ՇԱՆ ԲԱԽՏ / Աշոտ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

Ապագան գուշակելը անշնորհակալ զբաղմունք է, քանզի էդ ապագա կոչվածն ունի մի այնպիսի նուրբ առանձնահատկություն, որ երբ փորձում ես իրեն գուշակել, ինքն, ասես, տրվում է, իսկ երբ հասնում ես այնտեղ, այն մեկեն փոխվում է և արդեն բոլորովին ուրիշ մի բան է դառնում…

 

***

Ոչ մի ավել բան չասաց: Ընդամենն ասաց` «պաշոլ»: Մանկուց լսել էր, որ երբ շանն ասում են «պաշոլ», շունը պոչը ոտքերի արանքն է քաշում, թողնում-գնում է: Դե, ինքն էլ ասաց էդ հիմար «պաշոլը»: Ու շունը, որ անհայտ ցեղատեսակի փրչոտ ու քնձռոտ գամփռ էր` ճպռոտ աչքերով, նախ ետ ցատկեց, ապա մեկեն շրջվելով` պոչը քաշեց ոտքերի արանքն ու անձայն թողեց գնաց: Մի տեսակ` թափով, անգամ ասես` ոստոստալով: Դեպի փողոցի բանուկ մասը: Եվ էդ պարզ պատճառով էլ… Դե, արգելակների ճռնչոց լսվեց` մետաղահունչ ձայնով, ու խեղճ շան ոտնաթաթը մի փոքր, միայն մի փոքր, ուրեմն, մնաց ավտոմեքենայի անիվի տակ: Հը՞, կարծես թե մնաց: Իսկի հստակ էլ չէր` իրոք մնա՞ց, թե՞ չէ: Եվ էդ ամենն ընդամենը մի պահ տևեց: Մի պահ միայն, վայրկյանի չգիտեմ քանի տասնորդական, թե հարյուրերորդական մասը: Սակայն հաջորդ ակնթարթին արդեն, չգիտես ինչ մի հնարով, շունն իր թաթն ազատեց ավտոմեքենայի անիվի տակից:

«Եթե հիմնավոր մնացած լիներ ավտոմեքենայի անիվի տակ, դժվար նման հեշտությամբ կարողանար թաթն ազատել էդ չարաբաստիկ անիվի տակից»,- այսպես մտովի ինքն իրեն հույս էր տալիս «պաշոլի» հեղինակը, որ մի պատանի ուսանող էր:

Եվ, ուրեմն, մի հնարով ոտքն ազատելով ու երեք ոտքի վրա հենվելով, իսկ չորրորդի` վնասված ոտքի վրա էլ թույլ կաղալով` շունը փողոցը կտրեց և անցավ, մտավ դիմացի շենքի բակը: Իսկ նրա` էդ ուսանող տղայի, որ, իբր, մանկուց լսել էր ու հիմա էլ ասաց էդ «պաշոլը», խիղճը տանջեց: Խիստ տանջեց: Ախր, ինքը ոչ մի ավել բան չասաց: Ախր, էդ խեղճուկրակ, փրչոտ ու քնձռոտ շունը քսմսվում էր կանգառում երթուղայինների սպասողների ոտքերին: Դե, ինքն էլ առանց չար դիտավորության, պարզապես շանն այդտեղից հեռու վանելու պարզ մտադրությամբ, մի տեսակ կատակով ասաց «պաշոլը»: Ու էդ բառն արտաբերելիս մտքով չէր  անցնում, որ մի հատիկ բառն այդպիսի տխուր հետևանքի կհանգեցներ: Ու հիմա խիղճը տանջում էր: Լսել էր նաև, որ շները հոգատար են մարդկանց` հատկապես իրենց տերերի հանդեպ, իսկույն զգում են, թե մարդն ինչ վիճակում է, ինչ հոգս ունի, ինչ տագնապներ են տանջում նրան, անգամ փրկել են մարդկանց կյանքը հրդեհների, ջրհեղեղների, մի խոսքով` տարբեր աղետների դեպքում… Ու դա հիշելով` մի պահ նույնիսկ ուզում էր գնալ ետևից (բա ինքը մի շան չափ էլ չկա՞ր): Ուզում էր գնալ ու տեսնել, թե ինչ աստիճանի վնասվածք էր ստացել: Գուցե իրո՞ք օգնության կարիք ունենար: Բայց հիշեց, որ այսօր առաջին դասաժամից ոչ մի կերպ չի կարող բացակայել: Ոչ մի դեպքում չի կարող, ավելի ճիշտ` ոչ մի պարագայում. ո՛չ տեղի ու ո՛չ էլ ժամանակի, ո՛չ պատճառի ու նպատակի, ո՛չ ձևի ու հիմունքի ու ո՛չ էլ որևէ այլ պարագայում: Իրավունք չունի: Քննական առարկա է, ու դասախոսն էլ… Չէ, բացակայել չի կարող: Թեև արդեն իսկ ուշանում է դասախոսությունից: Ոչինչ, անգամ թեկուզ ուշացած, բայց ոչ բացակա: Քանզի քննությունների ժամանակ լուրջ խնդիրներն անպակաս կլինեն: Ոչի՛նչ, դասերից հետո կգա, կփնտրի, կգտնի: Էս բակերից հեռու ո՞ւր պիտի գնա շունը, այն էլ` վիրավոր, իր կաղ ոտքով: Իսկ մինչև իր վերադարձը գուցե ինչ-որ մեկը բարի գտնվի ու հոգ տանի: Հիշեց նաև տատի ասածը, թե շունը կաղալով չի սատկի, դրանով ինքն իրեն մխիթարեց ու գնաց իր բանուգործին…

«Ո՞ւմ էի ինչ լավություն արել, որ ոտքիցս չզրկվեցի,- բակի մի անկյունում կծկվելով` իր թաքուն մտքերին տրվեց գամփռը:- Բայց քիչ էր մնացել, հա՜… Դեմն էլ, ոչ բարով, ցուրտ ձմեռ, հացս (այսինքն` ուտելիքս, իբր թե ուտելիք էլ կա՞) ցամաք կուտեի, ոնց որ մարդիկ են ասում: Երևի դրա համար են, հա՞, էդ նույն մարդիկ ասում, թե «Շան բախտ ունի»… Խե՛ղճ շուն, որտեղի՞ց շանը բախտ: Բա սա կարելի ա բախտ համարե՞լ, հա՞: Ըհը՜, քիչ էր մնացել, որ ոտքիցս զրկվեի, իսկ նրանք ասում են «Շան բախտ»… Թյո՛ւ»:

Փոխարենը հաճախ էր լսել մարդկանցից, թե` «Մարդ պիտի բախտ ունենա», ապա գռմռաց մի քիչ ու թաթը լիզելով` էլի մտքերին տրվեց. «Դե իհարկե, բա շո՞ւնը, շունը բախտի կարիք չունի՞: Ախր, ձեր բախտին ի՞նչ ա եղել, այ մարդիկ: Ճիշտը որ ուզում եք իմանալ, հենց շունը բախտի կարիք ունի, հենց շունը պիտի բախտ ունենա… Թե չէ, էդ ա, ասում են «շան բախտ» ու անցնում-գնում են: Իսկ թե ո՞րն ա էդ շան բախտը, ոչ ոք չի ասում: Օրինակ, էն մի ոտքը կոտրած շնիկի պես, որ էն հարևանուհին էն տարի վերցրեց ու տարավ իր տուն, ոտքը բուժեց, բայց էս ապերախտը, հենց ոտքը գետնին կպավ ու ցավ չզգաց, փախավ բարի կնոջ տնից ու հիմա էլ սրա-նրա ձեռքին ա նայում, կամ էլ, թե բախտը բանում ա ու թափառական շների ոհմակը մոտերքում չի լինում, աղբարկղերն ա քչփորում: Հա՛, էդ կինը շատ բարի ա ու մի անգամ էլ մի այլ շնիկի, որ դողէրոցքով էր տառապում, ուրեմն, դրան էլ տարավ իր տուն, տաքացրեց, կերակրեց, բուժեց, ու էս մեկն էլ ապերախտ գտնվեց: Ու հիմա էդ բարի կինը էլ ոչ մի շուն իր տուն չի տանում: Ճիշտ ա, միշտ կերակուր ա բերում, բակի անտեր շներին կերակրում ա, բայց ոչ մեկին այլևս տուն չի տանում: Իսկ գուցե էդ կինը խնդի՞ր ուներ, գուցե մենակությունից խելագարվո՞ւմ էր, այլապես ինչի՞ պիտի էդ քոսոտ-քնձռոտներին օգներ, լողացներ, վերքերը բուժեր, կերակրեր ու… Է՛հ, բախտ բաժանող, իրականում իր նման համեստ շունը պիտի բախտ ունենա: Հիմա ինքը չի կարող հույս ունենալ, թե էդ բարի կինն իրեն էս վիճակում տեսնելու դեպքում տուն կտանի, առավել ևս, որ հիմա ամեն օր նրա տուն մի տղամարդ ա գալիս, իսկ երբեմն էլ գալիս ու չի գնում, մնում ա գիշերելու: Ի՛նչ իմանաս, կարող ա մի օր էլ սա՞ անհետանա էն ապերախտների նման, ու կինն էլի մենակ մնա, գուցե էդ ժամանակ իր վրա ուշադրություն դարձնի…

Երկրորդ մուտքի լկստված տուզիկ շունը, որին ձմռանը տաք-տաք շորեր ու կոշիկ են հագցնում, դեռ գլխին էլ ականջավոր թասակ դնում, ու ինքն էլ երազում ա շների նորաձևության ցուցադրության մասնակցել ու հաղթել (անկեղծ ասած` չեմ էլ պատկերացնում, թե ո՞նց), ուրեմն դա պատմում ա, որ տիրուհին իր համար ամսագրեր ու թերթեր, անգամ գրքեր ա կարդում: Ու պատմում ա, թե ոնց ա իր սեփական ականջներով լսել, որ շները երկարացնում են իրենց տերերի կյանքը: Հա՜, հա՛, գիտնականներն են ապացուցել: Բա՛, պարզվում ա, որ տանը շան առկայությունը միանգամայն բարենպաստ ազդեցություն ա ունենում հատկապես տերերի սիրտ-անոթային համակարգերի վրա: Տարիքն առած մոտ երեքուկես միլիոն մարդկանց առօրյա կենսաձևի, առողջության ու կյանքի տևողության բազմամյա տվյալների շարունակական ու պարբերական լուրջ վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ ովքեր շուն են պահում, սիրտ-անոթային հիվանդություններով չեն տառապում: Ուստի շնատերերը շատ ավելի երկար են ապրում, քան նրանք, որ շուն չունեն: Ընդ որում, շուն պահելն առանձնապես օգտակար ա բոլորովին միայնակ մարդկանց համար, քանի որ հենց նրանց մոտ ա սիրտ-անոթային հիվանդություններով տառապելու, հետևաբար, վաղաժամ մահվան հավանականությունը մեծ, ի տարբերություն ընտանիքատերերի: Իրենց արևին իբր թե գյուտ են արել. է՜հ, ո՞վ չգիտի, որ միայնակ մարդու հալը հալ չի… Իսկ էս լկստված տուզիկն իր թասակածածկ տխմար գլուխն ա գովում, թե ինքն ինչքա՛ն շատ ա պետք իր տիրոջը, ու որ ինքն է՜լ, իր տերն է՜լ շատ երկար կապրեն…

Էդ ախմախ շնիկը, բակում ամեն անգամ հայտնվելիս, անհավատալի բաներ ա դուրս տալիս, ու ինքը հավատում ա էդ սուտ հեքիաթներին, երևի թե մտքին էն ճշմարտությունն ա, ըստ որի` նախ ինքդ պիտի հավատաս ասածիդ, ու միայն էդ դեպքում ուրիշներն էլ կհավատան քեզ, ուրեմն, ուզում ա, որ ես էլ հավատամ իրեն: Բա որ չի՞ ասում, թե աշխարհում երկրներ էլ կան, որտեղ հա՜մ շների, հա՜մ էլ կատուների (ո՛ւխ, ես դրանց…) սրճարաններ են գործում: Այ քեզ արմանք-զարմանք բա՛ն: Իսկ ես կարծում եմ, որ դա սուտ կլինի, էդ հիմարիկի երևակայության արդյունքը: Մեկ էլ ասում ա, թե ինքն անգամ բլոգ ունի` «Դոգ-բլոգ»: Հը՛մ, ճիշտն ասած, իսկի չգիտեմ էլ, թե էդ ինչ բան ա, ինչից ա շինված, ուտելի բան ա՞, թե՞… ու թե ուտելի ա` ինչո՞վ են ուտում: Օրինակ, հոթ-դոգ լսել եմ ու գիտեմ, որ ուտելի բան ա, բայց ես չեմ կերել, որովհետև ուտողներն ինձ չէին տալիս: Իսկ «Դոգ-բլո՞գ», չէ՜, չգիտեմ: Հա՛, էդ տուզիկը համ էլ պատմում ա, որ թեև ինքը շատ էր նախանձում մի այլ շնիկի, որ արտասահմանցի էր, բայց սոցցանցերում (մեր մեջ ասած` էդ էլ չգիտեմ, թե ինչ ա), ուրեմն, էդ շնիկը 17 միլիոն հետևորդ ուներ, ինչի համար էլ մեր տուզիկը նախանձում էր դրան, բայց երբ էս շատ հետևորդ ունեցող արտասահմանցի տուզիկը ինչ-որ վշտից սատկում ա, մեր լկստված տուզիկը խոր ցավով ա տանում էդ բանը (որ` ի՞նչ): Բա չբռնե՞ս ու դրա դեմքին ղժժաս. «Տո՛, «Դոգ-բլոգն» ի՞նչ բան ա, սոցցանցն ի՞նչ բան ա, թե դրանցից մի բան ես հասկանում, բացատրիր` մենք էլ հասկանանք, թե` չէ… Հը՛մ, հետո՞, ասենք թե տերդ ամսագիր ու թերթ ա կարդում, բայց դու դրանից ի՞նչ ես հասկանում, ընդամենն անգիր արած լեզվիդ ես տալիս, էլի՜: Հա՛, ասենք հենց քո շնորհիվ տերդ երկար ապրեց, բայց քեզ ի՞նչ, հո դու էլ չե՞ս կարող տիրոջդ չափ երկար ապրել, ա՛յ մեծամիտ, ախր անմիտ ու աննպատակ շնային քո կյանքը, թեկուզ` ոչ անտեր, ինչքան էլ ճոխ լինի, շա՛տ-շա՜տ մի տասը-տասնհինգ, հա՛-հա՜, մի քսան-քսանհինգ տարի ա լինելու ու ոչ ավելին: Կամ էլ թե` ասա` երկար ապրելն ինչիդ ա՞ պետք, ա՜յ շուն-շանորդի, թե՞ մտքինդ էն ա, որ տերդ քեզնից ավելի շուտ մեռնի ու քո ասած էն խփնված (իսկ ըստ իս` խելապակաս) արտասահմանցիների պես իր ունեցած-չունեցած կայք-կարողությունը քեզ կտակի: Բայց տիրոջդ մեռնելուց հետո քո ապրելն ի՞նչ արժե, դու էլ ո՞ւմ ես պետք»: Է՛հ, ո՞ւմ ի՛նչ ասես: Ասա` քո շնային կյանքով ապրի, էլի՜…»:

Ու բակի իր անկյունում կծկված` վիրավոր ոտնաթաթն էր լիզում գամփռը: Ու էլի խառնիխուռն մտքերի հետ էր. «Բայց միայն տանու շունը չի՞, որ ուզում ա լավ ապրել,  քուչի հասարակ շունն էլ իրավունք ունի լավ ապրելու կամ գոնե երազելու: Հա՜, հա՛, շունն էլ կարող ա երազել: Ախր, շունն էլ ա ուզում, որ իր համար ևս տոն լինի, որևէ անակնկալ ուրախություն լինի, ասենք` սեր ու ջերմություն, ու դրանցով պարուրված լինի: Բայց ինձ մի ոչ ցուրտ (թե որ չասեմ` տաք) անկյունն էլ լիուլի բավարար ա (մի բան էլ ավելին ա), ինձ մի կտոր ոսկորն էլ կբավականացնի (դրանից շատ չեմ էլ ուզում) գոնե որոշ չափով ինձ երջանիկ զգալու համար: Ընդամենը: Հո երկրորդ մուտքի էն լկստված տուզիկ շան պես չե՞մ երազում, որ Բանգկոկում հայտնվեմ (չգիտեմ էլ, թե որտեղ ա՞ գտնվում էդ Բանգկոկը)… Ուրեմն էդ տուզիկն ասում ա, որ, իբր, էդ Բանգկոկում շատ գործատերեր բարեհոգաբար թույլատրում են շնատեր ու կատվատեր  աշխատողներին, ովքեր կկամենան, իրենց սիրասուն շնիկներին և կատուներին հետները աշխատավայր տանել, իրենց աշխատասեղանների վրա փափուկ ներքնակներ ու ծածկոցներ փռել, որոնց վրա էդ լկստվածներն ամբողջ օրն ինքնամոռաց թավալ կտան մինչև աշխատանքային ընդմիջում, ապա աշխատավոր տիրոջ հետ ճաշի ընդմիջում կանեն ու կլափեն իրենց ճոխ կերակրաբաժինը, ընդմիջումից հետո նորից թավալ կտան իրենց ներքնակի ու ծածկոցի վրա մինչև տիրոջ աշխատանքի ավարտը: Ու զայրացուցիչն էն ա, որ մենակ շներին չեն տանում… կատուներին էլ: Էլի՛ կատուներին: Ախր, շունն ու կատուն  անհամատեղելի են: Ո՞վ չի հիշում քաչալ շան գդակի ու էդ գդակի մորթու հափշտակիչ խորամանկ ճոն կատվի պատմությունը, որտեղ էլի մեր նախնին եղավ տուժողը: Ամո՜թ, հազար ամոթ էդ անամոթ խաբեության պատմությունը մոռացողին: Որովհետև մինչ օրս անուններս ա դուրս ելել, մինչդեռ կատուներ կան, որ մի բան չարժեն, բայց գամփռին էլ կխեղճացնեն, ինչպես, ասենք, լիրբ ու լաչառ կինն իր ամուսնուն կամ ցանկացած տղամարդու…

Եթե ինձ էլ այդպես գուրգուրեին, ոնց որ էն լկստված տուզիկին, ես էլ ինձ գուրգուրողների երեսները կլպստեի` անկախ ամեն ինչից, ասենք, նույնիսկ աղտոտ լինելու հանգամանքից: Եթե մի հրաշքով մեկն ինձ տաներ իրենց տուն ու պահեր որպես տանու շուն, լողացներ, կերակրեր, ոնց որ մի ժամանակ էր, նրա համար ամեն ինչ կանեի. տունը կպահպանեի, սենյակների հատակները կփայլեցնեի, երեխայի օրորոցը կօրորեի, հետը կխաղայի, կզբաղեցնեի, նույնիսկ լվացք կանեի… Չէ՜, էդ մեկը չափն անցա: Է՛հ, սեփական ախմախ ցանկություններին տրվելը, դրանց գերին լինելն էլ մի բան չի»…

Ուշ աշնանային թախծոտ ու մշուշոտ օրն իր սովորական ընթացքով հանդարտ իրիկնանում էր: Բակի անկյունում տափ կեցած ու վիրավոր թաթը լիզելով` այսպես լուռ ու ինքնամփոփ մտորում էր փրչոտ գամփռը, որ ի հետևանք ուսանող տղայի «պաշոլի»` կեսօրին քիչ էր մնացել ոտքը կորցներ, բայց մի անբացատրելի հրաշքով չկորցրեց: Անշուշտ, դա գոհացնում էր իրեն, դե, ոտքը չկորցնելու հանգամանքը, սակայն մինչ էն պահը, երբ դեռ չմթնած` աչքովն ընկավ բակ մտնող նույն տղան, որ կեսօրին իրեն այնպե՛ս չարորեն ասաց իր «պաշոլը»: Մարմնով մեկ սարսուռ անցավ, դողէրոցք կպավ, ասես` միջովը մեծ լարման էլեկտրական հոսանք բաց թողեցին: Առաջին բանը, որ մտքովն անցավ` տղան եկել է իր ետևից, հավանաբար, շարունակելու կեսօրին կիսատ թողած նենգամիտ հալածանքը: «Ասա, ես քեզ ե՞րբ և ի՞նչ վատություն եմ արել: Ինչի՞ ես հետապնդում ինձ: Է՛հ, մարդ արարած ես, անպայման պիտի մի վատություն անես, չէ՞»,- սուր տագնապի է՛լ ավելի սրված զգացումը հանգիստ չէր տալիս: Հոտառությունն իրեն չէր խաբում ու հստակ զգում էր, որ տղան իրեն է փնտրում: Իսկ տղան իրոք նրան էր փնտրում: Միայն թե գամփռն ի՛նչ իմանար, որ տղան չար մտադրությունով չէր իրեն փնտրում: Կեսօրից ուսանող տղայի խիղճը տանջում էր, որ իր անչար, նույնիսկ ինչ-որ տեղ կատակով ասված բառի պատճառով շունը, քիչ էր մնացել, ոտքը թողներ ավտոմեքենայի անիվի տակ…

«Անտեր շուն եմ` ամենքից լքված, բախտից հալածված ու ոչ ու փուչ կյանքիցս էլ մահու չափ զզված, ինչի՞ ես ինձ փնտրում, ինչի՞ ես հետապնդում, ի՞նչ ես ուզում ինձնից, էդ ի՞նչ ես տվել, որ չես կարողանում ետ առնել…»,- տագնապն է՛լ ավելի էր սրվում:

– Ահա թե որտե՛ղ ես թաքնվել, հազիվ գտա: Գիտե՞ս, որքան եմ փնտրել քեզ, շուն-շանորդի: Ինչո՞ւ ես դողում, վախի՜լ մի՛, քեզ ուտիլ չը տիմ, չէ՛: Ես միանգամայն, լիովին և ամբողջովին Բեռնարդ Շոուի հետ համամիտ եմ, իհարկե… Ի՞նչ, Շոուին չե՞ս ճանաչում: Ոչի՛նչ, դարդ մի արա: Քո պարագայում դա էնքան էլ կարևոր չի, որովհետև լիքը մարդ կա, որ նրան չի ճանաչում: Միևնույն է, ես անվերապահորեն կիսում ու անվարան հաստատում եմ նրա հավաստումն առ այն, որ կենդանիներն իմ բարեկամներն էլ են, ու ես նրանց չեմ ուտում: Իմ կողմից կավելացնեի միայն, որ կենդանիներին ոչ մի դեպքում չի կարելի նաև դավաճանել, հալածել, հարվածել, սատկացնել և էլի ուրիշ նման բաներ. դա՞ էիր ուզում լսել, հա՞: Դե լավ, մի՛ փքվիր, համարենք, որ իմ համառ ջանքերի ու հիմնավոր փնտրտուքի շնորհիվ քեզ հայտնաբերելու դժվարին գործը հիմնականում գլուխ է բերվել, ու հիմա ժամանակն է, որ ոտքովդ զբաղվենք: Գիտե՞ս, ցերեկը չէի կարող, ուշանում էի դասերից…

«Տես, է՞, իսկ ես վատ բաներ էի մտածում տղայի մասին»,- խորհում էր գամփռն ու զգուշանում` ներքին տագնապը չթուլացնելով:

– Դու չկարծես, թե մարդիկ էդքան անմարդկային են,- ասես ընթերցելով գամփռի մտքերը` ասաց ուսանողը:- Այ, օրինակ, անցյալ օրը մեր նվիրյալ օրենսդիրները հայրենի խորհրդարանում իրենց տիրական վճռորոշ ձայնով աներկբայորեն քվեարկեցին ու անվերապահորեն հավանության արժանացրին մարդկանց և կենդանիների համար ընդհանուր համարվող վարակիչ շատ հիվանդությունների պարբերական հսկողության հսկայական ծրագիրն ու դրա միջոցառումների ծավալուն ցանկը: Հապա մի թաթդ տուր, բարեկամ, տեսնենք, թե ի՞նչ է եղել…

Ինքնաբերաբար, որովհետև դեռ էնքան էլ չէր վստահում տղային, շունը վիրավոր թաթը առաջ պարզեց:

– Վա՜հ, բավականին հասկացող շուն ես երևում,- շան թաթն ափի մեջ առնելով` ասաց տղան,- չլինի՞ վարժեցրած ես… ինչ-որ ժամանակ տեր ես ունեցել, հա՞: Հիմա որտե՞ղ է, հո քեզ դուրս չի արե՞լ, գուցե ինչ-որ բան այնպես չե՞ս արել…

Հարցերի տարափ տեղալով, առանց պատասխանի ակնկալիքի` ուսանող տղան սկսեց մեղմ շոյել շան ոտնաթաթը, հետո էլ տրորեց մի քիչ ավելի պինդ, որ շատ կոշտ ստացվեց ու լավ էլ ցավոտ եղավ:

«Բավականին խելացի ա երևում էս տղան, խորաթափանց ու հոգատար,- խորհում էր գամփռը:- Ճիշտ ա, տրորելով մի քիչ ցավեցնում ա, բայց ոչինչ, տանելի ա, կդիմանամ: Մինչև օրս մարդկանց շարքերում էսպիսի մեկին չեմ հանդիպել: Ո՞նց էլ գլխի ընկավ, որ մի ժամանակ  տանու շուն եմ եղել և, իհարկե, տեր ունեցել: Պարզապես տեր կոչվածը անհուսալի հարբեցող էր ու մի գեղեցիկ օր ինձ շատ էժան, անչափ էժան գնով ծախեց, ասենք, ի՛նչ ծախել, մի շիշ օղու հետ փոխանակեց: Է՛հ, հիշելու բան չի, հեչ հիշելու բան չի. էդ անխիղճը ձիու պես էր խմում, չէ՛, ավելի ճիշտ, ուղտի պես էր խմում: Իսկ երբ կինը երեխեքի հետ հեռացավ, լրիվ իրեն կորցրեց ու դրանից հետո որ խմում էր, անասուն էր դառնում: Հա՜, հա՛, իսկական անասուն. կորցնում էր խոսելու ընդունակությունը: Բա որ երբեմն էլ փորձում էր ի՞նձ խմացնել, իրեն թասընկեր անել, ու որ դա չէր հաջողում, ողջ ուժով քացին փորատակիս չէր ուշանում: Դրանից հետո էլ ծխախոտի գլանակը քանդում էր, նորից հավաքում, ինչից գլանակը երկարում էր, ապա իր մոտ էր կանչում, ու ես չէի կարողանում չգնալ, որովհետև ոչ բարով տերս էր, իսկ նա ծխում էր ու ծուխը փչում քիթումռութիս, ու էդ ծուխը շնչելուց հետո (չէի կարող չշնչել, որովհետև ուղիղ քիթումռութիս էր փչում), ուրեմն, բժժում էի, ոտքերս տակս խճճվում էին, մինչև իմ տեղն էի հասնում ու վեր ընկնում: Կնոջ ու երեխեքի հեռանալուց հետո շատ երկար չտևեց ու մի շիշ օղու դիմաց ինձ հանձնեց թաղի լակոտ-լուկուտին: Ու դրանից հետո թաղի տղա երեխեքն էին տերս, որ մի օր տիրություն էին անում, մի օր` անտերության մատնում, իսկ ժամանակ անց սկսեցին ինձ ավելի հաճախ մոռանալ: Իսկ երբ դադարեցին կերակրել, ստիպված էի ինքս գլխիս ճարը տեսնել: Էդ ուտել կոչված անհրաժեշտության ձեռքին կրակն ընկած` ինչ նեղության մեջ ասես, որ չեմ ընկել, ինչ դժվարություն ասես, որ չեմ քաշել, ինչ պատմություն ասես, որ գլխիս չի եկել: Մի անգամ աղբարկղից պահածոյի մեծ տուփ գտա, գլուխս խոթեցի մեջը, որ ուտելի մի բան գտնեմ, դատարկ փորս լցնեմ: Բայց ինձ որտեղի՞ց բախտ. հերիք չէ, այնպես էր սրբած, որ մեջն ուտելու բան չկար, դեռ մռութս էլ լռվեց-մնաց տուփի մեջ, իսկ թաղի լակոտները, որ ինձ լրիվ անտերության էին մատնել, փոխանակ մռութս ազատեին դատարկ տուփի կպչուն ճիրաններից, անզուսպ ու անպատկառ քրքջում էին` ամեն մեկն իր բաժին հոթ-դոգը ծամելով… Մի անգամ էլ մեկն, իբր, կեր տվեց. երրորդ հարկի պատշգամբից մոտ կանչեց, ու երբ մոտ վազեցի ու վիզս ծուռ վեր էի նայում, սա մի աման ճաշը թափեց վրաս, թե` «Կեր…», ու էլի հռհռոցներ, էս անգամ հա՜մ վերից, հա՜մ էլ վարից»…

– Չէ՜, երևում է, լուրջ բան էլ չկա,- շան մտքերն ընդհատեց ուսանողը,- բայց չէր խանգարի, որ մի հատ ռենտգեն անեինք: Արի՜, արի՜, գնանք տուն, քեզ մաքրվել ու սնվել է պետք: Ախր էսպես քնձռոտի մեկն ես թվում, բայց աչքիս կարգին շուն ես երևում:

«Շնորհակալ եմ, իհարկե, բայց էդ քնձռոտը պիտի չասեիր»,- ինքն իրեն դժգոհեց գամփռը, սակայն լուռ ու հնազանդ ընկավ տղայի ետևից ու թեթև կաղին տալով` գնաց նրանց տուն…

«Հա, էլի, նախ ինքդ պիտի հավատաս ասածիդ, բայց ոչ թե, որ ուրիշներն էլ հավատան քեզ, այլ որ մտքինդ իրականություն դառնա: Բայց իմ մտքով նման բան չէր էլ անցնում, էլ ուր մնաց, թե ինքս ինձ ասեի, որ մի օր ինչ-որ մեկն էլ ինձ իր տուն կտանի: Բայց տես, որ ինձ էլ տուն տանող եղավ: Եթե էս տղան ինձ գուրգուրի, չեմ ասում` ոնց որ երկրորդ մուտքի էն լկստվածին, այլ սովորական շան պես, սովորական շան տեղ դնի ու սովորական շան պես էլ պահի, լողացնի, կերակրի, ինքս ինձ խոստացածի տերը կլինեմ, ու թե թույլ չտա (ամեն տեր չի, որ թույլ ա տալիս) երեսները լպստել` ձեռքերը կլպստեմ, անկախ աղտոտ լինելու հանգամանքից: Ես  նրա համար ամեն ինչ կանեմ. տունը կպահպանեմ, սենյակների հատակները կփայլեցնեմ, թե որ երեխա կամ երեխաներ ունի ու թե որ թույլ տա կամ հրամայի` երեխայի օրորոցը կօրորեմ, երեխաների հետ կխաղամ, նույնիսկ լվացք կանեմ… Չէ՜, ներողություն, էդ մեկը նորից չափն անցա, էդ մեկը հաստատ չեմ կարող անել: Էհե՛յ, բանից պարզվում ա, որ իրականում սեփական ցանկություններին տրվելն էնքան էլ ախմախ բան չի… Այ, կտեսնես, տղա, ես բավականին հավատարիմ շուն կարող եմ լինել քեզ համար… Թյո՜ւ, էս ի՞նչ եմ ասում, ի՞նչ ա նշանակում` բավականին հավատարիմ լինել: Բավականինս ո՞րն ա. հավատարիմ լինում են կամ չեն լինում:

– Հը՞, թաթդ շա՞տ է ցավում,- շան մտքերը նորից ընդհատեց ուսանողն ու շարունակեց զրույցն, ասես իրեն ուղեկից լուրջ խոսակցի հետ գործ ուներ:- Հապա ի՞նչ կանեիր, երբ երեք ոտքից կաղ լինեիր, որի մոգական գաղտնիքը միայն մի փափկասուն տիկնոջ է հասու, որ էդ առիթով միշտ գլուխ է գովում: Արի, ետ մի մնա, բավական ճանապարհ ունենք դեռ գնալու: Թե որ բախտներս բերի, ու շնագետ հարևանս տանը լինի, նա էլ կարող է քեզ օգնել: Այ, էդ ժամանակ իրոք կարելի է ասել, որ դու էլ շան բախտ ունես, ինչպես ես` էսօր: Օրինակ, ցերեկն ուշանում էի դասերից, լավ էլ ուշանում էի, ու քիչ էր մնում հույսս կտրեի, թե դասի կհասնեմ: Իսկ էդ անտեր տրանսպորտը չկար ու չկար: Ու թեև ուշանում էի դասախոսությունից, բայց անգամ ուշացած գնալը ճիշտ էր, քան բացակայելը: Ու ավելի կուշանայի, եթե իմ բախտից ծանոթ մեկը չպատահեր: Ու պատահեց. սեփական ավտոմեքենայով, ու ինձ էլ տարավ, տեղ հասցրեց: Ախր, էդ առարկայից մեկ ամիս հետո քննություն պիտի հանձնեմ: Թեև, մեր մեջ ասած, քննությունների ժամանակ իմ բախտը բանում է, ի տարբերություն իմ որոշ ընկերների, որոնք էլ ինձ շան բախտ ունեցող են համարում: Դե որովհետև, եթե ընդամենը մի հարց եմ իմանում, ինձ էդ հարցն է բաժին ընկնում: Իսկ համակուրսեցիներիցս մեկը, որ շատ նավսոտի մեկն է, ընդամենը մի հարցի է անպատրաստ լինում, հենց էդ հարցն է իրեն ընկնում: Ախր, իրապես շատ է նավսոտ: Իսկ գիտե՞ս, թե ինչ է նավսը: Դա հին եբրայերենով նեֆեշն է, որ շունչ է նշանակում և, իբր, գտնվում է արյան մեջ: Ու թե արյունը պղտոր եղավ, ուրեմն, էդ նեֆեշ կոչված նավսն էլ պղտոր կլինի ու կվնասի նախ և առաջ էդ պղտոր շնչի տիրոջը: Այնպես որ, եթե քո արյունը, որտեղ, իբր, գտնվում է շունչդ, պղտոր չեղավ, կտեսնես, մի գեղեցիկ օր քո բախտի դռներն էլ կբացվեն: Արի, արի, ետ մի՛ մնա: Թաթդ բուժենք, քեզ մի օր կտանեմ, հայկական գամփռի արձանը ցույց կտամ: Կտեսնես, ինչպիսին է լինում իսկական գամփռը: Իսկ եթե տանտերս չառարկի, գուցե քեզ ինձ մոտ կպահեմ կամ, ծայրահեղ դեպքում, շնագետ հարևանս քեզ կվերցնի…

«Ա՛յ քեզ բախտ: Գուցե իմ բախտի դռների բացման գեղեցիկ օրն արդեն վրա՞ է հասել: Ես ինձ լավ կպահեմ, տղա, հավատա: Այնպես կանեմ, որ դու կամ շնագետ հարևանդ չհիասթափվեք, լսո՞ւմ ես: Բայց ափսո՛ս, որ լեզուս չես հասկանում ու թե աչքերիս մեջ նայես, մեկեն գլխի կընկնես: Ախր, բավականին խելացի ես երևում, խորաթափանց ու նաև` հոգատար: Իսկ ես հավատարիմ կլինեմ, տղա, խոստանում եմ: Միայն թե դու կամ շնագետ հարևանդ ինձ վերցրեք, պահեք ու կտեսնեք, թե ի՛նչ լավ շուն կլինեմ ձեզ համար: Բայց մի բան պիտի խնդրեմ, որ չլինեք նախորդ տիրոջս պես: Գիտե՞ս, էնքան էլ սարսափելի չեն թշնամիների հարվածները, թեկուզ` փորատակիդ, է՛լ ավելի ահավոր են մերձավորների հարվածները թիկունքից… անսպասելի, ոնց որ իմ նախորդ տիրոջ վարմունքն էր` ինձ մի շիշ օղու հետ փոխանակելով, կամ էլ նոր տերերիս` թաղի տղերքի… Էդ ամենն ինձ մոտ հանգեցնում էին բարդ երևույթների դրսևորման, ասենք` հակվածություն դեպի ընկճախտ, դե, տարիքիս հետ կապված արտաքինի փոփոխությունների արագացման մասին չասեմ, անգամ սեռական կյանքն ինձ համար անհասանելի մի բան դարձավ. ախր, զուգընկեր գտնելը հեշտ բան չէր ինձ նման անտուն ու անտեր շան համար: Իսկ չէ՞ որ դա բնական պահանջմունք է, ոնց որ ուտելը, քնելը ու էլի նման բնական բաներ…»:

– Տեղ հասանք,- հերթական անգամ շան մտքերն ընդհատեց ուսանող տղան ու բացեց իր տան դուռը, որի արանքից դուրս հորդեց պայծառ լույսը:- Դե, ներս անցիր ու մի զարմացիր, որ մարդիկ էլ կարող են հոգատար ու բարի լինել: Աչքերիդ մեջ տագնապ եմ տեսնում, ոչինչ, կանցնի: Դու միայն թոթափիր ծանր հիշողությունների բեռն ու թեթև տար կյանքի դաժան հարվածները: Շատ չհամարես էն, ինչ, իբր, անում եմ հիմա քեզ համար: Որովհետև, գիտե՞ս, ինչ տվել ես ու թե քոնն է ու քեզնից ես տվել, քեզ էլ նույն կերպ կվերադառնա և քոնն էլ կմնա. բարությո՞ւն ես տվել` բարություն կստանաս, չարությո՞ւն` չարությամբ էլ կհատուցվի քեզ:

Ուսանող տղան ու ինքը հայտնվեցին լուսավոր տանը: Ու թեև դրսում ցուրտ էր, և օրն արդեն մթնել էր, բայց կարծես իր համար կյանքի մի նոր` ջերմ ու լուսավոր հետագիծ էր բացվում. «Մի՞թե սա է շան բախտ կոչվածը, ամենքիս անհրաժեշտ մեր մի պատառ բախտը»,- մտքում ուրախ ու զվարթ կլանչեց գամփռը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։