«Խաղատներ… խաղատներ… Վուլկան, Sigma, Admiral… կազինո Նևադա, Sterling, Gloria… Իմ երկիրն այդպես է ճանապարհում ինձ. կազինոների՝ գիշերվա մեջ ասես խարդախ աչքերի պես թարթվող լույսերի շքերթով…ու… տխրում եմ… Բայց շուտով օդանավի պատուհանիկը մի այլ լուսացիր հրաշք է փռում աչքերիս առաջ… քաղաքներ, գյուղեր, որ վերից մթան մեջ զարդարուն տոնական ծառերի, կամ մարմրող ու կայծկլտուն խարույկների են նման… չես կարող չժպտալ …հոգիս լցվում է ինչ-որ հեքիաթով… թվում է իրականությունն իր գորշ գույներով թողել եմ հեռու-հեռվում…սկսվում է երազը…» …Հիշում եմ Եգիպտոսում արված գրառումներից այս տողերը և …եգիպտական օրերի տեսիլներն ու հուշերը նորից խառնիխուռն անհանգիստ են անում ինձ այս ուշ ժամին, ու խույս տալն անհնար է, որովհետև մթության մեջ՝ իր ֆոսֆորափայլ լույսի խորհըրդավորությամբ, գրասեղանիս բազմած Սֆինքսը մտքերս անվերջ տանում է դեպի իրեն ու… դեպի իր երկիրը…
Մինչդեռ այնտեղ լրիվ հակառակն էր, այնտեղ Հայոց Սֆինքսը, որ հենց իմ ներսում է՝ հոգու, սրտի, Աստված գիտե՝ ինչ խորքերում. ինձ անվերջ այստեղ էր բերում: Ահա, նստած անապատի ամայության մեջ, հայացքս՝ հորիզոնի փեշը իրենց սրածայր եռանկյունիներով պատառոտած բուրգերին, մի քիչ խորհելով այդ ժողովրդի լինելիության խորհրդի, երեկվա ու այսօրվա մասին , անպայման, ժամանակ առ ժամանակ իմն եմ խառնում այդ ամենին, իմ երկրի հեռավոր տեսիլը:
Սեփական ազգի ու ինքնության, երկրի ու նրա բաժին բախտի առեղծվածից գլուխ հանելու համար երբեմն նրանց հեռվից է պետք նայել, տեսնել այն ամենը, ինչ պատմության ընթացքում շրջապատել է, խառնվել երկրի կյանքին, շատ բան պարտադրել, շատ բան հակադրել… Հասկանալու համար այդ դժվարինը, համեմատություններ են անհրաժեշտ. իսկ ինչու՞ են նրանք…իսկ նրանք որքա՞ն…որտեղի՞ց… ինչպե՞ս…
Մենք միշտ լսել ու սովորել ենք մտածել բուրգերի ու դամբարանների ունայնության մասին, փարավոնների՝ հավերժի մեջ մնալու տքնանքի անմտության, ընդամենը միայն մահվան հանգստարաններ կառուցելու համար միլիոնավոր ստրուկների՝ դաժան ու անտեղի աշխատանքի պատճառով, կտտանքներ հիշեցնող կյանքի ու տանջալից մահվան մասին: Բայց այնտեղ ես հասկացա, որ նրանք միայն դամբարաններ չէ, որ կառուցում էին. նրանք կառուցում էին այդ երկրի Գալիքը… Փաստորեն, միայն անապատի մեռյալ դատարկության մեջ անքանդելի հիմքերով գցված այդ պատմությունն է, որ պահել ու պահում է այդ երկիրը, որ այսօրվա՝ իր դեմքը արաբական նկարագրի մեջ կորցրած ժողովրդին օգնում է իրեն եգիպտացի համարել:
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». արաբ գրողի խոսքերը այստեղ կարելի է այլ շատ բաների վրա էլ տարածել. բուրգերից քիչ հեռու, դարձյալ ժամանակից դուրս մի գոյությամբ բազմած Սֆինքսի հսկա արձանի, այդ «Սարսափի հոր»…որը դարերի ընթացքում խոշտանգված՝ մուսուլման արաբների, Նապոլեոնի զինվորների թնդանոթների կողմից, դեռ էլ ավելի ահասարսուռ տեսք է ստացել … Նույն վեհությունն է ու դարերի մեջ վստահորեն շարունակվելու վճիռը նաև այլ վայրերում. Արքաների հովտում, վիթխարի սյուներով ու արձաններով այս ու այնտեղ եգիպտական փարավոնների հպարտությունը մեզ հասցրած տաճարներում. Լուքսոր, Կառնակ… Ես այնքան էլ չեմ սիրում հետ նայել, բայց այնտեղ հնարավոր չէ առանց դրա. այնտեղ անցյալն ավելի հզոր է ու շոշափելիորեն ներկա, քան ինքը՝ ներկան: Այնքան, որ նրա փարթամ շուքի տակ հաճախ նույնիսկ թվում է, թե այսօր իրականն ու ներկան կորչում են աչքիցդ:
Անցյալը… նրա կարևոր լինելու փաստը այնտեղ ամենուր է… Գոյատևել ես ուզում, բարի եղիր հետդ ՝ ուսիդ դրած, դարերի միջով համբերատար տանել այն՝ ինչ ակունքներում էր, դիր նրան այնպիսի հիմքի վրա, որ այն ոչինչ սասանել չկարողանա…
Տիեզերքում ամեն բան՝ նյութական թե անէ, հավաքվում ու գոյատևում է ինչ-որ բանի շուրջ՝ բոլոր դեպքերում դա կարող ենք համարել էգոն՝ Եսը, որը նյութի համար նրա առանցքն է կամ միջուկը. խախտվեց այն՝ ամենը ցրիվ կգա… Ո՞րն է ազգի համար այդ առանցքը, միջուկը, եսը…յուրաքանչյուրի համար դա այն է, ինչ տարբերում է նրան մյուսներից՝ իրեն միայն բնորոշը, առանձնահատուկը, իր հոգևոր և նյութական արտահայտություններով… Եգիպտացին կորցրել է իր եսի հոգևոր մասը, նրանը միայն անցյալից փոխանցված նյութն է, բայց այն իր անսասանությամբ կարողացել և կարողանում է տեր կանգնել ազգը պահելու մեծ պատասխանատվությանը:
Իսկ ո՞րն է մեր առանցքը. ինչպե՞ս ենք պահում այն…. Աստծուց մեզ տրված անձեռակերտ բուրգերը՝ Մասիսները մերը չեն այլևս, հողի մի պատառն է միայն մեր ոտքերի տակ, ավելի ճիշտ՝ ոտքի ճկույթի տակ. ոտքերը այլ հողեր փնտրելու ու թափառելու են գնացել: Մենք նյութին տեր կանգնել լավ չգիտենք ու այնքան հեշտ են օտարներն ավիրում կամ հեղինակում մեր վանքերն ու տաճարները: Մեր առանցքն ավելի մեր հոգևորն է, որը եթե կորցրինք , հողն էլ պահերի մեջ այլևս մերը չի լինի: Որքան հասարակ ու պարզ է կործանման բանաձևը: Միայն, արդյո՞ք այդքան պարզ է նաև հակառակը՝ չկործանվելը: Նախկինում՝ գուցե, որովհետև անցյալում ժամանակներն էլ պարզ էին ու հասարակ… Եվ շատ ժողովուրդներ ու ազգեր են պահպանվել անգամ շատ էլ չխորհելով ու միտք չչարչարելով… գոյապահպանության բնազդը, մղումը ենթագիտակցության մեջ են դրված…
Դարերը փոխեցին կյանքի որակը և թըշնամունը նույնպես: Հիմա նա շատ է նենգ և գործում է սառն ու սթափ հաշվարկով. նա գիտե ինչը՝ ինչպե՞ս, ինչու՞, քո բոլոր թույլ կողմերը թիրախ դարձրած գործում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով… Եվ ահա նշանակետը հենց մեր հոգևորն է, մեր գոյության հիմնաքարը: Եվ ինքդ էլ՝ ուզած-չուզած հաշվարկների պետք է անցնես, փորձես բանաձևել, լուծումներ փընտրել հայտնի-անհայտների խճճված հանգույցներում:… Կկարողանա՞նք դիմակայել, ավելի ճիշտ, դիմակայու՞մ ենք. բնավ… բոլորս դա գիտենք: Նոր սերունդը դաստիարակվում է մեզ խորթ ու օտար արժեքներով: Մեզ պարտադրեցին միջազգային չափանիշներին ձգտելու այդ մարմաջը մեր կյանքի բոլոր ոլորտներում. արվեստ, գրականություն, բարոյականություն, կենցաղ… էլիտար արվեստ, մարդիկ, կյանք, շենքեր … Մենք չսպասեցինք դարերին, ինքներս անցանք գործի ու քանդեցինք մեր Երևանը…Հին շենքերից հատուկենտները նոր տեղում թանգարանային նմուշներ որպես տեղադրելու և ցուցադրելու հավաստիացումները զավեշտ են թվում:
Նոր…նոր…նոր… և անպայման ուրիշ, խորթ և օտար…
Ի՞նչ դեմք ենք ունենալու մենք մեկ սերունդ այն կողմ. պատասխանը պարզ է՝ միջազգայինի խղճուկ նմանակի: Նմանակողը երբեք ավելին և անգամ հավասարը չի լինում օրիգինալի… Եվ մեզ անպայման ցույց կտան մեր տեղը: Միայն, ցավոք, արդեն այդ ժամանակ մենք այն Մերը չենք ունենա այլևս:
Գիտե՞ք ինչ է փնտրում այլ երկրներում ուղևորության դուրս եկած եվրոպացին, ամերիկացին, ցանկացած ճանապարհորդ՝ գումար, ժամանակ ծախսում, հաշվի չառնելով անգամ ճանապարհների անապահովության, տարբեր վտանգների հանդեպ վախը. այն՝ ինչ ես էի փնտրում. դեղնափեշ հեռաստանների երկրում…միայն ու միայն սեփական ունեցածից տարբերը, նրանցը, առանձնահատուկը, աչքերի համար նորը, անսովորն ու զարմանալին…. թեկուզ տգեղ ու անգամ ինչ-որ տեղ՝ անընդունելի, ինչպիսին, օրինակ, Կահիրեի մըրջնանոց հիշեցնող թափթփված փողոցներն էին, անձրև չտեսած անլվա ու փնթի ծառերը, տներն ու շենքերը, որոնցից շատերը իրենց անավարտ վերին հարկերի ցցված ու ծռմռված մետաղաձողերով ավերակների տեսք ունեին. (հարկերից խուսափելու համար եգիպտացիները տարիներով իրենց տների, կառույցների վերջին հարկերը կիսատ են թողնում), ուրի՞շ… առավոտ կանուխ արդեն դրսում, սրճարաններում նստոտած, նույնքան փնթի ու թափթփված, նարգիլե ծխող տղամարդիկ՝ իրենց անթափանց, ներամփոփված, Աստված գիտե՝ ինչ խոհեր տվող ու առնող բացակա հայացքներով… ուրիշ ի՞նչ էի փընտրում… շուկաներում համեմունքների, վառվող ձողերի թանձրացած բուրմո՞ւնքը, առևտրականների գլուխ տանող կպչունությու՞նը, արաբական երաժշտությամբ, պարերով, թրթռուն լույսերով, բույրերով ու հեշտասիրության տաք ալիքներով ծփացող նվաղուն երեկոնե՞րը, մարդկանց աֆրիկյան բուռն ու կրքոտ խառնվա՞ծքն ամեն ինչում՝ և՛ առևտրի, և՛ սովորական խոսք ու զրույցի, ավազուտներում ուղտերի՝ տանտիրոջ հպարտ վեհությամբ ծանրաքայլ ե՞րթը…….ամեն բան, ինչ իր մեջ արևելքի տաք գույներն ու ելևէջներն ուներ… Իսկ, միջազգային ստանդարտի կնիքն իրենց վրա, ճոխ, հարմարավետ շենքերն ու հյուրանոցները բնավ չեն տպավորվել, ասես և՛ տեսել, և՛ չեմ տեսել. դրանք ամեն տեղ կան, դրանք ամեն տեղ նույնն են… Ինձ երկիր ու ժողովուրդ ճանաչել էր պետք…
Չնայած, որքան էլ ուշադիր. կարճատև ու կողքանց հայացքով շատ բան չես տեսնի…Շատ էլ, հարմարավետ տուրիստական ավտոբուսները թողած, քաղաքից քաղաք անցնում էինք տեղացիների պես, նրանց հետ նույն հասարակական տրանսպորտով, փորձում որքան հնարավոր է ավելի շատ լինել հենց ներսում, նրանց կողքին, միևնույն է, էլի միայն մակերեսն ես տեսնում և շատ քիչ բաներ կարելի է ենթադրել՝ կանգնած մարդկանց փակ հոգիների ու դռների ետևում… հոգիներ թափանցելն այդքան էլ հեշտ չէ… Բայց, միևնույն է, այնքանն էլ, ինչ տեսանելի է ինձ այլ տեղերում, միշտ ստիպում է ինձ նորից սիրահարվել այն ժողովրդին, որի զավակն եմ, անգամ նրա այս շփոթված ու մոլոր վիճակում, երբ աչքի է զարնում ավելի խորթը…հային ոչ վայելը… Ամեն տեղ ես փնտրում եմ մարդու կատարյալ որակը ու նորից հասկանում, որ այն այստեղ եմ թողել ու…վերադառնում եմ… Մենք լավն ենք… մենք այնքան լավ բան ունենք մեր խորքերում… Միայն ինչու՞ օր առաջ ձըգտում ենք նմանվել ու ոչնչով չտարբերվել ամերիկացուց, եվրոպացուց, սրանից, նրանից… իրենց ֆուրշեթներով ուզում ենք իրենց իսկ զարմացնել, պորտապարերով, ցույց տալ, որ, տեսեք, մենք էլ կարող ենք, մենք էլ պակաս չենք… Երբ… ինչ պակասի մասին է խոսքը… փորձե՞լ եք խորքից ճանաչել այդ եվրոպացուն, ամերիկյան ժպիտի ետևում նրանց էությունը տեսնել…
Իսկ մեր մակերեսը միայն հիմա այն չէ, ամեն լավ բան հենց խորքում է, միշտ մերը: Ժամանակը իր կեղտ ու փոշով հաճախ է այն ծածկում, ինչպես, օրինակ, այս օրերին է, և ժպտալն ենք մոռանում, և մեր հոգու սրտաբուխ, բարի ու տաք ելևէջները, բայց, երբ պահը գա՝ էլի նույնն ենք, հինը…
Բայց փախչում ենք ինքներս մեզնից. դրսից օտարներն են ջանում, ներսից մենք ենք շտապում նրանց սրտի ուզածը շուտ մատուցել…
Պետք է կանգ առնել… Դրա համար եմ ես փորձելու աշխարհե-աշխարհ անցնել՝ հաճախ մտովի, երբեմն հոգնեցնելով ոտքերս, որ ասեմ. կանգ առեք… Ոչ ոք ձեզնից ավելի լավը չէ… Կանգ առեք… այս քարոտ, դաղձի, ծիրանենու, փշատենու գույներով ու բույրերով շաղախված ու ողողված հողին, որի ամենամեծ, ամենակարևոր առավելությունն այն է, որ մերն է իր ամեն ինչով… Մ ե ր ը… Տեսնու՞մ եք, ինչ քաղցր է հնչում… Դա ամենաթանկն է, որ ազգը կարող է ունենալ… առանցքը, որի շուրջ նա ասես մկան առ մկան հավաքվել ու գոյատևում է…
Կահիրեի թանգարանում, փարավոններից մեկի անձնական իրերի ցուցադրության շարքում նրա մարմարյա գլուխն էր դրված, այսպես կոչված՝ «պահեստային» գլուխ.: Այն դրվում է դամբարանում շատ «լուրջ» նպատակով, որ երբ փարավոնի հոգին թափառելուց ետ ցանկանա այցի գալ իր մարմնին, այդ գլխով կարողանա ճանաչել այն… Այնտեղ դա ծիծաղելի թվաց, իսկ հիմա մտածեցի, որ ցանկության դեպքում դրա մեջ էլ կարելի է ինչ-որ իմաստություն տեսնել… Պետք է դողով ու մեծ պատասխանատվությամբ պահենք ինքներս մեզ, մեր հողն ու երկիրը, մեր հոգու երանգները, դեմքը մեր, որ, դժվար ճակատագրի կամոք, մոլորակով մեկ թափառական, տարածության ու ժամանակի մեջ սփռված ժողովուրդը՝ հայոց այն երազելի վերադարձի օրը, գա ու կարողանա ճանաչել իր բույնը…
Վերադառնում եմ…
Ու… դարձյալ՝ իմ կարոտած հայացքի առաջ առաջինը նախ սահում են լույսերի առատ փայլատակումներով ասես մեզ դեպի օտար մի աշխարհ հրավեր նետող շքեղ շինությունների շարքերը՝ խաղատներ… խաղատներ… Golden club, Էլդորադո, Lord… կազինո Bingo, Blef… Իմ երկիրն այդպես է դիմավորում ինձ…
Ու հանկարծ շատ տխուր մի բան եմ հասկանում, որ արդեն վաղուց ես հոգով եմ միայն ճանաչում նրան… Ու ես կարոտում եմ երկրիս արդեն հենց իր ներսում ու կարծես… ավելի շատ…
Արդեն չեմ կարող ավելի մեծ տագնապով չասել… կանգ առեք…