ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցավ Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Այն կազմակերպվել էր գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի ջանքերով:
Բացման խոսքում գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ. Դևրիկյանը կարևորեց նստաշրջանի անցկացումը թե՛ գրողի ստեղծագործական նոր շերտերի բացահայտման, թե՛ Նար-Դոսին հուզած համամարդկային խնդիրների, կյանքը վերափոխելու անհրաժեշտության հարցադրման արդիականությամբ:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յու. Սուվարյանը ողջունեց Նար-Դոսի ժառանգությունը մեկ անգամ ևս գնահատելու, նորովի արժևորելու նախաձեռնությունը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ողջույնի իր խոսքում առաջադրեց այսօրվա արձակի և Նար-Դոսի ստեղծագործության կապը գտնելու խնդիրը, անդրադարձավ նաև Նար-Դոսի՝ մտավորականության վիճակի նկարագրությանը՝ փաստելով, որ գրողն օգնելու է այս օրը ապրելու և վաղվա համար պատրաստ լինելու:
Գիտաժողովի երեք նիստերում լսվեց 15 զեկուցում: Բ.գ.դ., պրոֆ. Ավ. Իսահակյանը «Նար-Դոսը Իսահակյանի գնահատությամբ» զեկուցման մեջ ներկայացրեց այն հայեցակետը, որով առաջնորդվել է Վարպետը Նար-Դոսի կերպարը գծագրելիս:
Բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյանը «Պատում, գիր, հերոս, միջավայր հարաբերակցությունը Նար-Դոսի փոքր արձակում» զեկուցման մեջ անդրադարձավ Նար-Դոսի պատումի յուրահատկություններին, հատկապես փոքր արձակին, որտեղ թվացյալ չեզոքության մեջ առկա է գրողի համակրանքը կամ հակակրանքը:
Բ.գ.դ., պրոֆ. Ս. Դանիելյանը «Նար-Դոսի գրական ուղղության խնդրի շուրջ և զուգահեռներ» զեկուցման մեջ ներկայացրեց Նար-Դոսի արձակին բնորոշ առանձնահատկությունները:
Բ.գ.դ., պրոֆ, Ալբերտ Մուշեղյանի հավաստմամբ («Շահյանի նախատիպը Նար-Դոսի «Մահը» վեպում»)՝ Շահյանի նախատիպը եղել է 80-ական թթ. Գերմանիայում Շոպենհաուերի փիլիսոփայությունը ուսումնասիրող մի ուսանող, որը երկրորդ կուրսում հեռացվել է: Շահյանը նույն այդ փիլիսոփայության կրողն է:
Բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանի «Նար-Դոսն ու Հովհ. Թումանյանը գրական ընթացիկ կյանքի խաչմերուկներում» զեկուցումը նվիրված էր ստեղծագործական ուրույն դիմանկարներով գրական ասպարեզ մտած երկու գրողների գրական առնչություններին և բարեկամությանը:
Բ.գ.դ. Մ. Խաչատրյանի «Իրականության և պատրանքի խաչմերուկում. Նար-Դոսի «Պայքար» վեպի վերլուծության փորձ» զեկուցման մեջ վերլուծվեց Մանեի կերպարը:
Ակադ. Ս. Սարինյանը «Փիլիսոփայական հղումները Նար-Դոսի ստեղծագործությունում» զեկուցման մեջ նշեց, որ Նար-Դոսը զուգահեռաբար ստեղծագործել է տարբեր ժանրերով՝ բոլոր երկերում հենվելով որոշակի փիլիսոփայական դպրոցի վրա:
Բ.գ.դ. Վլ. Կիրակոսյանը «Նար-Դոսի գրական կուլտուրան» թեմայով զեկուցման մեջ շեշտեց, որ անհատի ներաշխարհում արտաքին իրականության անդրադարձի և դրա հակազդեցության հոգեբանական զննումները կանխորոշել են գեղագետ Նար-Դոսի գրական ուղղությունը:
Բ.գ.թ. Պ. Դեմիրճյանը «Նար-Դոսի ստեղծագործական գնահատության ընթացքը» զեկուցման մեջ ներկայացրեց Նար-Դոսի ստեղծագործության գնահատության անցած ճանապարհը ավելի քան մեկ դարի ընթացքում:
Բ.գ.դ., պրոֆ. Վ. Սաֆարյանի՝ «Նար-Դոսի ներկայությունը կերպարների հոգեվերլուծական շերտերում» զեկուցումը խարսխված էր Նար-Դոսի բնավորության հատկանիշների, մասնավորապես թուլակամության հոգեբանական վիճակների արտացոլմանը իր ստեղծած կերպարների մեջ:
Բ.գ.թ. Ս. Մարգարյանը «Բնության և բարոյականության հակասությունը Նար-Դոսի ստեղծագործություններում» զեկուցման մեջ մանրամասնեց այն ազդակները, որոնք ձևավորեցին Նար-Դոսի գրական նախասիրությունները:
Բ.գ.դ. Վ. Դևրիկյանը «Ժողովրդական հավատալիքների արտացոլումը Նար-Դոսի ստեղծագործություններում» զեկուցման մեջ ցույց տվեց, թե տոնը, ծեսը ինչպես են կանխորոշել ստեղծագործությունների ընթացքը:
Բ.գ.թ. Լ. Գասպարյանը («Մեր թաղի» ժողովրդախոսակցական արտահայտությունների ռուսերեն թարգմանությունները») զեկուցումը կառուցեց Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հայերեն և ռուսերեն տեքստերի զուգադրական վերլուծության վրա:
Բ.գ.թ. Լ. Վարդանյանը «Աննա Սարոյան» վիպակը քննեց վեպ-նամականու ժանրի սահմաններում («Աննա Սարոյան» վիպակն իբրև վեպ-նամականի»):
Ա. Աբրահամյանը («Մենության պրոբլեմը Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակում») զեկուցման մեջ նշեց, որ միջավայրը՝ որպես մարդկային կամքի արտահայտություն, իր լուռ անտարբերությամբ խորացնում էր հերոսուհու օտարացումը:
Գիտական նստաշրջանի վերջում Նար-Դոսի ծոռը՝ Միքայել Մարուքյանը, իր շնորհակալական խոսքն ուղղեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին:
Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ
Գրականության ինստիտուտի
փոխտնօրեն, բ.գ.թ.