Երրորդ ճանապարհ տրված չէ / Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

– Ոչ գրական մամուլը, հազվադեպ բա­ցառություններով, հրաժարվել է անդրա­դառնալ գեղարվեստական գրակա­նութ­յանը: Ինչո՞ւ:
– Գրախանութում հերթ կանգնելու, առավել ևս «տակից» կամ ծանոթով բաժանորդագրության բաղձալի կտրոն ձեռք բերելու, նոր լույս տեսած գիրքը «ճարելու» ժամանակներն անդառնալիորեն անցան£ Կամ գուցե առաջիկա տասնամյակում նման բան հազիվ թե կրկնվի£ Եվ մնաց սոսկ ծանր հիշողությունը, որ նոր սերնդի մոտ տարակուսանք ու քմծիծաղ կարող է առաջացնել£ Բայց դա, միանգամից ասենք, այդ սերնդի մեղքը չէ£ Դա տարիների, տասնամյակների նպատակային աշխատանքի արդյունք է, որ սկսվեց արտաքուստ անմեղ, «խնդալու» հաղորդումներով, երբ օրապակաս մեկը հաց էր վաստակում էկրանից բանաստեղծին ծաղրելով, խոսքի մարդուն խենթ ու խելառի կերպարով մատուցելով` երևի թե դույզն իսկ չկասկածելով, որ իր երեխայի ու թոռան համար ամենամեծ վատությունն է անում` այդպես նրան անդառնալիորեն հեռացնելով դեպի լույսը տանող ճանապարհից£ Գրից, գրքից, բառից£ Մտավորականից£ Ում հետ հանդիպելու-շփվելու բացառիկ առիթը պետք է որ մեծագույն տոնի վերածվեր, դառնար ուղեկից երազանքի իրականացման ճանապարհին և չխամրող հիշողություն£ «Շիրազը մեր դպրոց հանդիպման էր եկել,- պատմեց ընկերս,- արտասանեցի նրա մի բանաստեղծությունը£ Մոտ կանչեց, գլուխս շոյեց, գրպանները քրքրեց, գտավ ու մեկ ռուբլիանոց մի մետաղադրամ տվեց»£ «Եթե կարողանամ մեկ երեխայի արցունքը մաքրել` հասած կլինեմ նպատակիս»,- իր հետ հարցազրույցի ընթացքում ասաց Հակոբ Կարապենցը£ Իսկ խոսքի վարպետ Հրանտ Մաթևոսյանը մղկտում էր, որ փեթակները մեկ-մեկ հանգում են, թեկուզ անցքեր չկան, լորի տաք փայտից են, հիվանդություն չկա£ Եվ ուրեմն այս ու այսքանն ասելուց հետո որտե՞ղ փնտրել հարցի պատասխանը£ Որ մտավորականն այլևս պահանջված չէ՞£ Բայց նայում ես, լավ էլ տարբեր դպրոցներում հանդիպումներ են կազմակերպվում գրողների հետ, լավ-լավ խոսքեր են ասվում գրողի տեղի, դերի, գրականության հասցեին£ Ճիշտ է, ցավով նկատում ես, որ դահլիճն ինքնաբուխ չի հավաքվել, որ դեռահասը սոսկ ֆիզիկապես է ներկա հանդիպմանն ու հնար է փնտրում դուրս թռչելու. այս հեռախոսը, համակարգիչը… Մյուս կողմից` փայտը երկու ծայր ունի, և մեդալն էլ` երկու երես£ Իսկ գուցե այն, ինչ ասվում է, այլևս բնավ իր սրտով չէ՞, գուցե նա ա՞յլ խոսք է ակնկալում, որ չի ստանում, և այդ պակասն այլ տեղից է ցանկանում վերցնել-լրացնել£
Այսպես կամաց ահա մոտենում ենք գլխավորին. թերթը, մամուլն իրեն հեռու է պահում գրողից, որովհետև նրա գրածը տպագրել-տարածել-գովազդելու պատվեր և գործառույթ չունի ու դրա իմաստը չի տեսնում£ Ինչո՞ւ£ Որովհետև երկրի քաղաքացի ձևավորելու իր պատկերացումնե՞րն են այլ, որովհետև իր հիմնադրած լրատվամիջոցը գրականություն տպելով իր գլուխը ոչ մի կերպ չի՞ կարողանալու պահել, իսկ Մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան իրեն կարող է իրավունք վերապահել կասկածի տակ առնել մեկ տարի անց հարյուրամյակը նշել պատրաստվող «Հայաստան» թերթի գոյությունն իսկ` համագործակության հրավիրելու փոխարեն£ Ո՛չ կարդացել է, ո՛չ ծանոթ է, ո՛չ գիտի£ Ու տասնամյակների փորձով խմբագրին վատ քողարկված հեգնանքով կարող է «գլուխը պահելու» ձևեր սովորեցնել£ Եվ ուրեմն ինչո՞ւ տարակուսենք, որ պոեզիան, արձակը, գրախոսությունը տեղ չեն գտնում մամուլում£ Խմբագրին երրորդ ճանապարհ ուղղակի տրված չէ. կա՛մ քեզ օգնում են և որոշակի պատասխանատվություն ակնկալում երկրի և քաղաքացու ձևավորման ճանապարհին, կա՛մ նետում գլուխը կորցրած մեծ ու փոքր լրատվամիջոցների ալեկոծ ծովը£ Փրկվիր` ինչպես կարող ես£
Ամենատաղանդավոր գրողն էլ մարդ է` իր բոլոր թերություններով ու արատներով£ Եվ, բնականաբար, կարոտով է հիշում այն ժամանակները, երբ մտավորականը փնտրված և սպասված հյուր էր խմբագրությունում, նրանից խոսք վերցնելը` մանկականից մինչև մեծական թերթի համար, մեծագույն պատիվ տվյալ լրատվամիջոցի համար£
Այն մտածումն ունեմ, որ ոչ գրական մամուլից նեղանալ պետք չէ, նրանք գրողին չէ, որ մերժել են£ Նախ այսօրվա մամուլի գլխավոր պատվիրատու հասարակության մեջ գրողի հարգը պիտի վերականգնել (սա առավել տարողունակ խոսակցության նյութ է), գրողն էլ իր հերթին` մեծ Վարպետ Իսահակյանի ասած` «հրեղեն խոսքը»£ Եվ այդ դեպքում, հավատացնում եմ, բոլոր խմբագրատներն էլ սիրով կհուրընկալեն և կտպագրեն գրողին£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.