Գրական անցուդարձ

 Շնորհանդես Թեքեյան մշակութային միությունում
Սեպտեմբերի 19-ին Թեքեյան մշակութային միությունում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Երվանդ Ազատյանի «Ժամանակի և ժամանակակիցներու հետ» գրքի շնորհանդեսը: Ներկաները՝ գրողներ, գրականագետներ, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորելով հեղինակին, նշեցին նրա կարևոր դերը՝ հայրենիքում թե սփյուռքում մեր գրականության ու մշակույթի վավերական արժեքների գնահատության և տարածման գործում: «Գրքում ներառված են ժամանակակիցների գրական-մարդկային ամբողջական պատկերները,- իր ելույթում նշեց Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:- Դեռևս 1988-ին լույս տեսած «Գրական-գեղարվեստական սևեռումներ» ժողովածուից հետո սա երկրորդ նմանատիպ աշխատանքն է, որտեղ կան և՛ դիմանկարներ, և՛ հոդվածներ, և՛ վերլուծականներ, և՛ մեր ժողովրդի ապրած բավական տևական ժամանակի ամբողջական պատկերը»: Ելույթներ ունեցան նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գիրքը կազմող և խմբագիր Երվանդ Տեր-Խաչատուրյանը և ուրիշներ:

«Եվրոպայի միակ հերոսը՝ Ֆրիտյոֆ Նանսեն» ցերեկույթը
Սեպտեմբերի 22-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում տեղի ունեցավ «Եվրոպայի միակ հերոսը՝ Ֆրիտյոֆ Նանսեն» ցերեկույթը: Միջոցառման մասնակիցները՝ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, թանգարանի տնօրեն, գրող-հրապարակագիր Ֆելիքս Բախչինյանը, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Գագիկ Դավթյանը, Նոնա Պողոսյանը, Մկրտիչ Գրաբսկին, իրենց ելույթներում մեկ անգամ ևս ոգեկոչեցին Ֆրիտյոֆ Նանսենի՝ մեծ գիտնականի, մարդասերի, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամի անունն ու գործը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.