Մայիսի 28-31-ը շիրակցի բանաստեղծ, հրապարակախոս Սամվել Մարգարյանը շարունակեց խաղաղությանը, ժողովուրդների բարեկամությանը, Երկիր մոլորակի պաշտպանությանը նվիրված իր երթը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Նա հանդիպեց հայ, ռուս, վրացի, ուզբեկ, տաջիկ և այլ ազգերի պատկանող մարդկանց հետ` շատերին նվիրելով իր տասլեզվյա «Մարգարեի ուղերձը» և այլ գրքերից` հաղորդելով նրանց խաղաղության, ժողովուրդների բարեկամության մասին իր գաղափարներն ու իղձերը: Բանաստեղծը գրքեր նվիրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, Ռուսաստանում Հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին, մի խումբ անվանի հայ և ռուս մտավորականների: «Մարգարեի ուղերձը» հասցեագրված է աշխարհի ժողովուրդներին, պետությունների ղեկավարներին և հոգևոր առաջնորդներին: Ահա ինչու բանաստեղծը ռուսական փոստի միջոցով գրքեր ուղարկեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին: Մայիսի 28-ին վերականգնված «Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես» համալիրի «Հայաստան» հոյակերտ մասնաշենքի դահլիճում կայացավ «Մարգարեի ուղերձը» գրքի շնորհանդեսը: Հեղինակին ողջունեցին և բարեմաղթեցին, ստեղծագործությունները արժևորեցին անվանի տնտեսագետ, ակադեմիկոս Արտաշես Միքայելյանը, «Արմենիա» մասնաշենքի տնօրեն Արամ Մանուկյանը, արվեստագետ Լյուդմիլա Ռուսինան, արձակագիր Գայանե Փայտյանը, երիտասարդ գիտնական Հայկ Մարգարյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսքով հանդես եկավ և իր ստեղծոգործություններից ընթերցեց հեղինակը: Հանդիսությունը վարեց և հայկական ժողովրդական իր հոգեզմայլ երգերով ներկաներին հիացմունք պարգևեց Մոսկվայում բնակվող տաղանդավոր երգչուհի Էլվիրա Մարգարյանը:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ