Կորոնավիրուսի սարսափն ու թմբիրը մի կողմից, երկրի իրականությունը քաղաքական հրետանու տակ պահողների և հասարակության հոգեբանությունը անպաշտպանվածության մղողների գրոհը մյուս կողմից, երիտասարդ կառավարիչների խոսքի ու գործի ոչ չափավոր սպրդումներն իրենց հերթին` ստեղծել են մի մառախլապատ մթնոլորտ, որի անունը կասկածամիտ անհուսությունն է: Այո՛, շատ կարևոր էր ազգը գիշատիչներից ազատագրելը, սակայն մի բան է հաղթանակ տանելը, մեկ այլ բան` հաղթանակի արժեքները պահելը, ինչը որ չարվեց հաջորդիվ… և գնալով ազգի զուլալ գետը ցամաքում է…
Առաջին նախագահին ժողովուրդն իշխանության բերեց ձեռքերի վրա, մեկ-երկու տարի անց նույն ժողովրդի մի մասը Բաղրամյան 26-ի առաջ պահանջում էր նրա հրաժարականը, ավելին` պատրաստել էին առաջին նախագահի խրտվիլակը, որն այրեցին հենց նախագահական նստավայրի առաջ: Ժողովուրդը, իր թանկ զոհերի գնով, սովի, ցրտի ու արտագաղթի մեջ, պահեց երկիրը, որպեսզի «լույսի կոճակը ապահով պահվեր», և պահվեց: Ինչո՞ւ հաղթանակ տարած ժողովրդին չպահեցիք, ինչո՞ւ Հայաստանը չդարձավ հզոր երկիր, ինչո՞ւ մետաղաջարդոնի վերածվեցին հարյուրավոր գործարաններ, և հազարավոր մեր հայրենակիցներ գործազուրկ դարձան… Ինչևէ, դուք հարստացաք, ժողովուրդը մնաց աղքատ:
Երկրորդ նախագահը Արցախից բերվեց որպես գործարար ու Արցախ-Հայաստան կապերի ամրապնդման կարևոր նպատակ: Սկիզբը ոգևորիչ էր` կամուրջներ ու ճանապարհներ էին կառուցվում, սակայն կարճ ժամանակ անց ազգային հարստությունն սկսվեց օտարվել, և շրջանառության մեջ դրվեց «գույք պարտքի դիմաց» առեղծվածը… և այլն: Սկսվեցին հրաժարականի պահանջներ, հավաքներ, փշալարեր ու ջրցաններ` Բաղրամյան 26-ի դիմաց: Դուք հարստացաք, ազգը մնաց աղքատ:
Երրորդ նախագահի օրոք 670 հանք ունեցող Հայաստանս դարձավ բարձրարժեք դղյակների և ստրուկների ոստան: Դուք հարստացաք, ժողովուրդը մնաց աղքատ, անտուն, 1.5 միլիոն մեր հայրենակիցները, հանուն պատվի ու մի կտոր հացի, ավեր թողեցին հայրական օջախները: Բա եղա՞վ, էլ ո՞ւր մնաց ա՛զգ, հայրենի՛ք խոստումները…
Եվ ծնվեց «Մերժիր Սերժին» կարգախոսը: Բոլոր հրաժարականների ժամանակ հոգիս ցավել է ազգիս դժբախտ ճակատագրի համար…
Եկավ մախմուր ու զգլխիչ թավիշը, և ողջ ազգը, բացի «նախկիններից», ոտքի ելավ դեպի նոր ազգային-ազատագրական շարժման լուսավոր ու արդար ճանապարհ: Պատկերացնում եք, չէ՞, ժողովրդի ոգևորությունը և ժողովրդի համար անսպասելի` չնչին թոշակների և յոթ երեխաներին շաքարաջրով կերակրող ընտանիքների պայմաններում աստղաբաշխական թվերով ինքնապարգևատրումներ ու հայ ընտանիքի ավանդույթներին անհարիր ներկայացումներ… Թերևս նախկինների հետ համեմատելով` ասենք` չարյաց փոքրագույնը, սակայն այս դեպքն էլ ծնել է հրաժարականի ֆլեշմոբ` դեռ երեկ ընտրված վարչապետի համար…
Հայոց ազգը դարերով է երազել իր առաջնորդին տեսնել Տիգրան Մեծ, Պապ Թագավոր, Գարեգին Նժդեհ, Դրո ու Զարոբյան… Շատ զգայուն է եղեռն տեսած ազգի ոգին. իր ընտրյալի մեջ, ով էլ նա լինի, փնտրում է ամենայն կատարյալը: Ու պե՛տք է այդպիսին նա լինի, եթե ազգի անցյալը, ներկան ու ապագան իր ուսերին է վերցնում: Երկրի ղեկավար փոխելով` երկիրը երկիր չի՛ դառնա, բարեկամնե՛ր: Ազգային հավաքականությունն է երկիրը, այլապես այսպես գալ-գնալով ու մի բուռ մարդկանց հարստացնելով` նորից ու կրկին ենք որոնելու` նորից ու կրկին հիասթափվելու համար: Էլ չեմ խոսում հաղթանակ տարած երկրի` երեսուն տարիների վարած արտաքին քաղաքականության մասին. ճշմարտություն է` եթե ներքինը հակաժողովրդական է, արտաքինն ի՛նչ պետք է լինի…
Ուշքի եկեք, բավակա՛ն է, մարդիկ աշխարհն են մեկ հարկի տակ ուզում հավաքել, մենք դար ու դարեր չկարողացանք մեկ հարկի տակ խաղաղ ու տնտեսապես կայուն հայրենիք պահել: Կորոնավիրուսը կանցնի, մենք մնալու ենք ու պետք է վստահ նայենք ապագային: