ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակում ստեղծագործական մրցույթի վերաբերյալ

2018 թվականի նոյեմբերին կկայանա Գրքի երևանյան երկրորդ փառատոնը: Փառատոնի ծրագրի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ: Մրցութային ուղղություններն են՝
– Արձակ
– Պոեզիա
Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն կա՛մ երեք պատմվածք, կա՛մ ամբողջական վիպակ, կա՛մ ամբողջական վեպ, կա՛մ տասնհինգ բանաստեղծություն:
Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել երկու մրցութային ուղղությամբ:
Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև. 1-ին տեղերի համար՝ 600000-ական դրամ, 2-րդի համար՝ 500000-ական դրամ,
3-րդի համար՝ 400000-ական դրամ (առանց պահումների):
Հաղթողները կստանան մրցանակային ֆոնդի 60 տոկոսը, իսկ մնացյալ 40 տոկոսը հեղինակներին կփոխանցվի այն ժամանակ, երբ վերջինները գտնեն հրատարակիչ՝ հաղթած ստեղծագործությունը (վեպը, վիպակը, պատմվածաշարը, բանաստեղծությունները) ներառող գրքի լույսընծայման համար:
Մրցանակային գումարի 40 տոկոսը ստանալու համար անհրաժեշտ կլինի 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսը ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնել հրատարակչության հետ կնքած պայմանագիրը՝ գրքի հրատարակության իրավունքի հանձնման վերաբերյալ:
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում առանձին գրքով չհրատարակված:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է yerevanbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել գրողի կենսագրությունը (ներառյալ՝ կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը՝ նամակի «առարկա» (subject) տողում նշելով գրողի անունը և ազգանունը:
Ստեղծագործությունները քննելու է մրցույթի մասնագիտական ժյուրին: Հաղթողների և ժյուրիի անդամների անունները կհրապարակվեն փառատոնի փակման արարողությանը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 5-ն է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ
Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը:
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական արձակի ժանրերի և գիտամշակութային գրականության զարգացմանն ու տարածմանը: Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն: Դրամաշնորհային ծրագրի հաղթողները պետք է 2019 թվականի ընթացքում երկու հրապարակում ունենան էլեկտրոնային կամ տպագիր մամուլում, ինչպես նաև իրենց աշխատանքները ներկայացնեն մարզային գրադարաններում, ինչը կնպաստի մարզերի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:
Աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում այն դեպքում, եթե հեղինակը հաշվետվությունից հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին» չի ներկայացնում հետազոտության կամ ստեղծագործության լույսընծայման պայմանագիր հրատարակչի հետ:

Ո՞րն է ծրագրի նպատակը
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը լրացնում է անկախ մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որ կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության բարձրացմանը:

Ովքե՞ր կարող են դիմել
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրին կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները (ֆիզիկական անձինք), որոնք նախկինում չեն ստացել ֆինանսավորում տվյալ ծրագրի իրականացման համար, ՀՀ քաղաքացի են և ապրում են ՀՀ-ում: Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող խորհրդի անդամների կամ իրենց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին), ինչպես նաև պետական կառույցներում ներգրավված անձանց դիմումները:

Ո՞ր նախագծերն են դիտարկվում
Դրամաշնորհը տրվելու է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.
ա) գեղարվեստական գրականություն՝
– արկածային արձակ,
– դետեկտիվ արձակ,
– գիտաֆանտաստիկա,
– ֆենթըզի,
– սարսափ պատմություն,
– գեղարվեստական հուշագրություն,
բ) հետազոտական աշխատանքներ՝
– հայ գրաքննադատություն,
– հայ մշակույթի տեսություն,
– հայ արվեստի քննադատություն,
– մշակութաբանություն:

Ինչպե՞ս դիմել
Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում (mincult.am) ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 25 օրվա ընթացքում: Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել grants@armlit.am էլեկտրոնային հասցեին:
Հայտի փաթեթը պետք է պարունակի՝
– հայտի ձևաթուղթը (կցվում է),
– նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված,
– նախատեսվող գեղարվեստական արձակից հատված (նվազագույնը՝ 10 էջ),
– հայտատուի ինքնակենսագրությունը (CV),
– անձը և բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, պահանջվող ժանրերին չհամապատասխանող, նախկինում հրապարակված կամ պատրաստի աշխատությունների համար ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Ստեղծագործողներին և հետազոտողներին դրամաշնորհ հատկացնող խորհուրդը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ֆինանսական հաշվարկները, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ: Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի ազգային գրադարանի «Գրականության հանրահռչակման բաժին»:
Հեռախոս՝ 077 91 27 73, 011 52 39 38:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։