շարունակվում է: