ՀՌԻՓՍԻՄԷ

Կորոնան այնքան է հարազատացել, որ նրա ուրվականը հայտնվում է անկողնուս մեջ, երբ բացում եմ աչքերս, նստում է դիմացս, նայում է սուրճիս բաժակին, էլ չեմ ասում, որ կրնկակոխ հետևում է ինձ, զննում, թե շա՞տ եմ վախենում իրենից: Երբ ավարտվում է օրը, գալիս է, պառկում մահճակալիս` որպես տիրոջը չլքող հավատարիմ շնիկ: Ուզած թե չուզած` շոյում եմ գլուխը, որ չաղմկի:

Չգիտեմ, թե ինչ է կարդում հայացքիս մեջ, բայց ես ունեմ մի հստակ տեսակետ, որ սատանան այնքան էլ ահավոր չէ, ինչպես պատկերացնում ենք: Ես ճանաչում եմ նրան դեռ իմ ջահելության տարիներից: Ինձ գտնում էր, ուր էլ լինեի:

Կորոնան քամելեոն է նաև: Ամեն օր փոխում է իր գույնը: Բոլորից շատ վախ է ներշնչում, երբ խառնվում է սևի ու սպիտակի հետ, քաղաքականացվում է և դառնում գորշագույն, անընդունելի կոկտեյլ` իմ չսիրած ծավալումներով:

Պոետի համար մնում է ինքնախոստովանանքի դատա­վճիռ: Եվ այդ հռչակումից հետո կա՛մ ազատ ես արձակվում, դուռն ու պատուհանը բաց ես թողնում փախուստի համար, կա՛մ հայտնվում ես տան պատերի բանտի մեջ` քո իսկ հորինած ինքնակամ աքսորում:

Իսկ դրսում մխիթարություն չէ, դիմակը խանգարում է: Առաջին անգամ զգում ես թթվածնի գերիշխանությունը, կախվածությունը նրանից: Աշխատում ես տեղ-տեղ ազատվել այդ աչքակապ հիշեցնող բազմատեսակ դիմակներից:

Չէ՛, արդեն միակ սփոփանքն է` նայել առաստաղին և մտովի ետ տանել երկնքի ու տան միջև եղած այդ բետոնե ծածկույթը:

Կորոնան հաճախ, որպես երևույթ, ինձ խաղ է թվում` մեծ տերությունների սցենարով գրված, և բեմը դառնում է քաոսային ու խուճապաստեղծ, անկառավարելիություն` փոքր երկրների համար: Աշխարհի քարտեզն այսօր դառնում է էլաստիկ ու ձգողական, որտեղ ամեն մի դերակատար ուզում է իմաստուն և ազդեցիկ երևալ, տեղավորվել իր իսկ հյուսած որոգայթի մեջ:

Է՜, տեսնես առանց կորոնայի կկարողանա՞նք ապրել հետայսու, երբ ընտելանալու ուժը այլևս վախ չի ներշնչի: Անգամ թշնամի հարևանիդ հետ կարողանում ես ապրել` զգուշության փայտը միշտ պահած դռան ետևում:

Ի՞նչ ասեմ այդ թագավարակի մասին, որ ոտնատակ է լինելու շուտով: Տարիների հեռավորությունից նայելիս պիտի կուչ գա որբացած, բորոտ ու հիվանդ մի ծերուկի պես, որ օգնություն է աղերսում աչքերով:

Մնում է բարձրագոչել.

– Դու էլ հավերժական չես, սքեմավո՛ր:

Շուտով կապրենք առանց քեզ:

Իսկ ես մի տրագիկ պատմություն կգրեմ նրանց թուլության մասին, ովքեր վախի դրոշ են ճոճել և փորձել են համոզել ինձ, որ իրենք գերհզոր են:

Կգա՛ այդ ժամանակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։