Շնորհանդեսը` գրքի տոն

001

003
Ալավերդի քաղաքի Սարահարթի մշակույթի պալատում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Թումանյանի տարածա­շրջանի ստեղծագործողների «Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» արձակ ժողովածուի շնորհանդեսը: Առաջին գիրքը` պոեզիայի ժողովածուն, լույս էր տեսել չորս տարի առաջ:
Հրաշալի կազմակերպված միջոցառմանն (ճիշտ կլինի այն տոն անվանել) անդրադառնալուց առաջ ցանկալի է նշել այս գրքերի ծննդի նախապատմությունը:
Ալավերդիում ապրում և ստեղծագործում էր թերթի խմբագիր, գրական միավորման ղեկավար Արշալույս Գևորգյան անունով հիանալի մտավորական: Նրա երազանքն էր մի գրքում տեսնել Լոռու Թումանյանի տարածաշրջանի ստեղծագործողների գործերը:
Ավաղ, նրան չհաջողվեց տեսնել իր երազանքի իրագործումը: Բայց… Այն իրագործեցին (այն էլ երկու ստվար գրքերով) նրա դուստրը` բանասեր, լրագրող Անահիտ Գևորգյանն ու թոռը` Վահագն Աբգարյանը:
Երեք տասնյակից ավելի բանաստեղծներ՝ առաջին գրքում և չորս տասնյակից ավելի արձակագիրներ` երկրորդ գրքում. ահա այս շնորհանդեսի առատ հունձքը:
Արդեն ճանաչված ու սիրված անունների կողքին (Հրանտ Մաթևոսյան, Հրաչյա Մաթևոսյան, Սուրեն Մուրադյան, Կարո Մելիքսեթյան, Գառնիկ Շախկյան, Ֆելիքս Բախչինյան, Լենա Անթառանյան, Հովիկ Վարդումյան, Վալերի Պարանյան, Լևոն Ջավախյան, Արծրուն Պեպանյան, Վան Արյան, Վանուշ Շերմազանյան, Լուսյա Մեհրաբյան, Լիլիա Մաշինյան) իրենց ինքնատիպ գործերն են ներկայացնում նաև բազմաթիվ շնորհալիներ, ում անուններին շուտով ականջալուր կլինի գրքասեր ընթերցողը:
Ելույթները հիմնականում շնորհավորանքներ էին և շնորհակալական խոսք գրքերն արարողներին: Գրքի հրատարակիչ Վան Արյանը ներկաներին փոխանցեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ողջույնի խոսքը գրքի փայլուն տոնի առթիվ:
Նշենք, որ գրքերի առաջին խմբաքանակը, որն սպառվեց ակնթարթորեն, ընթերցողներն ու հեղինակները աշխույժ եռուզեռի մեջ ձեռքից ձեռք էին փոխանցում:
Տոնը, որն ընդմիջվում էր ասմունքով և երաժշտական համարներով, ավարտվեց աշխույժ գինեձոնով:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։