Երբևէ չէի կարող երազել, թե մի օր կհայտնվեմ Սառը շատրվանների ձորում: Այդ ձորում կա մի առանձնահատուկ վայր, որը տեղացիները սուրբ են համարում: Դա միաչքանի հրեշի պահպանության ներքո գտնվող շատրվանն է: Ասում են` այդ հրեշը միաչքանի կիկլոպների ցեղից է եղել: Հրեշը մշտապես պահպանելով ջուրը` միաժամանակ իրավունք չունի դիպչելու դրան, քանզի բացասական, վատ էներգիա ունի: Շատրվանի վերևում ջրի ոգիներ են, որոնք ջուրը խառնում են լույսի շերտերի հետ և ջրի այլ, բարձր որակի կառուցվածք ստանում: Դրանք ջրի այն առողջարար ոգիներն են, որոնք ընկերություն են անում լույսի ոգիների հետ: Եվ ահա այդ շատրվանի դիմաց կանգնած` նայում էի միաչքանի հրեշին: Շատրվանից փոքր-ինչ այն կողմ լուսային փնջեր էին երևում, որոնք լուսավոր ու խավար օղակների շերտերի հաջորդականություն էին ստեղծում: Ասում են` Սառը շատրվանների ձորը բնության ամենից անձեռնմխելի, մաքուր տեղանքներից է, որտեղ առավելագույն կերպով երևում են բնության ոգիները: Արևի ճառագայթների միջակայքում ինձ աստիճանաբար տեսանելի էր դառնում Warcraft մոլորակը: Շատրվանի ձախ կողմի` գաճաճի տեսքով հսկա վհուկն, արևի լույսից վախեցած, քարացել էր տեղում և ամեն կերպ ձգտում էր նմանվել ժայռի: Միստիկական էներգիայով լեցուն այդ սառը շատրվանը շողում էր` ինչպես հավերժական ջրհորը աշխարհի արարման ժամանակ: Հստակորեն զգում էի, որ ժամանակը տարուբերվում էր. կարծես ինչ-որ էակներ արագացնում էին ցերեկային ժամանակը: Օրը ծամածռվում էր` Warcraft մոլորակի գիշերային Էլֆերի պագշոտ ցանկություններից զեղված: Բնության հրաշքով գերված, բորբոքված միտքս նորընծա սքեմով, կանխահաս մարդասերի նման, դուրս էր ցայտում խունացած և աներևութացած Ազշարա թագուհու նկարից: Գորշ տիտան Սարգերսանը զինում էր իր անմահների բանակից եկած Այրվող լեգեոնին: Մայր մտնող արևի ճառագայթները ծնկաչոք հեծկլտում էին` թախանձագին հրաժեշտ տալով ջրի ոգիներին: Գիշերային էլֆերն արդեն ճանապարհ ընկած գալիս էին դեպի հրեշի շատրվանը: Սարգերսանը Այրվող լեգեոնի հետ արդեն պատրաստ էր սառը շատրվանի համար գիշերային էլֆերի դեմ պատերազմի: Էլֆերը նրանց վրա բաց թողեցին հին ու զորեղ դեմոնների թռչող խումբը: Դեմոններն իրենց մեջքներին կապած բերում էին գիշերային երկինքը: Հենց նրանք հայտնվեցին գետնին, հողն իմ ոտքերի տակից թռավ և բարձրացավ վերև` փոխարինվելով երկնքով: Հողի հետ վերև թռան նաև Սարգերսանը` իր այրվող լեգեոնով: Գիշերային էլֆերն սկսեցին իրենց հաղթանակը տոնելով` ցած իջնել Warcraft մոլորակից: Կարծես նրանք սառը շատրվանի գրավումով անմահություն մենաշնորհը մեկընդմիշտ վերցրեցին իրենց ձեռքը: Կարծես թե միաչքանի հրեշի պահպանության ներքո գտնվող սառը շատրվանում ջրի ոգիներն անվճար անմահության ջրալուսային ողկույզներ էին ցանելու դեմոնների ու էլֆերի հոգու բոլոր ծալքերում: Բայց իրականում դա գիշերային երկնքի ժամանակավոր հաղթանակ էր` արևի տաք ճառագայթներից հոգնած հողի նկատմամբ: Ոտքիս տակ զգում էի ամպերի դատարկությունը: Ամպերի ցած հյութալի սոդոմոկանի շուրթերն էին ամոթալի ձևով լպստում սատանայի տնկված հետույքը: Ջրի ու լույսի ոգիները, մոլորված, անորոշ կետի նայելով, մատների ծայրով լեռներ էին շպրտում ամպերում նշմարվող ծովի մեջ: Ծառերն ամպերի մեջ մխրճված` ողբում էին իրենց հերթական համադրիասի մահը, իսկ երկչոտ համադրիաս Սիրինգան, լացաձայներին անտարբեր, եղեգի էր վերածվել, որպեսզի խուսափի այծի ոտքերով Պանի հետ գրկախառնվելուց: Փյունիկը թառած ուսիս` իր 12954-րդ տարեդարձի վերջին րոպեներն էր վայելում: Հետո նա, մահվան շունչն առնելով, խուսափեց ինքնահրկիզվելուց ու շնչեց ամպերի տակից բուսնած խոտերի բույրը և մեռավ: Խոտի սերմերից նոր փյունիկ ծնվեց, որն իր հոր մարմինն ամպային արահետներով տեղափոխեց Եգիպտոս, որտեղ այն այրեցին արևի քրմերը: Պատկերների անսովորությունն իմ մտքերը լցրին ներշնչանքով, և ես փորձեցի սպիտակ թղթի վրա գրել զգացողություններս: Սակայն քմահաճ բառերս արագ ձանձրացան սպիտակ թղթի միապաղաղությունից, փախան գրչիս ծայրից և մտան համընդգրկուն մեծ համակարգչի մեջ` ինտերնետային գայթակղիչ տիրույթներում իրենց բախտը որոնելու: Գիշերային էլֆերն անմահության երազանքով տարված` լիովին անշարժացել էին` տրվելով մի հաճելի զվարթության: Դեմոնները ջրի, լույսի ոգիների հետ մոտակա հմայված հայացքներ էին փոխանակում, և ստեղծվելիք սերը բարձրացնում էր ջրի էներգետիկան: Այդ սիրահարվածությունն ինձ էլ էր փոխանցվում: Մտքիս ցիրուցան եղած բեկորները թավալգլոր գնում էին նրանց կողմը` ոգիների շրշյուններից ջերմացած: Նրանք հեռվից խոսում էին ինձ հետ: Նրանց անբառ վանկերի ու հնչյունների քաղցրավուն երանգավորման մեջ սիրո շող էր փայլփլում իմ սրտում: Խուլ ու ծորուն վնգում էին գիշերային հողե երկնքից մասնակի դուրս պրծած Լուսնի ճղճղված լույսի ծվենները, որոնք, թերևս, բավարար չէին լիաթոք փռշտալու համար: Ջրի, լույսի ոգիները ճռճռան ճոխ բառերի հրացոլքում ամփոփեցին դեմոնների սիրո, մերձեցման ռեպլիկը և ընդունեցին իմ` սիրո մաղով քամված շնչառությունը: Ամպերը քուլա-քուլա, դողդոջուն կաղամախիների նման, հեռանում էին` իրենց հետ տանելով ճռճռան բառերի հրացոլքում ամփոփված դեմոններին ու անմահության զվարթության մեջ ամուր գամված էլֆերին: Ես շատրվանից վերև սլանալով` սուզվեցի այդ ոգիների գալարափաթեթներում: Շոյելով հրեշի գլուխը` նրա բերանից դուրս մղեցի գերեզմանային շերտերում թաղված նրա դժբախտ կյանքի պատմությունը: Հրեշը փսխում էր իր ներսը անխնա խժռած օդանման սև նյութի ողջ պարունակությունը: Գիշերային երկինքը թռել էր Տիեզերք` գիշերային էլֆերին ու դեմոններին վերադարձնելով Warcraft մոլորակ: Հողը նույնպես վերադարձել էր երկիր և արագ քուն էր մտել մոտալուտ լուսաբացից առաջ: Հրեշը, մածուցիկ սև նյութը թոթափած, սվվացնում էր իմ, ջրի, լույսի ոգիների` «մենքի» միաձույլ երանության մեջ:
Արևը բացվեց, և լույսը հրեշին մերձեցրեց ջրի հետ: Ջուրը, հրեշին գրկախառնված, ճթճթում էր, կարծես թե խոստովանելով պահի հաճելի անկրկնելիության փաստը: Իմ փխրուն եսը ոգիների հետ մենք դարձած` այդ օրն ամփոփում էր մարդկային կյանքի ամբողջ ուրախությունը: