Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

 

 

Տասնյակ տարիներ են անցել Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրությունից, բայց այսօր էլ այն ճշմարիտ է և արդիական, այժմ ևս մենք ենք, մեր ճակատագիրն ու վարքաբանությունը: «Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես»,- հարցրեց նշանավոր գրողը և չափաձևեց հային բնորոշ մի քանի առանձնահատկություններ, որոնք հաճախ մեկը մյուսին ընդդեմ են: Լինելով «ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ», ազատության ջատագով, ազատ հոգի` «ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ»: Նա «լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը` աղոթելու»,- նկատում է գրողը: Եվ, թերևս, գլխավոր նկատումը. «Մի ձեռը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռը ճիգ է անում հիմքից քանդելու»: Այսօր հնարավոր է այս ձևակերպումները ինչ-որ կերպ վիճարկել, սակայն դա կլինի մոդայիկ ու սխալ անհամաձայնություն: Մեծ հաշվով, դարերի պատմության մատյաններում դրանք փաստարկված են` սկսած Խորենացու «Ողբից»: Խորենացին և Դեմիրճյանը հայ են:

Մենք պատմության ծույլ աշակերտներ եղանք և մնում ենք, վատ ու ծույլ էին շատ ուսուցիչներ, իմաստության մեր ազգային դպրոցը` խեղճամիտ, պատմությունից դաս ու խորհուրդներ ազգովին չսերտեցինք, և արդյոք պատահակա՞ն է, որ ծովից ծով հայրենիքից մնաց ընդամենը մի բուռ, տևականորեն պետականազուրկ Հայաստան: Մեր ընտիր պատմագիրների և գրող Րաֆֆիների խոսքը եղավ ձայն բարբառո անապատի, հատկապես` իշխանների ու իշխանիկների ականջին, որոնք կոչված էին երկիր պահպանելու, բայց միասնական երկիր կործանեցին` եսասիրորեն դուրս գալով կենտրոնական իշխանության դեմ` միայն թե պահպանեն իրենց համքարությունը, ընտանեկան տունն ու պարտեզը: Նրանք հայ էին: Ես այս տողերը գրում եմ ոչ միայն հետադարձ հայացքով, այլև` գլխավորապես, համզգալով իմ օրերը. այժմ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում` մեր հայրենիքում: Հասկացանք, կորոնավիրուսի համաճարակ է, բայց, կարծում եմ, ավելի մեծ ու վտանգավոր համաճարակ է արդեն բացահայտ պայքարը մտքով ու հոգեբանությամբ վերածնված ժողովրդի ու նրա իշխանության դեմ: Այս պայքարում Փաշինյանների պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտություն, մեկ անգամ չէ, որ այդպիսիք տեղի են ունեցել մեր անցյալի պատմության մեջ` ժողովրդի ու հայրենիքի համար ցավալի հետևանքներով: Եթե հանկարծ պարտվեն, դա կլինի նրանց ամենամեծ մեղքն ու մեղավորությունը:

Բաբելոնից սկսած` մենք ունենք դրսային-օտար թշնամիներ, որոնց կոկորդին ոսկոր է դարձել Հայաստանն ու հայ ժողովուրդը, աչքին` փուշ, սրտում` նախանձի ու չարակամության որդ, չեն քնում, օր ու գիշեր մտածում են` ինչպես մեզ կուլ տան: Չհաջողվեց: Չի՛ հաջողվելու: Կանք և դեռ շատանալու ենք` ի հեճուկս թշնամյաց: Մենք մշտապես հասկացել ենք արտաքին սև ուժերի ներկայությունը, խոսել ենք, գրել ու մաքառել, բայց արդյոք նույնչափ գիտակցե՞լ ենք մեր ներքին-ներսային հակառակորդի ներկայությունը, որ պակաս վտանգավոր չէ: Ցավոք, ո՛չ: Հասարակությունը պետք է ինքնամաքրման կուլտուրա ունենա, ինչպես ծովը, որ ապրի կապույտ լույսի մեջ: Մի կեղծ հայրենասիրությամբ մենք չենք ընդունում, թե մեր աչքի վերև էլ հոնք կա. նման ինքնասիրահարվածությունը հակահայրենասիրություն չէ՞` մեզ հաշտ պահել մեր հիվանդությունների հետ, լռել մեր արատների մասին: Ուժեղ հոգեկառուցվածք ունեցող ազգերն են ինքնաքննադատության ունակ: Մենք թեև աշխարհի ամենաարմատական ժողովուրդներից ենք, իսկապես` հանճարեղ, սակայն հոգեկառուցվածքով թուլակամ ենք, երևի սա էլ է հանճարեղության նշան, էլ ի՞նչ հանճար, որ նաև թույլ չլինի:

Այսօր կարևոր է դիմագրավել ոչ միայն օտար, այլև հարազատ մութ ուժերին, չասել` ազատություն է, ինչ ուզում եք, խոսեք, կարծում եմ` ժամանակն է, վաղո՛ւց ժամանակն է վերջ տալ նրանց նկատմամբ հանդուրժողականությանն ու թավշյա վերաբերմունքին` հանուն ազգային միասնության: Մեզանում այսօր ազատությունն ու դեմոկրատիան վերածվել են ամենաթողության վիրուսի, որը կորոնայից ավելի վտանգավոր է և սպառնալիք` մեր պետականությանը: Թեև ասված է` ստի ոտքերը կարճ են, բայց այսօր դրանք շատ են երկարել: Ի՞նչ են ուզում: Ոչ թե աշխարհը շալակած տանել, այլ` դարձյալ ելնել շալակն աշխարհի` ինչպես ժամանակին դիտարկել է Պարույր Սևակը: Խոսում են վայրահաչելու պես, թքած ունեն ճշմարտության վրա, երանի ընդդիմադիր լինեին իշխանությանը, նրան օգնեին լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, սրտացավ հայ լինեին, ազնիվ ու անեսական հայրենասեր: Բայց, ո՛չ: Ընդդիմադիրի, քաղաքական հալածյալի թղթե ուսադիրներով հայհոյախոսում են, փորձում ժողովուրդ մոլորեցնել` սուտն ու կեղծիքը ներկայացնելով իբրև ճշմարտություն: Գողը, կաշառակերը, թալանչին, մարդասպանը, տգետը, ստախոսը զանգվածային լրա­տվամիջոցներով մեղադրանք է ներկայացնում ազնիվ մարդկանց` ոչ գողին, ոչ կաշառակերին, ոչ թալանչուն, ոչ մարդասպանին, ոչ տգետին, ոչ ստախոսին, այլ` ճշմարտախոսին` հասարակական դաշտում սերմանելով թույն ու թարախ: Արծվիկներն իրենց արծիվ են կարծում, դհոլչիները` ջութակահար: Նրանք արդեն նվագախումբ են և ամեն օր համերգ են տալիս: Նրանք էլ են հայ… Ես հանրապետության հարգելի նախագահին կխնդրեի «Հայաստանի վաստակավոր արծվիկ», «Հայաստանի վաստակավոր դհոլչի» կոչումներ շնորհել նվագախմբի նվագածուներից ոմանց: Հավատացնում եմ ու երաշխավորում` արժանի՛ են:

Ես կուսակցական եմ, պատկանում եմ ամենամեծ ու ամենաժողովրդական կուսակցությանը` անկուսակցականների կուսակցությանը: Միշտ էլ համակրանք եմ տածել Հայ հեղափոխական դաշնակցության հանդեպ, հարգել և գնահատել եմ նրա պատմության դրական էջերն ու լուսավոր դեմքերին: Սակայն այսօր խորապես հիասթափված եմ հայաստանյան ՀՅԴ-ից, որն իր «ռազմավարությամբ» առնչություն չունի սեփական կենսա­գրության հետ, փորձում է ոչ թե հայրենիք շենացնել, այլ` հայրենիքի իշխանության մաս կազմել, եթե ոչ` իրենով անել ամբողջ իշխանությունը, գոնե «պորտֆել» ունենալ պետական կառույցում և Ազգային ժողովում: Չստացվեց: Եվ գիտե՞ք ինչու, ընկերնե՛ր: Որովհետև շատ փոքր, եսակենտրոն ու ճղճիմ է ձեր «ռազմավարությունը», եթե չասեմ` ցավալի-ծիծաղելի: Ի՞նչ եղան ձեր կուսակցության սոցիալիստական իդեալները, որտեղից ո՞ւր հասաք: Ասեմ` ընդամենը հանուն երկու-երեք «պորտֆելների», որ կորցրիք փողոցում և այժմ փորձում եք գտնել: Ա՞յս է ձեր իդեալը: Պայծառ և իմաստուն հայորդի Հովհաննես Քաջազնունիից հասաք Անհայտյանին: Դուք գիտե՞ք` այսօր Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը, իմա` ղեկավարը ո՞վ է, ինչ խելք ու կենսագրություն ունի, ո՞վ է նրան պեղել, որտեղի՞ց է պեղել, թե՞ ինքնապեղվել է, նա օրերս հանդես եկավ հայտարարությամբ` միջազգայնորեն ճանաչված ու հարգված մեր վարչապետին մեղադրելով կորոնավիրուսի տարածվածության համար: Ա՛յ քեզ կուսակցականի հայացք ու տրամաբանություն, այս Անհայտյանը ինչո՞ւ չի մեղադրում աշխարհի շուրջ երկու հարյուր երկրների ղեկավարներին, որ իրենց մոտ ևս վիրուսը լայն տարածում ունի: «Խելքի աշեցեք»,- վերջապես կասեր նշանավոր աշուղը: Բայց ժամանակ չվատնենք խելքին աշելու, հայ էլ կա, հայ էլ: Հայ կա` միավորում է ազգի ներուժը, ոմանք էլ` մասնատում, նրանք թեև քիչ են, բայց վտանգավոր, հասարակության միտքն ու հոգին են պղտորում և փորձում պղտոր ջրում ձուկ որսալ: 1924 թվականին Քաջազնունին Երևանում ասաց. «Դաշնակցությունն այլևս անելիք չունի»: Սա առավել ևս վերաբերում է ներկայիս հայաստանյան Դաշնակցությանը: Երբ կուսակցությունը սպառում է իր ներուժը, այլևս լուրջ ու արմատական անելիքներ չունի, սկսում է ապավինել խոսքին և ոչ գործողությանը` գոյատևման պատրանք ստեղծելու, կառչում փրփուրներից: Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունը համագործակցության ձեռք է պարզել Ազգային անվտանգության ծառայության (ՊԱԿ) նախկին տնօրենի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությանը: Կասկածում եմ, թե «Հայրենիքը» կսեղմի իրեն մեկնված աղքատաբարո ձեռքը` իր իսկ կուսակցության շահերից ելնելով…

Ես մեկուսացած ապրում եմ Երևանի բազմահարկ շենքերից մեկի վերին հարկում: Օրվա ընթացքում բազմիցս լսում եմ ոստիկանության ավտոմեքենայի բարձրախոսից հնչող կառավարության ու պարետատան խնդրանք-հորդորը. «Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները»: Հայ ենք, չենք լսում, լիապես չենք պահպանում, բավարար չափով օրինապահ չենք: Այդ պատճառով էլ գրանցվեց հիվանդության յոթ հարյուր նոր դեպք: Իսկ ութսուն միլիոնանոց հսկայական Գերմանիայում` ընդամենը երկու հարյուր քսան:

Իմ պատուհանից երևում է ձյունե թագով Արարատը: Ամեն առավոտ ես նրան ասում եմ` «Բարի լույս, Արարա՛տ»: Հովհաննես Թումանյանին ականջ չարեցինք, զորավար Անդրանիկին ու Չարենցին ականջալուր չեղանք, գոնե այսօր Արարատի աստվածային ձայնը լսենք. «Իմ հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս պահին ես ուզում եմ մեր հոգիներում ու գիտակցության մեջ արթնացնել այս դասի մեծ խորհուրդը` Մայր հայրենիքի, Արցախի և Սփյուռքի հավաքականության վերաբերյալ, որը հայ ժողովրդին ավելի տոկուն կդարձնի ազգային ճակատագրի ներկա ու գալիք դժվարին խաչմերուկներում:

06.06.2020 թ.

 

 

One thought on “Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

  1. կեցցես Նորայր, հիանալի վերլուծում, հայ գրողի վայել քաջ եւ արդար ահազանգում: Ճշմարտութեան ջատագով խիզախ մտաւորականի հոյակապ դիրքորոշում: Ամէն իսկական հայրենասէր հայ պէտք է կարդայ սոյն պատգամ-վերլուծականը, զինուելու համար վերանորոգ հաւատքով եւ կամքով: Գրիչդ միշտ դալար եւ հայեացքդ պայծառ մնա թող: Սարգիս Վահագն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։