ՊՈԵԶԻԱՆ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ Է

 

Մարտի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ արդեն 6-րդ տարին է՝ ՀԳՄ-ում նշվում է Պոեզիայի օրը ու ամեն տարի փորձ է արվում թարմ ստեղծագործություններ ներկայացնել՝ հրատարակված տարբեր լեզուներով: «Վերջերս Ղազախստանում լույս տեսավ «Հայ միջնադարյան և ժամանակակից պոեզիա» գիրքը, որում ղազախերեն ներկայացված է մեր պոեզիան: Այս համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասաց նա: Ի դեպ, այդ գրքի առաջաբանը գրել են Ղազախստանի գրողների միության նախագահն ու Էդ. Միլիտոնյանը:

Ելենա Շուվաևա-Պետրոսյանը ներկայացրեց Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ միությունում հյուրընկալված բանաստեղծներին Ռուսաստանից, Բելառուսից և Իսրայելից՝ Լարիսա Կուզմինսկայային, Նինա Ցուրիկովային, Նատալյա Ադլերին, Ելենա Լարյուշինային, Օլգա Օսենսկայային, Սերգեյ Սվետլովին:

Գրող Լարիսա Կուզմինսկայան նշեց, որ բոլորին համախմբել է պոեզիայի տոնը: Հավաստիացնելով, որ պոետները, ստեղծագործողները տարբերվում են մյուս մարդկանցից, տեղեկացրեց, որ տպագրվող ժողովածուներում ընդգրկում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող հեղինակների գործերը, հրատարակում են նաև թարգմանություններ: «Շատ երջանիկ ենք, որ գտնվում ենք Հայաստանում, քանի որ այստեղ մարդիկ ջերմ են, հիացած ենք Հայաստանի մշակույթով ու ճարտարապետությամբ»,- ընդգծեց Լ. Կուզմինսկայան:

Արևշատ Ավագյանը նկատեց, թե տպավորություն կա, որ 21-րդ դարում պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունը կորչում է, բայց այդպես չէ: «Բանաստեղծությունն ապրում է, շատ լավ ստեղծագործություններ են տպագրվում, հանդիպումներ են կազմակերպվում, այդ թվում նաև միջազգային հարթակներում,- ասաց նա:

Ըստ բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի՝ պոետներով լի դահլիճն ապացուցում է, որ պոեզիան մշտապես հաղթանակելու է:

Բանաստեղծություններ կարդացին Լարիսա Կուզմինսկայան, Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը, Ելենա Լարյուշինան, Արտեմ Հարությունյանը, Նատալյա Ադլերը, Անուշ Վարդանյանը, Արփի Ոսկանյանը և ուրիշներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։