Հայ մշակույթի նվիրյալը

Մայիսի 31-ին Համազգային հայ կրթական և մշակութային միությունը` ՀՀ Գրողների միության հետ համատեղ, Ավետարանչական ընկերակցության դահլիճում (հասցե` Բաղրամյան 18) կազմակերպել էր ՀԳՄ անդամ, գրող, դերասան, թատերական գործիչ, մանկավարժ, հրապարակախոս Հրանտ Մարգարյանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյակներին նվիրված միջոցառում: Հրանտ Մարգարյանը, ապրելով Նյու Յորքում, մեծապես նպաստել է մշակութային և գրական կյանքի զարգացմանը: Նա օժանդակել է նաև կրթական օջախներում հայեցի դաստիարակությանը:
Միջոցառման ընթացքում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր ուղերձում` ՀԳՄ անդամների անունից, բարձր գնահատեց Հրանտ Մարգարյանի վաստակը գրական ասպարեզում և նշեց, որ վերջինս նպաստել է հայ ժամանակակից դրամատուրգիայի թարգմանմանն ու տարածմանը (անգլերեն): ՀԳՄ նախագահը, ինչպես բոլոր գրողների հոբելյաններին, Հրանտ Մարգարյանին նույնպես կախարդական գրիչ նվիրեց, որով նա կշարունակի արարել նոր տաղանդավոր ստեղծագործություններ…

***
Եթէ այսօր ցրտացած Նիւ Նորքի Հատըսն գետի զոյգ ափերու վրայ քիչիկ մը հայ թատերական ճաշակ տակաւ կխայտայ, անկասկած այդ հաստատումը կ`երթայ շնորհիւ 42 երկա՜ր տարիներէ ի վեր անդադրում ու առանց դոյզն յուսահատութեան Հրանդին գլխաւորած Համազգայինի թատերախումբին: Գերազանցապես հայկական եւ ոգիով, եւ ընտրուած ազգային թատերախաղերով ու հայերէն լեզուին մաքուր տիրապետումովը, Մարգարեան թատրոնը որպէս դպրոց ծառայեցուց եւ իր նպատակին հասցուց:
Դիւրին չէ այս մեծ ոստանի պայմաններուն ներած չափով պահել հայկական թատերախումբ մը, որուն ներկայութիւնը ըլլար տիրական ու շունչը` անսպառ ու երկար: Արձանագրել մրցանիշ մը Ամերիկայի տարածքին իր անդրանիկ 23 բեմադրութիւններով: Ըլլալ առաջին թատերախումբը բարձրանալու ՕՖՖ-Պրոտուէյ եւ ըլլալ Համազգայինի մեծ ընտանիքին միակ թատերախումբը, մասնակցելու 1991-ին Հայաստանի մէջ տեղի ունեցող Սփիւռքահայ թատրոնի փառատոնին:
Անշուշտ այս բոլորը կը պահանջեն անսահման նուիրում ու համբերութիւն, տէսիլք ու հաւատք հանդեպ գործին, որ անկասկած ժառանգուած է այդ մեր երեքհազարամեայ հայկական թատրոնի աւանդոյթներէն: Այլապես մշակոյթով հարուստ մեր այս համայնքէն ներս, Հրանդ արժանաւոր ժառանգորդն է, անկասկած, այդ «սրբութեան», որ կը կոչուի Հայ Բեմ:

Հակոբ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.