Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճը կրկին լեցուն էր: Գրող, դերասան, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը թատերասեր նոյեմբերյանցիներին ներկայացրեց հերթական ներկայացումը` հանրահայտ «Եզոպոս» պիեսը: Գլխավոր՝ Եզոպոսի դերը կատարում էր Սամվել Բեգլարյանը: Ինչպես միշտ, բեմահարթակում էին փորձառու դերասաններ Նաիրա Աբրահամյանը, Վահրամ Հովհաննիսյանը: Իրենց կատարողական վարպետությամբ փորձառուներից ետ չէին մնում երիտասարդ դերասաններ Ինեսա Ասատրյանը և Անդրանիկ Միքայելյանը:
Հանդիսատեսը տպավորված էր… Ավարտվել էր բեմադրությունը, բայց ծափերը չէին դադարում: Դերասանների կատարումները բարձր գնահատեց մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը: Իր հիացմունքն արտահայտեց նաև ազգությամբ հույն Թամարա Ամիրաղյանը: Ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանը դերասաններին նվիրեց իր ձեռքով պատրաստած հուշանվերներ:
Վերջում ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը: Նա բարձր գնահատական տվեց Նոյեմբերյանի թատրոնին, դերասաններին: Հատկապես տպավորված էր Ս. Բեգլարյանի գործունեությամբ: Ն. Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի անունից Ս. Բեգլարյանին հանձնեց նախարարության Ոսկե մեդալը:
Ռ. ՄԱԼԻՆՅԱՆ